«Մարդ իր խօ՛սքով կը ճանաչուի, թէկուզ շահի վեզիր կարգէն,
Անա՛զնիւն  ազնիւ  չի՛ դառնայ, թէկուզ դեսպան, նազիր կարգէն,
Թէ ուզո՛ւմ ես, որ ամենուր քու ասա՛ծները միշտ յարգեն,
Սա՛յեաթ-Նովա, խօսքդ  ասա՛ ճարտար  նետաձիգի նման»:

Սայեաթ-Նովա: Քամանչայի խորհուրդը՝ «Զաւարեան» կեդրոնէն ներս:
(Ազգային աւանդական արժէքների ոգով՝ սերունդների դաստիարակութիւն): Շուրջ երեք դարերի մշակութային ժառանգութիւն

300-ամեայ հայ երաժշտարուեստի իւրօրինակ հարուստ պատմութիւն, որը գալով ժամանակների խորքից՝ այսօր էլ կենսունակ է եւ իր արժէքներն է մատուցում ժողովրդին: Խօսքը՝ Սայեաթ-Նովայի՝ համամարդկային արժէք ներկայացնող բանաստեղծի գրական ժառանգութեան մասին է: Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով գրուծ նրա (հայերէն, վրացերէն, արաբերէն) ստեղծագործութիւնները բանաստեղծական արուեստի գլուխգործոցներ են: Եւ յատկապէս՝ Սայեաթ-Նովան ուսումնասիրելով պարսից պոեզիայի սուֆիական տարբեր ուղղութիւնները, կարողացաւ դրանց միջից վերագտնել եւ իր արմատներին վրադարձնել շուրջ 1500 տարի առաջ կորած մեր տոհմիկ, հայկական-արիական պոեզիան:
-Մե՛ծն Սայեաթ-Նովա (Յարութիւն Սայադեան թրգմ.՝ որսորդի թոռ կամ երգի որսորդ), հայ ժողովրդի անմահ աշուղ-բանաստեղծ, խաղերգու մեզ աւանդած բարձրարժէք ստեղծագործութիւններդ ամէն մէկ հայի համար պատիւ է ո՛չ միայն կատարելը, այլեւ ունկնդրելն անգամ: Ամէն մարդ չէ, որ կարող է ընկալել աշուղի  ստեղծագործութիւնների ոգին, ինչպէս եւ գրում է ինքը՝ բանաստեղծը.
- «Ամէն մարդ չի կանայ խըմի՝ իմ ջուրըն ո՜ւրիշ ջըրէն է.
Ամէն մարդ չի կանայ կարդայ՝ իմ գիրըն ո՜ւրիշ գըրէն է.»
Գնահատելի եւ սիրելի էր մշակութասէր հասարակութեան՝ հոծ բազմութեան ներկայութիւնը 17 Մարտին «Զաւարեան» ակումբում տեղի ունեցած ձեռնարկին: Դահլիճը լեփ-լեցուն էր, սակայն ժողովրդի հոսքը դեռ շարունակւում էր դէպի սրահները: Միջոցառումը, որը նուիրուած էր  Ս. Նովայի՝  հայոց լեգենդ դարձած աշուղի ծննդեան 300-ամեակին, մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել: Հանդիսատեսը անհամբերութեամբ սպասում էր ձեռնարկի սկսւելուն:
Ընկ. Համբիկ Յովսէփեանի բացումը կատարելուց յետոյ՝ յաջորդեց Արաքսի Միքաէլեանի ասմունքը՝ «Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս» ստեղծագործութեամբ եւ դուդուկի նուագակցութեամբ, որն արժանացաւ բուռն ծափահարութիւնների:
Այնուհետեւ՝ բանախօսեց ընկ. Միհրան Քիւրտօղլեանը մատչելի եւ հետաքրքիր մեկնաբանութեամբ:
Յաջորդաբար՝ ելոյթ ունեցան Քրիստինէ Էլամիրեանը եւ Վիգէն Մինասեանը իրենց անզուգական կատարումներով՝  «Պատկիրքդ ղալամով քաշած» եւ «Քամանչա», մէկը դաշնամուրի՝ տիկ. Կարինէ Ճարպիկեան եւ միւսը քամանչայի՝ Էլէֆդէրիօս Խավուցասի նուագակցութեամբ: Քիչ անց՝ իրենց պարով միջոցա- ռումը զարդարեցին պարախումբի աղջիկներ Վիքթօրիա Մաղաքեանը, Թա-              մար Գաբրիէլեանը, Թանիա Գազարեանը՝«Չը կայ քիզի նման»:
Կրկին ասմունք՝ «Աշխարհըս մէ փանջարա է», այնուհետեւ՝ երկար սպասուած Քամանչա՝ սոլօ: Շարունակուելով յայտագիրը՝ բոլորն էլ արժանացան հանդի- սատեսի ջերմ ծափողջոյններին: Փակման խօսքին նախորդեց  գեղեցիկ մեկնաբանութեամբ դաշնամուր-սոլօ՝ «Քանի վուր ջան իմ»:
Հանդիսատեսը խանդավառուած էր, իսկ մասնակիցները իրենց վառ տաղանդի շնորհիւ ունկնդիրներին փոխանցեցին դրական լիցքեր՝ ներշնչուած Սայեաթ-Նովայի արուեստով: Բանաստեղծ-երգահան՝ ով շրջելով երկրէ երկիր՝ Մերձաւոր Արեւելքից մինչեւ Պարսկաստան, Հնդկաստան՝  հաւաքել, ուսումնասիրել, մշակել եւ մեզ է փոխանցել մշակութային բարձր արժէքներ: Անփոխարինելի մի ժառանգութիւն՝ հոգու խորքից բխած մեկնաբանութիւններով, գովերքներով միահիւսուած խաղերը: Դատապարտել է կեղծիքն ու քծնանքը, ստորութիւնն ու նենգութիւնը: Փառաբանել է ո՛չ միայն վեհ արարքները՝ արդարութիւնը, բարութիւնն ու ազնուութիւնը, այլեւ մարդկային գերագոյն զգացումը՝ սէրը՝ պարուրուած քամանչայի մեղմ հնչիւններիից արձակուած մեղեդիով, որը մարդկանց հոգիներ է գերում դարեր շարունակ.
-«Գարնանաշունչ ծաղկի նման կարմիր վարդը բաց է լինում,
Ի՞նչ օգուտ քո այգեպանին, թե բլբուլը լաց է լինում.
Շուրթերիցդ մեղր է կաթում, թողնես՝ կուրծքդ թաց է լինում.
Էդ պատճառով քաղցր ես խօսում. լեզուդ է շաքարի նման»:
Լսելի էր, թէ նման զգացողական ազդեցութիւն էր փոխանցուել նաեւ Շաբաթ երեկոյեան «Զաքարեան-Սարաճեան» զոյգ սրահներից ներս, որի վկայութիւնն էր բուռն եւ ջերմ ծափահարութիւնները, ինչպէս նաեւ արձագանգները:
Ասում են՝ արուեստագէտները մշակութային մեծ արժէքներ են փոխանցում, իսկ արուեստասէր, մշակութասէր հասարակութիւնը՝ այդ արժէքները կրում է իր մէջ: Մարդիկ, որոնք սիրում են մշակոյթը, հետեւում եւ ապրում են մշակութային կեանքով, աւելին՝ իրենց իսկ մասնակցութիւնն են ունենում, թէ՛ որպէս մշակոյթի գործիչ, եւ թէ՛ որպէս պարզ ունկնդիր՝ իրենց մէջ բարձր արժէքներ է կրում: Նրանք՝ յաճախակիօրէն առնչուելով մշակութային կեանքին այդ արժէքները փոխանցում են իրենց շուրջը, որի արդիւնքում ձեւաւորւում է հոգեւոր եւ մտաւոր բարձր որակներով օժտուած  մի ողջ սերունդ: Դա ինքնանպատակ չէ. ժողովուրդը, սերունդները արուեստի մէջ տեսնում ու ճանաչում են իրենց եւ հարազատ մնում իրենց իսկ հոգեւոր ակունքներին, գեղագիտական միջավայրին: Այս պարագայում է, որ նրանց զարգացումն ընթանում է բնականոն ճա- նապարհով: Առողջ հասարակութիւն եւ սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել մեր սերունդների հայեցի դաստիարակութիւնը, հասարակութեան մշակութային զարգացումը եւ հասարակութիւն-մշակոյթ անմիջական կապը: Այս առիթով խորին շնորհաւորանքներ ենք յղում դէպի մեր ձեռնարկի տաղանդաւոր մասնակից երաժիշտներին, որոնք իրենց ներդրումն ունեցան հայ մշակոյթի փոխանցման մէջ՝ այս անգամ «Զաւարեան» ակումբում: Իրենց սիրայօժար ելոյթով գեղեցկացրեցին երեկոն: 
Շրջ. Վարչութեանս կազմակերպած միջոցառման նպատակն էր արուեստասէր հասարակութեանը մօտ բերել դէպի հայ մշակոյթը՝ տուեալ դէպքում՝ Սայեաթ-Նովայի բարձրարժէք եւ իւրօրինակ արուեստին: Ձեռնարկը նաեւ իր խորհուրդն ունէր՝ նպաստել հայ մշակոյթի, ազգային աւանդական արժէքների ու ժառան- գութեան պահպանմանը եւ տարածմանը եւ այդ արժէքներով սերունդների դաստիարակութեան: Երեկոյին  իր բացառիկ խորհուրդն էր հաղորդում նաեւ սրահը զարդարող հայկական աւանդական երաժտական քործիքը՝ քամանչան, որը սիրելի աշուղ Ս. Նովայի անբաժանելի ընկերն է եղել, երբ աշխարհ պտտելով՝ իր գովքն էր ասում՝ տարածելով հայ մշակոյթը.
-«Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,  
Չըտեսայ քու պատկերի պէս՝ դուն ամէնքից  բաշ, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի. 
Էնդու համա քու տեսնողըն ասում է՝ վա՜շ, վա՜շ նազա՛նի»:
1712-1795 Վրաստան
Սայեաթ-Նովա (Յարութիւն Սայադեան, թրգմ.՝ որսորդի թոռ կամ երգի որսորդ, ըստ տարբեր վարկածների): Ուշ միջնադարի բանաստեղծ-աշուղ: Նախնեաց հայրենիքը, ամենայն հաւանականութեամբ եղել է Կիլիկեան Հայաստանը: Մ. Մաշտոցի անուան Մատենադարանում պահպանուող՝ Ս.-Նովայի ձեռքով գրուած մի կրօնական ժողովածուի յիշատակարանից (ձեռ. 4270) տեղեկանում ենք, որ նրա հօր անունը Կարապետ է եղել՝ Ատանայից կամ Հալէպից (ըստ զանազան վարկածների): Մայրը՝ Սառա անունով,  ծագումով Լոռեցի էր, որ ապրել է Թիֆլիսի Հաւլաբար թա- ղամասում (Ալավերտի քաղաքի Լոռու մարզը այն ժամանակաշրջանում Վրաստանի տիրապետութեան տակ էր գտնւում): Համաձայն ուսումնասիրող Մ. Հասրաթեանի վարկածի, Ս. Նովայի մանկութիւնը անցել է իր մօր հայրենիք Լոռիում, ուր եւ Սանահինի նշանաւոր դպրատանը ստացել է իր նախնական կրթութիւնը: Այդ մասին խօսում է այն փաստը, որ Ս. Նովայի հայերէն խաղերում Թիֆլիսի բարբառին գրեթէ հաւասար չափով առկայ է Լոռուայ բարբառը: Սովորել է գրել-կարդալ հայերէն, վրացերէն նաեւ պարսկերէն, արաբերէն: Ս. Նովան դեռ մանուկ հասակից շփում է ունեցել նաեւ եկեղեցու հետ: Իր հօր՝ Մահտեսի Կարապետի քաջալերանքով երգել է եկեղեցական երգչախմբում եւ ծառայել է եկեղեցում: 
Ենթադրւում է, որ 15 տարեկանում նրան գերեվարել են. շուրջ 4 տարի դեգերել է Արեւելքի երկրներում, որպէս երգիչ-նուագածու մասնակցել է Նադիր շահի Հնդկական արշաւանքին (1738¬39 թթ.), ապա տեսնելով նրա տաղանդը՝  վրաց արքայազն Հերակլը նրան փրկագնել է ՝ կարգել պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայեաթ-Նովա աշուղական անունով, 30 տարե- կանում, որպէս վարպետ-աշուղ:
Սայեաթ-Նովայի սիրոյ պատմութիւնը մի քանի եւ հակասական վարկածներ ունի: Մէկ դէպքում՝ նա սիրահարուած է եղել Վրաց արքայադուստր Աննա Բատոնաշվիլուն, եւ այդ պատճառով նրան բռնի հոգեւորական են կարգել ունեցած սիրավէպի պատճառով՝ հեռացնելով պալատից: Սակայն, Գ. Ախվերդեանը, այնուհետ Սկանդար-Նովան (Սայեաթնովայագէտներ)  Թիֆլիսի ծերերին հարցուփորձ են արել այդ կապակցութեամբ: Նրանցից ոչ մէկը Աննա անունը չի տուել: Ասում են, այն բոլշլեւիկեան մարտնչող աթեիզմի արգասիք է: Ծերունիներից մէկը միայն, համաձայն երկրորդ վարկածի, յիշել է, որ Սայեաթ-Նովան «ունէր Տալիթա անունով մէ սրտով սիրած աղջիկ», որին խաղեր էր նուիրում: Տալիթա-Դալիդա յունական անուն:
Մի ուրիշ վարկածով՝ Ս. Նովային չեն հեռացրել, այլ ինքն է մեկնել պալատից, քանի որ, մէկ կողմից իր կինը՝ Մարմարը, միւս կողմից սիրած եարը՝ Աննան. այս անհուսութիւնից միակ ելքը  ի վերջոյ աշուղը գտել է՝ հոգեւորական դառնալով, աշխարհայինից հրաժարուելով:
Մէկ ուրիշ վարկած՝ հոգեւորական դառնալու շուրջ:
 Սայեաթ-Նովաի կեանքը խաղաղ չի անցել, դաւեր են նիւթել նրա դէմ, հեռացնել տուել արքունիքից, քանզի ծառայել է պալատում, բայց ողջ էութեամբ նուիրուած է եղել հասարակ ժողովրդին: Նա իրեն անուանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառայ), աշխատել է թեթեւացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգեւոր եւ իշխանական դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին: Ըստ ուսումնասիրութիւնների, Վրաց Հերակլ Բ արքան ճիշդ այդ պատճառով է 1752 եւ 1759 թթ-ին նրան վտարել Վրաստանից  եւ բռնութեամբ դարձրել  քահանայ՝ Տէր Ստեփանոս անունով: Նա հոգեւոր հովիւ է եղել Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի քաղաքում, որտեղ 1761 թ-ին արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը:
Մեծն Աշուղը ամուսնացած է եղել լոռեցի Մարմար անունով կնոջ հետ, ունեցել են չորս զաւակ՝ Մելիքսեթ, Օհան, Սառա, եւ Մարիամ: Ըստ տեղեկութիւնների, Մելիքսեթ որդու ժառանգը՝ Տէր Մովսէս Սայադեանը, Խաչատուր Աբովեանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մէկը՝ Պերճ Պռոշեանի կինը: Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը պահպանուել է նրա կնոջ շիրմաքարը, վրացերէն հետեւեալ մակագրութեամբ. «Էս գերեզմանում կամ Սայեաթ-Նովու կողակից Մարմարը: Ինձ ողորմի ասէք»:
1768-ին մահացել է կինը՝  թողնելով չորս անչափահաս զաւակ։ Յաջորդ տարուանից Սայեաթ-Նովա-Տէր Ստեփանոսը փոխադրուել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատուած Հաղպատի միաբանութեան առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինուել է Հաղպատի վանքը, կարգուել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Ըստ որոշ աւանդազրոյցների՝ շարունակել է մասնակցել աշուղական մրցավէճերի:
Ենթադրւում է, որ Սայեաթ-Նովան նահատակուել է 1795 թ-ին, երբ Պարսից Աղա Մահմադ խանը ներխուժել է Թիֆլիս:  Սայաթ-Նովայից պահպանուել են մօտ 70 հայերէն, 120 թուրքերէն եւ շուրջ 30 վրացերէն երգեր (խաղեր):
Սայեաթ-Նովան երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարութիւնն ու ազնուութիւնը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորութիւնն ու նենգութիւնը, հասարակական  ու բարոյեական արատները: Խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը եւ յանուն նուիրական ու անապակ սիրոյ պատրաստ է տանել ամէն զրկանք.
-«Ես քեզանից չեմ հեռանայ, թէ չգայ իմ հոգեւարքը,
Երբ կմեռնեմ շա՛ղ տուր վրաս, ճոխ հիւսքերիդ թելի շարքը,
Միայն թէ դու ուրախ կենաս, Սայաթ-Նովինն է տանջանքը,
Շատ մարդ կասէ, թէ եար ունիմ, դու ուրիշ եար ես, գովե՛լի»:
Իբրեւ սիրերգու՝ Ս. Նովան գեղեցիկի ու կատարեալի երկրպագու է, ամէնա- նուիրական ու նրբին զգացմունքների արտայայտիչ: Նրա սիրային երգերին յատուկ են նաեւ ողբերգական պատկերները, որոնց պատճառը կեանքի ու իրականութեան անլուծելի հակասութիւններն են, սոցիալական անհաւասարութիւնը, գեղեցիկի ոտնահարումը:
Մեծն աշուղը հսկայական դեր ունի ուշ միջնադարի հայ գրական, հոգեւոր եւ մշակոյթի զարգացման եւ պահպանման ասպարէզում: Նա հայ գուսանական-աշուղական ժողովրդային  քնարերգութեան բարձրակէտն է, բնութիւնից շռայլօրէն օժտուած արուեստագէտ, որ վերածնել է գուսանական արուեստը՝ հայոց  կեանքի մասնատման ու անկման հետեւանքներից յետոյ: Հայ իրականութեան մէջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործութեամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովրդի հոգեւոր մերձեցման գործում: Նրա ազդեցութիւնն են կրել վրացի, ազերի, եւ հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ.
-«Կ'ուզեմ կեանքս անցկացնել որ՝ օրս սեւերես չըլնի,
Թէկուզ հազար վիշտ ունենամ՝ դարըս սեւերես չըլնի,
Ջանք անեմ, բարու հանդիպեմ՝ չարըս սեւերես չըլնի,
Գլուխս չարից ազատեմ՝ որ այն սեւերես չըլնի,
Երեսս ամօթխած պահեմ՝ պատիվա սեւերես չըլնի»:

ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ