(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)

Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ կը հրատարակենք 7  շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր: (Այսօր Զ. մասը)

Մեկնում ենք Երեւան…
Ինչպէս գիտէք ընդամէնը երկուքուկէս ժամ է այս թռիչքը. ու  ես մտածում եմ, թէ որքան մեծ տարբերութիւն է բերում իր հետ այս երկուքուկէս ժամը, որպէս միեւնոյն ժողովուրդ մեր մտածելակերպի, ապրելակերպի, հոգեբանութեան, լեզուի, մեր ազգային մտածողութեան մէջ:
Օդանաւում բաւական օտարերկրացիներ կան, ոչ թէ զբօսաշրջիկներ, այլ տարբեր երկրների աշխատակիցներ, իրենց վզից կախուած պիտակներից է երեւում:  Մտածում եմ, ի՞նչ են անում նրանք այսքան շատ մեր փոքրիկ երկրում. . . Եթէ նրանք ինչ որ գործով գալիս են մեր երկիր, ուրեմն նաեւ ինչ որ բան են տանում մեր երկրից. . .
Երբ անցագրային ստուգման երկարատեւ սպասումից դուրս ենք գալիս, մեր դէմ բացւում է մի անակնկալ պատկեր:  Նախկին, դեռ մէկ տարի առաջ, իրար գլխի հաւաքուած, մութ ու կասկածելի դէմքով, պեթոնէ մութ անցուղում հաւաքուած տղամարդկանց խմբերի փոխարէն, որոնք առանց ժամանակ տալու, քեզ նստեցնում էին կեղտոտ ու էժանագին ծխախոտի ծխով լի մեքենաներն ու թաքսիները եւ կէսգիշերին յանցագործի ձեռքն ընկած զոհի նման չգիտես ուր են տանում, բայց բարեբախտաբար միշտ տեղ ենք հասել, հիմա մտնում ենք իրար յաջորդող լուսաւոր սրահները, որից յետոյ գերմանական մաքուր թաքսիները դիմաւորում ու մեզ տեղ են հասցնում: Մէկ տարում այս փոփոխութիւնն ու մաքրութիւնը ուրախութիւն է պարգեւում, յուսադրում մեզ:  Ուրեմն, եթէ հսկեն, կարգ ու կանոն դնող ու հետեւող լինի, ամէն ինչ կարելի է արագ փոխել, բարձր մակարդակի հասցնել մեր երկրում էլ: 
Թէեւ կրկին սփիւռքին, Պրն. Էռնեկեանին ենք պարտական, ոչ միայն գեղեցիկ օդակայանի, այլ արժանավայել միջավայր ստեղծելու համար:   
Արդէն վաղորդեան առաւօտ է, Մայիսեան գեղեցիկ փափուկ, խաղաղ առաւօտ եւ Մասիսը իր ողջ վեհութեամբ դիմաւորում, իր գեղեցկութեամբ է ողողում մեր յոգնած, բայց արթնացող աչքերը:
Այնքան ծանօթ ու հարազատ է այս առաւօտը, բաց կապտաւուն լուսաւորութիւնը, ամպերի հանգիստ սահքը, օդի խտութիւնը, ծուլօրէն արթնացող քաղաքի դժժիւնը, օդի բուրմունքը, որն ինձնից երբեք չի բաժանւում:  Որ երկրում էլ լինեմ, այն համեմատութեան մէջ եմ դնում ու միշտ գերապատուութիւնը ստանում է իմ հայրենի առաւօտը: 
Ես միայն մի քանի ժամ ունեմ հանգըստանալու, որից յետոյ սկսւում է ար-ւեստագէտին ընդունելու հին ու այնքան կարեւոր դեռ պահպանուած աւանդոյթը՝ նրա ներկայացման մասին ժողովրդին ծանօթացնելու համար հարցազրոյց թերթերի եւ հեռուստատեսութեան հետ, հանդիպում, փորձ թատրոնում:
Դեռ ամիսներ առաջ, իմ այս ներկայացման աշխատանքի ընթացքում, յայտնի գրականագէտ, Իսահակեանագէտ Աւիկ Իսահակեանը, իմանալով իմ այդ նոր աշխատանքի մասին, ինձ հանգիստ չտուեց, իր ամէնօրեայ հեռաձայներով պնդում էր, որ անպայման Հայաստանում ներկայացնեմ «Տիգրան Մեծ»ը, քանի որ ժողովրդին անհրաժեշտ նիւթ է եւ ժողովուրդը դրա կարիքն ունի: 
Իմ ներկայացումը Ռուսական Դրամատիկական թատրոնում էր:  Այս բեմը առաջին անգամ ոտք եմ դրել, երբ Թատերային Ինստիտուտ նոր էի ընդունուել, մի աննշան անցում էր դա, բայց որն ինձ համար մեծագոյն երջանկութիւն բերեց, քանի որ իսկական թատրոնի բեմում էի եւ յատկապէս, որ նոյն բեմում էր նաեւ մեծագոյն դերասան Արմէն Ջիգարխանեանը: 
Թատրոնի գեղարուեստական ղեկավարը մինչեւ այսօր էլ աշխարհի մեծագոյն բեմադրիչներից ղարաբաղցի Ալեքսանդր Գրիգորեանն է, որի հետ աշխատել եմ «Արշալոյս» թատրոնում եւ որին եմ պարտական իմ արուեստի խորութեամբ, բեմային անկաշկանդութեամբ, իմ արտայայտչամիջոցների ազատ փոխանցմամբ: Նա միշտ սիրով, իր բոլոր անձնակազմով, այս մըշ- տազբաղ թատրոնը տրամադրում է ինձ: Բեմադրիչ եւ դերասան մեր նախկին յարաբերութիւնը փոխարինուել է երկու հասուն արուեստագէտների փոխադարձ գնահատանքի յարգանքով:  Թէեւ մինչեւ վերջ ինքն ինձ համար մնալու է իմ անփոխարինելի ուսուցիչը եւ իւրաքանչիւր անգամ իմ ներկայացումից առաջ ճշդապահօրէն իրենից ծաղիկներ ստանալով ձգտում եմ այնպիսի մակարդակով բեմ ելնել, որ արժանի դառնամ իր յարգանքի ծաղիկներին:
Որ կազմակերպութիւնն էլ հրաւիրած լինի ինձ, իմ ներկայացումներին օգնում է Տիկ. Գրետա Սահակեանը, արուեստի եւ գրականութեան խելայեղ սիրահարը, իմ երկար տարիների ընկերուհին, որը միայնակ անում է այն, ինչ կազմակերպութիւններից շատերը չեն կարողանում իրենց շուրջ հաւաքուած տասը-տասնհինգ հոգով անել:  Կազմակերպչական բացառիկ ձիրքով, արուեստը գնահատելու իր նուրբ ճաշակով եւ մարդկային եզակի խառնուածքով, անշահախնդիր այս ընկերուհուս եմ պարտական հայաստանեան իմ ներկայացումների բարձր մակարդակը: Այս օրերին լուրջ մակարդակով  ներկայացումներին հանդիսատես բերելը դարձել է ամենադժուար գործը:  Արեւմուտքի թեթեւ զուարճութիւններով անարուեստ գործերը փոխել են նաեւ մեր արուեստով կրթուած հասարակութեան ճաշակը, բայց ես այն երջանիկներից եմ, որ ունեմ իմ հաւատարիմ հանդիսատեսը դա լինի Օփերայի բեմում, Սունդուկեանի, թէ Ռուսական Ստանիսլաւսկու թատրոնում, որոնց գոյութիւնը, ներկայութիւնը ինձ մղում է բեմում մնալու, ստեղծագործելու:  Գիտեմ, ամէն անգամ սպասում են, որ նոր ու բարդ հարցադրումներով իրենց յուզող հարցերը բեմ հանել: 
Եւ այս անգամ, որոշեցի քաղաքական լուրջ երկխօսութեան մէջ պահել նրանց, խօսել այն ամէնի մասին, որն իրենց առօրեայ ցաւն է, բայց որը  եր- բեք չեն կարողանում հասցէատիրոջը հասցնել:
Սփիւռքը թող երբեք չկարծի, որ ինքն է միայն անտէր:  Իր երկրում, իր հողի վրայ ժողովուրդն աւելի անտէր է, ամբողջովին արհամարուած, այնքան է յուսալքուած, որ չի ձգտում նոյնիսկ պայքարել: 


(Շար. 6րդ)