Յետխորհրդային որոշ երկրների ընտրական համակարգերի, գործընթացների եւ փորձի համեմատութիւնը բացայայտում է հետաքրքիր զուգահեռներ, որոնց տակ քաղաքական գործընթացների շատ աւելի խոր շերտեր են, քան այն մակերեսային երեւոյթները,
որոնցով (եւ միմիայն դրանցով) կարծես հետաքրքրուած են միջազգային խորհրդարանական կազմակերպութիւնները. նրանց դատողութիւններն ու գնահատականները Հայաստանի համար յանիրաւի դարձել են սեւեռուն ուշադրութեան առարկայ:
Բուն ընտրութիւնների հարցը զուտ օժանդակ բնոյթ է կրում. իրական խնդիրը իշխանութեան վերարտադրման եւ փոխանցման ոչ պաշտօնական մեխանիզմն է:
Իրականում Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի իշխող շրջանակները մրցակցային պայքարում յաղթելու խնդիր չունեն, նրանց նպատակն այլ է՝ արտաքուստ միանգամայն վայելուչ թուացող մրցակցային պայքարում արտաքին աշխարհին ու որոշ չափով էլ սեփական հասարակութեանը ցուցադրել իրենց անխուսափելի յաղթանակի ճշմարտանմանութիւնը՝ այդպիսով օրինականացնելով իշխանութիւնն ըստ իրենց հայեցողութեան պահելու եւ ձեւաւորելու իրաւունքը: Սցենարների (բեմագրութեան, զարգացումներու հնարաւոր տարբերակներու.) ու գործիքների նմանութիւնը, որոնցից ամենակարեւոր դերակատարումները, բաժին են ընկնում «վարչական ռեսուրսի» լայն կիրառմանը, հասարակութեան խոցելի շերտերի ձայներով ձեռնածութիւններ անելուն ու ընտրակաշառքներին, վկայում է այն մասին, որ քաղաքական ու գաղափարական մրցակցութեան արտաքին նշանները քիչ թէ շատ վարպետօրէն պահպանելու միջոցով իրենց անփոխարինելիութեան իրաւունքը հիմնաւորելու՝ վերոյիշեալ երկրների իշխող շրջանակների մօտեցումներում կոնցեպտուալ (հայեցողական, պատկերացումի) տարբերութիւններ՝ որպէս այդպիսիք, չկան:
Բայց կան եւ տարբերութիւններ, ընդ որում՝ բաւականին լուրջ:
Օրինակ Ռուսաստանում ազատական աշխարհի հետ եղբայրական միաձուլման գաղափարը մրցում է ռուս-եւրասիական ազգային զարթօնքի՝ «ծնկաչոք վիճակից» ոտքի կանգնելու գաղափարի հետ՝ Իլեա Մուրոմեցի ոճով, որը 30 տարի վառարանի վրայ պառկելուց յետոյ վեր կացաւ եւ սկսեց սուր ճօճել…
Ոչ ոք երբեք չի հարցրել շարքային ռուս մարդուն՝ ուզո՞ւմ է նորից մասնակցել Մատուշկա-Ռուսի՝ ծնկաչոք վիճակից ոտքի կանգնելու այդ գործընթացին, որն արդէն մի քանի հարիւրամեակ է՝ պարբերաբար կրկնւում է եւ որին միշտ յաջորդում է սրեր ճօճելը: Բայց ռուսական պետականութեան ու «ռուսական խորհրդաւոր հոգու» ընդհանուր ընկալումն աշխարհում եւ բուն ռուսական հասարակութիւնում այնքան կարծրատիպային է, որ հերոսական ճակատագրի եւ դրան զուգորդուող քաղաքական ուժերի ու անձանց ընտրութիւնը գուցէեւ շատերին (յատկապէս Արեւմուտքում) տհաճ է թւում, սակայն միանգամայն ճշմարտանման: Եւ արդէն երկրորդական է, թէ «Մեծ Ռուսաստանի» աւանդոյթին զուգորդուող այդ ուժերն իրականում որքանով են համապատասխանում դրան. կարեւորն այն է, որ իշխանութեան ղեկին լինելու դրանց իրաւունքը, թէկուզեւ ակամայ, իրենց կատաղի գրոհով նոյնիսկ այդ աւանդոյթի հակառակորդներն են հաստատում:
Այդուհանդերձ նախընտրական պայքարի արտաքին, թէկուզեւ մասամբ արհեստական, բայց տեսանելի գաղափարականացումը Ռուսաստանում նուազ նկատելի է դարձնում քօղարկուած տեխնոլոգիաները եւ ուղղակի ընտրախախտումները՝ մասնաւորապէս քչացնելով ընտրակաշառքների կիրառման անհրաժեշտութիւնը:
Վրաստանում էլ գրեթէ նոյն պատկերն է, բայց՝ հակառակ նշանով: Այստեղ յանուն փոքր երկրի՝ չարիքի կայսրութիւնից ազատագրութեան, ժողովրդավարութեան ու եւրոպականացման պայքարի համատեքստում, որ հերոսականացուել է, առասպելականացուել, հասցուել մարտիրոսութեան, աննկատ են դառնում ընտրազանգուածի՝ Վրաստանում բաւականին լուրջ տոկոս կազմող խոցելի շերտերի՝ ազգային փոքրամասնութիւնների (հայերի, ադրբեջանցիների) ձայներով զանգուածային ձեռնածութիւնները: Իշխանութեան ձեւաւորման գործընթացի գաղափարականացումն այս դէպքում եւս յաջողութեամբ քօղարկում է ընտրական մեքենայութիւնների պարզ սխեմաները (ուրուագիծերը):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրն առհասարակ պէտք է ճանաչել որպէս ցուցափեղկային ժողովրդավարութեան զոհ: Ես այս յօդուածում միտումնաւոր չեմ անդրադառնում նախկին ԽՍՀՄի միջինասիական երկրներին, քանի դրանք իրենց ընդգծուած առանձնայատկութիւններով նման չեն այն հումքին, որից հնարաւոր է ժողովրդավարական որեւէ բան ծեփել, եւ Ադրբեջանն էլ իր տեսակով պէտք է դասուի հէնց դրանց շարքին:
Բայց աշխարհաքաղաքականութիւնը, որը հիմնուած է էներգետիկական շահերի վրայ, յաճախ անտեսում է ակնյայտը: Արդիւնքում հետեւելով հարաւկովկասեան երկրներն ամէն գնով հաւասարակշռելու գորբաչովեան աւանդութիւներին՝ Վրաստանի ու Հայաստանի հետ միասին Ադրբեջանին էլ գրեթէ հարկադրաբար խցկել եւ շարունակում են խցկել բոլոր եւրոպական կառոյցների մէջ: Այդ պատճառով էլ ապշերոնեան (ատրպեճանական) իշխանութիւնները ստիպուած են հետեւել քաղաքական վարքագծի իրենց համար օտար, բայց յամառօրէն պարտադրուող ստասբուրգ-բրիւսելեան օրէնքներին: Ադրբեջանում բոլոր հարստութիւնները վաղուց եւ երկարաժամկէտ գտնւում են երկրի գերագոյն կառավարչի գերդաստանի տնօրինութեան տակ, որը բացայայտօրէն հաստատել է իր էմիրային լիազօրութիւնները եւ ժառանգական իշխանութեան անփոխարինելիութիւնը: Այդ իսկ պատճառով ընտրական կառոյցները եւ դրանց գործառոյթները զուտ ձեւական բնոյթ են կրում: Ընտրովի իշխանութեան պատրանքը պահպանելու ցանկութիւնն ստեղծել է մի իրավիճակ, որ իշխանութեան կողմնակիցների եւ իրենց տեսակէտն արտայայտելու համարձակութիւն ունեցող սակաւաթիւ հակառակորդների միջեւ ծաւալուող նախընտրական բանավէ- ճերի առանցքային թեման դարձել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ընտրութիւն՝ ընտ-րութիւնների յետեւից, քարոզարշաւ՝ քարոզարշաւի յետեւից. իշխանամէտ ու ընդդիմադիր քարոզիչները նիզակներ են կոտրում՝ միմեանց մեղադրելով Ղարաբաղի կորստի ու յանձնման (ընդ որում այս հարցում երկու կողմերն էլ չեն սխալւում), անհիմն զգուշաւորութեան համար, մրցում են հայերի հանդէպ առաւելագոյն կոշտ ու անհաշտ վերաբերմունքով՝ աստիճանաբար բարձրացնելով հակահայկական մոլուցքի ջերմաստիճանը եւ այլն, ու յանգում են միասնական եզրակացութեան՝ հայերի դէմ պէտք է պատերազմել: Վիճում են միայն ժամկէտների եւ այն մասին, թէ «այդ անհաւատներին» պատժելու գործում ով է ամենաարժանաւորը:
Որպէս կանոն թէ՛ իշխանութիւնները, թէ՛ ընդդիմութիւնը վեր են ածւում իրենց ռազմաշունչ ճարտասանութեան պատանդների՝ վերջին 10 տարիներին ատելութեան քարոզչութեան ազդեցութեան տակ ադրբեջանական հասարակութեան մէջ այնքան են աճել յարձակողական տրամադրութիւններն ու շուտափոյթ յաղթանակի ակնկալիքները, որ իշխանութիւններին զէնքերի մրցավազքը շարունակելուց եւ հակամարտութիւնն աւելի լարելուց բացի այլեւս ոչ մի անելիք չի մնում: Բայց նման մթնոլորտն ինքնին յանգեցնում է նաեւ մէկ ուրիշ՝ կողմնակի, բայց իշխանութիւնների համար միանգամայն օգտակար երեւոյթի՝ գործընթացն արտաքուստ քաղաքականացւում է, ստեղծւում է տպաւորութիւն, թէ հասարակութիւնը ծարաւի է պատերազմի, ինչը ընտրութիւնների ժամանակ երաշխաւորում է առաւել ագրեսիւ (յարձակողապաշտ) ու պատերազմ սկսելու ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքներ իրագործող քաղաքական խմբաւորման՝ այսինքն գործող իշխանութիւնների յաղթանակը (կա՛մ այդ յաղթանակը նրանց վերագրելը): Բնականաբար ընտրակաշառքները, ազգային փոքրամասնութիւնների (լեզգիների, թալիշների) ուղղակի ճնշումները կա՛մ նրանց քուէներով ձեռնածութիւնները մնում են ստուերում՝ կորցնելով սրութիւնն ու կարեւորութիւնը:
Իսկ Հայաստանում միանգամայն այլ պատկեր է: Անկախացումից յետոյ մեր երկրի իշխանութիւնները չեն փոխուել: Փոխուել են նախագահները, վարչապետները, միւս ղեկավարները եւ նրանց պիջակների վրայի կուսակցական նշանները, բայց իշխանութեան բնոյթը, դրա ձեւաւորման եւ գործունէութեան միջոցները, պետական որոշումներ կայացնելու մեթոդաբանութիւնը բնաւ չեն փոխուել: Դա իհարկէ առանձին հարց է, որն առանձին մեկնաբանութիւն է պահանջում, ես այն յիշատակում եմ միայն մէկ նպատակով, որպէսզի ցոյց տամ շարունակականութեան գծերից մէկը՝ Հայաստանի երեք նախագահներից ոչ մէկի կողմից լիարժէք փորձ չի արուել հասարակութեան առաջ դնել իրական (կա՛մ թէկուզ թուացեալ) համազգային քաղաքական գաղափար, նպատակ կա՛մ խնդիր, որի առկայութիւնը, որին հասնելու ձգտումը նաեւ բացատրելի կը դարձնէր ամէն գնով իշխանութիւնը պահելու փորձն ու ճշմարտանման կը դարձնէր իշխող կուսակցութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները՝ իրենց յաղթանակի անխուսափելիութեան մասին: Միմեանց յաջորդող «պրագմատիկ» (գործնապաշտ) եւ «իրատեսական» վարչակազմերը խուսափում էին արդիական խնդիրների (օրինակ՝ ազատագրուած տարածքների բնակեցման) շուրջ հասարակութեան ուժերի գիտակցական համախմբումից, խուսափում էին այն ամէնից, ինչը կարող էր հասարակական ոգեւորութիւն առաջացնել, քանի որ չէին կարողանում եւ հիմա էլ չեն կարողանում կառավարել ոչ կենսաբանական բնոյթի յոյզերը: Ղարաբաղեան շարժման ժամանակներից ի վեր Հայաստանի հասարակութիւնն այլեւս երբեք չի համակուել խոր, բոլոր շերտերն ու ծակոտիները թափանցող, ծայրաստիճան օրհասական վիճակում գտնուող ժողովրդի ճակատագրի մասին բանավէճով: Իսկ որտեղ չկայ բանավէճ՝ չկայ նաեւ ընդհանուր ճակատագրի զգացողութիւն, եւ իւրաքանչիւրը միայնակ է ելք փնտռում՝ իր վարքով (յաճախ երկրից մեկնելով) ամրապնդելով մեր «անհատականութեան» մասին առասպելը:
Այդ պատճառով էլ Հայաստանում ընտրութիւններն անսքօղ առեւտուր են, առանց գաղափարական ու քաղաքական վարագոյրների: Իսկ առանց դրանց՝ ամէն ինչ տեսանելի է եւ հասկանալի: Երեւում է, որ Հայաստանում իշխանութիւնը նոյնիսկ չի էլ փորձում ընտրողին որեւէ բան համոզել: Պարզապէս վճարում է նրան: Եւ ընտրողը նոյնիսկ չի էլ ձեւացնում, թէ հաւանում է իշխանութիւնների գաղափարները կա՛մ ազգամէտ նկրտումները: Նա դրանց մասին ոչինչ չգիտի, մի պարզ պատճառով՝ դրանք ի սկզբանէ գոյութիւն չունեն: Բայց ընտրողը համաձայնել է խաղի կանոնների հետ, ընդունել է դրանք՝ իրեն վճարում են, ինքն էլ վերցնում է:
Եւ չնայած ընտրական (եւ ցանկացած այլ) կաշառքն իր էութեամբ սեռական յարաբերութեան նման ներանձնական երեւոյթ է, Հայաստանի նման փոքր երկրում անհնար է դրա համընդգրկուն ծաւալները քօղարկելը: Այդ իսկ պատճառով պէտք չէ զարմանալ, որ խաղի մեր այդ «պրագմատիկ» կանոնները վաղուց արդէն գաղտնիք չեն նաեւ համաշխարհային հանրութեան համար: Որն էլ հէնց բոլորին գնահատում է ըստ արժանւոյն՝ համակրանքներն ու հակակրանքները ոչ մի նշանակութիւն չունեն: Կրեմլի (Մոսկուայի.) տէրերը, օրինակ, յայտարարում են. «Մենք իշխանութիւն ենք եւ կը մնանք իշխանութիւն»: Դա բացատրելի է, քանի որ նպատակն է հասկանալի: Գուցէեւ անընդունելի է ոմանց համար, բայց հասկանալի է: Նոյնը՝ Թբիլիսիում եւ Բաքւում: Այնտեղ էլ իշխանութիւնը պահելու ցանկութեան տակ քաղաքական յենարան կայ, իրական կամ ցնորային՝ կարեւոր չէ:
Իսկ հայաստանեան իշխանութիւնները փորձում են յաւէրժ իշխելու իրենց ցանկութիւնն իրականացնել առանց գաղափարական, քաղաքական կամ բարոյական որեւէ հիմնաւորման:
Ուրեմն էլ ո՞վ է իր երկրին աւելի շատ վնասում՝ նրա՞նք, ովքեր փորձում են թէկուզեւ համարձակ, պատրանքային գաղափարներով իրենց ժողովուրդներին դուրս բերել յետխորհրդային կաթուածից ու յետընթացից, թէ նրանք, ովքեր սեփական ժողովրդին միտումնաւոր դարձնում են անտարբեր բնակչութիւն, քաղաքացիներին՝ գաղափարազուրկ մուրացիկներ, իսկ իրենց՝ յաւերժ մեկնած ձեռքով, անյուսալիօրէն յետամնաց երկրի՝ միջազգային հանրութեան համար հեշտ ճանաչելի, ինքնագոհ, բայց եւ ենթարկուող կառավարիչներ:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Հայաստանի Զրուցակից»