«Երեւանի ժամանակով եմ ապրում, որ շուտ անցնեն օրերը»:
«Ես էլ եմ հիւանդ, երկիրն էլ… առաւօտեան Գերմանիա եմ մեկնում՝ բուժուելու յոյսով: Երկիրն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու…»:
«Բազմակարծութիւնն աննախընթաց աճ է արձանագրել Հայաստանում. բոլորը, բոլոր հարցերի վերաբերեալ, գոնէ մի հատիկ կարծիք ունեն, երբեմն նոյնիսկ երկուսը, երեքը… Մեծ, շատ մեծ ձեռքբերում է…»:
«Երբ պատերազմ է, բանակն է խօսում, երբ ցոյց է՝ ոստիկանութիւնը… Այլ ուժեր չկա՛ն»:
«Հակակարկտային սարքերն աւելանում են, կարկտահարումները՝ բազմանում: Համօ Սահեանը կ՛ասէր՝ ինչո՛ւ է այդպէս…»:
«Այբուբենը սերտելուց անմիջապէս յետոյ երեխաներին պէտք է ցուցադրել, թէ ի՜նչ հրաշք բառեր են կազմւում այդ տառերով, իսկ հրաշք այդ բառերը պէտք է ցուցադրել՝ Բակունց ընթերցելով: Թող որ սկզբում դրանց իմաստը չհասկանան,- կը հասկանան յետոյ,- փոխարէնը կը լցուեն մեր լեզուի գեղեցկութեամբ…»:
«Պաշտպանենք երեխաներին՝ մեծահասակներից»:
«Ճշմարտութիւնն ասելու փոխարէն՝ յիմարութիւններ ենք դուրս տալիս… Ճշմարտութիւնն այն է, որ պատերազմն աւարտուած չէ, նոյնիսկ այս կամ այն ճակատամարտն աւարտուած չէ, իսկ ճակատամարտներում կարող ես նաեւ կորուստ ունենալ՝ բարձունք, դիրք, տարածք: Կորուստը վերականգնել է պէտք եւ ոչ թէ արժեզրկել «անմշակ», «ամայի» պիտակներով: Սա ի՛նչ վերաբերմունք է…»:
«Ինչ հրէշաւոր է «նուազագոյն կորուստներով» արտայայտութիւնը, երբ խօսքը վերաբերում է մարդկային կեանքին…»:
«Ամէն ազգ արժանի է իր իշխանութեանը, բայց ամէն իշխանութիւն արժանի չէ իր ազգին»:
«Հայ տաղանդի ամէն նոր դրսեւորումից յետոյ, մեր արժանապատուութիւնը բարձր պահելու համար, հարկ է, որ մէկ-մէկու ասենք. հիմա, Սաղաթէլ, մնացինք ես ու դու»:
«Անհասկանալի եւ անբնական կը լինէր, եթէ մենք չատէինք թուրքերին, բայց նրա՛նք ինչո՞ւ են մեզ ատում»:
«Ձեր ազգային շահը պիտի աւարտուի այնտեղ, որտեղից սկսւում է մերը»:
«Ուրբաթ օրը, կէսօրին, մի քանի րոպէով, աշխատասենեակիս դուռն առանց կողպելու, կողքի սենեակը մտայ եւ երբ յետ եկայ, աթոռիս թիկնակին գցած գարնանային բաճկոնակս չկար: Գրպաններում անձագիրս էր, բանկոմատի քարտեր, բանալիներ… Գրասեղանին վերջին օրերին նուէր ստացած գրքեր էին դարսուած: Ոչ մի գիրք չէր թռցրել գողը… Տխուր է»:
«Ձեր տղամարդկանց նկատմամբ ներողամիտ եղէք, սիրելի կանայք, նրանք, հիմնականում, յանուն ձեզ են մեղք գործում»:
«Առաջին հայեացքից քեզ վնասակար ճշմարտութիւնը եթէ թաքցնում ես կամ քողարկում՝ հակառակորդդ է շահում: Երբ չես թաքցնում կամ քողարկում՝ հակառակորդդ ինքն է դրանով զբաղւում: Եւ տանուլ է տալիս»:
«Աւագ թոռս՝ Ռուբէնն առնականացաւ, հայացաւ, ճանաչեց իր երկիրը, կինոբեմադրիչ դարձաւ Հայոց Բանակում… Մեր բանակը մէկ-երկու կիսագրագէտ գեներալները չեն: Մեր բանակը՝ մեր զաւակներն են եւ մեր կիրթ, հմուտ սպաները, որոնց, աւաղ, լաւ չենք ճանաչում… Մենք չենք գիտակցում, որ նրանք անհրաժեշտ են ոչ միայն բանակին, այլեւ ողջ հասարակութեանը: Մենք նրանց առջեւ պիտի լայնօրէն բացենք հասարակութեան կիսաբաց դռները… Շնորհաւոր տօնդ, Հայոց Բանակ»:
«Ապշել կարելի է, թէ ինչպէ՜ս է ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆի ներկայութեամբ անամօթաբար ծաղկում տգիտութիւնը եւ անտաղանդութիւնը»:
«Իմ ընկերութիւնից, վերջին մի քանի ժամուայ ընթացքում, դուրս են մնացել 500ից աւելի ընկերներ… Չեմ զարմանայ, եթէ օրերից մի օր ես էլ դուրս մնամ իմ ընկերութիւնից»:
«Քանի օր է փորձում եմ հասկանալ, թէ ինչո՞ւ չէր կարելի ամբողջական, ողջ-առողջ տօնածառ դնել Ազատութեան հրապարակում, իսկ ա՜յ, ջարդուածը կարելի էր: Ինչո՛ւ բարձր տրամադրութեամբ մի-մի թղթէ բաժակ գինով չէր կարելի նշել Ամանորը, իսկ ջարդուած տրամադրութեամբ կարելի էր: Որպէսզի «չի կարելին» դառնայ «կարելի է», ի՞նչ է, անպայման պիտի «ջարդո՞ց» լինի»:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ - «ԵՐԿԻՐ»
(Քաղուած՝ Ռուբէն Յովսէփեանի 2016ի
Ֆէյսպուքեան գրառումներէն)