Ձօն Սուրիոյ մէջ բնակուող մեր հայրենակիցներին

Հանգչող մորմոքով վերջալոյսերի,
Ճակատագիրի մռայլ ձեռքերով,
Գրուեց մեր ազգի ողբագիր գիրքը,
Անողորմ բախտի՝ ծանր գրիչով:

Մեր կամքից անկախ՝ գաղթեցինք հեռու,
Հանգրուան գտանք օտար երկնի տակ,
Մեր տառապանքը կրկին լեռնացաւ,
Անվերջ կոխկրտուող՝ վտանգների տակ:

Հիմա փայփայած՝ մեր հին օճախում,
Երախն է բացել մահը արնախում,
Ձայնում է ահը մութ ու դառնագին,
Արշալոյսի մէջ՝ արեւն է մարում:

Կրքերի ձայնով աղաւաղում են,  
Ամէն մի հնչիւն վեհ երազների,
Եւ ժողովուրդը ուժի սոսկումով,
Դառնում է զոհը՝ չարկամ խաղերի:

Խաւարով պատուած անհաս երկնքում,
Պիտ փորձենք գտնել աստղը ցոլացող,
Երազանքի տաք՝ լոյսերն պիտ վառենք,
Մեր հայրենիքի լեռներում ծաղկող:

Այս գոյի կռւում մենք պիտի յաղթենք,
Ընտիր իղձերի ամրակուռ ձեռքով,  
Պիտ կազմենք մատեան, յոյսերի մի գիրք,
Մեր իսկ պատրաստած՝ ոսկէ գրիչով:


ԿԵԱՆՔԻ ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐ...

Ոմանք կեանքում
Լոկ տեսնում են,
Սին սանդուղքներ վերելքի,
Երբ բարձրանան
Նոր կը տեսնեն,
Խորունկ վիհը վայրէջքի:


ՊԱՆԴՈՒԽՏԻ ՀՈԳՈՒՄ...

Իմ հայրենիքում
Որքան լեռներ կան,
Որքան խաչքարեր
Եւ՛ լուռ, եւ՝ խօսուն,
Այնքան էլ երգ կայ՝ կարօտ կայ եւ սէր,
Իմ հայրենատենչ
Պանդուխտի հոգում...

Աւիկ Տէյրմէնճեան
Պոսթըն