«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»ում տեղի ունեցածի բոլոր մեղաւորներին» ֆէյսբուքեան նախաձեռնութիւնը  բողոքի ակցիա անցկացրեց՝ այն սկսելով Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ եւ երթով անցնելով մի շարք գերատեսչութիւնների մօտով։


Բողոքի ակցիայի մեկնարկին միջադէպ արձանագրուեց նախագահի նստավայրի առջեւ: Ոստիկանները պատ կազմած թոյլ չէին տալիս ակցիայի  մասնակիցներին անցնել մայթը եւ մօտենալ նստավայրին։ Ակտիվիստները, ճեղքելով ոստիկանական պատնէշը, մի քանի րոպէ փակեցին Բաղրամեան փողոցի երթեւեկութիւնը, սկսուեց հրմշտոց։  Ի վերջոյ, ոստիկանութիւնը միջանցք բացեց՝ թոյլ տալով մօտենալ Սերժ Սար- գըսեանի նստավայրին։
Նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցները յիշեցնում էին, որ խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւին Սերժ Սարգսեանը կոչ էր անում քուէարկել Ռուբէն Հայրապետեանի օգտին, ուստի հիմա էլ պէտք է երաշխաւորի, որ նա պատժուելու է:
Բողոքի երթը շարունակուեց դէպի Ազգային ժողով, ապա՝ գլխաւոր դատախազութիւն:
«Ֆէյսբուք»ում ստեղծուած նախաձեռնութեան անդամ Դաւիթ Սանասարեանը յայտարարեց, որ դիմելու են ինչպէս դատախազութեանը, այնպէս էլ   խորհրդարանական բոլոր խմբակցութիւններին՝ Ռուբէն Հայրապետեանին   օր առաջ պատգամաւորական մանդատից զրկելու հարցը բարձրացնելու պահանջով:
«Վահէն մեր խիղճն է», - ասում էր Սանասարեանը:
«Մեր երկրում տեղի ունեցած անարդարութիւնների երաշխաւորը նաեւ այս կառոյցն է», - յայտարարեց նա՝ մատ- նացոյց անելով դատախազութեան շէնքը։
Հայ ազգային գոնկրէսի համակարգող, գոնկրէսի խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեանը իր ելոյթում  ընդգծեց, որ թէեւ ինքն էլ, Հայրապետեանն էլ պատգամաւորներ են, բայց նրան չի համարում իր գործընկերը, որովհետեւ, ինչպէս Զուրաբեանը ձեւակերպեց, Ռուբէն Հայրապետեանը ընտրակեղծիքներով է խորհըրդարան «սողոսկել»։
«Չի կարող գործընկեր համարուել մի մարդ, որը այս իշխանութիւնների գործիքն է բռնութիւնների եւ ընտրակեղծիքների կազմակերպման համար։ Ինչ է, Սերժ Սարգսեանը չի՞ հասկանում, որ ինքը կորցնում է, ասենք, իր պրեստիժը հէնց նոյն բանակի, հրամանատարութեան շարքերում։ Շատ լաւ հասկանում է։ Բա ինչի՞ չի կարողանում պատժել Ռուբէն Հայրապետեանին. պարզ պատճառով՝ որովհետեւ իշխանութիւնը պահպանել է հէնց նրա շնորհիւ», - յայտարարեց Զուրաբեանը՝ շարունակելով. - «Այսօր Հայաստանում մենք ունենք իշխանութիւն, որը հաշուետու է ոչ թէ ժողովրդի առաջ, այլ՝ Ռուբէն Հայրապետեանի, նմանատիպ բոլոր օլիգարխների առաջ»։
Բողոքի երթին մասնակցում էին նաեւ մտաւորականներ։
Գրող Վահրամ Մարիտիրոսեանը «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում պնդում էր, որ իշխանութիւնները կամաւոր չեն պատժելու մեղաւորներին, եթէ չլինի հասարակական մեծ ճնշում։ «Այն, ինչ  կատարուեց «Հարսնաքար»-ում՝ այդ վանկարկումները՝ մարդասպանի անունը ճշդելով, յոյս ունեմ, որ իշխանութեանը ի վերջոյ կը հասցնեն այն ուղերձը, որ այդտեղ կար, այն «ջերմ սէրը», որ ժողովուրդը տածում է իրենց հանդէպ։ Իւրաքանչիւրը պէտք է պատկերացնի, որ իր հետ կարող էր դա պատահել, եւ ոչ միայն պատկերացնի, այլեւ կարո՛ղ է իր հետ պատահել», - ասաց Մարտիրոսեանը։
Երգիչ Արթուր Իսպիրեանն էլ շեշտում էր, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դէպքն է, քանի որ ամբողջ երկրում են տեղի ունենում այսպիսի յանցագործութիւններ, մինչդեռ համբերութեան բաժակը լցուել է։ «Սրանից աւելի վատ արարք՝ հայը հայի նկատմամբ, ես չեմ տեսել, ես չէի պատկերացնում, էս աստիճանի լկտիութիւն ու գազանութիւն ես չէի տեսել։ Եթէ ուզում են թիկնազօր ունենալ, եթէ վախենում են, պէտք է թիկնազօրը լինի կազմուած սովորական ոստիկանութեան աշխատողներից, ոչ թէ ցլիկների տեսքով, որոնք գազանաբար յարձակուեն ժողովրդի վրայ», - ասաց երգիչը։
Տեղեկատուական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրէն Գարեգին Չուքասզեանի խօսքով էլ, պետութեան անկիւնաքարային մարմնի՝ բանակի ներկայացուցչին սպանելը միայն մէկ բան է վկայում. - «Այս քրէական համակարգը իր վերջին է հասել, այսինքն՝ էն մարմինը, որից անվտանգութիւն է գալիս, անգամ էդ մարմինը պաշտպանուած չի եւ այդ մարմնի անդամները պաշտպանւած չեն էս համակարգից։ Ռուբէն Հայրապետեանը ինքը իր մասնակցութիւնը փաստել է իր նախկին ելոյթներով, որտեղ ինքը խոստովանում է, որ ինքը ծեծում է, պատժում է, ինքը դատաւոր է։ Էդ բոլորը ակնյայտ փաստեր են, որի կողքով անցնել հնարաւոր չի։ Ինքը ուղիղ պատասխանատուութիւն է կրում  էն բուծած ոչ մարդակերպ արարածների համար, որոնք հայ բանակի սպային զրկեցին կեանքից»։
Երէկուայ ակցիայի պահանջների մէջ պարբերաբար հնչում էր նաեւ Հայրապետեանին Հայաստանի ֆուտբոլի ֆետերացիայի նախագահի պաշտօնից հեռացնելու պահանջը:
Յայտնի գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆետերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Յունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկուել զինուորական երեք բժիշկներ։ Նրանցից յատկապէս ծանր վնասուածքներ էր ստացել 35-ամեայ Վահէ Աւետեանը, որը միջադէպից 12 օր յետոյ մահացաւ։
 
ԵՐԿԻՐ ՄԵՏԻԱ