11 ամիս՝ առանց ամուսինների. այսպէս են Մեղրաձոր գիւղի կանանց մեծ մասն անցկացնում իրենց տարիները: Մէկ ամիս միայն՝ Դեկտեմբերին, նրանք Նոր տարու հետ դիմաւորում են նաեւ իրենց տղամարդկանց, յետոյ դարձեալ ճանապարհում նրանց արտագնայ աշխատանքի:
Արտագնայ աշխատանքի նպատակով 2012թ. Յունուարի 1ի դրութեամբ գիւղից արտագաղթի է դիմել 210 տղամարդ: Մեղրաձորի գիւղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռիմա Մանուկեանը նշեց, որ այդ թիւն այսօր մօտենում է 300ի: Անցած տարի նոյն ժամանակահատուածում՝ Յունուար ամսին, գիւղից բացակայել է 137 տղամարդ: Արտագնայ աշխատանքի մեկնող տղամարդկանց թիւը կտրուկ աճում է, արդիւնքում գիւղում մեզ հանդիպած կանայք համոզուած ասում են՝ «չկայ մի ընտանիք, ով Ռուսաստանում մարդ չունենայ», եւ որպէս ապացոյց իրենց ասածի՝ խորհուրդ տալիս հիւր գնալ ցանկացած տուն:
Արդէն եօթերորդ տարին է, ինչ մեղրաձորցի Կարինէ Սիմոնեանի ամուսինը մեկնում է արտագնայ աշխատանքի Ռուսաստան: Ամուսնու՝ Մոսկուա մեկնելու պատմութիւնը սկսւում է այնտեղից, երբ «ընտանիքի համար գումարը սկսեց չբաւականացնել»: «էստեղ աշխատում էր, բայց քիչ էր վաստակում,- պատմում է Կարինէն,- չէինք կարողանում ծայրը ծայրին հասցնել, էրեխեքը մեծ էին, պահանջը շատ էր, հնարաւոր չէր, հիւանդներ ունէինք»: Արտագնայ աշխատանքի մեկնելուց առաջ Կարինէի ամուսինը Մեղրաձորի երկաթգծում հերթապահ է աշխատել 50 հազար դրամ աշխատավարձով: Ասում է, որ այլ աշխատանքի անցնելու կամ աւելի բարձր վարձատրուելու հեռանկար չկար. օրինակ՝ Մեղրաձորի ոսկու հանքում, նրա խօսքով, աշխատանքի տեղաւորուելը հեշտ չէ, իսկ եթէ նոյնիսկ ստացւում է, ապա «վտանգաւոր է հանքի ներսում աշխատելը»: «Ռուսաստանում աշխատելը վտանգաւոր չէ՞» հարցին Կարինէն պատասխանում է. «Ոչ մի բանն էլ հեշտ չէ, Ռուսաստանում աշխատելն էլ է վտանգաւոր, բայց գիտես որ դրսի աշխատանք է, էլի հեշտ չէ, բայց, ինչ արած, պիտի ստիպուած աշխատի»:
Նրա երկու աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան ուսանող է: Հիմա ընտանիքի սոցիալական վիճակը բարւօք է, բայց Կարինէն ասում է, որ ամուսինը վերադառնալու եւ Հայաստանում որեւէ գործ սկսելու նպատակ դեռ չունի:
«Գնաց ու գնաց, սովորեց էդ ճամբին, տատիկս ասում էր՝ սովորին մի կտրի, անսովորին էլ մի սովորացրու: Ես չեմ աշխատում, տնային տնտեսուհի եմ: Հող եմ մշակում, կարտոշկա (գետնախնձոր) եմ ցանում, լոբի, կաղամբ, ամէն ինչ մշակում ենք», ասում է նա: Երբ ծանր գործեր են լինում, տղամարդու բացակայութիւնը լրացնում է գումարը. օրինակ՝ խոտհունձ չեն անում, փոխարէնը պատրաստի գնում են խոտի տուկերը:
Մեր այցելութեան օրը Կարինէին հիւր էին եկել նաեւ նրա երկու տալերը: Պարզուեց, որ նրանց ամուսինները նոյնպէս Ռուսաստանում են:
Մեղրաձորցի Նելլի Վիրաբեանի ոչ միայն ամուսինն է մեկնել արտագնայ աշխատանքի, այլեւ 24ամեայ որդին: «Հէրը գնաց, տղին էլ հետը կանչեց, տարաւ», կարճ պատմում է 76ամեայ Լիական Գէորգեանը՝ Նելլիի կեսուրը:
«Թող էստեղ գործ տան, մարդս ու տղես չգնան դուրս: Համ էլ տղես հարսիս կողքին կը մնար, ջահէլ էին», մտահոգւում է Նելլին, թէեւ նոյնը կարելի է ասել իր մասին. ինքն էլ երիտասարդ է: Նրա տղան մասնագիտութեամբ ատամնա- տեխնիկ է, բայց Ռուսաստանում շինարարութիւն է անում: Ամուսինը «կաֆել է խփում չոքեչոք», բայց հիւանդ է, սրտի անօթների խցանում ունի (տրոմբ), դժուարութեամբ է շինարարութեան վրայ աշխատում: Առաջիկայում բուժուելու նպատակով պէտք է գայ Հայաստան:
Սերիկ Սուքիասեանի երեք որդիները եւ ամուսինը եւս Ռուսաստանում են: Թէ ինչ են անում էնտեղ գումար վաստակելու համար, պատասխանում է՝ «ամէն ինչ»: «Ռեմոնտ (տուներու նորոգութիւն) են անում, շինարարութիւն են անում: Ընդեղ էլ էս տարի նորմալ չեն վարձատրում», ասում է նա: Իսկ եթէ վարձատրում են, տղամարդիկ ամսական վաստակում են մօտ 800-1000 տոլար:
Վարդուհի Գէորգեանը՝ Սերիկի հարսներից մէկը, ամուսնուն արտագնայ աշխատանքի ճանապարհելու արդէն 12 տարուայ փորձ ունի: Նրան հանդիպեցինք Մեղրաձորում, բայց այժմ ապրում է Հրազդանում:
«Որ հիմա խօսեմ, վատ բաներ կը խօսեմ, աւելի լաւ է չասեմ,- ասում է Վարդուհին, բայց խօսում է,- կոնկրետ իմ ընտանիքը չի քայքայւում, բայց արտագնայ աշխատանքի պատճառով ամուսիններն օտարանում են իրարից, սառում են, հիասթափւում են, եթէ մարդիկ իրար կողքի ապրում են, չեն կարողանում իրար հասկանալ մի հարկի տակ, հեռուից ինչքա՞ն կարող են հասկանալ: Դառնում են ինքնուրոյն, ամէն մէկը սկսում է իր կեանքով ապրել, իրար արդէն չեն հանդուրժում, դա էլ տանում է ընտանիքի քայքայման»: Վարդուհին չի աշխատում, ասում է՝ շատ դժուար է գործ գտնելը:
Արտագնայ աշխատանքի մեկնած տղամարդկանց կանանցից ոչ մէկն աշխատանք չունի՝ Կարինէն եւ նրա երկու տալերը, Նելլին եւ նրա հարսը, Սերիկն ու նրա 3 հարսները. ասում են՝ աշխատանք չկայ: Սերիկն, ի պատասխան այն հարցին, թէ երեք հարսներից որեւէ մէկն աշխատում է, ծիծաղում է, յետոյ ասում, որ նրանք գործ չեն գտնի, որովհետեւ հիմա «բարետես ու երիտասարդ կանանց են աշխատանքի վերցնում»: Կանանցից իւրաքանչիւրը չաշխատելու իր պատճառն ունի. «երեխաներին ո՞վ նայի», «գործ գտնելը հիմա ծանօթով է», «դէ չի թողնում» եւ այլն: Արդիւնքում ընտանիքի ֆինանսական հոգսերը հոգալու ծանրաբեռնուածութիւնը մնում է միայն տղամարդկանց վրայ, որոնց աշխատավարձը Հայաստանում «ցածր է, չի հերիքում», իսկ դրսում այնքան է, որ էլ չեն ուզում վերադառնալ Հայաստան: Մեզ հանդիպած կանանց ամուսիններից ոչ մէկն առաջիկայում վերադառնալու եւ այստեղ աշխատելու ծրագիր չունի:
ՄԱՐԻՆԷ ՄԱԴԱԹԵԱՆ