Երեւանում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպանները սովորաբար հրապարակային յայտարարութիւններով չեն անդրադառնում եւ չեն միջամտում Հայաստանի ներքին խնդիրներին:
Անշուշտ, լինում են նաեւ բացառութիւններ: Ինչպէս աշխարհի շատ երկրներում, այնպէս էլ Հայաստանում, իրենց անհամեմատ «ազատ» են զգում Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի դիւանագէտները: Անցնող օրերին Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադարձան այդ երկու երկրների դեսպանները: Ռուս դեսպան Վեաչեսլաւ Քովալենքոն խօսեց Հայաստանից արտագաղթի, իսկ ամերիկացի դեսպան Ճոն Հեֆֆերնը՝ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանի եւ վերջինիս հիմնադրած «Սիվիլիթաս»-ի մասին:
Ամերիկացի դեսպանի քննադատութեանը՝ ուղղուած Հայաստանի արդարադատութեանը, չեմ անդրադառնայ մէկ պատճառով: Ինքս արդէն երեք տարի աշխատում եմ «Սիվիլիթաս»-ում, եւ իմ ընթերցողը կարող է եւ իրաւունք ունի ինձ մեղադրել կողմնակալութեան մէջ: Միայն ներկայացնեմ, թէ ինչ էր ասել դեսպան Հեֆֆերնը. «Օսկանեանին պաշտօնապէս մեղադրանք ներկայացնելու յայտարարութիւնից յետոյ ինձ են դիմել Միացեալ Նահանգների դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատութեան ու ժողովրդավարութեան տեսանկիւնից: Այս գործը, կարծես, ներկայանում է որպէս Հայաստանի օրէնսդրութեան ընտրովի կիրառում: Աւելի՛ն. անհանգստացնող է, որ այս դէպքերը տեղի են ունենում ընտրութիւններին նախընթաց: Մենք Հայաստանի իշխանութիւններին կոչ ենք անում կատարել իրենց յանձնառութիւնները՝ համակարգուած, արդարացի ու թափանցիկ կերպով օրէնքի գերակայութիւնը ապահովելու հարցում»:
Անդրադառնանք ռուս դեսպան Քովալենքոյի յայտարարութեանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը վերջերս հրապարակաւ քննադատել էր Ռուսաստանի իշխանութիւններին: Ազգային ժողովի ամպիոնից նա յայտարարել էր, որ այն ձեւաչափով ու եղանակներով, որ Ռուսաստանի Միկրացիոն ծառայութեան ներկայացուցչութիւնը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, Հայաստանի կառավարութեան համար անընդունելի է:
Նախ հասկանանք, թէ ի՛նչ է «Հայրենակիցներ» ծրագիրը: Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ պետութիւնն է, որը ունի ընդամէնը 140 միլիոն բնակչութիւն: Ցածր ծնելիութեան, բարձր մահացութեան եւ արտագաղթի մեծ չափերի պատճառով Ռուսաստանը ամէն տարի զրկւում է տասնեակ հազարաւոր քաղաքացիներից: Բացի այդ, Ռուսաստանի արեւելեան շրջանները միշտ էլ շատ քիչ բնակչութիւն են ունեցել: Եւ ահա, որպէսզի բնակեցնեն Սիպիրն ու Հեռաւոր Արեւելքը, Ռուսաստանի ղեկավարութիւնը նախկին խորհըրդային հանրապետութիւններից, այդ թւում՝ Հայաստանից, հրաւիրում է ընտանիքների: Այս ծրագիրը Հայաստանում իրականացւում է 2006 թուականից: Ռուսաստան մեկնելու դիմում են ներկայացրել հազարաւոր հայաստանցի ընտանիքներ, որոնցից 1500-ը արդէն հրաժարուել է քաղաքացիութիւնից, ընդունել Ռուսաստանի քաղաքացիութիւն եւ հեռացել հայրենիքից:
Ռուսաստանը մտադիր է առաւել դիւրացնել «Հայրենակիցներ» ծրագիրը, որպէսզի կարողանայ տարեկան ապահովել 300 հազար գաղթականների հոսք դէպի Ռուսաստան: Այստեղ կարեւոր է նշել, որ այդ ծրագրով Ռուսաստան մեկնողները պարտաւոր են բնակուել Սիպիրում, Հեռաւոր Արեւելքում, Ալթայում, Պայքալում ու նմանօրինակ վայրերում, որտեղ տարուայ մեծ մասը ձմեռ է ու ձիւն, ցուրտ է ու չկայ արեւ:
Հասկանո՞ւմ ես, սիրելի ընթերցող, աշխատասէր հայ մարդը թողնում է տուն ու տեղը, թողնում է Հայաստանի արեւը ու նոր կեանք ու արդարութիւն փնտռում Ռուսաստանի Սիպիրում, որտեղ ձիւն է, բուք ու բորան, որտեղ արեւ չկայ՝ Հայաստանի արեւ: Գուցէ այնտեղ էլ չկայ արդարութիւն: Հաւանաբար չկայ: Բայց թողնում ու գնում է: Գնում աշխատասէր հայ գիւղացին, քաղաքաբնակը:
Ահա հէնց այս ծրագրից (կարդալ՝ համակարգուած արտագաղթից) ու Հայաստանում դրա գործադրման եղանակներից է դժգոհում վարչապետ Տիգրան Սարգսեանը: Մի կողմ թողնենք, որ վարչապետն ու արտագաղթի պատճառ ու աղբիւր միւս բարձրաստիճան պաշտօնեաները արտագաղթին անդրադառնում են ուշացումով: Մինչեւ վերջերս նրանք ընդհանրապէս հերքում էին արտագաղթի իրողութիւնը: Իսկ այսօր՝ նախագահական ընտրութիւնների նախօրէին, նրանք յանկարծ յիշում են, որ հայերը հեռանում են Հայաստանից: Բայց ամէնից անտանելին այն է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները հակուած են իրենց ձախողումների մէջ մեղաւորներ գտնել ամէնուր, բայց ոչ երբեք՝ ընդունել իրենց մեղքը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վեաչեսլաւ Քովալենքոն արձագանգել է վարչապետ Սարգսեանի քննադատութեանը՝ յայտարարելով, որ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պէտք է այլ տեղում փնտռել»: Դեսպան Քովալենքոն հարց է տալիս. «Արդեօ՞ք խնդիրը Ռուսաստանի Միկրացիոն ծառայութեան ներկայացուցչութեան մէջ է: Արդեօ՞ք ինչ-որ մէկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթէ դուք փակէք ներկայացուցչութիւնը, կարծում էք այդ մարդիկ չե՞ն մեկնի»:
Բացի այդ, Ռուսաստանի դեսպանը ստիպուած էր թուեր ներկայացնելով վարչապետ Տիգրան Սարգսեանին ու Հայաստանի ղեկավարութեանը հասկացնել տալ, որ հայերը արտագաղթում են նաեւ այլ երկրներ, այդ թւում՝ Միացեալ Նահանգներ, սակայն դրա վրայ ուշադրութիւն չեն դարձնում: Այսպէս, վերջին հինգ տարիներին «Կրին քարտով» Միացեալ Նահանգներ է մեկնել աւելի քան հինգ հազար հայաստանցի:
Հինգ տարի շարունակ, երբ լրատուամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները կրկին բարձրաձայնում էին արտագաղթի նոր ալիքի մասին, Հայաստանի ղեկավարութիւնը հերքում էր դա՝ ասելով, որ ամէն ինչ լաւ է, կարիք չկայ մտահոգուելու, ընդդիմադիրները ուռճացնում են թիւերը: Եւ ահա, երբ հրապարակուեցին նոր մարդահամարի նախնական տուեալները, պարզուեց, որ Հայաստանում բնակչութեան թիւը երեք միլիոնից արդէն պակաս է: Վերջին յիսուն տարիներին առաջին անգամ է, որ Հայաստանի իրական բնակչութեան թիւը երեք միլիոնից պակաս է: Բայց վտանգաւորը ոչ այնքան երեք միլիոնից պակաս թիւն է, որքան՝ Հայաստանի գործող ղեկավարութեան ոչ համարժէք հակազդեցութիւնը արտագաղթի հանդէպ: Հանրային հարցումները ցոյց են տուել, որ հայ երիտասարդութեան շուրջ 40 տոկոսը պատրաստ է հնարաւորութեան դէպքում հեռանալ Հայաստանից:
Անցեալ տարի Սերժ Սարգսեանը Հայաստանի համապատասխան մարմիններին կարգադրեց հասարակութեանը ներկայացնել այնպիսի վիճակագրութիւն, համաձայն որի, Հայաստանում արտագաղթ չկայ: Նման կարգադրութիւնը անհասկանալի էր մի քանի պատճառներով: Նախ, Հայաստանում ամէն մէկը տեսնում եւ զգում է, որ մարդիկ դժգոհ են իրենց կեանքից ու երկրի ղեկավարութիւնից ու այդ պատճառով պատրաստ են հեռանալ հայրենիքից: Ի հարկէ, հեռուստատեսութիւնները օր ու գիշեր հաղորդում են Հայաստանի տնտեսական ու միւս յաջողութիւնների մասին, գովաբանում նախագահին ու միւս պաշտօնեաներին, փորձում համոզել, որ արտագաղթ չկայ, բայց դրան ոչ ոք չի հաւատում: Երկրորդ, շատ վտանգաւոր է, երբ երկրի ղեկավարութիւնը ակնյայտ վտանգը կանխելու փոխարէն՝ ձեւացնում է, թէ վտանգ չկայ:
Եւ ահա, երբ այլեւս անհնար էր թաքցընել արտագաղթի ծաւալների իրական պատկերը, երկրի ղեկավարութիւնը ստիպուած էր արձագանգել: Սակայն, ինչպէս այլ դէպքերում, Հայաստանի կառավարութիւնը սխալները սկսեց գտնել այլ տեղում:
Հայաստանից արտագաղթը կը դադարի միայն այն ժամանակ, երբ մարդիկ զգան, որ իրենց երեխաների համար ապագայ կայ: Ինչո՞ւ պէտք է հայաստանցին իր ապագան կապի այս երկրի ու նրա ղեկավարութեան հետ, երբ ամէն օր նրա իրաւունքները ոտնահարում է նոյն այդ ղեկավարութիւնը: Ինչո՞ւ պէտք է հայաստանցին իր ապագան կապի այս երկրի հետ, երբ դժուարութեամբ է ապահովում իր ընտանի-քի ապրուստը:
Արտագաղթը դադարեցնելու համար նախ պէտք է հաւատը վերականգնել Հայաստանի ապագայի հանդէպ: Պէտք է վերացնել ընկերային անարդարութիւնը, վերջ տալ ընտրութիւններ կեղծելուն, չխրախուսել քաղաքական եւ տնտեսական մենաշնորհները: Հակառակ դէպքում, եթէ անգամ Հայաստանում փակուեն բոլոր օտարերկրեայ հիւպատոսութիւնները, հայերը արտագաղթելու ճանապարհներ կը գտնեն:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ազդակ»