Ամէնից առաջ հաստատապէս նշում եմ, որ իմ ակնարկը նախընտրական է այնքանով, որքանով կապ ունի Ջաւախքի հիմնահարցի հետ: Փոխարէնը՝ այն բոլորովին կապ  չունի ՀՀ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացների հետ, աւելին՝ բնաւ նպատակ չունենք փնովելու կամ պաշտպանելու այս կամ այն կազմակերպութեանն ու քաղաքական ուժին: Խնդիրը Ջաւախքն է՝ իր անցած պատմական մէկ փոքր, բայց վճռորոշ հատուածով:

Քանի որ իւրաքանչիւր նախընտրական շրջան նաեւ հաշուետու շրջան է, ապա մենք էլ կը շարժուենք այս չափորոշիչով: Եւ, քանի որ այս հաշուետու շրջանում ՀՀ-ում բացարձակ գերիշխանութիւն է ունեցել ՀՀԿ-ն, ապա ուղղակի կամ անուղղակի մեր ակնարկը վերաբերելու է այս քաղաքական ուժին: Ներկայումս ՀՀԿ-ի հաշուետուութիւնն իր վրայ է վերցրել ՀՀ վարչապետը, որը մարզերում կամ այլուր հանդէս է գալիս այդ բնոյթի ելոյթներով: Համոզուած լինելով, որ վերջինս մինչ ընտրութիւններ Ջաւախք չի այցելելու, հետեւաբար՝ հաշուետուութիւններում հազիւ թէ Ջաւախքին անդրադառնայ, ապա մենք որոշեցինք հանդէս գալ իր փոխարէն:
Եւ այսպէս՝ ինչ տեղի ունեցաւ Ջաւախքի եւ, ընդհանրապէս, Վրաստանի պարագայում, հաշուետու ժամանակաընթացքում: Կողմնակալ չենք լինելու բնաւ եւ ասելու ենք եւ դրականները, եւ բացասականները՝ խառը կարգով՝ յընթացս գնահատելով:
Հաշուետու ժամանակահատուածը ոչինչ չտուեց մեզ՝ Վրաստանում բռնազաւթած եկեղեցիների վերադարձի մասով: Վարչապետի կողմից իր պաշտօնավարման սկզբնամասում Սբ. Նորաշէն այցը, նախագահի առջեւ հարցի բարձրացումը չունեցաւ ընթացք, աւելին, հայկական կողմի անգործութեան եւ հարցին չտիրապետելու արդիւնքում վրացական կողմը «բալանսաւորեց» հարցը՝ ներկայացնելով նոյնպիսի պահանջներ, որով եւ հարցը վերջնականօրէն անցաւ պատմութեան գիրկը (բացասական): Վրաստանը օրէնսդրական փոփոխութիւններով հնարաւորութիւն տուեց մեզ  գրան- ցուելու որպէս կրօնական կազմակերպութիւն, որով եւ տասնապատիկ բարձրացրեց իր միջազգային հեղինակութիւնը, սակայն օրէնսդրական այս խաղը, հարցը փակելով, մեզ դարձեալ խաբեց եւ ոչինչ չտուեց (այդ մասին մենք մանրամասն անդրադարձել ենք), փոխարէնը հայկական կողմը եւս, ոչնչից տեղեակ չլինելով, ողջունեց այս քաղաքական խաբկանքը (բացասական): Վրաստանի իշխանութիւնները, մոլորակի երկըրներից տարբերուելով, արգելեցին հայ ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ-ում, հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրացիները անխնայօրէն վտարեցին դպրոցներից նուիրեալ ուսուցիչներին, հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրացիներն կրճատեցին հայերէնի դասաժամերը, հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրացիները, հակառակ միջազգային իրաւունքի նորմերի, անխնայ վրացացնում են ամէն ինչ, հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրացիներն արգելեցին ցանկացած տեսակի հայ գրականութեան, հայալեզու մամուլի անցկացումը, որոնք տանում էին իրենց հետ ուղեւորները՝ Մայր պետութիւնից, հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրացիներն արգելեցին հայ գործիչների, պատգամաւորի մուտքը Ջաւախք, հայկական կողմը ոչինչ չկարողացաւ անել (բացասական): ՀՀԿ-ականներն անգամ մտահոգութիւն չյայտնեցին իրենց ցուցակով պատգամաւոր դարձած, հետեւաբար՝ աւելի մօտ գործընկեր պատգամաւորին հասցուած վիրաւորանքին, ինչն արեցին ընդդիմադիր պատգամաւորները բազմիցս (բացասական): Վրացիներն ակտիւացրեցին հալածանքներն ու ձերբակալութիւնները ջաւախահայ գործիչների շրջանում, հայկական կողմը ոչինչ չկարողացաւ անել (բացասական): Վրացիները (ԱՄՆ-ը) կառուցեցին ճանապարհներ Ջաւախքում, աւաղ, ոչնչացուող հայկական գործօնն այստեղ չկարողացաւ դիմակայել ահեղ թուրք-ատրպէյճանականին, որը գրեթէ շրջափակեց ՀՀ-ն, իսկ կործանարար ազդեցութիւնները դեռ առջեւում են: Հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրաստանը բացեց աշխարհի առաջ էներգետիկ            դաշտը, աւաղ, ողջ Ջաւախքով մէկ լցուեցին թուրքական ընկերութիւնները, որոնք այժմ Ջաւախքի գետերն ամբողջովին վերածել են շինհրապարակի: Հայկական կողմը չկարողացաւ ոչինչ անել (բացասական): Վրաստանը բացեց աշխարհի պիզնեսմենների առաջ իր երկիրը, հարիւր եւ մէկ հայկական ընկերութիւններ (այդ թւում եւ ՀՀԿ-ից եւ ծնունդով Ջաւախքից մի շարք գործարարներ) Ջաւախքի վրայով վայրէջք կատարեցին Պաթում, իսկ գործող իշխանութիւնն ՀՀԿ-ն ոչինչ չարեց, որպիսի վերջիններս իրենց ներդրումների գոնէ չնչին տոկոսը ճանապարհին թողնէին Ջաւախքում: Յատուկ սուբսիդաւորման եւ վարկաւորման, այդպիսով՝ պիզնեսմեններին Ջաւախք մղելու քաղաքականութիւնը, որն օդ ու ջրի պէս անհրաժեշտ էր այնտեղ, այդպէս էլ չերլաց (բացասական): Ուղղակի խայտառակութիւն էր հարիւրից միայն մէկի՝ «Բալլիս» գործարանի (որն իրականում անձնական նախաձեռնութիւն էր, վարչապետի կամ ՀՀԿ-ի հետ բնաւ կապ չունեցող), որի սեփականատէրերի առաջ միայն պէտք է խոնարհուել, այստեղ երեւալը, սա ապացուցեց, որ պետական-ներդրումային քաղաքականութիւնն ուղղուած չէ ազգային շահերին ծառայեցնելուն, այլ ուղղուած է փողին, շահոյթին (բացասական): Միւս ներդրումը, որն արեց ՀՀԿ անդամ, ծնունդով Ջաւախքից, Վ. Այվազեանը, դա Վրաստանի խոշորագոյն լճերից մէկի՝ Տաբածղուրի լճի, շուրջ 25 տարով սեփականաշնորհումն է (25 տարուայ մասին տեղեկութիւնները յայտնել են Տաբածղուրի գիւղի բնակիչները), որը կարելի է դրական համարել, նկատի առնելով այստեղ եւս թրքական ներդրման վտանգը: Անաչառութեան  համար նշենք, որ այս գործարքը, որն արդէն երկու տարի է, ինչ արգելում էր գիւղացիներին լճից օգտուել, մեծ յուզումների տեղիք էր տուել գիւղում: Գործարքի սկզբնական շրջանում շատ գիւղացիներ, որոնց ապրուստի եկամուտը հիմնականում լճից էր, թողեցին գիւղը՝ մեկնելով ՌԴ: Ամէն դէպքում, եթէ ներկայումս գիւղացիներն օգտուեն այս ներդրումից, առկայ է հասցուած վնասի փոխհատուցման հնարաւորութիւն:  Վրաստանը կամ ՌԴ-ն բացեցին «Վերին Լարսի» անցակէտը, որը միանշանակ դրական ձեռքբերում էր ՀՀ-ի համար (դրական): Կառուցւում է հիւսիս-հարաւ մայրուղին, որով ՀՀ-ն կապւում է ուղղակիօրէն Պաթումի հետ (դրական): ՀՀ  ՊԵԿ-ի որոշմամբ մէկ տարի առաջ Ջաւախքի վարորդների համար ՀՀ-ում մնալու օրեր սահմանուեցին (իւրաքանչիւր մուտքի եւ տարուայ կտրուածքով): Այս խայտառակ որոշման կայացնողներն անգամ հաշուի չառան այն վարորդներին, որոնք հնարաւոր տնտեսական կամ տուրիստական ներդրումներով էին զբաղւում ՀՀ-ում: Ջաւախքի կապը Մայր պետութեան հետ հերթական անգամ թուլացաւ (բացասական): Այստեղ կարող է պարոն վարչապետն արդարանալ՝ ինչպէս նրա պաշտոնեայ Շ. Քոչարեանը, իբր, այլ պետութեան առանձին վարչամիաւորների համար չենք կարող ընդունել առանձին որոշումներ: Մենք մի հրապարակման մէջ, բազմաթիւ առաջատար երկրների օրինակով ապացուցել ենք այս պատճառաբանութեան դատարկութիւնը, կþուզենայինք մէկ անգամ եւս նշել մի քանի օրինակ, երբ լուսահոգի վարչապետ Ա. Մարգարեանը իր պաշտօնավարման տարիներին մի քանի այդպիսի որոշումներ էր կայացրել՝ կապուած գիւղմթերքների Վրաստան            առաքման հետ, որով Սամցխէ-Ջաւախքում եւ Քվեմօ-Քարթլիում գրանցուած պետհամարանիշներով մեքենաներն առանց որեւիցէ սահմանային փաստաթղթեր լրացնելու կարող էին մտնել ՀՀ եւ դուրս գալ: Իր պաշտօնավարման ողջ ընթացքում Տ. Սարգսեանն այդպէս էլ չայցելեց Ջաւախք (բացասական), ինչու ենք հէնց վարչապետին նշում, քանի որ կþուզենայինք որոշ զուգահեռներ տանել լուսահոգի վարչապետ Ա. Մարգարեանի եւ Տ. Սարգսեանի գործերում: Այստեղ եւս Տ. Սարգսեանը կարող է արդարանալ՝ նշելով, որ այլ երկրի տարածք է, հրաւէր է պէտք եւ այլն, իսկ այդ վատ վրացիները հեչ չէին ուզում, որ իմ ոտքը կպնի Ջաւախքի հողին: Միանգամից նշենք, որ Սահակաշվիլու վարչակարգը սկիզբ է առել ոչ թէ 2007 կամ 2008 թթ., այլ՝ 2003 թ., իսկ ահա այդ ընթացքում Ա. Մարգարեանը ոչ թէ մի, այլ՝ բազմիցս է եղել Ջաւախքում: Իսկ ջաւախահայութիւնն այս գործչին դիմաւորել է մեծամեծ պատիւներով ու տօնախմբութիւններով: Անգամ մի դէպք եմ ուզում յիշատակել. Ա. Մարգարեանը յաճախ էր իր գործընկերոջ կամ այլ հանդիպումներից որոշ ժամանակ առաջ մեկնում Ջաւախք, հէնց այնպէս, իր ընկերների հետ (ի տարբերութիւն Տ. Սարգսեանի որոշ պաշտօնեաների, որոնց հիմնականում պատուաւոր գերի են վերցնում վրացիները), եւ ահա այս այցերից մէկի ժամանակ Բարալեթ գիւղում (ինձ պատմել են գիւղացիները) վերջինս իր ոչ պաշտօնական զգեստով եւ ընկերների հետ գնում է գիւղամէջ՝ որոշ գնումների, երբ մարդիկ ոգեւորուած հաւաքւում են շուրջը՝ վրացի բնակիչները հարցնում են՝ ո՞վ է, հայերը հպարտ պատասխանում են՝ մեր վարչապետը: Այո, Ա. Մարգարեանը Ջաւախքինն էր, որի համար ոչ մի հրաւէր պէտք չէր, որն անսահման նուիրում ունէր դէպ այդ տարածաշրջանը, որին այնտեղ պաշտելու չափ սիրում էին, որովհետեւ նա ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆՆ էր: Նա էր, որ 2002 թ. առաջին անգամ հարց բարձրացրեց Ջաւախքում ՀՀ հիւպատոսութեան բացման մասին, նրա մօտ էին գալիս պարբերական այցերով եւ խորհրդատուութիւն, ինչու չէ՝ որոշ ցուցումներ ստանալու Սամցխէ-Ջաւախքի նահանգապետերը, նա էր,  որ պատւում էր Ջաւախքի ակտիւ երիտասարդներին (մի անգամ Վ. Չախալեանը հպարտութեամբ ցոյց տուեց մի ժամացոյց՝ Ա. Մարգարեանինն է), նրա առաջ ոչ մի սահման փակ չէր: Իսկ դու՞ք, պարոն Սարգսեան, դուք ոչ միայն սահմանափակեցիք ջաւախահայութեան օրերը, այլեւ Ձեզ չեն ճանաչում Ջաւախքի նահանգապետերը, այլեւ իր պաշտօնից ազատեցիք Ջաւախքի հարցերով մինչ այդ գրեթէ բոլոր նախորդ վարչապետերի երկարամեայ խորհրդական Ս. Մարգարեանին՝ նշելով, որ ի՞նչ Ջաւախք, դրա համար կան սփիւռքի եւ արտգործնախարարութիւններ, գնացէք այնտեղ: Դա նշանակում է, որ Ձեզ ամէնեւին պէտք չեն ՀՀ-ի ռազմավարական եւ ազգային նշանակութեան հարցերը, իսկ հետագայ քայլերով ապացուցեցիք դա, որն ինքնին բացասական երեւոյթ է: Իսկ անպաշտօն այցի համար հրաւէր պէտք չէ, դուք դա կարող էիք հարցնել Ձեր նախարար Ա. Աշոտեանից, որը եզակի նախարարներից էր, որ այցելեց, տեղում քննեց հարցեր: Կարելի է այս շարքում ընդգծել նաեւ սփիւռքի նախարարի, ինչպէս նաեւ Ձեր շրջանակների որոշ այլ պաշտօնեայ անձանց նուիրումը, սակայն, ստեղծուած ոչ կոնցեպտուալ եւ լճացած իրավիճակում անձնական ցան- կութիւններն ու մղումները ոչինչ են: Դա կեանքը ցոյց տուեց:
Վրացիների կողմից խլուեցին Բավրայի գիւղացիների սեփական հողահանդակները, դրանով նաեւ ՀՀ-ից տարածք անջատուեց, հայկական կողմը այդ ամէնի դէմ բողոքելու համար պաշտօնանկ արեց Բավրայի գիւղապետին (բացասական): Դեմարկացիոն գործընթացի արդիւնքում մեծ յուզումներ եղան Հիւսիսային Լոռու  (Մառնէուլի հայաբնակ գիւղերի) շրջանում, որպէս սահ- մանախախտ պարբերաբար ձերբակալւում են հայ մարդիկ (բացասական): Շարունակում են Վրաստանի բանտերում մնալ հարիւրաւոր այն ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրերում պատահաբար եղել են ռուս-աբխազական սահմանային անցակէտի կնիք, հայկական կողմը չկարողացաւ ազատել այդ անմեղ մարդկանց (բացասական): Վրաստանում ՀՀ դեսպանութիւնը, յանձինս նոր դեսպանի, ոչ միայն լրջօրէն չի բարձրացնում պարզագոյն, օրինակ, գրականութեան արգելման հարցը (ընդ որում դա կարելի էր անել այլ երկրների դեսպանների միջոցով կամ ներկայութեամբ, ինչպես օրերս արուեց Խոջալուի կամ Սումկայիթի պարագայում), այլեւ խորհուրդ է տալիս ջաւախահայութեանը՝ սեփական պատմութիւնը որոնել ինտերնետում, աւելին՝ հետեւե- լով վրացական «աւանդոյթներին», Ջաւախքը հրապարակաւ անուանում է «Սամցխէ-Ջաւախեթիա» (բացասական): Շարունակւում է Ջաւախքում տեղանունների աղաւաղումն ու վրացացումը, իսկ վրաց արտգործնախարարը ՀՀ-ի                   «սրտում»՝ Երեւանում, հրապարակաւ յայտարարում է «Ջաւախքի» չգոյու- թեան մասին, հայկական իշխող կողմից ոչ մի սովորական դիտողութիւն (բացասական): Շարունակւում է ՀՀ Ոստիկանութեան Ա. եւ Վ. Վարչութեան կողմից ՀՀ քաղաքացիութեան անձնագրերի զանգուածային տրամադրումը ջաւախահայութեանը, որն ունի եւ դրական,  եւ բացասական կողմեր: ՀՀ-ն իր պետպիւտճէից դադարեց գումար յատկացնել Ջաւախքում մինչ այդ իրականացւող դպրոցաշինութեան կամ կրթական, ինչպէս նաեւ այլ ոլորտներում իրականացուելիք ծրագրերի համար, որոնք   առկայ էին մինչ այդ (բացասական):
Ահա հաշուետւութեան մօտաւոր պատկերը, որը կարող է կցուել ՀՀԿ-ի կամ Տ. Սարգսեանի հաշուետուական թղթապանակին, որը, արագօրէն (ժամանակիս սղութեան պատճառով) գրեցի: Եթէ ինչ-որ դրական կամ բացասական բան մոռացայ ներառել, ներողութիւն եմ խնդրում:
Վերջում կþուզենայի մէկ բանի մասին եւս նշել. նախկին ընտրութիւնների ժամանակ Երեւանում կազմակերպուեցին ջաւախահայութեան զանգուածային հաւաքներ, անգամ բուք ու բորանին Ջաւախքից բերուեցին հազարաւոր մարդիկ (զարմանալի էր, որ մի քանի ուսուցչի ՀՀ արգելած վրացական յատուկ մարմիններն այս անգամ հանդուրժեցին հազարաւոր սեփական քաղաքացիների մուտքն այլ պետութիւն` այն էլ այլ պետութեան կուսակցութեան նախընտրական հաւաքին մասնակցելու համար), որոնց` արեւից ու բքից խանձուած դէմքերից դժուար չէր գուշակել, որ վերջիններս անգամ տեղեակ չեն, թէ ուր են գնում, ինչ են գոռում հարթակում կանգնածները: Արեցին.ջաւախահայերի միլիոնաւոր տոլարներ հոսեց նախընտրական շտապներ, ջաւախահայութիւնը համախմբուեց ոչ թէ գաղափարի, այլ` ինքն էլ չհասկացաւ, թէ ում կամ ինչի շուրջ: Նիրհից արթնացուեցին ՀՀ հեռաւոր գիւղերի մարդիկ` յիշեցուելով իրենց սրբազան ծագման` ջաւախքցի  լինելու մասին, իրենք էլ եկան ասպարէզ, անգամ ջաւախահայ փափկասուն կանայք չմոռացուեցին, իրենք էլ եկան: Մի տեսակ` նոր Քրիստոսի, նոր մեսիայի գալու  տրամադրութիւն էր ամենուր, երբ օր-օրի աւելանում էր մարդկանց բազմութիւնը, ամէնքը գալիս էին, գալիս ու գալիս… 
Հետաքրքիր է` այս տեսքով հաշուետւութեան մասին ի յայտ գալուց յետոյ ի՞նչ է լինելու:
Վերջապէս մենք` ջաւախահայերս, երբ ենք ունենալու գաղափարական համախմբուածութիւն, համախմբուելու ոչ թէ փողի կամ որոշ մարդկանց անձնական քմահաճութիւնների, այլ արժէքների շուրջ: Էլի՞ ՀՀԿ-ին միանալ, յանո՞ւն…

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ