Յաճախ մեր մշտազբաղ առօրեայում, անշուշտ առանց որոշակի միտումի, աչքաթող ենք անում մեր շրջապատում գոյութիւն ունեցող իրապէս ճանաչման արժանի այն անձանց, որոնք իրենց մեծութեան մէջ պարփակուած՝ համեստօրէն ապրում են մեր կողքին, իրենց ներդրումով
հարստացնում մեր գիտութիւնն ու մշակոյթը, մեր հասարակական հաստատութիւնները եւ նոյնքան համեստօրէն մեր մտերիմները դառնում, առանց պարտադրելու իրենց հսկայութիւնը: Հպարտօրէն պիտի յայտնեմ, որ շատ են այդ անձինք եւ ափսոսանքով յիշեցնեմ, որ գնալով պակասում է նրանց թիւը, կորցնում ենք նրանց, յատկապէս վերջերս, առանց ինչպէս հարկն է ճանաչման:
Հաւանաբար ժամանակն է, թէեւ արդէն մեծ ուշացումով, ծանօթացնենք նրանց մեր հասարակութեանը, չէ՞ որ ի վերջոյ այս անձանց գործունէութեամբ է ձեւաւորւում մեր ազգային դիմագիծը, նրանց միջոցով հիմնադրուեցին ու կեանք առան սփիւռքեան տարբեր կազմակերպութիւններ, հաստատութիւններ: Նրանց ներդրումով զարգացան եւ դեռ զարգանում ու հարստանում է մեր մշակոյթը, գիտութիւնը, մեր ազգային պատմութիւնը:
Սակայն ամէնից աւելին նրանց կենսագրութեան հարուստ ճանապարհն է, որ արժանի է ուշադրութեան: Նրանցից իւրաքանչիւրը իրենց ապրած ժամանակաշրջանի մի հանրագիտարան է, կեանքի հետաքրքիր դիպուածներով լեցուն պատմութիւններով, այլ ժողովուրդների կենցաղի ու սովորութիւնների մեկնաբանութիւններով: Իրենց տարիքի եւ փորձառութեան բերումով նրանք կապում են հին ու նոր սերունդրներին, իրենց մէջ կրելով արդէն պատմութիւն դարձած մի կարեւոր ժամանակաշրջան, ուր հասակ են առել ու ձեւաւորուելմէկ ամբողջ տանջուած սերունդի անմիջական ազդեցութեամբ, գնահատելով նրանց անցած դժոխային ճանապարհը, անտրտունջ, սիրով կիսելով նրանց ապրումները: Նրանցից սովորելով անսահման բարութիւն մարդկութեան, շրջապատի հանդէպ, միաժամանակ անզիջում կեցուածք նրանց կրածի ու կորցրածի հանդէպ:
Դժուար ճանապարհ անցաւ այդ առաջին սերունդը Ցեղասպանութիւնից փրկուածների, որոնք իրենց կեանքի դժուար ճանապարհը միայնակ հարթելով՝ դարձան անուանի եւ, բազում յաջողութիւններով հանդերձ, մինչեւ օրս շարունակում են օգտակար լինել ազգին ու հասարակութեանը:
Իւրաքանչիւր հանդիպումներում, երբ ծանօթանում եմ այդպիսի անձերի, նրանց մարդկային հարուստ էութիւնը, նրանց առողջ մտածելակերպն է, որ հիացնում է ինձ ու բաժանումից յետոյ էլ ստիպում երկար մտածել իրենց մասին:
Այդպիսի անձերից է փարիզաբնակ տոքթ. փրոֆ. Յակոբ Գրգեաշարեանը, որի հետ երկարատեւ իմ մտերմութիւնը թոյլ է տալիս ինձ ներկայացնելու իրեն:
Առանց վիրաւորելու իր չափազանց համեստութիւնը, պիտի փորձեմ գոնէ հակիրճ ներկայացնել իր հարուստ կենսագրութիւնը, քանզի մեր հասարակութեանը անտեղեակ պահելը այսպիսի մի անձի գոյութեան եւ նրա գործունէութեան, իրապէս յանցանք է:
Այս լուսանկարից ձեզ նայողը անդադար նոր ծրագրերով ու նոր մտայղացումներով ապրող ու դրանք իրականացնող, Փարիզի իրարանցումի մէջ իր հանդարտութիւնը երբեք չկորցնող, հայի իր անհատականութիւնը պահող, անսահման բարի 88ամեայ անձն է: Տարիքն ինքնին պերճախօս վկան է իր հարուստ կենսագրութեան եւ յատկապէս հայի կենսագրութեան, ուր կարեւորագոյն տեղ են գրաւում ե՛ւ իր ժողովրդի, ե՛ւ իր ծնողների անցած ճանապարհը: Այո՛, հայի կենսագրութեան էջն եմ թերթում եւ այդ կենսագրութեան մէջ պատուաւոր տեղ է գրաւում Գրգեաշարեանի հաճընցի հայրը՝ Գէորգը, որի ատամնաբոյժ լինելու եւ օսմանեան բանակում, Պաղեստինում, որպէս բժիշկ ծառայելու հանգամանքը, փրկում են նրան տեղահանութիւնից ու կոտորածից: Մայրը՝ Մարին, Ատանացի յայտնի փաստաբան Մէյմարեանների ընտանիքի դուստրն է եղել, որը տարագրուելով մինչեւ Դամասկոս՝ փրկուել է պարզապէս պատերազմի աւարտով:
Գրում եմ այս տողերը եւ միաժամանակ մտածում, եթէ մեր ժողովրդի ճակատագիրը այլ կերպ ընթանար, մեր նախնիները իրենց երկրի հանդէպ մի փոքր աւելի սէր, կապուածութիւն, քաղաքական մտածողութիւն, միասնութիւն ու ճկունութիւն ունենային չկորցնելու մեր երկիրը, այսօր արդեօ՞ք պիտի շեշտէինք հաճընցի հօր եւ ատանացի մօր հանգամանքը, որը ինքնին առանձին բազում շերտերով նիւթ է: Որքան հեշտ պիտի լինէր մեզ համար, առանց խորը ապրումի ու կարօտի, առանց արիւնոտ պատմութեան, պարզապէս յիշեցնէինք մեր ծնողների անունները եւ մեր հողի վրայ մեր ծննդավայրը, ինչպէս երկրագնդի այլ մարդիկ են անում եւ աշխարհը չդառնար մեր քարտէզային բնակավայրը:
Հաճընից ու Ատանայից յետոյ օտար Լիբանան, Պէյրութն է դառնում Գրգեաշարեանի ծննդավայրը, 1928թ, Ապրիլ 13ին:
Սովորաբար Պէյրութում ծնուած, հասակ առածների համար հայերէնի իմացութիւնը այնքան բնական է, որ երբեք չենք հարցնում նրանց կրթութեան աստիճանը: Նոյնը եւ տոքթ. Գրգեաշարեանի պարագային: Ինձ միշտ հիացրել է իր հարուստ ու սահուն արեւմտահայերէնը՝ այլ լեզուների իմացութեան հետ եւ մտքովս չի անցել հարցնելու, թէ ո՞ւր է սովորել հայերէնը: Իր բացատրութիւնը առաւել խորացրեց իմ հիացումը: Նա ընդամէնը յաճախել է իրենց տան մօտի հայկական Հռիփսիմեանց Կաթողիկէ վարժարանի մանկապարտէզը, հազիւ գրաճանաչ դարձել: (Այդ նոյն վարժարանն այսօր Գիւմրիում էլ իր մասնաճիւղն ունի)։ Յետոյ սովորել է ֆրանսական Ֆրերների դպրոցում:
Իր հայերէնի փայլուն իմացութիւնը իր խօսքերով պարտական է հօրը: Հեռատես հայրը որդու հայերէնի իմացութիւնը միայն առօրեայ տնային խօսակցութեամբ չի սահմանափակել: Մանկապարտէզում հազիւ գրաճանաչ դարձած՝ Յակոբը ամէն օր, հեռատես հօր պահանջով, սկզբում հեգելով, սկսել է բարձրաձայն «Ազդակ» կարդալ հօր համար, յետոյ՝ աստիճանաբար սահուն եւ այսպէս տարիներ շարունակ, որի միջոցով էլ յղկել, հարստացրել է ե՛ւ իր բառապաշարը, ե՛ւ նաեւ կապը հայ կեանքի հետ: Յիշեցնեմ, որ հայրը փայլուն հայերէն է իմացել եւ որդուն էլ իր մակարդակին հասցնելու միջոցը այս ձեւի մէջ է տեսել, որն աւելիով արդարացրել է իրեն: Եւ փրոֆեսորը այսօր իր փայլուն հայերէնի իմացութիւնը երախտապարտօրէն պարտական է տեսնում «Ազդակ» օրաթերթին:
Երանի այս օրինակը առիթ հանդիսանար սթափեցնելու այսօրուայ ծնողներին, որ աւելի լուրջ, աւելի հեռանկարային մօտենային իրենց զաւակների հայերէն լեզուի ու պատմութեան իմացութեանը՝ գնահատելով հայ թերթի առաքելութիւնը:
Սակայն այս բացառիկ հօրը չէր վիճակուած իր զաւկի յաջողութիւնը վայելել:
Գրգեաշարեանը 15 տարեկանին կորցրել է հօրը:
Եղեռնից փրկուած հայ գաղթականներով ու որբերով լեցուած խառնաշփոթ Պէյրութի տնտեսական ծանր պայմաններում, դժուար էր առանց հօր ուսում շարունակել: Շատերն են իրենց ուսումը զոհել ընտանիքը պահելու հոգսը իրենց վրայ վերցնելով: Յակոբի պարագային՝ քոյրն է այդ ծանրութիւնը վերցնում իր վրայ եւ ուսուցչութեամբ օգնում է եղբօր կրթութեան շարունակութեան: Որպէս գերազանց ուսանողի՝ Յակոբը բաւական զեղչով եւ երկու տարի աւելի կանուխ աւարտում է ուսումը, այնուհետեւ աւարտում ընդհանուր բժշկութիւն: Մեկնում է Փարիզ, մասնագիտանում Օրթոփետիկ Վիրաբուժութեան մէջ, որը եւ մինչեւ օրս շարունակում է:
Փրոֆեսորի կոչումի արժանացած՝ ետ է վերադառնում Պէյրութ, ամուսնանում բաւական լաւ դիրքի հասած ատանացի յայտնի Նաճարեան ընտանիքի դուստր, մասնագիտութեամբ մանկական հոգեբան Փոլին Նաճարեանի հետ։ 1963թ. Փոլինի հետ միասին, որը նոյնպէս անզուգական անձ է եւ հայ, իրենց նոր ընտանիքի հիմք են դնում Պէյրութում, ունենում են երեք զաւակ, երկու աղջիկ՝ Մարլին եւ Լիզա, որոնք նոյնպէս հետեւում են բժշկութեան եւ մէկ արու զաւակ՝ Գէորգ, որը հետեւում է երաժշտութեան:
Վիրաբուժութեան, ինչպէս նաեւ տարբեր երկրներում՝ Լոնտոն, Քոփէնհակէն, Փարիզ, Գերմանիա, բժշկական խորհրդաժողովների մասնակցելու հետ համատեղ՝ սկսում է իր աշխոյժ հասարակական գործունէութիւնը: 1974թ. Պէյրութում առաջին անգամ իրականացնում է Հայ Բժշկագիտութեան Առաջին Համաշխահային Գիտաժողովը, որը ոչ միայն մեծ իրադարձութիւն էր հայ բժշկագիտութեան մէջ, այլ նոր ուղի եւ հնարաւորութիւն էր ստեղծում աշխարհի տարբեր ծայրերում գործող հայ բժիշկներին իրենց գիտութիւնը փոխանակելու, նաեւ օժանդակելու հայրենի բժշկութեան զարգացմանը: Դժբախտաբար սովետական խստագոյն օրէնքը հայրենի երկրի բժիշկներին զրկում է այդ մեծ իրադարձութիւնից, սակայն գիտաժողովի յաջողութեան արգասիքը դառնում է Հայ Բժիշկների Միութեան ստեղծումը, որը մինչեւ օրս էլ իր գիտաժողովներով շարունակում է գործել եւ որի 10րդ համագումարը տեղի է ունենալու յաջորդ 2017ին Արժանթինի մէջ:
Լիբանանի պատերազմին, տոքթ. Գրգեաշարեանը ինքնակամ, ձրի իր մասնակցութիւնն է ներդնում ոչ միայն հայ, այլ նաեւ պաղեստինցի եւ այլ վիրաւորներին բուժելու: 1976ին Գրգեաշարեան ընտանիքն տեղափոխւում է Փարիզ, ուր շարունակում է աշխատել իր մասնագիտութեամբ՝ ընդհանուր եւ օրթոփեթիք վիրաբուժութեամբ, հրատարակում բազմաթիւ աշխատութիւններ իր մասնագիտութեան եւ փորձառութեան վերաբերեալ: Այժմ աշխատում է Փարիզի Եւրոպայի Միջազգային Բժշկական Կետրոնում որպէս խորհրդատու մասնագէտի:
1988թ Հայաստանի երկրաշարժին անմիջական բժշկական օգնութեան կազմակերպողներից է եղել:
Թւում է, նոր երկրի հեւքը, այն էլ Փարիզի, իր անչափ պատասխանատու մասնագիտութեան, ընտանիքի պատասխանատուութեան հետ մէկտեղ, իրեն պիտի ետ պահէր հասարակական կեանքից, սակայն նրա պրպտող, անհանգիստ էութիւնը պարտադրում է նոր ծրագրեր իրականացնել: 1986թ ստեղծում է «Արարատ Միջազգային Գիտութիւնների Ակադեմիան», Փարիզում, որի ընտրեալ նախագահն է մինչ այսօր:
Այս տարի լրանում է Ակադեմիոյ գործունէութեան 30ամեակը, եւ հպարտօրէն պիտի նշել, որ այս անցած տարիներին Ակադեմիան եռուն գործունէութիւն է ունեցել, բարձրորակ իր գիտաժողովներով, տարբեր նիւթերի քննարկումով, որի հիմնական առանցքը միշտ եղել են հայկական խնդիրները: Այդ ակադեմիոյ պատուաւոր անդամ են աշխարհի անուանի գիտութեան եւ հասարակական գործիչներ: Գիտաժողովներին մասնակցել են տարբեր երկրների գիտութեան ներկայացուցիչներ, անուանի համալսարանների տոքթ. փրոֆեսորներ եւ քաղաքական գործիչներ: Ակադեմիան մեծ ճանաչում ունի ոչ միայն Ֆրանսայի ակադեմական շրջանակում, այլեւ ընդունուած եւ գնահատուած է տարբեր երկրների Ակադեմիաների կողմից, յատկապէս՝ Մոսկուայի, Սանկտ-Պետերսբուրգի, Հայաստանի, Սպանիոյ, Ճափոնի եւ այլոց:
Յաջորդ ամիս, Սեպտեմբեր 5-7ը, Ժնեւի Մ.Ա.Կ.ի հաստատութիւնում «Արարատ» Ակադեմիոյ 2016թ. գիտաժողովն է եւ Ակադեմիոյ ստեղծման 30ամեակը, որին մասնակցում են 50 երկրներից 150 զեկուցողներ: Գիտաժողովի յայտարարութիւնը կը տեսնէք կից:
Փրոֆ. Գրգեաշարեանը պատուաւոր անդամ է 15ից աւելի Գիտութիւնների Ակադեմիաների: Բժշկագիտութեան եւ հասարակական այլ հարցադրումներով հրաւիրուել ու տարբեր լեզուներով ելոյթներ է ունեցել տասնեակ գիտաժողովներում: Մեծարուել ու պատուոյ կոչումների է արժանացել Ֆրանսայի, Մոսկուայի, Իտալիոյ, Պուլկարիոյ, Ռումանիոյ, Հայաստանի գիտութիւնների հաստատութիւնների կողմից: Ֆրանսայի Սենատի կողմից Հումանիտար մեծագոյն մրցանակի՝ Ոսկէ շքանշանի է արժանացել, ինչպէս նաեւ պատուոյ Տոքթորի կոչումի՝ Սանկտ-Պետերսբուրգի Հիմնական Գիտութիւնների Համալսարանի կողմից: Միջազգային Խաղաղութեան Մրցանակի՝ որպէս Խաղաղութեան Դեսպանի, Ամերիկայից:
Իր ներկայացրած զեկուցումները տարբեր գիտաժողովներին այնքան սահուն, առանց կարդալու, իր նիւթին ամբողջովին տիրապետելով, իր այդ տարիքին, պարզապէս հիացումի եւ յարգանքի են արժանի: Ահա թէ ինչո՛ւ պատահական չէ իր այսքան մեծ ճանաչուած, գնահատուած լինելը, այն էլ օտար գիտութեան աշխարհում, ուր մրցակցութիւնը աներեւակայելի է:
Այնքան բազմաշերտ է իր անձը եւ այնքան ծաւալուն իր օգտակար գործունէութիւնը, որ անկարելի է մի թռուցիկ յօդուածով սահմանափակուել:
Աշխարհի այս համատարած վայրագութեան ու մարդկային անտարբերութեան մէջ, ուր խառնուել են չափանիշներն ու արժէքները, 88 տարեկանին դեռ նոր մտայղացումներ, նոր ձեռնարկների ծրագրեր կազմել ի օգուտ մարդկութեան, ապագայ սերունդների բարեկեցիկ ու իմաստալից գոյատեւման, ու ջանք չխնայել դրանց իրականացման համար, միայն հազուադէպ անհատականութիւնները կարող են դա անել եւ այդ անհատականութիւններից մէկը այս բացառիկ տոքթ. փրոֆ. Գրգեաշարեանն է, աշխարհի իրապէս ամենաբարի եւ ամենագործունեայ մեծատառով հայը:
Աւելացնեմ նաեւ, որ իր կինը՝ Փոլինն էլ մեծագոյն բաժին ունի իր ամուսնու այս մեծ յաջողութեանը մէջ: Փոլինը միշտ նրա թիկունքին է եղել, տանը եւ հասարակական գործունէութեան մէջ եւ ընտանեկան հոգսը իր ուսերին վերցնելով ամուսնուն հնարաւորութիւն է տուել անմնացորդ նուիրուելու իր մտայղացումներին ու կոչումին, որի համար անչափ շնորհակալ ենք իրենից:
Մաղթենք այս գալիք Սեպտեմբերի 5-7 գիտաժողովին եւ «Արարատ Ակադեմիոյ» 30ամեակին յաջողութիւններ եւ սիրելի փրոֆեսորին իր բոլոր գալիք ծրագրերին իրականացում:
Դոկտ. Մարի-Ռոզ Աբուսէֆեան - Սան Ֆրանսիսկօ