Մեծ ավտոպուսը, որին հայերն անուանում են թուրիստական, 9 ժամ ճանապարհ գնաց: Աւելի քան 50 երիտասարդ կար՝ մէկը միւսից խելացի, գեղեցիկ, բարձրանպատակ… Նրանք պատմում էին, թէ Սերժ Սարգսեանը հանդիպման ժամանակ ասել է. «Ժովողո՛ւրդ, մենք լաւ ենք ապրելու»:

Հանրութիւնից մէկը հարցրել է. «Իսկ մե՞նք»: Ուրիշ մէկն ասաց, թէ Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ չի եղել այդ հարցուպատասխանը, այլ Գագիկ Ծառուկեանի: Աւելի ուշ պարզուեց, որ Րաֆֆի Յովհաննիսեանին է ուղղուած եղել այդ հարցը: Կարեւոր չէ, թէ հարցն ում են ուղղել մարդիկ, հարցը կայ եւ ունի բազմաթիւ հասցէատէրեր, որոնց մէջ են Սարգսեանը, Ծառուկեանը, Յովհաննիսեանը, միւսները: Հարցը կրկնում եմ. «Իսկ մե՞նք»:
9 ժամանոց ճանապարհին մեզ երշիկով բրդուճներ բաժանեցին: Ես հրաժարուեցի, որովհետեւ հացաբուլկեղէն չեմ ուտում: Կողքից մէկն ասաց. “ԲՀԿ-ի ավտոպուսում կոտլետներով բրդուճներ են տուել, ճիշդ կը լինէր նրանց հետ գնայիր, գոնէ կոտլետը կուտէիր»:
Այսօր Մայիսի 7-ն է: Փաստօրէն, այսօրուանից պէտք է սկսուէր մեր նոր կեանքը, քանի որ քաղաքական ուժերը բոլորն էլ առանձին-առանձին, միասին-միասին ասում էին, որ եթէ իրենց ընտրենք, Մայիսի 7-ից փոխուելու է շատ բան եւ  սկսուելու է մեր նոր կեանքը:
Անկեղծ ասած՝ դեռ երէկ ինձ թւում էր, թէ արդէն սկսել է մեր նոր կեանքը.  մեզանում երբեք նման հոգատարութիւն չէի տեսել տարեցների, յղիների, հաշմանդամների, երիտասարդների, առհասարակ մարդկանց հանդէպ: Սիրով, ժպիտով, ջիփերով, նիվաներով, գրկած, թեւանցուկ մարդկանց տանում էին ընտրութեան: 
Եթէ ես միջազգային դիտորդ լինէի, կ'արձանագրէի, որ ՀՀ 38-րդ ընտրատարածքում խորհրդարանական ընտրութիւններն անցան արդար, առանց կեղծիքների, ժողովրդավարական չափանիշերին համապատասխան: Ես կը կարծէի (եթէ միջազգային դիտորդ լինէի), թէ հայերը շատ բան են հասկանում մարդու իրաւունքներից, հիմնարար ազատութիւններից, որ հայ հանրութիւնը ինտեգրուած է հասարակական-քաղաքական կեանքին… Եթէ ես միջազգային դիտորդ լինէի, հաստատ չէի նկատի «մենք»ի ու «դուք»ի բաժանուած հայ հանրութեան խնդիրները, որովհետեւ մեր արժանապատիւ մարդիկ դա ցոյց չեն տայ: Երբե՛ք:
Բայց ես միջազգային դիտորդ չեմ, եւ մեզ ու մերոնց գիտեմ հիանալի: Այնպէս որ այն, ինչը միջազգային դիտորդները հոգատարութիւն կը կոչեն, իրականում ստորութիւն է եւ ոչ միայն: Շահադիտական նպատակներով արուած հոգատարութիւնը մի քանի անուն ունի՝ շողոքորթութիւն, քծնանք, մնացածը չեմ գրի…
Ես չգիտեմ՝ սփրթնած ու մշտաժպիտ այդ մարդիկ՝ միջազգային դիտորդները նկատեցի՞ն, որ մեր ընտրատարածքի թիկունքին յաւերժ կանգնած են վայրի լեռները, տեսա՞ն, որ արեւի ծագելուն պէս ձորն ի բերան լցուած մառախուղը չքացաւ, ապա չքուեց եւ արեւը ու կարկուտ տեղաց՝ վայրի, կուսական, խելագարի պէս սիրող կարկուտ… Ծաղկած բալենին հեկեկաց ցաւից, ընկուզէնին ցաւաց բալենու համար, ես վերապրեցի մի այրող քնքշութիւն՝ անբռնազբօս, վայրի, կուսական… Կարկուտից յետոյ ծառի մի սունկ սիրուած ու պաշտպանուած էր զգում՝ աւելի քան երբեւէ: Նա միտք արեց, թէ սա սնկերի աշխարհն է, եւ որ սնկերը լինում են անշարժ ու քայլող: Յետոյ փայլեց արեւը, բալենին հաւաքեց իրեն, սունկն ուշքի եկաւ եւ նորից սկսուեց կեանքը՝ գոյութեան կռիւը՝  անբռնազբօս, վայրի, կուսական…
Ես կրկին բռնեցի իմ 9-ժամեայ ուղին: Մեծ ավտոպուսում, որին հայերն անուանում են թուրիստական, աւելի քան 50 երիտասարդ կար՝ մէկը միւսից խելացի, գեղեցիկ, բարձրանպատակ… Վերադարձին այլեւս բրդուճներ չբաժանեցին, եւ մենք ճանապարհին ղավուրմա կերանք…
Աւելի քան 50 երիտասարդ՝ մէկը միւսից խելացի, գեղեցիկ, բարձրանպատակ, համոզուած են, որ «ժողովո՛ւրդ, մենք լաւ ենք ապրելու»ները փուչիկներ էին, շատերը նոյնիսկ պայթունավտանգ: Իսկ հայրենի բնակավայր եւ հարազատներին այցելելու որեւէ առիթ պէտք չէ կորցնել…

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
report.am