Թուրքիան եւ Վրաստանը մօտ կապեր ունեն մի  մեանց հետ: Երկու երկրներն ունեն 252 քիլոմեթր սահման: Թուրքիան առաջին երկրներից էր, որ պաշտօնապէս  ճանաչեց Վրաստանի անկախութիւնը 1991 թուականին՝  Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ:

Քաղաքական նպատակներ ունենալու կողքին, հիմնականում Թուրքիան հետապնդում է տնտեսական   նպատակներ՝ Վրաստանում: Ներկայում Վրաստանի առեւտրական ամենամեծ գործընկերն է Թուրքիան: Տարեկան շուրջ 11 միլիառ տոլար երկկողմանի առեւտուր է կատարւում այդ երկու երկրների միջեւ, որից միայն 20%  է, որ Վրաստանի արտածումներն են դէպի Թուրքիա: Թուրքիայի հետ Վրաստանի առեւտուրը կազմում է Վրաստանի արտաքին առեւտրի 16.5 տոկոսը:
Թուրքիան Վրաստանում համարւում է 5-րդ ամենամեծ արտաքին ներդրում կատարողը: Ներկայում 80-ից աւել շինարարական նախագծեր են իրագործւում Վրաստանում՝  Թուրքիայի միջոցով, որոնք արժեն մէկ միլիառ տոլարից աւել: Սրան պիտի աւելացնել Թուրքիայի «Թուրքսել» հաղորդակցական ընկերութեան ներդրումները՝  Վրաստանի հաղորդակցական ցանցի ոլորտում, ու նաեւ Թուրքիայի միջոցով Վրաստանի Սամցխէ-Ջաւախքի շրջանում ջրելեկտրակայանի կառուցումը (Ջաւախքն ունի խիտ բնակեցուած հայկական բնակչութիւն):
Վրացիները առանց վիզայի կարող են ճամբորդել Թուրքիա. այս երկիրը դարձել է զբօսաշրջութեան հաճելի կենդրոն՝  վրացիների համար: Անցեալ տարուայ ընթացքում մօտ 150 հազար վրացի զբօսաշրջիկներ այցելել են Թուրքիա: Թուրքիան նաեւ յարմար երկիր է անգործ վրացիների համար. տասնեակ հազարաւոր վրացիներ աշխատում են Թուրքիայի Մարմարա եւ Սեւ ծովերի շրջաններում: Այս վրացի գաղթական աշխատողները անցեալ տարի աւելի քան 33 միլիոն տոլար գումար են փոխադրել Վրաստան: Վրացի աշխատող գաղթականները, որոնք ապօրինի են աշխատում  Թուրքիայում, զբաղուած են հողագործութեան, գորգագործութեան արդիւնաբերութեան ոլորտներում ու նաեւ՝  տներում աշխատելով: Երկու երկրները նաեւ պայմանագիր են կնքել, որ միմեանց քաղաքացիները կարող են երկրների սահմանն անցնել առանց անցագրի, եւ միայն իրենց անձնագրով կարող են ճամբորդել միմեանց  երկիրը (որը պիտի գործադրուի մօտ ապագայում):
Ընդհանրապէս, Թուրքիան իր արտաքին քաղաքականութիւնը ձեւակերպել է հիմնականում նկատի առնելով տնտեսութեան ոլորտը եւ երկրների վրայ քաղաքական ազդեցութիւն բանեցնելու համար օգտւում է տնտեսական լծակներից՝  ապրանքներ արտածելով, ներդրումներ կատարելով եւ զբօսաշրջութեամբ փորձում է իր ազդեցութիւնը մեծացնել տուեալ երկրներում:
Այս բոլորի կողքին, Թուրքիան Վրաստանին դիտում է որպէս իր կամուրջը՝  դէպի Կենդրոնական Ասիայի երկիրներ եւ այն, որ Վրաստանի վրայով քարիւղատար  եւ կազատար խողովակաշարեր կառուցելով՝ Կասպից ծովի եւ Կենդրոնական Ասիայի քարիւղի ու կազի պաշարները կարող է փոխադրել Թուրքիա (որը աղքատ է ուժանիւթի հանքերի տեսակէտից) եւ այնտեղից էլ՝  Եւրոպա:

ԳՐԻԳՈՐ  ՂԱԶԱՐԵԱՆ
«Ալիք»