Հայաստան-Ատրպէյճան, ԼՂՀ - Ատրպէյճճան շփման գիծ
Ռազմական փորձագէտները նշում են մի քանի առաւելութիւններ, որ ունեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի նկատմամբ, որոնք էլ եւ հիմնական զսպիչ ուժն են Ատրպէյճանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու հարցում: Հայկական կողմի կարեւորագոյն առաւելութիւնը այսօրւայ շփման գիծն է, որը միմեանցից բաժանում է մի կողմից Լեռնային Ղարաբաղն ու Ատրպէյճանը, միւս կողմից՝ Հայաստանն ու Ատրպէյճանը:
Այդ առաւելութիւնը ղարաբաղեան կողմը ձեռք է բերել պատերազմի տարիներին՝ վերաձեւելով նախկին ԼՂՄ-ի քաղաքական քարտէզը: Խորհրդային տարիներին ոչ միայն հայկական Արցախն էր անար-դարացի կերպով դրուել Խորհրդային Ատրպէյճանի վարչական վերահսկողութեան տակ, այլ նաեւ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններն էին գծուել կամայական ու անտրամաբանական կերպով՝ անհասկանալի երկար դարձնելով ընդամէնը 4.4 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով նախկին մարզի սահմանները: Պատերազմն «ուղղեց սահմանային զիկզակները՝ ակնյայտօրէն կրճատելով սահմանների երկարութիւնը, այն դարձնելով աւելի կառավարելի ու պաշտպանական իմաստով՝ նպաստաւոր:
Շփման գիծը պարբերաբար լրատուամիջոցների ուշադրութեան կեդրոնում է յայտնւում այնտեղ անցկացուող դիտարկումների, փոխհրաձգութիւնների, դիպուկահարների արձակած փամփուշտներից զոհերի ու վիրաւորների, ինչպէս նաեւ՝ ականների պատ-ճառով սպաննուող ու խեղուող մարդկանց մասին հաղորդուող տեղեկութիւնների պատճառով: Վերջին օրերին շփման գիծը տեղական ու համաշխարհային լրատուամիջոցների ուշադրութեան կեդրոնում յայտնուեց Յունիսի 18-ի միջադէպից յետոյ: Ատրպէյճանական սադրանքը խլեց երիտասարդ հինգ հայերի կեանք:
Լեռնային Ղարաբաղ-Ատրպէյճան շփման գծի երկարութիւնը մօտ 220 քմ է: Այն անցնում է ինչպէս լեռնային դժուարամատչելի, այնպէս էլ հարթավայրային տեսանելի շրջաններով: Շփման գծի տարբեր հատուածներում, ինչպէս նաեւ Հայաստան-Ատրպէյճան սահմանի Տաւուշ-Ղազախ շրջանում պարբերաբար դիտարկումներ է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ով 1996 թուականից ի վեր լեհ դիւանագէտ, դեսպան Անճէյ Քասփըրչիքն է: Նա եւ նրա դաշտային օգնականների խումբը անցնող տարիներին անց է կացրել նման հարիւրաւոր դիտարկումներ:
1994 թ. Մայիսեան զինադադարից ի վեր հակամարտող կողմերի միջեւ գտնուող չէզոք գօտու հաշուին Ատըրպէյճանը իր առաջապահ դիրքերը անընդհատ մօտեցնում է ղարաբաղեան դիրքերին: Վերջին երկու տարուայ ընթացքում շփման գծի երկու հատուածներում՝ Մարտակերտի հիւսիսում եւ Արաքսի ափի շրջանում, ինչպէս նշել է ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, ղարաբաղեան կողմը եւս առաջ է գնացել նախկին դիրքերից: Շփման գծի որոշ հատուածներում կողմերի միջեւ հեռաւորութիւնը մի քանի տասնեակ մեթր է (Մարտակերտի հիւսիս-արեւելքում), ինչն էլ պատճառ է դառնում, որ հրադադարի խախտումներն աւելանան, տեղական մարտեր բռնկուեն, որոնք անխուսափելիօրէն ուղեկցւում են զոհերով: Չնայած ատրպէյճանական կողմը չէզոք եւ ականապատ գօտու հաշուին անընդհատ մօտենում է ղարաբաղեան դիրքերին, շփման գծի գրեթէ ամբողջ երկարութեամբ, բացառութեամբ մի քանի դաշտային հատուածների, Լեռնային Ղարաբաղն ունի ռազմավարական եւ դիրքային առաւելութիւն:
Շփման գծում հրադադարը խախտւում է գրեթէ ա-մէն օր: Լինում են օրեր, որ այն խախտւում է միանգամից մի քանի հատուածներում: Այս տարուայ 5-6 ամիսներին հրադադարը արդէն խախտուել է շուրջ 1500 անգամ: Հրադադարի խախտումները երբեմն վերած-ւում են տեղական մարտե-րի, յատկապէս այն հատուածներում, որտեղ ղարաբաղեան եւ ատրպէյճանական առաջապահ դիրքերը չափազանց մօտ են: Վերջին նման ընդհարումը, որը ամենամեծն էր 1994-ի Մայիսեան հրադադարից ի վեր, գրանցուեց շփման գծի Մարտակերտի հիւսիսային հատուածում՝ 2008թ. Մարտի 4-5-ին: Ատրպէյճանական կողմին յաջողուեց ժամանակաւորապէս գրաւել ղարաբաղեան դիրքը, սակայն կարճ ժամանակ անց նրանք ստիպուած եղան յետ քաշուել՝ տալով ութ զոհ եւ վիրաւորներ: Երկու վիրաւոր տուեց նաեւ ղարաբաղեան կողմը: 2010թ. Յունիսի 18-ի սադրանքը եւս կարելի է դասել 1994-ի հրադադարից ի վեր գրանցուած ամենա-խոշոր միջադէպերի շարքին:
Այսպիսով, շփման գիծը ոչ միայն ամրութիւն է, այլ շատ վտանգաւոր վայր, որ խլում է հարիւրաւոր երիտասարդ կեանքեր: 1994 թուականի Մայիսեան հրադադարից ի վեր դիպուկահարների փամփուշտներից, ինչպէս նաեւ ցանւած ականների պայթիւնների զոհ են դարձել, ըստ տարբեր հաշուարկների՝ մինչեւ երեք հազար զինուորներ ու քաղաքացիական անձինք Ատրպէյճանից, Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից: 2008 թ. ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Հելսինքիի հանդիպմանը հակամարտութեան կողմերին կոչ ուղղուեց դիպուկահարներին յետ քաշել առաջապահ դիրքերից, սակայն յորդորը մնաց թղթի վրայ ատրպէյճանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Դիպուկահարների յետքաշումը ակնյայտօրէն կը նուազեցնի զոհերի թիւը:
Պատճառներից հիմնականը, որը հաշուի առնելով ղարաբաղեան հասարակութիւնը չի ուզում լսել տարածքներ վերադարձնելու մասին, հէնց անվտանգութիւնն է: Շփման գծում յատկապէս կարեւորագոյն նշանակութիւն ունի Քարվաճառը (Քելբաջար): Եթէ ղարաբաղեան կողմը վերադարձնի մօտ 2 հազար քառակուսի քմ. տարածքով Քարվաճառի շրջանը, որը պաշտպանական իմաստով հաւասարապէս կարեւոր նշանակութիւն ունի ինչպէս ԼՂՀ-ի, այնպէս էլ Հայաստանի համար, ապա ղարաբաղա-ատրպէյճանական շփման գիծը կþերկարի եւս 200 քմ.-ով, իսկ այդ սահմանը պաշտպանելու համար ղարաբաղեան կողմին անհրաժեշտ կը լինի յաւելեալ 20 հազար զինուոր: Ընդ որում՝ տարածքներ զիջելու մասին միջազգային յորդորներն ուղեկցւում են Ատրպէյճանի ռազմատենչ յայտարարութիւններով, ինչն աւելի է ամրապնդում արցախեան հասարակութեան մէջ օր-օրի ամրապնդուող համոզումը, որ հակառակորդին ոչինչ պէտք չէ զիջել:
Դեռ 1994 թ. ԵԱՀԿ Պուտապեշտի գագաթաժողովում ընդունուել է որոշում, համաձայն որի՝ ղարաբաղեան հակամարտութեան գօտում նախատեսւում է ԵԱՀԽ բազմազգ ուժեր ծաւալել, այսինքն՝ ապահովել միջազգային խաղաղապահ ուժերի մուտքը ղարաբաղա-ազրպէյճանական դիմակայութեան գօտի: Այդ նպատակով ձեւաւորուեց Բարձր մակարդակի ծրագրաւորման խումբը (ԲՄԾԽ): 1995թ. Յուլիսին ԲՄԾԽ-ն ԵԱՀԿ-ին ներկայացրել է չորս տարբերակ: Առաջին՝ առաջարկւում էր ղարաբաղեան հակամարտութեան գօտի ուղարկել 240 դիտորդ եւ 3560 հոգանոց խաղաղապահ զինուժ, որոնք բաժանւում էին երեք գումարտակի եւ երեք վաշտի: Երկրորդ տարբերակով նախատեսւում էր 200 դիտորդի եւ հինգ գումարտակից կազմուած 4200 հոգանոց խաղաղապահ զինուժի տեղակայում: Երրորդ տարբերակը ենթադրում էր 240 դիտորդ եւ 1260 թուով զինուժ, իսկ չորրորդը՝ ընդամէնը 400 հոգանոց զինուած դիտորդական խումբ եւ նրանց աջակցող 375 հոգանոց անձնակազմ: Առաւել հաւանական էր համարւում երկրորդ տարբերակը: Խաղաղապահների 30-50 տոկոսը պատրաստւում էր տրամադրել Ռուսաստանը: Միացեալ Նահանգները հակուած էին տրամադրելու ֆինանսական, նիւթական եւ թիկունքային օժանդակութիւն:
Խաղաղարարների տարածաշրջան մուտքի մասին խօսակցութիւնները յաճախակի են դառնում, երբ որոշ լաւատեսութիւն է ներշնչում բանակցային գործընթացը, ինչպէս դա եղաւ 2001-ի Ապրիլին Քի Ուէսթում կամ 2006-ի Փետրուարին՝ Ռամպույէում:
Ինչպէս Հայաստան-Ատրպէյճան, այնպէս էլ ԼՂՀ-Ատրպէյճան սահմանի երկայնքով երկու կողմերից էլ անցնող մէկուկէս տասնամեակի ընթացում ըս-տեղծուել է պաշտպանական յուսալի համակարգ: Հրադադարի հաստատումից անցել է արդէն աւելի քան 16 տարի, եւ շփման գօտում «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» վիճակը շարունակում է պահպանուել առանց միջազգային խաղաղարար ուժերի: Այդ վիճակը համեմատաբար կայուն պահպանւում է ա-ռաջին հերթին ուժերի միջեւ ստեղծուած հաւասարակշռութեան շնորհիւ: Դժուար է գտնել մոլորակի մէկ այլ թէժ կէտ, որտեղ կողմերի միջեւ հրադադարը այսքան տարիներ պահպանւում է առանց «կապոյտ սաղաւարտների» ներկայութեան: Հրադադարի դրութեան պահպանման պատասխանատուութիւնը փաստօրէն դրուած է հակամարտութեան երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ատրպէյճանի վրայ:
Յունիսի 18-ի միջադէպը, սակայն, մտորելու լուրջ տեղիք է տալիս առաջին հերթին այն պատճառով, որ ատրպէյճանական սադրանքը ժամանակային առումով համընկաւ նախագահներ Մետւետեւի, Սարգսեանի եւ Ալիեւի Սան-Պեթերսպուրկեան հանդիպման հետ:
Արցախեան բանակցային գործընթացի ներկայ հանգրուանի մասին կþանդրադառնանք առաջիկայում: Միայն նկատենք, որ 1994-ի հրադադարից ի վեր շփման գծի ողջ երկայնքով նման մտահոգիչ լարուածութիւն երբեք չէր զգացւել: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ պատերազմի վերսկսման հաւանականութիւնը երբեք այնքան իրական չի եղել, որքան այսօր է:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Սիվիլիթասի վերլուծաբան
«Ազդակ»