Ապրիլ է, փորձում եմ կրկին սեւեռուել մեր ազգի ողջ էութիւնն ու ճակատագիրը խաթարած մեծ եղեռնագործութեան վրայ, կրկին խորանալ նրա դժոխային ծալքերի մէջ, հասկանալու թէ ինչո՞ւ 97 տարիներ ի վեր դեռ չենք կարողանում ազգովին միաւորուել մեր պահանջատիրութիւնը ազգային, պետական մտածողութիւն ու ծրագիր դարձնելու:
Մեր անկարողութեան ազդակները ոչ միայն արտաքին աշխարհից է գալիս, ինչպէս սովոր ենք միշտ պաշտպանուել գոյութիւն ունեցող այդ արգելքներով, այլ կարծում եմ ազգային հոգեբանութեան արգասիք է:
Շուտով հարիւր տարին է բոլորելու մեր դէմ գործադրուած Ցեղասպանութեան, իսկ մենք դեռ շարունակում ենք սերունդներ կրթել առանց պահանջատիրութեան, դեռ մեզնից ամայացած մեր հողերի վրայ միայն եկեղեցիներ ու մատուռներ ենք փնտռում ու բաւարարւում միայն նրանց շնչահեղձ, փլատակ գոյութեամբ, կարծես միայն ուխտատեղի են եղել մեզնից դատարկուած, մեր արիւնով ներկուած մեր բնակավայրերը, մեր դարաւոր տարածքներում չենք ապրել, այլ միայն որպէս աղօթավայր օգտագործել: Կարծես ոչ մէկ կենսագրութիւն է կերտուել, ապրուել, կեանք առել այդ հողերում: Միթէ՞ մեր յաջորդ սերունդներին ոչինչ ունենք կտակելիք, միթէ՞ նրանք էլ միայն վանք ու մատուռի մի չնչին մասի վերադարձով են գոհանալու եւ մեզ պէս մեր ազգային իրաւունք-պահանջը շարունակելու են տեսնել օտար տէրութիւնների ողորմածութեան մէջ: Շարունակելու են մեզնից պահանջուող գործը փոխադրել նրանց ուսերին եւ ազգովին սեւեռուել միայն նրանց գործունէութեան վրայ: Միթէ՞ հայի համար հայրենի դարաւոր հողը այդքանով է սահմանափակւում: Ե՞րբ ենք խօսելու մեր հողերի գոյների ու երանգների մասին, այնտեղ սկիզբ առած կեանքերի մասին, որոնք դեռ ապրում են մեր մէջ, սնում են մեզ ու ստիպում են, որ չյոգնենք մեր պայքարից, որ տէր դառնանք մեզնից խլուածին:
Մենք այս օրերին առաջինը կենտրոնանում ենք այդ վայրագ եղեռնագործութեանը զոհ դարձած մեր մտաւորականների եղերական հոշոտման վրայ, որը այս ձգուած 97 տարիների ընթացքում դարձրել ենք մեր ժողովրդի արեւմտահայ հատուածի բնաջնջումը վառ պահող, մեր միլիոնաւոր զոհերի յիշատակը դէպի մեր պահանջատիրութիւնը մղող երբեք չմարող ջահ:
Ին՞չ են յուշում, ին՞չ ենք տեսնում նրանց կացնահարուած, քարերով ջախջախուած կեանքերի ընդհատման մէջ: Փնտռու՞մ ենք արդեօք այն հարցերի պատասխանը, որն այսօր դրուած է նաեւ մեր առջեւ: Փորձու՞մ ենք պատռել մեր հոգիներում արմատացած օտարավստահութիւնը եւ մեր ճակատագրի տնօրինութիւնը մեր ձեռքը վերցնել: Չե՞նք կրկնում արդեօք այն սխալները, որոնց համար մինչեւ օրըս մեղադրում ենք մեր ազգային գործիչներին թուրքի հանդէպ ունեցած նրանց հաւատի համար:
Իմ այս գրութեամբ, ուզում եմ կրկին անդրադառնալ ամենավայրագ միջոցով, կեանքից զրկուած հայապաշտ մէկ հայի կենսագրութեան մի քանի կարեւոր յիշատակումով, սթափեցնելու համար ոչ միայն այն մարդկանց, որոնք մեր դէմ գործուած եղեռնագործութեան մեղաւորութիւնը դեռ շարունակում են մեր մէջ փնտռել, ովքեր դեռ ջանք չեն խնայում ոտնատակ տալով մեր իրաւունքները բարեկամանալ թուրքերի հետ:
Այս տարի մեր միլիոնաւոր զոհերի հետ լրանում է նաեւ Գ. Զոհրապի հոշոտման 97-րդ տարին:
Անցեալ տարի լրացաւ իր ծննդեան 150 տարին: Ստեղծագործող, որը մտաւ մեր պատմութեան մէջ որպէս Նորավէպի Իշխան, որպէս երբեք դատ չկորցրած փաստաբան, որպէս ճարտար հռետոր, որպէս ազդեցիկ երեսփոխան թուրք խորհրդարանում, որպէս իր ժողովրդին անսակարգ ծառայող, իր ժողովրդի ողբերգութիւնը կիսած հայ: Բայց ցաւալին այն է, որ մենք աւելի շատ նշում ենք ոչ թէ նրա ծննդեան, այլ ողբերգական մահը, որպէս նուէր թուրք նենգ կառավարութիւնից, որի յաջողութեան համար այնքան աշխատանք ու եռանդ էր ներդրել նա:
Մինչեւ օրըս շատերի համար անհասկանալի է այս մեծ հայասէրի գործունէութեան եւ հաւատամքի մանրամասները, անյայտ է նաեւ նրա անսակարգ նուիրուածութիւնը իր ազգին ու նրա հարցերին:
Այսօր միասին թերթենք նրա կենսագրութեան այն կարեւոր էջերը, որոնք աւելի մօտ են մեր այսօրուայ իրավիճակներին:
1914թ. Օգոստոս 3-ին Բրինքոբօում, վարձած իր ամարանոցում Գ. Զոհրապը հանդիպում է իր վերջին տարիների մտերիմ ընկերներից յեղափոխականներ՝ Արմէն Գարօի եւ Վարդգէս Սերէնգուլեանի հետ: Յի- շեցնեմ, որ Թուրքիան դեռ պաշտօնապէս չէր յայտարարել իր մուտքը պատերազմի մէջ եւ ժողովուրդը անտեղեակ էր, որ այդ ընթացքում թուրքերը գաղտնի բանակցում էին գերմանացիների հետ պատերազմի մէջ մտնելու համար: Այդ երեկոյ Զոհրապի եւ իր ընկերների խօսակցութեան հիմնական հարցն էր՝ «եթէ թուրքիան պատերազմի մէջ մտնայ, հայոց վիճակը պատերազմի միջոցին ի՞նչ պիտի ըլլայ»: Երեքով հարցարան էին կազմել եւ իւրաքանչիւրը իր կանխատեսումն էր գրել: Ըստ Արմէն Գարօի «Պատերազմ պիտի ըլլայ, բայց ջարդ չի պիտի ըլլայ»: Վարդգէսի ենթադրութեամբ՝ «թուրք եւ ռուս պատերազմ չի պիտի ըլլայ եւ ոչ ալ ջարդ»: Իսկ Զոհրապը գրել է՝ «Սահմանագլխին կողմէ Ռուսիոյ կողմը պիտի անցնին, միւս մասերուն մէջ մասնակի ջարդերու եւ թալաններու պիտի ենթարկուին»: Յեղափոխական զոյգ գործիչների լաւատեսութիւնը եւ գործող իշխանութեան խորհրդարանի ամէնաազդեցիկ անդամի՝ Զոհրապի, անտեղեակութիւնը օրուայ եւ ծրագրուող ու հետագայում գործադրուող իրադարձութիւնների հանդէպ, այսօրուայ չափանիշով դատելու դէպքում զարմացնում է մեզ, որը եւ մինչեւ օրս յանգեցնում է տարբեր վերլուծում հետեւութիւնների, անսպառ քննադատութիւնների, նոյնիսկ լուրջ մեղադրանքների: Բայց այդ օրերի իրավիճակում քննելիս, գալիս հաստատում է, թէ թուրքերը որքան գաղտնի են գործել: Զոհրապի 1914թ. Դեկ. 4/17 գրառումներից մէկը այդ է հաստատում՝ «ճաւիտ պէյ, առաջին անգամ ըլլալով, ըսաւ մեզի, որ եւրոպական պատերազմին յայտարարութենէն քիչ ետք թուրք դահլիճը յանձն առած է մասնակցելու պատերազմին յօգուտ Գերմանիոյ: Այս յանձնառումը կատարուած, լմնցած էր առանց դահլիճին (խորհրդարանի) բոլոր անդամներուն գիտութեանը: Սկիզբէն ի վեր քրիստոնեայ նախարարներուն այսպէս կարեւոր խնդիրներու մասին ոեւէ տեղեկութիւն չէր հաղորդուեր, բայց այս անգամ իսլամ նախարարներէն շատերէն ալ գաղտնի պահուած էր»: Զոհրապն իր մէկ նախադասութեամբ արդէն բնութագրում է հայ երեսփոխանների կացութիւնը թուրք խորհրդարանում:
Շուտով, իրավիճակների եւ երիտթուրքերի վերաբերմունքի կտրուկ փոփոխման հետ, այս հայ երեք գործիչների դիւրահաւատութիւնն էլ ջարդ ու փշուր է լինում: Ա. Գարօն աշնանը մեկնում է Կովկաս ու դառնում կամաւորական շարժման ղեկավարներից: Իսկ Վարդգէսն ու Զոհրապը դառնում են իրենց դիւրահաւատութեան զոհը:
«Ո՞ւր փախիմ, որո՞ւ թողում սա անտէր ու անգլուխ ժողովուրդը: Պարտքս է մինչեւ վերջը պատնէշին վրայ կենալ»:
Այսպէս է պատասխանել Զօհրապը Պոլսահայ մեծահարուստ Մարթէն Յակոբեանին, Ապրիլեան ձերբակալութիւնների սկսուած օրերին, մերժելով նրա առաջարկած գումարը Պոլսէն փախչելու համար:
Արդեօք այ՞ս հաւատն էր նրան ստիպել, որ տեսնելով հանդերձ իր շուրջ կատարուող մասսայական ձերբակալութիւններն ու լսելով Պոլսից դուրս կատարուող ջարդերի, տեղահանութիւնների, աքսորի մասին, նա դեռ շարունակում էր Պոլսում մնալ, խորհուրդ տալով հրաժարական ցանկացող պատրիարքին, որ «Վհատելու, վախնալու չէ: Ամէն մարդ իր պարտականութեան գլուխ պէտք է գտնուի»: (ԻԴ, թ 5, 68)
Ինչ՞ն էր Զոհրապին ստիպում հաւատալ, որ իրենք, այսինքն ազգային հարցեր լուծողները, կարող էին այս անգամ էլ իրենց ժողովրդին օգնել: Ինչո՞ւ էին համոզուած, որ իրենց հաւատարմութիւնը թուրքերին հաստատելով կարող են փոխել նրանց թշնամական տրամադրուածութիւնը: Հայերի կողմից ուղարկուող անվերջանալի աղերսագրերը Բարձր Դուռ դա են հաստատում: Դա հաստատում է նաեւ թէ որքան ծանր է եղել նաեւ պատրիարքի գործունէութիւնը:
Իսկ այսօր նոյն հողի վրայ գործող մեր սրբազանը մէկ այլ թուրք պաշտօնեայի՝ Տաւութօղլուին ասում է՝ «Օսմանան շրջանին շատ երջանիկ էինք»: Ասպարէզ 6 Մարտ, 20012
Մինչեւ օրս մեր ժողովրդի մի տգէտ մասսա, Զոհրապին մեղադրում են դաւաճանութեան մէջ, որ նա թուրք խորհրդարանի մէջ լինելով հանդերձ, չի կասեցրել հայերի ջարդերի երիտթուրքերի ծրագիրը:
97 տարի է անցել մեր ժողո-վըրդին ոչնչացրած ահաւոր աղէտից եւ մենք դեռ չենք կարողանում ազգովին ըմբռնել մեր բնա- ջնջման հիմնական պատճառը: Դեռ շարունակում ենք մեղքը մեր մէջ փնտռել, մեր անգլուխ ազգի առաջնորդներին՝ Կուսակցու- թեանը, մեր երեւելի մտաւորականներին ու քաղաքական գործիչներին մեղադրել, որոնք իրենց կեանքով վճարեցին անուանի լինելու, ազգին օգնելու համար:
Թէեւ այսօր մենք անհամեմատելի շատ փաստագրական հրատարակութիւններ ունենք թուրքերի մեր դէմ ծրագրած Ցեղասպանութիւնը բացայայտող, քան երբեւէ, բայց ինչպէս երեւում է դրանք աւելի շատ օտարներին այն ծանօթացնելն է, քան՝ մեր ժողովրդին կրթելը: Մեր անտարբեր, մակերեսային, ծոյլ մօտեցումը մեր պատմութեան ամբողջական, խորը ընկալման, մինչեւ իսկ մեր պահանջատիրութեան, այդ են հաստատում:
Բայց շարունակենք թերթել Զոհրապի նօթագրութիւնները, տեսնելու թէ նա ինչպէս է ընդունել, վերլուծել կատարուող իրադարձութիւնները, ինչ մասնակցութիւն է ունեցել այդ օրերի քաղաքական իրադարձութիւնների մէջ եւ որքանով ինքը կարող էր օգնել իր ժողովրդին: Չէ՞ որ վերը յիշուած հատուածում ինքն էլ հաւատացել է, որ կարող է օգտակար լինել իր ազգին:
Իր օրագիր-գրառումները ընդգրկում են 1912-1915թթ. արեւմտահայութեան անհանգիստ, վտանգներով լեցուն կեանքի վերջին շրջանը, որոնք երբեմն գրւոած են հոգեկան տագնապի պահին, յաճախ շուտափոյտ գրառումներ են, հաւանաբար աւելի ուշ դրանց մանրամասն անդրադառնալու համար, ուր բաւական տեղեկութիւններ կան ոչ միայն այդ օրերի իրադարձութիւնների զարգացման, այլ նաեւ հայութեան մտածումի, դէպքերի ընկալման մասին: Յատկապէս Հայկական բարենորոգումներին եւ Առաջին Աշխարհամարտին վերաբերող, որոնք դարձան պարարտ հող մեր բնաջնջման համար:
Զօհրապի այս տեղեկութիւնները անգնահատելի են, ոչ միայն ճշգրիտ վկայագրութեամբ, քանի որ այն միակ փաստագրութիւնն է, որ գրուած է օրը-օրին, այսինքն դէպքերի շարժման, առաջացման վիճակի մէջ, իրադարձութիւնների մասնակցի, գործող անձի կողմից, եւ ոչ թէ դիտողի, կամ ուրիշների պատմածների հիման վրայ: Եւ միակն է, որ գրուած է անմիջապէս, ոչ թէ աւելի ուշ, յիշողութեան վրայ յենուած, ինչպէս այդ ժամանակաշրջանն ու դէպքերը ներկայացնող միւս ականատեսների պահպանուած յուշագրութիւններն են: Իր այդ գրութիւններում ամբողջովին բացայայտւում է ոչ միայն դէպքերի զարգացումը, այլեւ ազգանուէր, ազգի ցաւերով ու նրա ճակատագրով տառապող մարդը, գրողը, անխոնջ պահանջատէրը եւ դիւրահաւատ հայը:
Զօհրապն էլ, ողջ արեւմտահայութեան պէս, համիտեան հայաջինջ քաղաքականութիւնից շնչահեղձ եղած, օսմանեան սահմանադրութիւնից էր սպասում հայերի վիճակի բարելաւումը, հայկական հարցի լուծումը: Այդ հաւատով էլ Սահմանադրութեան հաստատումից յետոյ Փարիզից ետ է վերադառնում Պոլիս: Տեսնելով հանդերձ, որ հայերի հանդէպ բռնութիւններն ու անօրինութիւնները դեռ նոյն ձեւով շարունակւում են, ազգը ուրիշ ոչ մէկ այլ պաշտպան ունի իր իսկ հողերի վրայ, իր իրաւունքները ամբողջովին կորցնում է, նա դեռ յորդորում էր հայութեան՝ ժամանակ տալ, համբերել, վստահել երիտթուրքերին, իրապէս հաւատալով, որ յեղաշրջումը փոխելու է թուրքերի վերաբերմունքը հայերի հանդէպ: Ահա թէ ինչու, նոյնիսկ Ատանայի ջարդից յետոյ նա խորհուրդ էր տալիս՝ «Սրտերնուս սուգը եւ կսկիծը պահելով յանդերձ, ամէն ժամանակէ աւելի փարիլ օսմանեան սահմանադրութեան...» Յ. Թէրզեան,Կ.Ա.1912
Թէեւ իր այս մօտեցումը շատերի համար սխալ մեկնաբանութիւնների առիթ է դարձել, նրան համարել են մինչեւ իսկ երիտթուրքերի գործակից, բայց իրականութիւնն այն է, որ նա հանդարտեցնելով հանդերձ շուարած, իրարանցումի մատնուած ժողովրդին, միաժամանակ խիստ անսքող բողոքներ է ներկայացրել իր մասնակի հանդիպումներում վարչապետներ Քեամիլ ու Հիլմի փաշաներին, ներքին գործոց նախարար Թալէաթին, Ազգային ժողովի նիստերին: Իր տասնեակ բողոք տեղեկագրերը այդ են հաստատում, իսկ ամենանշանաւորը նոր վարչապետ ք.մ.Սայիդ փաշային գրած բողոքագիրն է, ուր շեշտում է, որ «ամենեւին էլ պատահականութեան եւ անփութութեան հետեւանք չէ հայերու հանդէպ գործադրուող ճնշումները, այլ պետութեան կողմէ որոշուած քաղաքականութեան փաստ»: Այս բողոքագիրը միայն կառավարութեան շրջանակում չի մնացել, այն 1911թ տպագրուել է Պոլսում «Ազատամարտ» օրաթերթում, Դեկ. 21:
Ուրեմն շատերի նման Զոհրապն էլ գիտէր թուրքերի քաղաքական մեծ նպատակը՝ համաօսմանացումը: Բայց եւ միաժամանակ վստահում էր երիտթուրքերին, քանի որ նրանք դժգոհ լինելով Համիտի բռնակալ իշխանութիւնից յեղաշրջում էին արել: Հայերը երիտթուրքերի այդ քայլը ընդունել էին անսակարգ վստահութեամբ, հաւատալով, որ նրանք էլ իրապէս ձգտում են քաղաքակիրթ պետութիւն ստեղծել, ուր հայը ըստ նրանց տուած խոստումների կարող է ապահով կեանք վարել, անտեսելով, որ թուրքը քաղաքական իր ծրագրուած շահերով գործող տիրապետութիւն է: Բայց պետականութեան մտածողութիւնից զուրկ հայը ինչպէ՞ս թափանցէր, ինչպէ՞ս կռահէր նրանց ծրագիրը: Բնականաբար հաւատալով երիտթուրքերի երկիրը իրապէս փոխելու խոստումներին, Զոհրապն էլ փորձում էր նրանց ուշադրութեան ներկայացնել այն բոլոր խեղաթիւրուած երեւոյթները, յատկապէս հայերի հանդէպ, որով դեռ ղեկավարւում էր երկիրը: Նա մերկացնում էր մինչեւ իսկ խորհըրդարանում տիրող ազգային խտրականութիւնը, ուր հայ պատգամաւորների վիճակը ոչ միայն չէր կարելի բաղդատել թուրք պատգամաւորների հետ, այլ անհամեմատելի էր նոյնիսկ փոքրամասնութեան միւս անդամների հետ:
Բուլղար պատգամաւոր «Բավլոֆը վստահ է, անդին Պուլկարիա մը կայ, Պուշօն կը մտածէ, թէ իր պաշտպանած դատին կը հետեւի Եւրոպա մը, որ հէլլենասէր է ու Յունաստան մը ունի իր ետին, իսկ Զօհրապ Հայաստանի ետեւը կը տեսնէ . . . ոչ ոք, ընդհակառակը կը տեսնէ հոն քիւրտերը ու չի կրնար մոռնալ կոտորածը, որ Կիլիկիա արիւնլուայ ըրաւ»:
Այսպէս իւրաքանչիւր առիթով նա քննադատում եւ պաշտպանում էր բոլորի ուշադրութիւնից լքուած, թուրքերի ողորմածութեանը յանձնուած իր ժողովրդի շահերը:
Վ. Փափազեանի յուշագրում կարդում ենք թէ ինչպիսի բուռն վէճեր էր ունենում Զոհրապ, իր խօսքերով՝ «ատամ-ատամի եկած էր իթթիհատի հետ»: Անդ.1934թ.
Պատերազմի սկիզբին իրավիճակները գահավէժ փոխւում են եւ շուտով Զոհրապն էլ ողջ հայութեան հետ ամբողջովին հիասթափւում է սահմանադրութիւնից եւ այն գործադրող իշխանութիւնից՝ երիտթուրքերից: Նա տեսնում էր, որ հայի վիճակը ոչ միայն չի բարելաւում, այլ նոր հալածանքների է ենթարկւում եւ բնականաբար, քանի որ ամբողջովին նուիրուած էր իր ազգի իրաւունքները պաշտպանելու գործին, նրան փրկելու ճանապարհներ էր փնտռում:
Փորձում է Հայկական հարցը միջազգային լուսարձակի տակ դնել եւ այդ միտումով 1913թ Փարիզում, Մարսել Լեար կեղծանուամբ, հրատարակում է «Հայկական հարցը վաւերագրերի լոյսի տակ», «Սեբաստիայի նահանգը եւ հայերի դրութիւնը» ֆրանսերէն աշխատութիւնները:
Յոյսը ամբողջովին թուրքից կտրելով, տեսնելով, որ այլեւս թուրքից ոչինչ կարելի է սպասել, նա սկսում է իրավիճակները տեսնել այնպէս, ինչպէս այսօր մենք ենք տեսնում՝ օտար երկրների պաշտպանութեան մէջ: Այսինքն՝ իր ազգի հարցերը լուծող մի հզօր երկրի թիկունք, որը հակազդէր Թուրքիայի վրայ, նեցուկ կանգնէր, պաշտպանէր արեւմտահայութեանը եւ նրա շահերը: Այդ ուժը նա տեսնում էր Ռուստատանի մէջ: 1914թ իր գրառումներից մէկում նշում է թէ ինչու է ապավինում ռուսներին: «Ռուսիա մեզի դաւելու պէտք չունի: Իր շահերը մեր համեստ շահերուն եւ իրաւունքներուն հետ անհամաձայն չեն»: Այս հաւատն է նրան մղում իր անխոնջ մասնակցութիւնը բերելու Հայկական Բարենորոգումների ծրագրի իրագործմանը, որը եւ շատերի վերլուծմամբ դարձաւ մեր կոտորածի պատճառը:
«Կրնայ պատահիլ, որ այսօր Հայկական բարենորորոգմանց դատը բոլորովին լքուի ամէն պետութիւններէն: Կը հարցնեմ, ասիկայ յաջողութիւ՞ն մըն է թուրքաց համար: Բնաւ, վասնզի ցորչափ հայ ազգը կայ, իր բարենորոգմանց հարցն ալ գոյութիւն պիտի ունենայ, իր պահանջումներն ալ պիտի մնան եւ օր աւուր աւելի եւս ծանրանան”: Դեկ. 7/20 գր.
Իր այս տողերը հաստատում են, որ Զոհրապը չվստահելով երիտթուրքերին, չվստահելով, որ օտար տէրութիւնները կը լուծեն իրենց հարցերը, երբեք չի կասկածել, որ թուրքը կարող է իրենց վերջնականապէս ջնջել, տիրանալ իրենց հողերին:
Համիտեան ջարդերն ու բռնութիւնները կարծես բթացրել էին մեր ժողովրդի ներքին պաշտպանութեան բնազդը, որը մարդուն դարձնում է ոչ միայն զգօն, այլ ջնջում է իր միջից որեւէ մէկին վստահելու, հաւատալու զգայնութիւնը: Հայը կորցրել էր իր այդ զգայնութիւնը: Այդ են հաստատում Զոհրապի ոչ միայն Ապրիլեան ձերբակալութիւններին վերաբերող գրառումները, այլ նաեւ աքսորից իր գրած խնդրագիր նամակները թուրք պաշտօնեայ անձերին:
Ահա թէ ինչու Ապրիլեան ձերբակալութիւնների ամենաթէժ օրերին նա դեռ կարծում էր, որ համիտեան ոճն է օգտագործւում, որ կրկին մի քանի հարիւր հազար հայերի ոչնչացումով երիտթուրքերը առ ժամանակ կը հանգստանան, հայերին «խելքի» կը բերեն, որ որեւէ անհնազանդութիւն չի գործեն: «Պատահեցաւ ինչ որ պիտի պատահէր. երէկ գիշեր ոստիկանութիւնը շատ մը ձերբակալութիւններ ըրաւ հայերէն. բոլոր գլխաւոր դաշնակցականները. . . յետոյ շատ մը բժիշկներ եւ դեղագործներ (ով գիտէ ինչ պատճառով. Ի՞նչ պատճառով: Դաւադրութիւ՞ն, անհիմն վախ: Զգուշութիւ՞ն կամ հակահարուա՞ծ այլուր պատահած դէպքերու: Քիչ ատենէն պիտի իմանանք:
Ես, ահա ազատ դեռ, իրօք այս ձերբակալուածներուն գլուխը կը գտնուիմ եւ գիտեմ, թէ ինչ պառճառաւ ինծի խնայած են)»- գրել է Զոհրապը իր օրագրում Ապրիլ 12/25 : Իսկ մէկ օր անց աւելացրել է՝ «Ո՞ր օրին վերապահուած է հայոց ջարդը»:
Օրական տասնեակներով ձերբակալուողների պարագան անգամ չի արթնացնում հայութեան, որ դա իրենց վերջն է: Մի քանի օր յետոյ Կարնոյ երեսփոխան Յովսէփ Մատաթեանին հեռախօսով ասել է՝ «համրուած են ժամերս»: Զ. 215
Իմանալով հանդերձ նա չի փորձել փրկուել: Ամօթ է զգացել իր մորթուող ժողովրդին լքել, պատասխանատու է զգացել կիսել նաեւ նրա ողբերգութիւնը, ինքն էլ արժանանալ միլիոնաւորների դաժան ճակատագրին:
Իսկ այսօր 97 տարիներ յետոյ էլ դեռ հայեր կան, որ մեղադրում են այս մեծ հայասէրին իր ժողովրդին այսքան նուիրուած լինելու համար:
Ա. Ալպոյաճեանի յուշագրութիւնում կարդում ենք թէ ինչպէս Զոհրապ իր հանգիստը կորցրած ստիպուած է եղել «իր ճամբան սպասող տասնեակ կիներու եւ անձկալի ընտանիքներու օգնութեան պաղատանքները լսել», փորձել է օգնել բոլորին, որը եւ հարկադրել է նրան հայութեան դէմ կատարուող այդ սպանդի համար բացատրութիւն պահանջել իթթիհատի ընդհ. քարտուղար Մ.Շիւքրի պէյից եւ ներքին գործերի նախարար Թալէաթից: Եւ նրանց անտարբեր, հեգնական կեցուածքը նրան ստիպել է իր վերջին մտածումը նետել նրանց դէմքին՝- «Օր մը, ապահով եղէք որ հաշիւ պիտի պահանջուի ձեզմէ եւ դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները»: Ա. Ալպոյաճեան Զ.215
Սա նաեւ իր պատգամն է ապրողներիս, որը 97 տարիներ ի վեր փոխանցում ենք մեր սերունդներին եւ ականատես լինում թէ ինչպէս է թուրքը փորձում ուրանալ իր գործած ծրագրուած ոճիրը, թէ ինչպէս են փորձում քողարկել, որ մեր ձորերն ու դաշտերը դարձրեցին մեր գերեզմանները, որ մի լուսաւոր, նշանաւոր Զոհրապի կեանք գազանօրէն լափեց թուրք կառավարութիւնը, ողորմելի մարդասպանի ձեռքով, որը յետոյ պարծենալու էր իր ազգային ծիների գազանային յատկութիւնով՝ «Զոհրապը ձեռք անցուցի: Ոտքիս տակ առի, քարով մը գլուխը ճզմեցի, ճզմեցի, ճզմեցի, մինչեւ որ սատկեցաւ»: Զ.252
Զոհրապը մէկն էր միայն այն միլիոնաւորներից, որոնք այս ձեւով եւ աւելի դաժան չարչարանքներով նահատակուեցին:
Միթէ՞ այս դէպքերի յիշատակումը ամէն տարի այս օրերին մեզ չի սթափեցնում: Միթէ՞ դեռ թուրքին վստահելու իրաւունք ունենք: Միթէ՞ կարող ենք դեռ մեր Արցախի համար զիջումներ ընդունել կամ նոյնիսկ մտածել:
Այս ամէնը գալիս է մեր պետական ազգային իրաւունքների ծրագրի բացակայութիւնից:
Մեր նման մի երկիր, որը դեռ կիսուած, բաժանուած է տարածքներով, մտածելակերպով ու հո- գեբանութեամբ այլեւս չի կարող առանց ազգային կեցուածք ծրագրի գործել, չի կարող իր ազգային խնդիրները օտարների սեղանին կեր դարձնել:
Այստեղ ուզում եմ մէջբերել լեհ մի զինուորականի՝ Եոզէֆ Պոմեակովսկու, գրառումը, որը 1909-18 եղել է Աւստրո-հունգարական կայսրութեան կցորդը Պոլսում: «Սուլթանի յաջորդների կառավարութիւնը դեռ պատերազմից առաջ որոշել էր ամենամօտիկ հնարաւորութեան դէպքում ուղղել նախկին սուլթանների սխալները՝ օսմանեան կայսրութեան մնացորդները ազատել նոր բաժանումներից»: (Խօսքը մեր հողային տարածքների մասին է): (Օսմանեան Կայսրութեան Փլուզումը: էջ 128թ.)
Տեսնո՞ւմ էք թէ որքան տարբեր է մեր եւ թուրքերի մօտեցումը երկիր ստեղծելու եւ պահելու ձգտումներում... Նրանք մինչեւ օրս էլ շարունակում են սուլթանների սխալները ուղղել, նրանց կէս թողածը լրացնել, վկան նաեւ այսօրուայ քիւրտերի դէմ գործադրուող ոչնչացումն է:
Բայց չէ՞ որ մենք դեռ պահանջներ ունենք իրենցից:
Մենք էլ ուզում ենք սուլթանի յաջորդների սխալները ուղղել՝ նրանց սեփականացրած մեր տարածքները ետ վերցնել:
ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Այս տարի մեր միլիոնաւոր զոհերի հետ լրանում է նաեւ Գ. Զոհրապի հոշոտման 97-րդ տարին:
Անցեալ տարի լրացաւ իր ծննդեան 150 տարին: Ստեղծագործող, որը մտաւ մեր պատմութեան մէջ որպէս Նորավէպի Իշխան, որպէս երբեք դատ չկորցրած փաստաբան, որպէս ճարտար հռետոր, որպէս ազդեցիկ երեսփոխան թուրք խորհըրդարանում, որպէս իր ժողովրդին անսակարգ ծառայող, իր ժողովրդի ողբերգութիւնը կիսած հայ: Բայց ցաւալին այն է, որ մենք աւելի շատ նշում ենք ոչ թէ նրա ծննդեան, այլ ողբերգական մահը, որպէս նուէր թուրք նենգ կառավարութիւնից, որի յաջողութեան համար այնքան աշխատանք ու եռանդ էր ներդրել նա:
Մինչեւ օրըս շատերի համար անհասկանալի է այս մեծ հայասէրի գործունէութեան եւ հաւատամքի մանրամասները, անյայտ է նաեւ նրա անսակարգ նուիրուածութիւնը իր ազգին ու նրա հարցերին: