(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)
Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ կը հրատարակենք 7 շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր: (Այսօր վերջին մասը)
Եթէ սփիւռքում իմ առաքելութիւնը ժողովրդին իր պահանջատիրութեան, իր ապագայի, իր սերունդի համար հաւաքական ձայն դառնալն ու այն մեր կառավարութեան հասցնելն էր, ապա այստեղ՝ հայրենիքում, ժողովրդին իր անտարբեր լռութեան պատեանից դուրս հանելը, իր հողին կապելը, իր քաղաքացիական ու մարդկային իրաւունքին տէր կանգնեցնելն էր: Իմ ընտրած նիւթը այդ հնարաւորութիւնը տալիս էր:
Ինչպէս վերը նշեցի, Կիպրոսում «Տիգրան Մեծ»ը իր ողջ խորութեամբ ընդունուեց, մտածում էի, թէ ինչպէ՞ս կ՛ընդունեն այստեղ, չէ՞ որ սա իրենց կեանքի պատկերն է:
Տիգրան Մեծի մասին պատմական, գեղարուեստական շատ քիչ նիւթ ունենալով ես ստիպուեցի ձեռք մեկնել իմ շատ սիրելի, մեր մեծագոյն թատերգակ Պ. Զէյթունցեանի Տիգրան Մեծի թեմայով ստեղծած «Աստծոյ Տասներկու Օրը» գործին: Միայն թէ Զէյթունցեանի ներկայացրած Տիգրան Մեծը չէր համապատասխանում իմ ասելիքին եւ իր այդ թատերգութիւնը աւելի շատ մեր ազգային թուլութիւնների գնահատման վրայ էր դրուած, քանի որ դեռ Խորհըրդային իշխանութեան տարիներին՝ 1978ին էր գրուած, երբ ազգային այլ չափանիշներն էին տիրում: Ուրեմն ես ստիպուած էի կերպարներից մի քանիսը պահել, բայց ամբողջովին փոխել նրանց էութիւնը, այն շաղախել իմ մտածումներով եւ աւելի պատմական ճշգրիտ փաստերի վրայ յենուել: Եւ քանի որ Տիգրան Մեծը եղել է զարմանալի մեծ տեսահորիզոնով քաղաքականագէտ, ուրեմն ես ընտրել էի պատմութեան մէջ ներդրած նրա քաղաքական մտածելակերպը, երկիրը տարածելու, հզօրացնելու նրա գործելակերպը: Ամբողջ թատերգութիւնը փոխուած, միախառնուած էր այն գաղափարներով, որով առաջնորդուել էր մեր այս եզակի հայրենապաշտ, երկրապաշտ արքան:
Ապրելով եւ ստեղծագործելով մի այնպիսի հզօր երկրում՝ Ամերիկայում, որն այսօր աշխարհի հզօրագոյնն է, անկարելի է չքաղաքականանալ, անկարելի է հզօրութեան չձգտել: Հզօրանալու, ամրանալու, տիրելու, երկրին ու ժողովրդին տէր կանգնելու այս գաղափարների փոխանցումով մտնում եմ բեմ:
Դահլիճում է իմ պաշտելի թատերագիրը՝ Զէյթունցեանը, որը վատառողջ վիճակով եկել է իր թատերգութեան կմախքի վրայ կառուցուած իմ այս նոր տարբերակը տեսնելու: Անշուշտ յուզուած եմ, նախ իր ներկայութեամբ եւ ապա իր հեղինակաւոր կարծիք-գնահատանքի համար:
Դահլիճում են յայտնի պատմաբաններ, արուեստագէտներ, գրողներ, երաժիշտներ, նաեւ ի ուրախութիւն ինձ, ուսանողներ, դպրոցի աւարտական դասարանի աշակերտներ, որոնք իրենց տարեվերջի քննութեան պատրաստութեան սակաւ ժամերը նուիրել էին այս ներկայացմանը:
Այստեղ էլ դահլիճում քար լռութիւն է, այստեղ էլ ժողովուրդը չի ուզում որեւէ բառ բաց թողնել եւ իր շնչառութիւնից զգում եմ, թէ ինչպէս է փոթորկւում ինձ հետ միասին, երբ բեմից լսում է Տիգրանի բնորոշումը՝ «եթէ մի իշխող մտածում է միայն անհատների մասին, հոգում միայն նրանց շահերը, դրանք իշխողներ չեն որդիս, դրանց աւազակ են անուանում»:
Ներկայացումն աւարտուած է, բայց ոչ ոք չի ուզում հեռանալ, այնպէս են փոթորկուել, որ յոյզերը չեն կարողանում լռեցնել: Իրենք դիտել են հայ մի իշխողի կեանքի դրուագից, որը կարողացաւ հզօրագոյն Հռոմի հետ համահաւասար համբաւ վայելել եւ բնականաբար ներքնապէս այն համեմատում էին իրենց այսօրուայ վիճակի հետ:
Տիգրան Մեծի ստեղծած 3միլիոն քառ. քմ. տարածքից մի աննշան, չնչին մաս է հասել մեր այսօրուայ սերունդին եւ ինչպէս չյուզուել, ինչպէս հանգստանալ, երբ այդ չնչինն էլ ըստ իմ պատգամի. «Ընկել է անկարող ու շահամոլ իշխողների ձեռքը: Եւ ժողովուրդը տեսնելով, որ երկիրն այլեւս իրեն չի պատկանում, խելայեղ թափով փախչում է երկրից, չմտածելով այլեւս ոչ երկրին տէր կանգնելու, ոչ էլ միաւորուելու, հզօրանալու մասին»:
Իմ կոչը ժողովրդին հետեւեալն է. «Մեր սերունդներին այլեւս մեծ առաջնորդներ են պէտք: Ապագայի հեռատեսութեամբ օժտուած, երկրին ու ժողովրդին նուիրուած, ժողովրդին իրենց հողին կապող, ժողովրդի իրաւունքներին տէր կանգնող, երկիրը հզօրացնող առաջնորդներ»: Կ'ունենա՞նք արդեօք. . . Այս համատարած փտածութեան մէջ դեռ կը գտնե՞նք այդպիսիներին եւ հաւատն ու վըստահութիւնը կորցրած ժողովուրդը կը գնա՞յ արդեօք նրա ետեւից: Այս է հարցը, որ ներկայացումից յետոյ ես դեռ ապրեցնում եմ ինձ հետ:
Ներկայացման բացառիկ յաջողութիւնն այլեւս ինձ չի հետաքրքրում, չի ուրախացնում, ինձ մտահոգում է մեր երկրի վիճակը:
Այդ օրերին նոր էին աւարտուել խորհըրդարանական ընտրութիւնները, կրկին բացայայտ խաբէութեամբ աթոռներ էին ապահովել աւազակներն ու նրանց մանկլաւիկները: Ժողովուրդն անտարբեր է, միայնակ, աղճատուած, գիտէ, որ ձայն հանելու դէպքում կը մաքրեն, կþոչնչացնեն իրեն: Նրա միակուռ արթնացումը այնպէս ճզմեց, ոչընչացրեց ԼՏՊ անունով ելուզակների իշխանութիւնը, որ հազիւ թէ կարողանայ կրկին վերագտնել իր միակուռութիւնը:
Երիտասարդ, տաղանդաշատ ժապաւէնի արտադրիչ Վիգէն Չալդրանեանը հոյակապ է ներկայացրել մեր երկրի վիճակը իր նոր «Լռութեան Ձայնը» ֆիլմում, որը շուտով կը յանձնի հասարակութեանը: Ես պատիւը ունեցայ այն դիտելու առանձին: Այնտեղ մեր երկիրը փոխաբերօրէն ներկայացւում է, որպէս մի մեծ աղբանոց, ուր մեկուսացած փորձում են ապրել իրենց ինքնութիւնը մաքուր պահել փորձող մարդիկ, որոնք մերժում են խառնուել իշխանութեան հետ համակերպուող, լռող հասարակութեանը, որոնք արհամարհուած են, որոնք հալածանքի են ենթարկւում մինչեւ իսկ այդ աղբակոյտում: Պարզւում է մեր անկախութեան առաջին «արքայի»՝ ԼՏՊի օրօք, (չէ՞ որ նրան այդպէս էին անուանում նրա փուճ էութեամբ եւ շինծու կենսագրութեամբ հարբած ջերմեռանդ պաշտպանները), հալածել, հաճոյքի համար սպանել են մուրացիկներին, անտուններին, գերեզմանոցներում եւ աղբակոյտերում գիշերողներին: Հասարակութեան այդ նոր դասակարգին, որը յանկարծ, միանգամից յայտնուեց անկախացած իր սեփական երկրում, ոչ ոք ուշադրութեան չարժանացրեց եւ նրանք այդպէս էլ անհետք վերացան, միայն տխուր յուշ թողնելով այդ ամօթալի տարիները դեռ յիշողների հոգում:
Վիգէնն էլ ինձ նման, փորձում է արուեստագէտի իր պարտականութիւնը կատարել, արուեստի լեզուով հասարակութեան ուշադրութիւնը կեդրոնացնել իր ողորմելի վիճակին, աւազակների ձեռքում օրէօր հալչող, կորչող իր ինքնութեանը: Ես ողջունում եմ բացառիկ տաղանդի տէր իմ ընկերոջը, որն այս համատարած ստրկային թմբիրի մէջ կարողացել է համարձակօրէն իր խօսքը ասել: Յուսամ, շուտով հասարակութիւնը դիտելով իր վիճակի ճշգրիտ պատկերը ներկայացնող այս կինոնըկարը տեղաշարժուի, իսկ նոր սերունդը մտածի՝ թէ ինքն ուզու՞մ է արդեօք շարունակել այդ աղբակոյտում ապրել: Միայն թէ նրանք էլ լուծումը երկրից փախչելու մէջ չտեսնեն: Յուսամ նաեւ այս կինոնկարը տարածուի սփիւռքի բոլոր գաղութներում եւ ողջ հայութիւնը կեդրոնանայ ե՛ւ երկրի ե՛ւ իր ապագայի վրայ, չէ՞ որ ողջ հայութիւնը իր փրկութիւնն սպասում է իր երկրից. . . Այն երկրից, որն օրէօր դատարկւում է տեղաբնակ հայութիւնից:
Ես խօսում եմ տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտութեան տէր մարդկանց հետ եւ զարհուրում եմ, բոլորի նպատակակէտը երկիրը լքել, հեռանալն է: Ինչ լաւ է, մեծ պետութիւնների հայաթափման, երկրագնդի մարդկանց իրար ձուլելու ծրագիրը առանց կրակոցի յաջողւում է իրականացնել մեր երկրում: Բոլորը մէկ նախադասութեամբ են արդարացնում իրենց փախուստի ցանկութիւնը՝ երկիրը երկիր չէ: Ես նստում եմ մի թաքսի, որի վարորդը եզիտի է: Անմիջապէս սկսում է բողոքել, վատաբանել երկիրը: Ես հունից դուրս եմ գալիս, պահանջում եմ, որ անմիջապէս կանգնեցնի մեքենան եւ նրան ասում եմ, որ չհամարձակուի այս երկրի մասին վատ բան ասելու: Եկել, ապրում է մեր երկրում, մէկի փոխարէն կրկնակին է շորթում յաճախորդից եւ դեռ համարձակւում է հայհոյել:
Այո՛, երկիրը վարկաբեկելու համատարած այս ախտը պէտք է կանգ առնի, որ երկիրը իր հիմքերի վրայ դրուի: Բոլորը բողոքում են կառավարութեան աւազակութիւնից, բայց ոչ մէկը չի անդրադառնում իր գործած անօրինութեանը: Ամէն ոք ուզում է ինքը կողոպտած լինել միւսին: Առեւտրական փոքր ձեռնարկատէրերը տնքում են ոչ միայն պետութեան հարկերից, այլ հարկահաւաք տասնեակ անհատների ճնշումից: Նրանց պարտադրւում է իրենց եկամուտի մեծ մասը կիսել տիրող շահամոլների հետ, որոնք ծառայում են իշխանութեանը: Խորհրդային իշխանութեան տարիներից ժողովուրդը սովորել էր կողոպտել կառավարութեանը: Հիմա կառավարութիւնը իրենցից ճարպիկ է դուրս եկել եւ կողոպտում է իրենց: Հարցնում եմ, գալիք նախագահական ընտրութիւններին ո՞ւմ կ'ուզեն ընտրել, չէ՞ որ այսօրուայ դրութեամբ ժողովըրդից շատ կուսակցութիւններ ունենք, պէտք է որ մէկին ընտրեն: Պատասխանը միանշանակ է՝ ոչ մէկին: Ասում եմ, հապա՞ Դաշնակցութի՞ւնը: Նրանից էլ հիասթափուած են, որովհետեւ այն սպասումները որը ունէին այս կուսակցութեան հանդէպ իրենց փայփայած երազանքներում, չարդարացաւ: Նրան էլ համարում են միւս բոլոր կուսակցութիւնների պէս կառավարութեան հետ միատեղ գործող:
Եւ համատարած ծոյլ սպասումը ժողովրդին տանում դէպի բացարձակ բարոյազրկութեան: Իրար հանդէպ ոխակալ թշնամութիւնը ողողել է երկիրը:
Հայը յօշոտում է հային: Անչափահասներին՝ աղջիկ, տղայ, պղծելը եւ յետոյ նրանց վաճառքի հանելով դրամ շահելը, ծեծով մարդ սպաննելը, բանակում իրար չհանդուրժելով սպաննելը, այս ամէնը դարձել է այսօրուայ մեր երկրի ժողովրդի դիմագիծը: Ինչպէ՞ս կարելի էր մեր սակաւաթիւ ժողովրդին այսքան աղաւաղել:
Երկարատեւ պատերազմից յետոյ են մարդիկ այս աստիճանի բարոյալքւում, իրենց մարդկային դիմագիծը կորցնում, ի՞նչ պատահեց մեր երկրին, որ դէպի մարդկային անկում է գնում: Աշխարհի ամենայետամնաց երկրում իսկ յարգուած է պետական եւ յատկապէս զինուորական համազգեստը: Մինչեւ իսկ Յ. Օշականը նշում է, թէ ինչպէս թուրքերը դեռ 1800ին ահ ու սարսափ ունէին համազգեստի հանդէպ, որոնք ոչ այլ ինչ էին, եթէ ոչ ալիւրի պարկերից կարուած ոստիկանների համազգեստներ: Իսկ 21րդ դարում, մեր ժողովուրդը ոչ միայն յարգանք չունի զինուորական բարձրաստիճան լուրջ համազգեստի, ոչ միայն զինուորական բժշկի, այլ հակառակը բոլորովին արհամարհուած է այն, դեռ աւելին արհամարհողներն էլ գազանային նոր յատկութիւն են ձեռք բերել՝ իրար վերացնել: Զինուորական երիտասարդ բժ. Աւետեանի անմարդկային սպանութիւնը, մէկ անգամ եւս հաստատեց ո՛չ միայն կառավարութեան, այլ երկրի ապահովութիւնը ներկայացնող հաստատութեան հանդէպ ժողովրդի արհամարհական վերաբերմունքը:
Ահա սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը:
Ու իմ միտքը կրկին թեւածում է 24 երկարատեւ պատերազմի տարիների պէյրութահայութեան դիմագրաւած աննկարագրելի դժուարութիւններին, ու կրկին խոնարւում եմ իրենց առաջ, որ նրանք այդ ահռելի պատերազմի մէջ, այն էլ ոչ իրենց հողում, կարողացան պահպանել ոչ միայն իրենց ազգային դիմագիծը, այլ նաեւ պատնէշ հանդիսացան օտար, իրենց ապաստան տուած լիբանանցի ժողովրդին: Տեսնո՞ւմ էք այդ երկուքուկէս ժամուայ օդային տարբերութիւնը, որը բաժանում է մեր ժողովուրդին:
Լիբանանահայութիւնը առաջնորդ ունէր՝ ՀՅԴն, իսկ այստեղ, իր հողի վրայ ակնյայտ է, որ ժողովրդին առաջնորդ չունենալու փաստը թեւաթափ է արել, փոխել է ժողովրդին: Երկրին հրատապ առաջնորդ է պէտք, իսկ ժողովուրդը առաջնորդի ընտրութիւն չունի, դա նշանակում է նա կորցրել է իր յոյսը, հաւատը ապագայի հանդէպ: Իսկ այդպիսի ժողովրդին ոտքի կանգնեցնելը, նրան իր իրաւունքների տէրը դարձնելը, նրան իր մարդկային եւ քաղաքացիական պարտականութիւններին վերադարձնելը երկարատեւ, ծանր աշխատանք է: Պատրա՞ստ ենք արդեօք դա անելու: Պատրա՞ստ ենք մեր ազգային գիտակցութիւնը միատեղելու, մեր ներքին ուժերը կեդրոնացնելու մէկ սրբազան նպատակի՝ ժողովրդին իր դիմագիծը վերադարձնելու, իր երկրի տէրը դարձնելուն:
Վերադարձի ժամը հասել է, իսկ ես դեռ մտածում եմ մեր երկրի ու յատկապէս երկրից դուրս թափառող մեր ժողովրդի ճակատագրի մասին, որի ապագան իրապէս վտանգուած է, վկան՝ այսօրուայ Սուրիոյ հայութեան վիճակը: Իսկ դա նշանակում է, որ վտանգուած է ամենակարեւորը՝ մեր պահանջատիրութիւնը:
Մտածում եմ ինչպէ՞ս անել,
Իմ ձայնի մէջ ինչպէ՞ս դնեմ
իմաստութեան ուժը ազգիս,
որ այն լցնեմ իր ոտնատակ
պահանջների իրաւունքով.
եւ որպէս զանգ ես այն կախեմ
իր վիճակին հաշտուած հայի
ամէն դրան,
որ նա արթուն, ոտքի մնայ:
Որ չլինի ջրվէժի մէջ օտար ուժի
խեղդել փորձեն պահանջը մեր:
Ուզում եմ տալ պայքարելու ուժը
մեր հին,
որ լաստ առած մենք նաւարկենք
մեր դէմ փակուած այս նեղուցով,
դառնանք նաւորդ,
ճիշդ ճանապարհ բանանք մեր նոր սերունդներին:
ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ