Այնտեղ գնում էր ահռելի մի մարտ,
Կռիւ ու կագ էր մի արիւնահեղ,
Ամէն մի զինուոր զգում էր անպարտ,
Պատերազմում էր յաղթական, ահեղ:
Թէ մի մարտիկ էր ընկնում դիտապաստ,
Նա դեռ ելնում էր կրկին կռուելու.
Իւրաքանչիւրը զոհւում երկուտակ
Իր յաղթանակը արդար շահելու:
Հայ հայրենիքը ողջ արիւնաքամ,
Արդէն փրկւում էր որդու սուրբ արեամբ,
Եւ յաղթանակը ինչքան էլ տարտամ
Արշալոյսւում էր ազգութեան արդեամբ:
Յառնիր Երեւան, գումարուիր Արցախ,
Միութեան հիւսքը ծիածանւում է,
Թէեւ թշնամին դաւում է խարդախ,
Մեր շահածը մեզ փառաւորում է:
Հայը պանծում է նորոգ յաղթութեամբ,
Թէեւ յօշոտուած, խոցուած կարեւեր,
Բայց հայ պատմութեան սուրբ աւանդութեամբ
Հայն է հայրենեաց տէրը անվեհեր:
Կռում է իր նոր ճակատագիրը
Ազատ ազգերի դաշնութեան շարքում
Ու ներդնում է հայ ազգայինը
Պատուոյ արժանի ընտիր փաղանգում:
Կանգ առէք գաղթի թշուառ փախուկներ,
Ձեր լաւ ապագան հայրենիքում է,
Մի լքէք ձեր սուրբ տունտեղը անտէր,
Ուր ապագան է ձեր ադամանդէ:
Այսօրուայ ցաւը՝ հաճոյքն է վաղուայ
Բոլորն են ջանքով հասնում լաւ բախտի,
Ոչ թէ ստայօդ խոստմամբ հեռակայ
Հայրենիք լքում ոգով տմարդի:
Դարձէ՛ք, դուք գաղթած հայրենափախներ,
Որ ձեր բախտից էք անգիտակ փախչում.
Ժողովուրդ պահէք եւ՛ դու՛ք իշխողնե՛ր,
Մի՛ եղէք տզրուկ, հախռող անզիջում:
Էլ ինչքան պիտի ասել, ատելի
Կեղեքիչներին, գող , կաշառակեր.
Կաշառողն էլ է նոյնքան նողկալի,
Անարժան, անարգ մարդ անպատուաբեր:
Ու ինչոր մի տեղ պիտի կանգ առնի
Այս պաշտօնական կեղծիքն ու սուտը,
Որ հայ աւանդը մնայ պաշտելի
Վերջ գտնի երկրի այս կողոպուտը:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Քալիֆորնիա