Արեւը յոգնած աչքերը փակեց,
Համակ  յանձնուելով գիշերուայ  գրկին,
Իսկ երբ արթացաւ լուսինը յուշիկ,
Մի դող կայծակեց երկնքում մթին:

Գիշերն մռայլ էր՝ փոթորիկ, անձրեւ,
Քամին սուրում էր դաշտերում դեղնած,
Աչքս անդորրած նայում էի վեր,
Ինձ հետ թախծում էր՝ երկինքը մթնած:

Հոգիս ճնշւում էր անսահման բեռով,
Զգացումիս մէջ, թրթիռ ու դող կար,
Տենչում էի ես՝ դէպի քո հեռուն,
Իշխում էիր դու՝ քայլերիս վրայ:

Յոյսի զգայուն մի կենդանութեամբ,
Թուաց թէ մի պահ՝ մօտեցար դու ինձ,
Ինչպէս աչքերին քունն է մօտենում,
Յոգնած, բայց լուսէ՝բաղձանքով անհուն:

Դու եկար այցի՝ իմ սէր առաջին,
Բռնկուած վճիտ յուշերի լոյսով,
Քո դիւթանքներով ամենաթաքուն,
Տանջեցիր դու ինձ՝քաղցր տանջանքով:

Արեւը մեղմիկ աչքերը բացեց,
Ափսո՜ս երազն իմ՝ հեռացաւ  ինձնից,
Որքա՜ն գաղտնիք կար, անուրջ կար թաքուն,
Աշնան ցրտաշունչ այդ լոյս գիշերում:


Աւիկ Դերենց
Պոսթըն