Ձմեռ է այնտեղ՝ ցրտաշունչ ձմեռ,
Լոյսն է ամայի մշուշապատւում,
Կէսգիշերային մութ ու խաւարում,
Այնտեղ  լեռներն են՝ ծանրօրէն  հեւում:

Այնտեղ ոռնում է մահուան բորենին,
Ահեղ մոլուցքով զէնքեր  են ձայնում,
Կանգնած են այնտեղ հայոց կտրիչներն,
Հայրենի սիրած սահմանն են հսկում:

Այնտեղ է բացուել  դէմքը դարերի,
Հրաշքն է ծնուել մի հին պատմութեան,
Այնտեղ են ապրել հպարտ ու արի,
Քաջորդիները՝ ազատ բնութեան:

Այնտեղ մարտիկներն՝ անեղծ հաւատով,
Շղթան են փշրել դառնութիւնների,
Սուրբ  ճշմարտութեան ձեռքերով անվախ,
Դրօշն են պարզել՝ յոյսի եւ լոյսի:

Այնտեղ է հնչել կանչը յաղթութեան,
Կանաչ բացատում լեռնալանջերի,
Այնտեղ պիտ յառնի՝ խաղաղ գոյութեան,
Հրեղէն լոյսը՝ գալիք դարերի:

Աւիկ Տէյրմէնճեան
Պոսթըն

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՒՆԻՆ…

Ուրախութեան
Տօն է այսօր,
Սիրտս է լցւում՝ զուարթ երգով,
Երախտագէտ՝
Ողջունում եմ,
Իմ հայրենիք՝ քե՛զ հեռաւոր…
Ու քաղում եմ՝
Հեռուից ես քո,
Հուրը, բոյրը մայրական,
Դու իմ աստղն ես՝
Հազարափայլ,
Յոյսի, լոյսի, շողով վառման…
Ջերմահաղորդ
Վառ արեւով,
Վշտիդ սառոյցն՝ թող որ հալուի,
Լուսազարդուած
Կապոյտ ցօղով,
Երազներիդ՝ ծովն թող յորդի…
Իմ Հայաստան,
Իմ քարաստան,
Երազներիս՝ հրաշք օրրան,
Դու իմ կեանքի
Հողն ես հերկել,
Որ քո շնչով՝ զօրանամ…
Ուախութեան
Տօն է այսօր,
Հայրենիքում, իմ հեռաւոր,
Նուիրում եմ՝
Ես քեզ հոգով,
Մի աղաւնի՝ ճերմակ գոյնով….


Աւիկ Տէյրմէնճեան
Պոսթըն