(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)

Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ կը հրատարակենք շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր: (Այսօր Բ. մասը)

Իմ ելոյթին դեռ երկու օր ունեմ, այցելում եմ Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարան:
Թէեւ ինձ համար նախկին Ն. Փալանճեան ճեմարանը բոլորովին այլ խորհուրդ ու իմաստ ունէր, դա մի եզակի հաստատութիւն մնաց սփիւռքեան մեր պատմութեան մէջ եւ ցաւ եմ զգում, որ այսօր այդպիսի մի պատմական անցեալ ներկայացնող հաստատութիւն չի գործում: Միայն յուսամ, որ այն Կիպրոսի Մելգոնեանի ճակատագրին չենթարկուի, այլ պահպանուի իբրեւ պատմական գանձ:
Հայոց ցեղասպանութեան 97րդ տարելիցին նուիրուած աշակերտների հանդէս է ճեմարանում: Այնքա՛ն հայկականութիւն, այնքա՛ն արեւմտահայութիւն, այնքա՛ն նուիրում ու զոհաբերութիւն ու սէր կայ այս հաստատութեան մէջ, որ անկարելի է չսիրահարուել, անկարելի է չգնահատել այդ ամէնը ներդրողներին, հայոց դպրոցի անհրաժեշտութիւնը գործի, իրականութեան վերածած բոլոր նուիրեալներին:
Լսում եմ այս շնորհալի աշակերտների սահուն արեւմտահայերէնը, նրանց անմեղ հոգիներում նոր ծիլեր տուող, դեռ անգիտակցօրէն մեր պայքարի յաղթանակին ձգտող տենչը եւ ուրախութեան հետ մէկտեղ ահաւոր տխրութիւն ու ամօթ եմ ապրում: Մտածում եմ՝  դեռ քանի՞ սերունդի մենք կարող ենք ոչ թէ բնականօրէն, մեր հողի վրայ մեր լեզուն փոխանցել, որ իրենց մատաղ շրթներում կեանք առած բառերը հարստանան, զարգանան միտք ու ապրում դառնան, այլ՝ զոհաբերութիւններով, օտար հողերում, մեր յաղթանակի վառ երազանքով նրանց պահել: Դեռ քանի՞ սերունդի հոգիներում թուրքի եւ անարդարութեան հանդէպ եռացող ատելութիւնը տեսնելով պիտի հպարտանանք՝ հաւատալով, որ հասնելու ենք մեր ձգտումին եւ հանգստանանք՝ լսելով անգիր արած նրանց տողերը, տեսնելով նրանց հայաշունչ հոգիներում սկիզբ առնող անյայտ ճակատագրի երթի կանչը:
Մինչեւ ե՞րբ օտար երկինքների տակ,  վերացական խոստումներով, մեր սերունդների ազգային պայքարի գիտակցութիւնը պիտի ձեւաւորենք: Մինչեւ ե՞րբ աչք փակենք, չտեսնելու տանք թաւագըլոր օտարութեան կուլ գնացող մեր լեզուն ու ապագան, կոծկենք մեր ծոյլ անտարբերութիւնը մեր ազգային լճացած վիճակի հանդէպ եւ սերունդներին ազգային յաղթանակի յոյս ներշնչենք:
Իմ ներքին այս փոթորիկը սկիզբ առած այս հրաշալի հաստատութիւնում՝ դեռ ինձ հետ կրելու եմ իմ ողջ շրջագայութեան ընթացքին:
Ներկայացումս «Յ. Տէր Մելքոնեան» սրահում է, ուր արդէն մի քանի անգամներ ելոյթ եմ ունեցել: Մտնում եմ յարդասենեակ ու մնում ապշած:  Ամէն ինչ ոչ միայն մաշուած, այլ անխնամ, կոտըրտուած, ներկերը թափուած, ծայրայեղ բարձի թողի մատնուած վիճակ:
Այս սրահում անվերջ ներկայացումներ ու համերգներ են տեղի ունենում, այսինքն ամէնօրեայ գործածումի տեղ է: Այստեղ ելոյթներ են ունենում անյայտ եւ յայտնի արուեստագէտներ, պարախմբեր, երաժշտախմբեր: Տեսնում եմ, որ բեմում ներկայացման տեքորներ կան: Եւ ինչպէ՞ս է, որ այդքան արհամարհանքի է մատնուած հաստատութիւնը: Ես դեռ միայն յարդասենեակի մասին եմ խօսում՝ առանց շեշտելու յարակից սենեակները:  Դերասանի համար ամենակարեւոր տեղն է այն, այստեղ նա կենտրոնանում է, այստեղից է նա  լեցուած մտնում բեմ՝ հասարակութեան առջեւ:
Հասարակ յարգանքը, հոգատարութիւնը ունեցածի հանդէպ, այն էլ դժուարութեամբ ձեռք բերածի, դրամի հետ չի կապուած: Ունեցածքը, այն էլ ազգային, խնամքով պահելն էլ կրթութիւն է, յարգանք, մարդկային ու ազգային դիմագիծ:
Օտար սրահներ վարձելիս՝  մենք դողում ենք մեր ամէն շարժումի վրայ, որ յանկարծ որեւէ տեղ չփճանայ, այլապէս յաւելեալ տուգանք ենք վճարելու:  Իսկ մեր ունեցածը կարող ենք փճացնել եւ ոչ մէկին պատասխանատու լինել:  Մենք երբեք յարգանք չունենք մեր ունեցածի հանդէպ, երբեք հոգատար չենք, վարւում ենք այնպէս, կարծես թշնամու ունեցուածք է այն: Եւ դեռ նոր սերունդին ազգային հաւատ ենք քարոզում:  Բայց չէ՞ որ նրանց մեծացնում ենք նոյն վարմունքով, նոյն այդ հաստատութիւններում, եւ չէ՞ որ ազգայինը սկսւում է ամենաաննշան ունեցուածքի պահպանումով, նրա հանդէպ ունեցած յարգանքով՝ լեզուից սկսած մինչեւ հասարակ իրը:
Փորձում եմ մտքերս վանել եւ կենտրոնանալ, քանի որ մօտ երեք ժամ միայնակ բեմում եմ՝  22 տարբեր կերպարներ ներկայացնելով:
Հսկայածաւալ այս ներկայացման վրայ ամիսներ եմ աշխատել: Տասնեակ ուսումնասիրութիւնների՝  նամակների, օրագրութիւնների, փաստերի, հրատարակուած տեղեկութիւնների, կար- դացուած հարիւրաւոր էջերի, անհաշւելի անքուն գիշերների, հոգի կեղեքող ապրումների եւ հեղեղուած արցունքների արդիւնք է այս թատրերգութիւնը:
Եղեռնի 95ամեակին էի նուիրել այն, ուր Զոհրապի, մեր միւս գրողների՝ Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սեւակի եղերական մահուան հետ միաժամանակ, ջարդի ողջ պատմութիւնն է ամփոփ-ւած: Առաջին անգամ լինելով՝ ներկայացւում էր նաեւ յեղափոխական գործիչ, այդ օրերի խորհրդարանի անդամ, Զոհրապի հետ կեանքի վերջին օրերը կիսած Վարդգէս Սէրէնկիւլեանը:
Մեր նոր սերունդի մակերեսային իմացութիւնը Եղեռնի մանրամասներում ինձ մղեց ստեղծելու այս հսկայածաւալ գործը:  Մէկ գիշերում նրանք տեղեկանալու էին փաստագրական բաւական ծանրակշիռ նիւթերի: Ահա թէ ինչո՛ւ առաջարկում եմ անպայման ստիպեն բարձր դասարանի աշակերտներին ներկայ գտնուելու, եթէ ոչ՝ որտեղի՞ց են նրանք այդքան մանրամասն տեղեկութիւններ հաւաքելու:
Այս ներկայացումով հանդիսատեսին էի փոխանցում մասնաւորապէս մեր պահանջատիրութեան անհրաժեշտութեան հրատապութիւնը: Ինձ համար, որպէս մտածողի, այսօրուայ եւ վաղուայ սերունդների մասին անհանգստացողի, այլեւս անընդունելի է մեր ձեռնպահ կեցուածքը մեր ապագայի հանդէպ: Անընդունելի է մեր տարած աշխատանքը միայն օտար պետութիւններից Ցեղասպանութեան ճանաչում եւ այդ հարցով համապատասխան պատժամիջոցներ ստանալու մեր գոհացումը: Անընդունելի է, որ դեռ շարունակում ենք կենտրոնանալ միայն ցեղասպանութիւն բառի վրայ՝ փորձելով աշխարհին ապացուցել, որ իրօք կատարուել է այն:
Ես ուզում եմ մեր ժողովուրդն այլեւս դուրս գայ իր ձեռնպահ վիճակից, չբաւարարուի միայն մեր յարգանքի տուրքի քայլարշաւ հսկումներով, հոգեհանգիստներով, նահատակների յիշատակի երեկոներով: Կը բաւէ այլեւս ճանաչում մուրալը, մենք պահանջ ունենք եւ մեր պահանջը աշխարհից չէ, այլ՝ թուրքերից:
Իմ ներկայացումն ընդգրկում է ոչ միայն իմ մեծ մօր, մեր միլիոնաւոր զոհերի, մեր մտաւորականների եւ  Զոհրապի ապրածը, այլ դահլիճում նստածներից իւրաքանչիւրի էութեան մէջ ներծծուած, իրենց ծնողներից իրենց փոխանցուած, երբեք չմարող կսկիծը: Ներկաներից իւրաքանչիւրը հասակ է առել ու սնուել այդ սարսափը ապրած զգացումներով:  Իւրաքանչիւրիս արեան, բջիջների մէջ է այլեւս Ցեղասպանութիւնը, եւ մենք ինչպէ՞ս կարող ենք բաւարարուել միայն այդ բառի համաշխարհային ճանաչում-արծարծումով:
Այսօր մենք ականատես ենք լինում մեծ պետութիւնների կողմից տարբեր երկրների մասնատումին, խաղաղ բնակչութեան ծրագրուած տեղահանութիւններին եւ չենք անդրադառնում, որ շատ շուտով մեր տեղահանուած ու բռնագրաւած տարածքների պահանջը, որով դեռ մենք յուսադրում, օրօրում ենք մեզ, դառնալու է անհեթեթ, ցնորք, դառնալու է երկրագնդի իշխողների արմատական օրէնք: Եւ մեր դէմ 97 տարիներ առաջ կատարուածը ընդունուելու է, որպէս տխուր մի պատահար: Իսկ մենք ապրում ենք դեռ յոյսներս դրած հէնց այդ պետութիւնների ողորմածութեան վրայ՝ առանց որոշակի պետական ծրագրի, առանց ազգային ձայն ու ծպտունի:  Այժմեան մեր միակ կենտրոնացումն է, թէ ինչպէ՞ս, ի՞նչ հանդիսութիւններով նշենք Եղեռնի 100ամեակը, հոգ չէ, որ ձեռնունայն ենք այն նշում:
* * *
Յաջորդող օրերին խրուելով պէյրութահայութեան կեանքի մէջ՝ զգում եմ մեծ ու ծոյլ նահանջ ազգային կեանքում: Տնտեսական իրարայաջորդ ճգնաժամերը, վերջին շրջանի Եգիպտոսի եւ Սուրիոյ քաղաքական օրէ օր սրուող իրադարձութիւնները քայքայել են ոչ միայն ընտանիքները, այլ նաեւ՝ ազգային կազմակերպութիւնների ամուր լծակները:  Գործազրկութիւնը երիտասարդներին տեղահան է արել, գնում են Տուպայ կամ հարեւան արաբական այլ երկրներ՝ աշխատանք գտնելու, ընտանիք պահելու, յաճախ էլ զինուորական ծառայութիւնից խուսափելու համար:
Հայութեան զարթօնքի այս օրրանը, որն իր անսասան, յորդուն հայրենասիրութեամբ փոխեց մինչեւ իսկ Քա. Կէ. Պէ.ին ծառայող, խորհրդայնամիտ մեր գրող-գործիչներից շատերին, հիմա նուաղած, հազիւ փորձում է պատնէշի վրայ կենալ:
Աւելացել են խառն ամուսնութիւնները, հայկական դպրոց յաճախողների թիւն է սկսել նուազել, վաղուց փակուել է Ճեմարանի հայագիտական բաժինը, որի նպատակն էր հայոց դպրոցների ուսուցիչներ եւ թերթերի աշխատակիցներ, խմբագիրներ պատրաստելը: Ես ապշեցի, երբ Կիպրոսում յայտնի լեզուաբան Արտա  Ճէպէճէանը յայտնեց Պէյրութում անցկացրած իր հարցազրոյցների մասին, որ երիտասարդներից շատերը ոչ միայն հայախօս չեն, այլ ընդհանրապէս անտեղեակ են իրենց պատմութեանը:   Եթէ ասողը ծանրակշիռ Ար-տան չլինէր, դժուար պիտի լինէր հաւատալ այս լուրին:  Բայց իրականութիւնն այն է, որ հայութիւնը յոգնել, ջլատուել է այլեւս ապագայի հանդէպ ունեցած իր չիրականացած երազներից: Նրանց մէջ նկատելի մի նիրհող թմբիր է մտել, բոլորը յոյսերը կապել են հայրենի պետութիւնից ու լուռ սպասում են… Իսկ նա զբաղուած իր կողոպուտով ընդհանրապէս մոռացել է իր կոչումը՝ ե՛ւ երկրի, ե՛ւ երկրից դուրս ապրող ժողովրդին ծառայելը:  Բայց ինչպէ՞ս յիշի, երբ ժողովուրդը ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում լռում է, կարծես՝ գոյութիւն չունի:
ժամանակին խորհըրդային իշխանութիւնը ամէն ինչ անում էր ՀՅԴ քննադատութեան չարժանանալու համար: Այսօր ոչ միայն չի լսւում այդ կուսակցութեան քննադատութիւնը, ընդդիմադիր լինելով հանդերձ, կառավարութեան սփիւռքի հանդէպ որդեգրած  անտարբեր կեցուածքի համար, այլ ընդհանրապէս մոռացել է, որ ողջ մի սփիւռքի կոկորդ է ներկայացնում:
Քաղաքական նոր պահանջները, արտերկրում, յատկապէս՝ Միջին Արեւելքում կատարուող եւ դեռ կատարուելիք փոփոխութիւնները, պարտադրում են սփիւռքահայութեան իրենց հաւաքական մտածողութիւնը, իրենց ներկայի եւ ապագայի մտահոգութիւնները, իրենց ողնայարը կազմած այս կուսակցութեան միջոցով մեր երկրի իշխողներին հասցընելու:  Հայրենիքում գործել՝  չի նշանակում գործակցել իշխանութիւնների հետ, չի նշանակում անտեսել դեռ թափառող արեւմտահայութեան պահանջները, չի նշանակում լռել օրէ օր նահանջող, ձուլմանն արդէն գրկաբաց ընդառաջ գնացող հայրենակիցների իրավիճակը:
Տեղահանուած եւ սփիւռք դարձած արեւմտահայութեան ճակատագիրը ամբողջ Արեւելքում վտանգուած է, որը նշանակում է՝ վտանգուած են նաեւ հարիւրաւոր կրթական, մշակութային, եկեղեցական  հաստատութիւններ, հսկայական գումարների արժողութիւն: Ո՞վ է այս բոլոր հարցերը, որպէս արեւմտահայութեան պահանջ, ներկայացնելու հայրենի իշխանութեան, նրանց պարտադրելու լսել հայութեան այդ հատուածի վտանգուած ճակատագրի մտահոգութիւնները, եթէ ոչ՝ սփիւռքին ոտքի կանգնեցրած ու նրան պետութեան պէս պաշտպան կանգնած այս կուսակցութիւնը:  Սփիւռքը կարիք ունի այլեւս պատռելու իր լռութիւնը եւ ինքն իրեն պարտադրելու ե՛ւ իր կուսակցութեան, ե՛ւ մեր իշխանութեան: Ի վերջոյ մէկը տէր պիտի կանգնի այս բարձիթողի իրավիճակին:
Ժամանակն է նաեւ, որ արեւմտահայը իր պատկանելիութեան պահանջը ներկայացնի թուրքերին, դա լինի հաւաքական կամ մեր պետութեան ձայնով:
Ողջ արեւմտահայութիւնը եւ մասնաւորապէս լիբանանահայութիւնը, որն ունի հաւաքուելու եւ պայքարելու անմրցելի փորձառութիւն, պէտք է դառնայ Հայ դատի ուղղութիւնը Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքից դէպի որոշակի օրինագծով պահանջատիրութիւն կենտրոնացնող ղեկ:
Յաջորդող օրերին այցելում եմ Մեսրոպեան վարժարան:  Երեխաները, ի հակադրութիւն ամերիկեան հայկական դպրոցների, ուր հայերէնի դասապահերից դուրս ամէն յարաբերութիւն անգլերէնով է, բակում խաղում են հայերէնով, ամէնուրեք հայ խօսքն ու ճիչն է լսւում:  Համարձակ, գեղեցիկ ու կիրթ երեխաներ են, անցնում ենք դասարանների առջեւով, չեմ ուզում խանգարել դասը:  Դպրոցը մի կողմից վերանորոգւում է, ամէն ինչ այնքան բնական ու հայկական է այստեղ:  Մտածում եմ՝ որքան դրամ է հարկաւոր այս բոլոր դպրոցները պահելու, մեր այս հրաշալի հայորդիներին գոնէ իրենց լեզուից չկտրելու համար, իսկ երկիրը ճգնաժամի մէջ է:
Ընկերուհիս՝ Սիւզի Օհաննէսեանը, մեզ տանում է Ժիպէյլի հայկական որբանոցը՝ «Թռչնոց բոյն»:  Նորոգուած ճանապարհին նա անվերջ նկարագրում է, թէ ի՛նչ վիճակում էր այն պատերազմի տարիներին:  Նա կապուած է Լիբանանին, աչք է բացել, հասակ առել այստեղ, սրտով, մտքով, ջղերով կապուած է այս երկրին ու իր ժողովրդին:  Ասում է՝ չկայ այնպիսի օր, որ մոռացութեան տայ պատերազմի բերած աւերը: Նա միակը չէ, ծայրայեղ հոգատարութեամբ մեզ շըրջապատող, հոգով ու գործունէութեամբ ազգային կեանքին նուիրուած Մարալ եւ Կարպիս Մխճեան զոյգը, որոնք անբաժան են մեզնից, մանրամասնօրէն նկարագրում են պատերազմին յատկապէս հայերի պաշտպանութեան  տակ վերցուած բոլոր անկիւնները, որն ամէնուրեք է, իրենք էլ եղել են այդ պաշտպաններից: Իւրաքանչիւր անգամ մեր տեսողութեան առջեւ կենդանանում են իրենց ապրած այդ օրերը, կենդանանում է բզկտուած քաղաքի արիւնոտ դէմքը: Ես ազդւում եմ ոչ միայն իրենց ապրած այդ ահաւոր տարիների պատկերից, այլ մտածում եմ, թէ ինչպէս սարսափը չի անհետանում մարդու էութիւնից, այն բոյն է դնում քո մէջ եւ քեզ հետ ամէնօրեայ կեանք վարում:
Իսկ մեզ պարտադրում են՝ ազգովին մոռանալ մեր ապրած, պատերազմի հետ նոյնիսկ չհամեմատուող սարսափը…
Ես բազմիցս մերժել եմ այցելել մեր պատմութեան տխուր վկայութիւնը յիշեցնող այս որբանոցը, որին հայի հպարտ հոգին չի ուզել իր իմաստով՝ որբանոց կոչել, այլ տուել է աւելի իմաստուն միտք՝ «Թռչնոց բոյն»: Այս անգամ ինքս ինձ հաւաքելով՝ գնում եմ, գիտենալով հանդերձ, որ չեմ դիմանալու, որ յետոյ օրերով ապրումների մէջ եմ ընկնելու: Ծանօթ եմ այդ հաստատութեան ստեղծման պատմութեան, խոնարհւում եմ այն հիմնողի՝ Մարիա Ճեքըպսընի յիշատակի առջեւ:  Այս քսանհինգամեայ օտար երիտասարդուհին ականատես լինելով, ցնցուելով մեր ժողո-վըրդին պատահած ահաւոր ողբերգութիւնից՝ միայնակ տէր է կանգնել մեր հարիւրաւոր որբերին, նրանց բերել է այստեղ, հիմնել այս բոյնը եւ մայրական հոգատարութեամբ շրջապատել, կրթել ու կեանքի կոչել: Ու այստեղից չուել են ահաւոր կորստից ու դժոխքից մեր սակաւ փրկուածները եւ աշխարհի տարբեր անկիւններում հիւսել իրենցից խլուած  տներն ու կեանքը ու խառնուել համայնքին:
Ինչպէ՞ս չխոնարհուել այս մեծագոյն կնոջ առջեւ:  Ես լուռ իմ երախտագիտութիւնն եմ յայտնում իմ ազգի մեծ մօրը:
Բայց միեւնոյն է, սա ինձ համար ծանր տեղ է: Ես սովորաբար որբ, աղքատ, մղկտոցով լացող երեխայ չեմ կարողանում տեսնել, սիրտս չի դիմանում, օրերով բզկտւում եմ նրանց պատկերից:  Յատկապէս այս հաստատութիւնը, որը կրկին յիշեցնելու է թուրքին, չէ՞ որ նրա արիւնոտ գործի արգասիքն է այս որբանոցը, եթէ ոչ՝  մենք ինչո՞ւ պիտի ունենայինք այն, այն էլ՝ ոչ մեր հողում:
Ես իրադարձութիւնները իմ մտքում ու հոգում կենդանացնող, շարժման մէջ դնող անձ եմ եւ բակ մտնելիս իմ առջեւ կենդանանում են Եղեռնի դժոխքից այստեղ բերուած երեխաները՝ իրենց սարսափ պարուրած աչքերով, հիւծուած մարմիններով ու ընտանիքի, հարազատների կարօտ, արիւնոտ սրտերով:  Եւ նոյն բողոքն է արթնանում իմ մէջ՝ ինչպէ՞ս, ինչպէ՞ս ներել ոճրագործին, ինչպէ՞ս լռել եւ չպահանջել մեզնից խլուած իրաւունքները… Այս հաստատութեան գոյութիւնն իսկ կենդանի փաստ է մեր դէմ գործուած ոճրի:  Ինչո՞ւ ենք միայն մեր մէջ պահում, ինչո՞ւ Պէյրութ այցելողների ցանկին չենք դնում, որ յաւելեալ անգամ ներկայացնենք թուրքի գազանութիւնը մեր դէմ:
Բայց ես ինձ հաւաքում եմ ու մտնում ներս:
Այժմ այստեղ ընտանիքից մերժուած կամ ֆիզիքական դժուարութիւն ունեցող երեխաներն են:  Շատ չեն նրանք, բայց դարձեալ չեմ դիմանում՝ տեսնելով նրանց մահու չափ տխրութեամբ ողողուած աչքերը, սիրոյ ու քնքշանքի կարօտ նրանց վտիտ ուսերը:
Ինչո՞վ են մեղաւոր այս երեխաները, որ զրկուած են ընտանիքում, թէկուզ աղքատ մեծանալու իրաւունքից, հիմա էլ հօ Եղեռն չէ…
Ու ես ուզում եմ ամբողջ կոկորդով պոռալ. «Ծնողնե՛ր, մի զրկէք ձեր զաւակներին ձեզ հետ միասին կեանքը կիսելու իրաւունքից, մի՛ զրկէք նրանց ընտանեկան տաքուկ մթնոլորտից, ինչ պայմաններում էլ լինէք, չէ՞ որ դուք էք նրանց կեանքի կոչել, նրանք ինքնակամ չեն եկել: Ձեր տուած կեանքը ինչո՞ւ էք ետ խլում իրենցից…»:
«Ինչո՞ւ թուով այսքան փոքրաթիւ մի ազգ պիտի մերժուած երեխաներ ունենանք, այն էլ՝ տղաներ, երբ մեր ժողովուրդը աճելու, բազմանալու անհրաժեշտութեան առջեւ է կանգնած»:
Հեռանալու պահին երկու երիտասարդներ են գալիս, նրանք եղել են այս հաստատութեան մէջ, հիմա ընտանիք են կազմել եւ յաճախակի այցելում են իրենց համար ընտանիք դարձած այս վայրը: Միակ ուրախալի պահը նրանց տեսնելն էր այս հաստատութեան մէջ:
Մտածում եմ, թէ որքան մեծ պատասխանատուութիւն է կրում այս գաղութը բոլոր հայանպաստ հաստատութիւնները պահելու համար: Տեղեա՞կ է մեր կառավարութիւնը, թէ օրէ օր որքան է ծանրանում գաղութի վիճակը, որքան բեռ է դրուած աստիճանաբար հալչող այս գաղութի ուսերին:

(Շար. 2րդ)

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ