Հոգու վսեմ հրաշքով լի,
Ինչպէս արեւ, լոյս բիւրեղեայ,
Հեռու անհաս լեռնաշխարհում,
Արեւակունք՝ մի երկիր կայ...

Այնտեղ հեռւում հողի բիւր կայ,
Ծիրանի ու նռան գոյն կայ,
Մաքրամաքուր, ձիւնաճերմակ,
Կապոյտ Սեւան ու Մասիս կայ...

Այնտեղ երգ ու եղերգ կայ,
Սրտի մորմոք ու արցունք կայ,
Ողբից  ծնուած, վէրքից հիւսուած,
Հին տաճար  ու  Յուշարձան կայ...

Այնտեղ նշխարհ ու մասունք կայ,    
Հոգու թռիչք, մանկան ճիչ կայ,
Ապագայի հրավառ տենչ,
Սիրոյ երկունք՝ յոյսի շող կայ...

Հոգու վսեմ հրաշքով լի,
Ինչպէս արեւ, լոյս բիւրեղեայ,
Հեռու անհաս լեռնաշխարհում,
Չիրագործուած՝ դեռ երազ կայ:

Աւիկ Դերենց (Դէյրմենճեան)
Պոսթըն