Մեզ հետ եւ առանց մեզ

Էգեական ծովի ալիքները խենթ ու խելառ ափին են զարնւում եւ նորից վերադառնում մօր գիրկը, իսկ այդ ալիքներում խենթ ու խելառ մի տղայ՝ Արցախեան սեւահեր մի պատանեակ՝ Ակնաղբիւր գիւղից, խաղում էր ալիքների հետ եւ  իր երազների խարիսխը ձգում. երբեք ծով  չէր տեսել: Մտքում դրել էր իր հայրենիքը շենացնել եւ  այսպիսի մի փոքրիկ ծովակ ստեղծել իր երկրում, որի ափին կը հանգստանար բազմաչարչար իր ծողովուրդը:


Ծովը թեւեր տուեց նրա ձիրքին, տաղանդին եւ այդ երեկոյ  Սիրոս կղզում նա ասմունքեց կարօտ, սէր, հայրենիք, անափ երջանկութիւն, իսկ ամենից շատ՝ մայր: Նրա տողերը յուզիչ էին, որոնք ցնցեցին մեր յունահայ հայրենակիցներին: Մի փոքրիկ տղայ՝ եւ  այդքան հզօր  ներուժ:
Հրա՜շք էր, իսկական երազ…
Երազները խենթ էին նրա նման եւ  տուն վերադարձաւ՝ կապտակոհակ ծովը սրտում:
Եւ այդ ամէնը՝ իր սրտի թրթիռները, հաճելի պահերը, Լեւոնը վստահեց «Լուսայգ»ին՝ իր ընկերոջը, եւ  վստահեց վերջին անգամ:
Լեւոնի առաջին բանաստեղծութիւնը նուիրուած էր առաջին ուսուցչուհուն՝ ընկեր Բելլա Մովսիսեանին.
Առաջին անգամ ես եկայ  դպրոց,
Առաջին անգամ ձեզ բարեւեցի,
Մայրական ժպիտով դուք ժպտացիք ինձ,
Իմ առաջին ուսուցչուհի:
Հեռացաք կեանքից դուք անժամանակ՝
Խոր վիշտ թողնելով մանուկ իմ հոգում,
Սիրելու եմ Ձեզ ընդմիշտ, յաւիտեան,
Իմ առաջին ուսուցչուհի:
Ի՞նչ իմանար դժբախտ մանչուկը, որ հինգ տարուց յետոյ  մօր գրկից կÿանցնի սիրելի ուսուցչուհու գիրկը՝ սերտելու համար կեանքի դաժան դասերը: Կորաւ հայրենիքում սեփական ծովն ունենալու եւ նաւապետ դառնալու նրա երազանքը: Խատուտիկի թերթիկների պէս յօդս ցնդեցին դեռ Յունաստանում ծրագրաւորած նրա գունագեղ երազները:
Լեւոնի հիւանդութեան լուրը ցնցեց յունահայ մեր բարեկամներին, եւ  նրան փրկելու յոյսով Արցախ ժամանեցին  Յունաստանի հայոց թեմի առաջնորդ  Խորէն եպիսկոպոս Տողրամաճեանը  եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախմբի անդամ  Խաչիկ Խաչատրեանը:
«Եթէ  աստեղ է պարոն Խաչիկը  եւ ինձ համար աղօթում է սուրբ հայրը, ուրեմն ես կÿապրեմ, չէ՞ որ նա Աստծոյ մարդ է, իսկ ես դեռ շատ երազանքներ ունեմ ի կատար ածելու»: Ու ժպտաց մեր Լեւոնը լայնաժպիտ ու երջանիկ՝ ապրելու յոյսով: Վերջին ժպիտն էր նրա՝ ինչպէս մայրն էր ասում: Եւ յաւիտեան գոցեց աչքերը փոքրիկ Լեւոնը՝ կոպերի տակ ունենալով ծաղկածիծաղ ու խենթ մի աշխարհ  ու արցունքանշաղախ մի մայր:
Գիտե՞ս ինչքան են ցաւում ու ափսոսում դասընկերներդ ու ուսուցչուհիդ, որ բաց դասը՝ նախատեսուած աշխարհագրութիւնից, մնաց բաց… Չէ՞ որ Յունաստան աշխարհը դու պիտի ներկայացնէիր՝ քեզ հետ բերած գունազարդ նկարներով, պրոշիւրներով, դիդակտիկ պարագաներով: Ոչ ոք քո փոխարէն չհամարձակ- ւեց… «Յունաստան» թեման շրջանցեցին ¨ «բաց» դասը մնաց «փակ» երեխաների համար:
Կրկին վերյիշում եմ այն օրերը, երբ Լեւոնն իր կոնկրետ ու խելոք հարցադրումներով զարմացնում էր յունահայ մեր հայրենակիցներին, եւ  նրանք հպարտութեամբ ասում էին. «Եթէ մի փոքրիկ Արցախ ունի այսքան տաղանդաշատ երեխաներ, ապա նրա ապագան ապահովուած է եւ գտնւում է յուսալի ձեռքերում»:
-Լեւոն, քո անբուժելի  հիւանդութիւնից յետոյ դադարեցրել էինք ամենամսեայ  մեր հանդիպումները Ստեփանակերտում (առանց քեզ էլ ի՜նչ հանդիպում), բայց քո վաղաժամ մահը նորից միաւորեց մեզ՝ վերականգնելու մեր հանդիպումները, նորից վերընթերցելու քո բանաստեղծութիւնները, նորից կիսելու մեր անջնջելի տպաւորութիւնները, եւ  այդ ամէնի խանդավառողն ու ոգին դու կը լինես, որ միշտ երազում էիր միասին տեսնել, համախմբուած լինել, ինչպէս դու էիր ասում.-«Չէ՞ որ աշխարհի այս խառնարանում մենք միասին լինելով կը դիմակայենք ամէն փորձութիւնների»:
- Այո՛, թէկուզ քեզ հետ եւ  առանց քեզ…

ԱՆԱՀԻՏ  ՄԵՍՐՈՊԵԱՆ
Ստեփանակերտի  Ա. Ղուլեանի անուան հ. 2 հիմնական դպրոցի
հայոց լեզուի եւ  գրականութեան ուսուցչուհի