«Երկիր Մեդիա»ն պատրաստել էր հետաքրքիր տեսահաղորդում, ուր ներկայացւում եւ քննարկւում էին Հայաստանի թէ՛ շարքային քաղաքացիների եւ թէ պատասխանատուների կարծիքներն ու մտահոգութիւնները՝ ամառուայ արձակուրդների անցկացման եւ ի մասնաւորի՝ հայրենիքում զբօսաշրջութեան հետ կապուած հարցերի մասին:


Բնականաբար, ամառ է՝ շոգ, եւ մարդիկ, ընտանիքները մտածում են արձակուրդի գնալ:
Արձակուրդի գնալը իւրաքանչիւր աշխատող անձի ամենաարդար իրաւունքներից մէկն է: Իսկ ո՞ւր գնալ: Ո՞ւր գնալ, որ թէ՛ հաճելի ժամանակ անցկացնեն ընտանիքի մեծից-փոքր անդամները եւ թէ արձակուրդի ծախսը ֆինանսապէս մատչելի լինի ընտանիքի բոլոր անդամների համար:
Շարքային քաղաքացիների եւ ընտանիքների ճնշող մեծամասնութիւնը յայտնում էր, որ ցանկանում է ամառուայ արձակուրդն անցկացնել ծովափնեայ շրջանում, ինչը հասկանալի է լեռներով ու քարերով շրջապատուած հայրենաբնակ ժողովրդի համար: Իսկ հայրենիքում նրա ծովափնեայ շրջանը Սեւանն է, որը բոլորի հաստատմամբ, իր բարձր գների պատճառով վերածուել է անմատչելի ու չափազանց թանկ զբօսավայրի: Նրանցից շատերը գանգատում էին, որ հիւրանոցները եւ մատուցուող ծառայութիւնները՝ ներառեալ ճաշամատակարարումը, այնքա՛ն թանկ են, որ չեն կարողանում վայելել Սեւանայ լճի օդն ու ջուրը: «Նմանապէս սուղ են ոչ ծովափնեայ՝ զովասուն այնպիսի զբօսավայրերը, ինչպիսիք են Ծաղկաձորն ու Դիլիջանը», յայտարարում էին ընտանիքները եւ փոխարէն Սեւան, Ծաղկաձոր կամ Դիլիջան ու հայրենի այլ զովասուն վայր գնալու՝ գերադասում են ամառուայ մէկ-երկու շաբաթուայ արձակուրդն անցկացնել հայրենիքից դուրս՝ հարեւան երկրներում, մասնաւորաբար Վրաստանում ու Թուրքիայում, ուր հանգստանալու եւ վերաթարմանալու հետ մէկտեղ, նրանց առաջարկւում են միանգամայն մատչելի գներ՝ ներառեալ ճանապարհածախս, հիւրանոցային համալիր, ծովափնեայ հաճելի զբօսավայրեր, ճաշ եւ այլն:
Ինչպէս նշում էր «Երկիր Մեդիա»ի տեսահաղորդումը, ամրան արձակուրդներին, հայաստանաբնակ իւրաքանչիւր քաղաքացի արձակուրդը Վրաստանի ծովափնեայ շրջանում անցկացնելու համար միջին հաշուով ծախսում է շուրջ 200 տոլար: Վրաստանի տնտեսութեան նախարարուհի Վերա Քոբալիայի Յունիսի 11ի յայտարարութեան համաձայն, 2010ին Վրաստան այցելած 2 միլիոնից աւելի զբօսաշրջիկների 500 հազարը հայաստանաբնակ հայերն են եղել: Եթէ կողք-կողքի դնենք այս թիւերը, կը ստացուի, որ միայն անցեալ տարի Վրաստանի տնտեսութիւնում շուրջ 100 միլիոն տոլար է ներմուծուել հայ զբօսաշրջիկների կողմից: Արդարեւ, այդ գումարը Հայաստանի տնտեսութեանը խթան հանդիսանալու փոխարէն,  հարստացրել է հարեւան Վրաստանին: Ո՞վ է յանցաւորը: Ժողովուրդը՞: Անշուշտ ո՛չ: Աշխարհի բոլոր ընտանիքների նման, հայաստանաբնակ ընտանիքն էլ ուզում է ամառը լաւ անցկացնել, այդպէս էլ արտայայտւում էին ընտանիքների անդամները տեսահաղորդման մէջ: Բայց տուեալ դէպքում, երբ երկրում բացակայում է զբօսաշրջութեան հաւասարակշռուած ուրոյն քաղաքականութիւն, երբ ընդհանրապէս երկրի տնտեսութիւնը                       ընթանում է մենաշնորհեալ քաղաքականութեամբ, երբ մենաշնորհեալ տնտեսավարները ցանկացած գներով են մատուցում իրենց ծառայութիւնը, անտարակոյս, տուժողը հանդիսանում է շարքային քաղաքացին, որի իրավիճակով ակնյայտօրէն երբեք էլ մտահոգուած չեն իշխանութիւնները:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների համաձայն, 2011ի Մայիսի դրութեամբ, պետական կազմակերպութիւններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 89,615 դրամ (մօտաւորապէս 244 դոլար), իսկ ոչ պետական կազմակերպութիւններում՝ 139,092 դրամ (մօտաւորապէս 378 դոլար): Միեւնոյն ժամանակ, ըստ հիւրանոցային համալիրների տուեալների, Սեւանի, Դիլիջանի, Ջերմուկի հիւրանոցներում մէկ սենեակի մէկօրեայ կեցութեան սակագները, միջին հաշուով, սկսում են 19,000 դրամից (մօտաւորապէս 51 դոլարից) եւ հասնում մինչեւ 65,000 դրամի (մօտաւորապէս 177 դոլարի): Պատկերացրէք, արդեօք ամսական 378 դոլար աշխատավարձ ստացող հայրը կարո՞ղ է իր կնոջ ու ասենք երկու երեխաների հետ մէկ շաբաթ անցկացնել յիշեալ զբօսավայրում եւ հոգալ հիւրանոցային ու արձակուրդային յարակից ծախսերը: Ի հարկէ ո՛չ: Հրապարակուած տուեալների համաձայն, Սեւանում, Դիլիջանում կամ Ջեր-մուկում, մէկ անձի համար 7օրեայ հանգիստը նոյնքան է արժում, որքան մէկ ընտանիք կարող է ծախսել Վրաստանում՝ 10օրեայ հանգստի համար: Ահա թէ ինչո՛ւ հայրը իր կնոջ ու երեխաների հետ որոշում է մեկնել Վրաս-տան եւ տասը օր հանգստան ալ օտար, բայց ֆինանսապէս մատչելի երկնքի տակ:
«Վերջին տարիներին, այնքան է շատացել ամառուայ արձակուրդներին Վրաստան այցելող հայաստանաբնակ ընտանիքների թիւը, որ այլեւս Վրաստանի զբօսաշրջութեան նախարարութիւնը կարիքը չի զգում զբօսաշրջութեան գովազդներ տարածել հարեւան Հայաստանում, վստահ լինելով, որ տարեցտարի պիտի շատանայ այդ թիւը եւ աւելի ու աւելի դրամ լցուի իր գանձարանը՝ հարեւան Հայաստանից», նշում է տեսահաղորդումը:
Մենաշնորհեալ տնտեսութեանը տուն տուող իշխանութիւնները Հայաստանը վերածել են թանկ զբօսավայրի, որից զրկուած է սեփական ժողովուրդը: Այս իրավիճակից դուրս գալու միակ ուղին հիմնովին ու համակարգային փոփոխութեան ենթարկելն է ո՛չ միայն երկրի զբօսաշրջութեան, տնտեսութեան, այլ այդ ոլորտները ղեկավարող նոյնինքն իշխանական վարչախմբին:
Առանց իշխանափոխութեան, կաշառակերութեան վերացման, ժողովրդավարական ու իրաւական արդար համակարգի հաստատման, հարցերը   չեն լուծուի հայրենիքում:

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ