(Հայ-յունական ռազմական համագործակցութեան մի անյայտ էջ)
Հեղինակը Յունաստանի մօտ Հ.Հ. դեսպանութեան նախորդ ռազմական կցորդ, գնդապետ Սամուէլ Ռամազեանն է, որ երկար տա
րիներ ապրած ու գործած է Աթէնքի մէջ. մասնագէտ է հայ-յունական ռազմական յարաբերութեանց պատմութեան եւ հատորով լոյս ընծայած է այդ կապերու դարաւոր զարգացման մասին իր պատրաստած ծաւալուն աշխատասիրութիւնը:
Դեռեւս 2010թ. Աթէնքում հրատարակուած մեր գրքում («Հայ-յունական ռազմական առնչութիւնների եւ համագործակցութեան պատմութիւն»), հիմնուելով բրիտանական մի վկայութեան վրայ` նշել էինք, թէ բալկանեան պատերազմների աւարտից քիչ յետոյ եղել է Յունաստանից Զէյթուն` Լեռնային Կիլիկիայի մշտապէս ապստամբ շրջան սպառազինութեան առաքման ծրագիր: Ենթադրուել էր, թէ վերոյիշեալը նպատակ էր հետապնդում՝ կանխատեսուող Ա. Համաշխարհային Պատերազմի պայթումից եւ զուգահեռ միանգամայն սպասելի յոյն-թուրքական հակամարտութիւնից առաջ՝ ուշադրութիւն շեղող մի ճակատ ստեղծել Օսմանեան Կայսրութեան բուն տարածքում (անդ, էջ 142):
Խնդրոյ առարկայ հարցին ժամանակին որոշակիօրէն անդրադարձել է յայտնի հայագէտ փրոֆեսոր Իոաննիս Խասիոտիսը: Ընդհանրապէս, «1913 թուականից սկսած յունա-հայկական համագործակցութիւնն որոշակիօրէն աւելի հաստատուն բնոյթ ստացաւ նաեւ Էլեֆթերիոս Վենիզելոսի (1863-1936թթ.) Յունաստանը կառավարելու ժամանակներում» (նոյնը, էջ 27): Սպասուող համաշխարհային պատերազմի օդն արդէն զգալի էր մթնոլորտում. բնականաբար, բոլոր կողմերն էլ համապատասխան պատրաստութիւններ պէտք է տեսնէին:
Բրիտանացիները լաւագոյնս կարողացան իրենց յատուկ ծառայութիւնների գործակալական ցանցի միջոցով նախապատրաստել Օսմանեան Կայսրութեան արաբական տարածքների ապստամբութիւնը, ինչը յաջողութեամբ գործադրուեց արդէն բուն պատերազմի ընթացքում: Ազգային փոքրամասնութիւնների եւ համայնքների օգտագործման բրիտանական քաղաքականութիւնը Մեծ Պատերազմի նախաշեմին վստահաբար չէր կարող շրջանցել հայութեանը: Ուստի, հաւանական է, թէ նման քայլեր պէտք է ձեռնարկուէին, եւ դրանցում պէտք է ներգրաւուէին Անտանտի (Դաշնակիցներ) նկատմամբ լոյալ (հաւատարիմ) տրամադրուած Վենիզելոսի կառավարութիւնը եւ տուեալ պահին հայութեան առաւել կազմակերպուած մարտական ուժն հանդիսացող Հ.Յ.Դ.ն եւ մասամբ նաեւ Ս.Դ.Հ.Կ.ն:
Անկարեւոր չէ յիշատակել, որ տակաւին Ա. Բալկանեան պատերազմի օրերին` 1912թ. Նոյեմբերին, անձամբ վարչապետ Վենիզելոսի հետ, Կիլիկիայում գաղտնաբար հայերին օժանդակելու ծրագրով նամակագրութիւն եւ այնուհետեւ շփումներ է ունեցել յայտնի հայ ազգային գործիչ Միհրան Տամատեանը (Դամադեան, 1863-1945), ով իր «Յուշագրերում» ներկայանում էր որպէս «Հայոց ազգային պաշտպանութեան յանձնախմբի» (բնագրում ֆրանսերէն` Comite Armenien de Defense Nationale) լիազօր ներկայացուցիչ (http://www.venizelosarchives. gr/rec.asp?id=62099): Ակնյայտօրէն խօսք էր գնում թուրքական, ապա քիչ անց նաեւ բուլղարական ճակատները դիմագրաւող Յունաստանին Կիլիկիայում հայկական ճակատի բացմամբ օժանդակելու մասին, սակայն յայտնի չէ, թէ որքանով դա գործնական քայլերի կարող էր վերածուել1:
Ճիշդ է, Հ.Յ.Դ. հետ լուրջ համագործակցութիւն չունեցած եւ աւելին` գրեթէ մշտապէս հակամարտութեան մէջ գտնուած խմբաւորումների ներկայացուցիչ լինելով` Տամատեանն իր ծրագրում Հ.Յ.Դ. հետ կապուած որեւէ տարր չէր կարող նախատեսել: Սակայն չի բացառւում, թէ նաեւ Տամատեանի յամառ դիմումների շնորհիւ յունական ռազմաքաղաքական շրջանակների եւ անձամբ Վենիզելոսի ուշադրութիւնը որոշակիօրէն կարող էր սեւեռուել Կիլիկիայի եւ, ընդհանրապէս, հայկական ուժերին ընդդէմ ընդհանուր հակառակորդի օժանդակելու ուղղութեան վրայ:
Հայկական աղբիւրներում, այնուամենայնիւ, պահպանուել է մի մասնակի վկայութիւն նման գործողութեան անյաջող փորձի մասին:
Մասնաւորապէս, Թիֆլիսում հրատարակուող «Մշակը» 1913թ. Նոյեմբերի 9ի համարում «Հայկական հարցը» ընդհանուր խորագրով հրապարակել է «Գերմանիայի քաղաքականութիւնը Հայաստանում» վերտառութեամբ հետեւեալ բացառիկ տեղեկատուութիւնը.
«Պարիզից հեռագրում են.
«Միջերկրական ծովի գերմանական նաւատորմի հրամանատարը, որ յոյն-թիւրքական բանակցութիւնների լարուած դրութեան րոպէին գերմանական գործակալներից տեղեկութիւն ստացաւ, թէ յունաց մի շոգենաւ զէնքով ու ռազմամթերքով մեկնել է Կիլիկիա՝ հայերին բաժանելու համար, դիմեց այնտեղ, որպէսզի արգելք լինի դրան: Հայերը, ենթարկուելով իրանց հոգեւոր իշխանութիւնների նախազգուշացման եւ առհասարակ չմտորելով ներկայումս ապստամբութեան մասին, չեկան զէնքն ընդունելու համար: Շոգենաւը մօտեցաւ Մէրսինի մօտ ծովափին, բայց չտեսնելով հայերի՝ հեռացաւ:
«Սակայն թիւրքերը՝ յայտնի չէ ինչպէ՜ս՝ իմացել էին շոգենաւի գալստեան նպատակի մասին: Սկսուեց յուզմունք քրիստոնեաների դէմ, երկիւղ ծնուեց, թէ մի գուցէ Ադանայի գազանութիւնները կրկնուեն: Գերմանական ծովակալը անկարող եղաւ կանգնեցնելու կասկածելի շոգենաւը, բայց տեղեկանալով թիւրքերի գրգռման մասին՝ մօտեցաւ Ադանային եւ, այցելելով վալիին, յայտնեց, թէ հայերին սպաննելու դէպքում գերմանական ռազմանաւերը կը ռմբակոծեն Ադանան եւ որ Գերմանիան կը դադարէ պաշտպանել թիւրքերին Ռուսաստանի ծրագիրներից:
«Վալին եւ նրա պաշտօնեաները շտապեցին միջոցներ ձեռք առնելու անկարգութիւնների առաջն առնելու համար…
«Համաձայն յունական տեղեկութիւնների՝ զէնք տարած նաւը պատկանում է մասնաւոր անձի եւ Մէրսինի մօտ նրա երեւալը քաղաքական նշանակութիւն չունի» («Մշակ», թիւ 250, էջ 2) 2:
Ակնյայտ է, որ յունական կողմից որոշակի նախապատրաստութիւն է ընթացել տեղական հայկական ուժերին (Հ.Յ.Դ. կամ Ս.Դ.Հ.Կ. մարտախմբեր, միգուցէ եւ (Տամատեանի ուղղորդմամբ) զէնք-զինամթերքի փոխանցման առումով, ինչը որոշ աղբիւրներով նշւում է մօտ 7 հազար հրացանի չափով (Յովհաննիսեան եւն): Ըստ այդմ, գործողութիւնը քողարկուել է մասնաւոր առեւտրական շոգենաւի օգտագործմամբ՝ յունական պետութեան ներգրաւուածութեան փաստն ի սպառ բացառելու նպատակով:
Յատկանշական է նաեւ, որ նման գործողութեան յունական կողմը դիմել է Բ. Բալկանեան պատերազմի աւարտից յետոյ եւ 1913թ. Նոյեմբերի 14ին Աթէնքում յոյն-օսմանեան խաղաղութեան համաձայնագրի ստորագրման նախաշեմին:
Այնուամենայնիւ, տեղի է ունեցել տեղեկատուութեան արտահոսք յունական կամ հայկական շրջանակներից, ինչից սեփական գործակալական ցանցի միջոցով տեղեկացուել է գերմանական ղեկավարութիւնը, որն էլ իր հերթին կանխարգելիչ նպատակներով, ըստ ամենայնի, տեղեկատուութիւնը փոխանցել է դաշնակից օսմանեան իշխանութիւններին: Վերջիններս, նախ, իրենց կողմից վերահսկուող հայ հոգեւորականութեան միջոցով կանխարգելել են հայկական կողմի որեւէ գործողութիւն, իսկ այնուհետեւ դիմել փորձուած աւանդական միջոցին՝ մոլեռանդ ամբոխների ուժերով հայկական կոտորածներ իրականացնելուն, ինչպէս 1909թ. Ադանայում եւ այլուր:
Գիտակցելով, որ թուրքերն աւելի հեռուն են գնալու եւ նոր հայկական կոտորածները կարող են անպատեհ միջազգային աղմուկ ստեղծել ու միջամտութեան տեղիք բանալ՝ գերմանական հրամանատարութիւնը խստիւ նախազգուշացրել է օսմանեան իշխանութիւններին, ինչն էլ ստիպել է հրաժարուել հայերի դէմ պատժիչ գործողութիւններից:
Յատկանշական է, որ գերմանական ռազմածովային ուժերին ամէն դէպքում չի յաջողուել կանգնեցնել յունական զինատար շոգենաւը եւ կալանել այն, ինչը վկայում է յունական կողմի բաւարար նախազգուշական պատրաստութիւնների մասին:
Բնականաբար, հայերի առնչութեամբ գերմանական կողմի դիրքորոշումը ներկայացուել է ուռճացուած կերպով: Ակնյայտ է, որ Ա. Համաշխարհային Պատերազմի պայթումից քիչ առաջ օսմանեան-գերմանական դաշնակցութիւնը տուեալ դէպքում դրսեւորուել է լիակատար կերպով, եւ վիժեցուել է հայ-յունական (ըստ ամէնայնի, բրիտանական ներգրաւմամբ) գաղտնի գործողութիւնը3:
Մենք յաւելեալ փաստեր, ցաւօք, չունենք նման ծրագրի գործադրման մասին: Սակայն ենթադրելի է, թէ Կիլիկիայի առումով սպառազինութիւնը Յունաստանից ծովային ճանապարհով կարող էր հասցուել այդ ժամանակ բրիտանական գաղութ հանդիսացող Կիպրոս, ապա՝ Հ.Յ.Դ.ի հետ գաղտնի գործակցութեամբ, փոխադրել նշանակման վայրեր պահեստաւորման:
Հնարաւոր խմբաքանակի փոխադրման մասին հայկական աղբիւրներն ամէն պարագային չեն յիշատակում: Նմանապէս յայտնի չէ որեւէ դէպք, երբ տեղահանութիւնից եւ ջարդերից առաջ հայ բնակչութիւնից զէնք-զինամթերք բռնագրաւող թուրքական ուժերին յաջողուել է տիրանալ որեւէ լուրջ աւարի: Որեւէ տեղ լուրջ սպառազինութեան առկայութեան պարագային հայերն հիմնականում դիմում էին ինքնապաշտպանութեան:
Եթէ մեծ տէրութիւնների համար սպառազինութեան փոխանցումը զուտ մարտավարական խնդիրներ էր հետապնդում` ուշադրութիւն շեղող դիմադրական օջախների ստեղծմամբ, ապա հայերի պարագային այն կենաց-մահու խնդիր էր:
Որոշ տուեալներ, այնուամենայնիւ, թոյլ են տալիս ենթադրելու, թէ Յունաստանից, նման օժանդակութիւն, իրօք, յատկացուել է հայկական ուժերին:
Մասնաւորապէս, 1915թ. Յուլիսի 21ից Սեպտեմբերի 12ը տեւած Սվեդիայի շրջանում` Մուսա Լերան (Մովսէսի Լերան, արաբ.` Ջեբէլ-Մուսա) հերոսական ինքնապաշտպանութեան հիմնական հրաձգային զէնքն, ըստ յուշագիրների, կազմում էին ֆրանսական 133 միաւոր «Գրա» («Gras») հրացանները, որոնք անխտիր բոլոր աղբիւրներում յիշատակւում են իբրեւ «յունական» (Իսկէնտէրեան՝ էջ 48, Տէր-Գալուստեան՝ էջ 11, Պուրսալեան՝ էջ 44, 66, 97, «Հերոսապատում՝» էջ 291 եւն):
«Գրա» հրացանները ժամանակին բաւական յայտնի էին, քանի որ ամբողջացրել էին մինչ տուեալ ժամանակահատուածը բացայայտուած բոլոր լաւագոյն ձեռքբերումները: Հրետանու գնդապետ Բազիլ Գրայի (Basile Gras) մշակած համակարգով դրանք առաջին անգամ թողարկուել են 1874թ., ապա մշտապէս արդիականացուել, ինչպէս 1884-85թթ., եւ սարքաւորուել մինչեւ 9 փամփուշտ կրելու հնարաւորութիւն ունեցող պահունակով:
Ընդսմին, թողարկուել են հետեւակային, հեծելազօրային, ժանդարմական եւ «շտուցեր» տարբերակները, առաջին տարբերակի երկարութիւնն առանց սուինի 1305 սմ. էր, սուինով` 1827 սմ., ընդհանուր քաշն (առանց սուին)` 4200 գ., փամփուշտի տրամաչափը` 11 մմ., քաշը` 25 գ., սկզբնական արագութիւնը` 450 մ. վայրկեանում, հրաձգային արագութիւնը` մինչեւ 30 կրակոց 1 րոպէում: Իր ժամանակի համար «Գրա»ն գերազանցում էր յայտնի «Մաուզեր»ներին եւ «Բերդան»ներին` սկզբում արտադրուելով միայն Ֆրանսիայում, Manufacture d՚armes de Saint-Etienne ձեռնարկութեան կողմից, իսկ հետագայում, մասնաւորապէս, յունական բանակի համար` Աւստրիայում, Steyrի կողմից:
Ռուս մասնագէտների գնահատմամբ եւս, ֆրանսիական աշխատանքը գերազանում էր ոչ միայն ռուսականին՝ Բերդանի հրացանների առումով, այլեւ՝ գերմանականին, եւ ոչնչով չէր զիջում անգլիականին:
Ֆրանսիական բանակում «Գրա»ն ընդունուել է 1874թ., ապա մի քանի տարբերակների փոփոխութիւններից յետոյ 1886թ. հանուել բանակի սպառազինութիւնից` իր տեղը զիջելով առաւել արդիականացուած «Լեբել»ին եւ փոխանցուել գաղութային ու օժանդակ զօրամասերի, պահեստաւորուել զօրահաւաքային ռեզերվի (պահեստ) համար: «Գրա» հրացանների խոշոր խմբաքանակ Ֆրանսիայից Ա. Համաշխարհային Պատերազմի տարիներին ստացել է ռուսական բանակը` մօտ 555 հազար հատ, որոնք հետագայում օգտագործուել են քաղաքացիական պատերազմի ընթացքում, իսկ Բ. Համաշխարհային Պատերազմի սկզբին բաժանուել ժողովրդական աշխարհազօրին եւ օժանդակ պահակային ծառայութիւներին: Միեւնոյն հրացանները գործածուել են նաեւ Սերբիայի, Չիլիի, Եթովպիայի բանակներում, ինչպէս նաեւ Իսպանիայի հանրապետական ուժերում:
Յունական բանակում «Գրա»ն ընդունուել է 1877թ., «τυφέκιο Γκρα» անուանմամբ, աւելի քան 60 հազար միաւոր ստացուել է աւստրիական թողարկմամբ: Տուեալ հրացանները մինչեւ Բ. Համաշխարհային Պատերազմը եղել են զօրահաւաքային ռեզերվում, օգտագործուել նոյնիսկ 1941թ. Կրետէի պաշտպանութեան ժամանակ, ապա՝ գերմանական նուաճման ընթացքում առգրաւուել եւ յանձնուել օժանդակ ոստիկանական եւ պահակային ստորաբաժանումների` ստանալով Gewehr 306(g) և Karabiner 561(g) անուանումները: Հրացանն այնքան սիրուած է եղել յոյն զինուորների եւ, մանաւանդ, պարտիզանների (մարտականներ) շրջանում, որ դրանից կազմուած «γκράδες» բառն անցել է նոր յունարէնի բառապաշար:
Խնդրոյ առարկայ ժամանակահատուածում, այն է` Բալկանեան պատերազմներից յետոյ, յունական բանակը, բնականաբար, արդէն վերազինուել էր ֆրանսիական «Լեբել»ներով: Միանգամայն հնարաւոր էր, որ պահեստաւորուած հրացաններն յոյն-բրիտանական գաղտնի գործողութեան ծրագրով կարող էին փոխանցուել Օսմանեան Կայսրութեան տարածքում գաղտնի գործող հայկական մարտախմբերին եւ արդէն պահեստաւորուել տեղերում: Հաւանական է թւում, թէ հրացանների խմբաքանակ Յունաստանից կարող էր հասցուել բրիտանական գերիշխանութեան ներքոյ գտնուող Կիպրոս, ապա գաղտնի ծովային ճանապարհներով (բացառուած չէ, նաեւ սուզանաւերով)` Սուեդիայի լեռնային տարածաշրջան:
Նման գործողութիւններ Ա. Համաշխարհային Պատերազմի ընթացքում արդէն բոլոր կողմերն էլ իրականացնում էին` փորձելով դիմադրական եւ ապստամբական օջախներ ստեղծել հակառակորդների տարածքում: Յայտնի են գերմանական հրամանատարութեան գաղտնի գործողութիւնները Մեծն Բրիտանիայում իրլանդական շարժումների հրահրման նպատակով, ինչի արդիւնքում, մասնաւորապէս, 1916թ. Ապրիլին Դուբլինում «Զատկական ապստամբութեան» աջակցութեան համար սուզանաւով փորձ է արուել փոխանցելու զգալի քանակութեամբ զէնք-զինամթերք՝ որպէս ռազմավար վերցուած 20 հազար ռուսական «Մոսին» հրացան եւն:
Նոյն կերպ 1914-15թթ. գերմանական հրամանատարութիւնը բազմիցս գործողութիւններ է ձեռնարկել բրիտանական Հնդկաստանում ապստամբութեան հրահրման նպատակով, կրկին անյաջող փորձ արել սուզանաւով հնդիկ յեղափոխական ուժերին մեծաքանակ սպառազինութեան փոխանցման համար՝ մօտ 10 հազար հրացան, 4մլն. փամփուշտ եւն: Յամենայն դէպս, ինչպէս վերն արդէն նշուել է, հրապարակում եղած հայկական աղբիւրներն առայժմ լռում են հայկական ուղղութեամբ դաշնակիցների ձեռնարկած հնարաւոր նմանօրինակ գործողութիւնների մասին:
Հայ յուշագիրների մեծ մասի վկայութեամբ, «յունական» հրացանները Սուեդիա հասցուել էին Հ.Յ.Դ. խողովակներով:
1908 թ. յետոյ տեղում արդէն գործում էր «Փոթորիկ» մարտախումբը, որը դարձաւ Հ.Յ.Դ. կազմակերպչական կորիզը: Յուշագիրներից Յովհաննէս Բուրսալեանը, նկարագրելով տուեալ խմբի հիմնադիր դաշնակցական գործիչ Անանիա Վիրաւորեանի (Եարալեան) գործունէութիւնը` նշում է.- «Ժողովուրդը սիրով կ’ընդառաջէր իր քարոզներուն ու կը սկսէր կամաց-կամաց ինքնապաշտպանութեան միջոցներուն վրայ խորհիլ, գիտակցելով զէնքի ունեցած կարեւորութեան եւ անհրաժեշտութեան: Ճէպէլ-Մուսայի զուտ հայաբնակ շրջանը զէնք ներմուծելու խիստ դժնդակ ու վտանգաւոր գործը վիճակուած էր Հ.Յ.Դաշնակցութեան, ինչպէս ամէնուրեք: «Հ.Յ.Դաշնակցութիւնը առած էր սկզբնական քայլը, որուն հետեւեցաւ նաեւ ժողովուրդի որոշ մէկ խաւը, օր մը Սուէտիոյ հայութիւնը ազատագրելու համար» (Պուրսալեան, էջ 10):
Ակնյայտօրէն նախապատրաստական կազմակերպչական աշխատանքը տեղում լաւագոյն հիմքերի վրայ է դրուած եղել, ինչն էլ ապահովել է արդիւնաւէտ զարգացումները.- «Սուէտահայը արդէն, 1908էն ի վեր… սկսած էր լրջօրէն մտածել ինքնապաշտպանութեան միջոցներուն վրայ, որով օր մը պիտի ազատագրուէր շնորհիւ Դաշնակցութեան եւ իր համախոհներուն հայթայթած զէնքերուն, այդ յաւէտ օրհնեա՛լ գործիքներուն» (անդ, էջ 37-38):
Ականատեսների վկայութեամբ, «դէպքերու նախօրեակին արդէն Դաշնակցութիւնը կը հանդիսանար պատկառելի ուժ մը եւ կրնանք ըսել, որ ինքը եղաւ այդ ապստամբութեան ոգին: Անոր առաջին գործը եղաւ ժողովուրդը զինել արդիական զէնքերով: Դժբախտաբար, երբ դէպքերը սկսան, այդ գործը դեռ չէր ամբողջացած» («Հերոսապատում», էջ 290):
Այլ տեղում ուղղակի մատնանշւում է զէնքերի պահեստաւորման հանգամանքը. «Բարեբախտաբար, երբ Դաշնակցութիւնը մուտք գործեց այդ շրջանին մէջ, անոր առաջին գործը եղաւ ապահովել արդիական զէնքերու պահեստ մը (ընդգծումը մերն է - Ս. Ռ.), այս պարագային յունական Կրա զէնքեր…» (անդ, էջ 299):
Մուսա Լերան ինքնապաշտպանութեան զինուորական ղեկավար («զինուորական ընդհանուր վերահսկիչ») Մովսէս Տէր-Գալուստեանի (Ա. Լէյլանի) յուշերի համաձայն՝ «յունական» հրացանները բերուել էին Հ.Յ.Դ. Սվեդիայի Ենթակոմիտէի միջոցով (Տէր-Գալուստեան, էջ 11): Մասնակիցներից Յովհաննէս Բուրսալեանը, բացի Սվեդիայից, նշում է նաեւ Հ.Յ.Դ. Քեսապի Ենթակոմիտէն (Պուրսալեան, էջ 44):
Այլ աղբիւրների հաղորդմամբ՝ եղել է աշխատանքի որոշակի բաժանում՝ Քեսապի Հ.Յ.Դ. Կոմիտէն պէտք է հայթայթէր զէնքերը, իսկ Մուսա Լերան դաշնակցական կազմը ստանձնէր փոխադրութիւնը:
«Զէնքի մաքսանենգութեամբ զբաղելու համար, նկատի առնուեցան քանի մը յանդուգն եւ նուիրեալ դաշնակցական եւ Դաշնակցութեան հետ գործակցող երիտասարդներ: Գործը սկսաւ ընթացք առնել: Տակաւ առ տակաւ սկսաւ զէնք ու զինամթերք հասնիլ»: Հետաքրքիր է, որ տուեալ երիտասարդներից էր «Սուէտիոյ առիւծը»` Մուսա Լերան հետագայ ինքնապաշտպանութեան նահատակ հերոս Յակոբ Կարագեոզեանը, ով առաւել յայտնի էր յունական ծագում ունեցող «Ըլլէօն» մականուամբ:
Ահա եւ դէպքերի մասնակցի ծանուցումը. «Ըլլէօն յունարէն բառ է, որ կը նշանակէ առիւծ: Ընկերոջ անունը, երկար տարիներ, ահ ու սարսափի մէջ թողուցած էր շրջակայ թուրք եւ ֆելլահ բնակչութիւնը» (Պուրսալեան, էջ 46)4: Բացառուած չէ, թէ սա էլ յոյների հետ ունեցած գործակցութեան հեռաւոր արձագանգներից է:
Պէտք է ենթադրել, որ հէնց 1908թ.ից էլ սկսուել է տուեալ հրացանների գաղտնի փոխադրութիւնը տարածաշրջան: Արդէն իսկ 1909թ. Ապրիլին, Կիլիկիայի ջարդերի ժամանակ, Սիսին մերձակայ Կարս-Բազար գիւղաքաղաքի ինքնապաշտպանութեան դիմած հայերի զէնքերի թւում յիշատակւում են «յունական հրացանները» (Գասարճեան, էջ 37): Ինքնապաշտպանութեան Հ.Յ.Դ. ղեկավարներից Աշոտ Գասարջեանի հաղորդմամբ, «լաւագոյն զէնքը, որ ունէինք, յունական կրա հրացաններն էին, դժբախտաբար անոնցմէ ալ հազիւ վեց հատ ունէինք, շատ քիչ փամփուշտով» (անդ, էջ 40):
Ընդհանրապէս, 1909թ. դէպքերը որոշ զգաստացնող հանգամանք ունեցան Կիլիկիայի եւ շրջակայ հայութեան համար: Ականատես Վահէ Թաշջեանի վկայութեամբ՝ «Ատանայի հակահայ կոտորածը հայերը զգաստութեան մղած էր եւ ամրապնդած էր այն միտքը, որ նոր կարգերուն տակ կեանքի ապահովութիւնը երբեք ալ երաշխաւորուած չէր։ Այս պայմաններուն մէջ, հայկական կուսակցութիւնները՝ Դաշնակցութիւնն ու Հնչակեանները, կը նախաձեռնեն ամբողջ այս տարածքներու մէջ հայերու ընդհանուր զինումին։ Այնպէս, ինչպէս հայաբնակ բազմաթիւ այլ քաղաքներու եւ գիւղերու, Խարբերդի մէջ եւս մեծ թափ կ՚առնէ զինումը» (Թաշճեան): Յատկանշական է, որ Խարբերդի պարագային եւս յիշատակւում է միեւնոյն զէնքը. «Զէնքերը կը բերուէին Պոլիսէն կամ փախստական ձեւով կը գնուէին Հիւսէյնիկի օսմանեան զօրանոցէն։
Անոնք ընդհանրապէս յունական արտադրութեամբ «կրա» կամ գերմանական «մաուզէր» տիպի հրացաններ էին» (անդ)։ Միեւնոյն հրացանը հայ ինքնապաշտպանական խմբերի զինանոցում բազմիցս յիշատակում է նաեւ Այնթապի տեղագիր Գէորգ Սարաֆեանը՝ նշելով, թէ զէնքերն, ընդհանրապէս, հասցւում էին Հալէպից եւ Պէյրութից: Գործի անմիջական Հ.Յ.Դ. պատասխանատուներից Ներսէս Յակոբեանը (Մահտեսեան) վկայում է. «Հալէպէն եւ այլ հեռաւոր վայրերէ գնուած զէնքերը մեզի սուղ կþարժէին: Դժբախտաբար մեր ձեռք անցուցածներն ալ լաւագոյնները չէին, կամ ռուսական սիւրմէլի, կրա, կամ մարթին, մաուզէր տասնոցներ եւ րիվօլվէրներ էին, որոնք այդ օրերուն մեզի կþարժէին միջին հաշուով վեցէն ութը հնչուն ոսկի» (Սարաֆեան, էջ 967):
Մէկ այլ առիթով կրկին նշւում է միեւնոյն գինը՝ կոնկրետ (որոշակի) «Կրա» հրացանի մը համար». «Երեք ոսկիի կը ծախեն, երբ դուրսը վեց ոսկիի դժուար էր գտնել» (անդ, էջ 983): Սարաֆեանի վկայութեամբ եւս՝ զէնքերը Այնթապ էին հասցւում Հալէպից եւ այլ վայրերից, դաշնակցական եւ հնչակեան գործիչների միջոցով. «Անոնցմէ շատ առաջ, նոյն իսկ Սահմանադրութենէն առաջ, Այնթէպ գաղտագողի զէնք կը փոխադրէր դաշնակցական Եագուպ Դանիէլեան, վտանգելով իր ու նաեւ իր ընտանիքի անդամներուն կեանքը: Բարեբախտաբար Թուրքերը չթափանցեցին Պէյրութէն Այնթէպ զէնք փոխադրելու գործառնութեանց գաղտնիքին: Այնթէպցի երիտասարդները կը զինուէին պարզապէս ինքնապաշպանութեան նպատակով:
Ուրիշ երիտասարդներու կարգին, ես ինքս ալ Եագուպ Դանիէլեանէն գնած եմ գերմանական մաուզէր մը, կրա մը, վեցհարուածեան մը եւ երկփող հրացան մը» (անդ, էջ 1008): Նշուած զէնքերը Սարաֆեանը գնել է մինչ 1910թ. իր Ա.Մ.Ն. մեկնելը, ինչը համընկնում է միւս յուշագիրների տեղեկութիւններին, այն է՝ 1908թ.ից սկսած եւ մինչեւ 1909թ. Ադանայի ջարդը:
Ըստ այդմ, ակնյայտ է, որ «Գրա»ն տուեալ ժամանակահատուածում բաւական յայտնի եւ փնտռուած զէնք էր տարածաշրջանում, ընդ որում, հայթայթման առումով այն մրցակցում էր գերմանական մաուզէրների եւ ռուսական մոսինների հետ:
Աւելի ուշ «յունական հրացանները» յիշատակւում են նաեւ Պոնտոսում գործող հայ-յունական մարտախմբերի գործունէութեան եւ 1915թ. Շապին-Կարահիսարի ինքնապաշտպանութեան առնչութեամբ (Եսայեան, էջ 79, «Հերոսապատում», էջ 153):
Եթէ աղբիւրների մեծ մասում Մուսա Լերան «Գրա» հրացանների թիւը նշում է 130-133ի սահմաններում (Իսկէնտէրեան, էջ 48, «Հերոսապատում», էջ 291 եւն), ապա՝ Բուրսալեանի մօտ «մեր գործածած պատերազմական ամենակարեւոր զէնքերը» հաշւում են ընդամէնը 114 միաւոր (Պուրսալեան, էջ 97): Այլ աղբիւրներ թիւը նշում են մօտաւոր` «շուրջ 100», վեր. Տիգրան Անդրէասեանը` 95 «Յունական Կրա»ներ (Անդրէասեան, էջ 41, 63): Վերջինիս հաղորդմամբ, «Իւրաքանչիւր Կրա 30-120 փամփուշտ ունէր» (անդ, էջ 41): Դէպքերի, թերեւս, առաջին արձանագրող եւ ինքնապաշտպանութեան ղեկավարներից Յաբէթ Իսկենդերեանն առաւել հաւաստի տեղեկատուութիւն է նշում. «Կրաներէն իւրաքանչիւրին համար, իրարու վրայ հազիւ 60-70 փամփուշտ կարելի էր հաշուել» (Իսկէնտէրեան, էջ 48): Ըստ այդմ, «Գրա» հրացանների զինապաշարը կարելի է գնահատել առաւելագոյնը մօտ 8000-9000 փամփուշտի սահմաններում5:
Այս եւ մնացեալ բոլոր յուշագիրներն էլ հրացանների ծագումն աներկբայօրէն յունական են համարում: Նոյնիսկ ինքնապաշտպանութեանն ականատես տարեց մուսալեռցիներից գրառուած յուշերում, անպայման նշւում են «յունական զէնքերը»6:
Բացի «Գրա»ներից, մուսալեռցիների տրամադրութեան ներքոյ կային 6 խզակոթաւոր մաուզէր, միափող եւ երկփող «250-300 որսի պարզ հրացաններ» (անդ): Վերոյիշեալի առթիւ պահպանուել է դէպքերի անմիջական մասնակից եւ առաջին արձանագրող Իսկենդերեանի դառը խոստովանութիւնը. «Ամբողջ մեր զէնք կրցող գործածողներու թիւը 700-800 միայն հազիւ կուգար, որոնց հազիւ 400-500ը կրցած են կռուի մասնակցիլ զէնքի անբաւականութեան պատճառաւ…
Որսի հրացանները, արդէն իսկ պատերազմի համար անկարեւոր՝ անձրեւ եկած ժամանակ անգործածելի կը դառնային: Նաեւ նկատի եթէ առնուի լերան միշտ մշուշապատ վիճակը՝ անձրեւ եկած ատենուան պէս խոնաւութիւնը, այն ժամանակ կարելի է մտածել, թէ ինչպէ՞ս կը մղուէին պատերազմները անհաւասար ուժերու դէմ: Եթէ բաւականաչափ կանոնաւոր զէնք ունենայինք, կարելի է երեւակայել, թէ ինչպէ՜ս հրաշքներ կրնայինք գործել» (անդ): Հետագայ մարտերի ընթացքում մուսալեռցիների աւարը հիմնականում պայմանաւորուած էր զինամթերքով, բացառութիւն է կազմում հակառակորդի ոչնչացուած ուժերից 7 միաւոր «մաուզէր» կարգի հրացանների տիրանալը (անդ, էջ 23):
Ամէն պարագային ծովափնեայ հատուածներում գործող երկու Կոմիտէների յիշատակութիւնն առաւել հիմնաւորում է ծովային ճանապարհով զէնքերի ստացման վարկածը: Միւս կողմից ակնյայտ է, թէ բանակային պահեստներից նման պատկառելի թուով զէնքերը չէին կարող հայթայթուել զուտ մաքսանենգ ճանապարհներով, այլ արդիւնք էին արտաքին շահագրգիռ ուժերի հետ խորը քողարկուած գաղտնի համագործակցութեան: Եւ քանի որ բոլոր ականատեսներն էլ ֆրանսիական (նաեւ աւստրիական արտադրութեամբ) հրացաններն անվարան յունական են անուանում, ուստի խօսքը կարող է վերաբերուել միմիայն յունական բանակի պահեստներին:
Ընդունուած գործելակերպ է, երբ երրորդ ուժերին գործող բանակի զօրահաւաքային ռեզերվի համար պահեստաւորուած առաւել նախընթաց սպառազինութիւնն է յանձնւում: Ճիշդ է, թէեւ հրացաններն արդէն հանուել էին ֆրանսիական եւ այլ բանակների զինանոցից, անգամ 1885թ. արդիականացուած տարբերակն էլ արդէն հին էր համարւում, այնուամենայնիւ, մուսալեռցիների ունեցած աւելի հին եւ որսորդական զէնքերի համեմատ, դրանք, իհարկէ, առաւել արդիական էին:
Ինչպէս գրում է Հ. Բուրսալեանը, «Սուէտիոյ հայ ժողովուրդը, յոյսը դնելով իր հնամենի եւ մաս մըն ալ նոր զէնքերուն վրայ, հրացանը ձեռին` հերոսական մահը դիմագրաւելու որոշումով, կամաց-կամաց կը դիմէր դէպի Ճէպէլ-Մուսայի բարձրաբերձ կատարները» (Պուրսալեան, էջ 35):
1915թ. Օգոստոսի 7ից սկսուած մարտերի ընթացքում ինքնապաշտպանութեան ղեկավարները եւ մարտիկները բազմիցս զգացել են «Գրա»յի մարտական կիրառման առաւելութիւնները: Այսպէս, բարձր է գնահատուել հրացանի դիմացկունութիւնը տեղական եղանակային պայմաններում. «Բարեբախտաբար… յունական կրա հրացանները չէին վնասուեր անձրեւէն, եւ ի վիճակի էին միշտ կրակելու» (Տէր-Գալուստեան, էջ 11):
«Անդադար տեղացող անձրեւը մեծ մասամբ անգործածելի դարձուցած էր հասարակ չիֆթէ {երկփող} եւ թէք {միափող} հրացանները: Անոնց բերաններէն կաթիլ-կաթիլ կը ծորար ջուրը: Թրջուած էր նաեւ վառօդը: Միա՜յն, բարեբախտաբար… յունական Կրա հրացանները վնասուած չէին անձրեւէն… Այդ օրհնեալ զէնքերը տեղն ու տեղը կը կատարէին իրենց փրկարար գործը, կործանելով հակառակորդին կեանքերը» (Պուրսալեան, էջ 44):
Միաժամանակ նշւում են մարտական պայմաններում նկատուած որոշ թերութիւններ, ինչից հասկանալի է, թէ փոխանցուել են նախընթաց շրջանի հրացաններ. «Թշնամին անդադար կը ռմբակոծէր մեր դիրքերը… Մեր կողմէ արձակուած իւրաքանչիւր գնդակին անմիջապէս կը յաջորդէին թնդանօթի ռումբերն ու մաուզէրի գնդակները, որովհետեւ մեր զէնքերուն ծուխը գուլայ-գուլայ վեր կը բարձրանար: Անծուխ զէնք ունէինք միայն գոնտագլի {խզակոթաւոր} մաուզէրներ: Մեր ունեցած ամենակարեւոր զէնքերը` յունական կրաները ծխաւոր էին, որովհետեւ անոնց փամփուշտները հասարակ վառօդով լեցուած էին: Այս ալ տեսակ մը մատնիչի դեր կատարեց բոլոր կռիւներու ընթացքին» (անդ, էջ 66): Միեւնոյնը նշւում է նաեւ Անդրէասեանի մօտ (Անդրէասեան, էջ 63): Վերջինիս հաղորդմամբ, «կրաներուն ալ մեքենականութիւնը անձրեւէն վնասուած ըլլալով գործածութիւնը դժուարացած էր» (անդ, էջ 64):
Ինչեւէ, նշուած հրացաններն էին ամէն պարագայի կազմում մուսալեռցիների ինքնապաշտպանութեան խմբերի հիմնական հրաձգային հարուածային ուժը, ինչի շնորհիւ անհամեմատ առաւել մեծ թւով հակառակորդը տեղի տուեց լեռնային տեղանքում: Անզօր եղան նաեւ թուրքական թնդանոթները, քանի որ մուսալեռցի դիպուկահարները վստահաբար միեւնոյն զէնքերի նշանառու կրակով կարողանում էին ոչնչացնել եւ շարքից հանել դրանց սպասարկող անձնակազմն ու հրետանաւոր սպաներին:
Աւելին, նրանց հեռու տարածութիւնից անվրէպ կրակով յաջողւում էր ոչնչացնել նաեւ յարձակման ազդանշան տուող փողհարներին` այդ կերպ խափանելով հակառակորդի առաջխաղացումը եւ, ընդհանրապէս, կանոնաւոր տեղաշարժները: Թուրքական հրամանատարութիւնն ի տես այս ամէնի յայտարարել էր.- «Մեր դէմ կռուողները կրնան ասեղի ծակէն անցնել գնդակը» (Պուրսալեան, էջ 72): Իսկենդերեանի վկայութեամբ, թուրք հազարապետ-հրամանատարը (իմա՝ մայոր Ռիֆաթը, 131րդ վաշտի հրամանատար) Սվեդիայում յայտարարել էր. «Ապստամբ հայերը շատ քաջ նշանառուներ են, ասեղ մը թէ որ ձեռքդ բռնես, ասեղը կը զարնեն» (Իսկէնտէրեան, էջ 23):
Մարտերի ընթացքում հրամանատարութեան կազմաւորած թռուցիկ («չէթէական») 3 խմբերը, որոնք հիմնականում օգտագործւում էին հակառակորդի առջեւ ընկրկած խմբերի արագ օժանդակութեան եւ հակագրոհների կազմակերպման համար, «կը կրէին մեր լաւագոյն զէնքերը» (Անդրէասեան, էջ 71):
Լաւագոյնս կարողանալով պաշտպանուել` 53 օր անց` Սեպտեմբերի 12ին մուսալեռցիները տարհանուեցին օգնութեան եկած 5 ֆրանսիական մարտանաւերով եւ տեղափոխուեցին անգլիական գերիշխանութեան ներքոյ գտնուող Պորտ Սայիդ (Եգիպտոս): Հակառակորդի 800ից (այլ աղբիւրներով՝ 1000ից) աւելի զոհերի դիմաց հերոսական ինքնապաշտպանութեան ժամանակ զոհուեց 18 հայ մարտիկ, փրկուեց շրջակայ 7 հայկական գիւղերից տեղում ապաստանած 4158 հայ:
Մենք միայն կարող ենք պատկերացնել ֆրանսիացի զինուորականների անկեղծ զարմանքը, երբ մարտանաւերի վրայ ընդունում էին իրենց իսկ «հարազատ» հրացաններով զինուած երէկուայ գիւղացիներին` ինքնապաշտպանութեան հերոս մարտիկներին:
Մէկ տարի անց Կիպրոսի Մոնարկա բնակավայրում նրանք մօտ 600 մարտիկներով դեռ պիտի կազմեն Արեւելեան Լեգէոնի կորիզը, ապա վերածուելով Հայկական Լեգէոնի արդէն ֆրանսիական ծառայութեան անցած եւ հետագայում բրիգադի գեներալի կոչում ստացած Մովսէս Տէր-Գալուստեանի հրամանատարութեամբ պիտի մասնակցեն Պաղեստինի ճակատում մղուած մարտերին, հերոսաբար գրաւեն Արարայի բարձրունքները եւ ազատագրեն Պաղեստինը, Սիրիան ու Լիբանանը7:
Ամէն դէպքում, ժամանակին Յունաստանից հասցուած հրացանների նշանակութիւնն անգնահատելի էր, ինչն իր հերթին հանդիսացաւ մուսալեռցիների յաղթանակը պայմանաւորող կարեւոր գործօններից մէկը:
Կարելի է մտածել, թէ մուսալեռցիների մօտ յայտնուած «յունական» հրացանները դեռեւս չէին ներկայացնում այն ողջ խմբաքանակը, որ գաղտնաբար առաքուել էր Յունաստանից: Մասնաւորապէս, 1915թ. Յունիսին Շապին-Կարահիսարի ինքնապաշտպանութեան հայ մարտիկների զէնքերի թւում կրկին յիշատակւում են «յունական հրացաններ», առանց, սակայն, մասնաւոր յստակեցման («Հերոսապատում», էջ 153 եւն): Ամէն պարագայի, վստահաբար խօսքը կրկին «Գրա» հրացանների մասին է, քանի որ տուեալ ժամանակահատուածում յունական արտադրութեան որեւէ հրացան յայտնի չէր8:
Ենթադրելի է, թէ այնուամենայնիւ Սվեդիայի շրջանն յունական գաղտնի ռազմական օժանդակութեան ընդունման ընդամէնն առաջին կայաններից էր, որտեղից այն այլ ճանապարհներով պէտք է փոխանցուէր եւ պահեստաւորուէր Կիլիկիայում (Ադանա, Զեյթուն եւն) ու կայսրութեան խորքում գտնուող այլ հայկական շրջաններում:
Հաւանական է, թէ Շապին-Կարահիսարն էլ դրանցից մէկն է եղել, ինչպէս նաեւ Խարբերդը: Սակայն ամէն դէպքում խմբաքանակի ընդունման կայանի հանգամանքի տրամաբանութիւնից ելնելով` ենթադրելի է, թէ, այնուամենայնիւ, զէնքերի պատկառելի քանակը պահեստաւորուել է հէնց տեղում: Միեւնոյն հանգամանքը նկատելի էր նաեւ Կովկասից Արեւմտեան Հայաստան զէնքերի փոխադրութեան պարագային, երբ ընդունման եւ պահեստաւորման կենտրոնն աւանդաբար Վանն էր, որն էլ 1915թ. ցեղասպանութեան ժամանակ հանդիսացաւ յաջող ինքնապաշտպանութիւն կազմակերպած եւ փրկուած միւս եւ ամենամեծ հայկական շրջանը:
Ինչ վերաբերւում է Էլ.Վենիզելոսին եւ հայկական ուժերի հետ նրա ձեռնարկած համագործակցութեան աննախընթաց փորձերին, ապա հարկ է նշել, որ դրանք ոչ թէ դադարեցին, այլ մի նոր թափ ստացան 1918թ.ից իր անկախութիւնն հռչակած Հայաստանի Հանրապետութեան եւ Կիլիկիայի հայկական ուժերի հետ: Եւ կիզակէտում կրկին ռազմական համագործակցութիւնն էր, ռազմական օժանդակութեան խմբաքանակների առաքումը, միեւնոյն «Գրա» հրացաններով:
Սա էլ, թերեւս, հաստատում է, թէ նախորդ ժամանակահատուածում Վենիզելոսն արդէն ունէր հայկական ուղղութեամբ նման գործողութիւններ իրականացնելու ձեւաւորուած փորձառութիւն եւ բաւարար քաղաքական կամք: Ուղղակի թարմացւում էր ժամանակին մշակուած ծրագիրն արդէն առաւել բացայայտ պայմաններում ու մեծ ծաւալներով:
Յայտնի է 1919թ. Պիրէայի նաւահանգստից Կիլիկիա, մասնաւորապէս Չորք-Մարզուան (Դյորթյոլ) զէնք-զինամթերքի առաքման մասին, ինչին ներկայ է գտնուել Վենիզելոսն անձամբ, ով այդ ժամանակ նաեւ պատերազմական նախարար էր (Գէորգեան, էջ 266)9: Աւելի ուշ` 1920թ. Օգոստոսին Վենիզելոսի ջանքերի շնորհիւ «Էլեֆթերիա» շոգենաւով Հ.Հ. բանակին էր անհատոյց առաքւում 10 հազար «Գրա» հրացան եւ 4 միլիոն փամփուշտ10:
Բայց դա արդէն այլ պատերազմ էր եւ այլ ժամանակ: Հայոց պետականութեան կարճատեւ վերականգնման եւ յունական բանակի Փոքր-ասիական արշաւանքի ժամանակը:
Ծանօթագրութիւններ
1) 1918թ. Տամատեանը եւ իր գործակից Էժէն Փափազեանն Էլ.Վենիզելոսի հետ քննարկել են Բուլղարական բանակից Մակեդոնական ճակատում յունական կողմն անցած հայ զինուորներից առանձին զօրամաս կազմաւորելու եւ Կիլիկիա ափհանման գործողութիւն իրականացնելու հարցը (Ռամազեան, էջ 148):
2) «Մշակ»ի սոյն հաղորդագրութիւնն, ըստ ամենայնի, թարգմանաբար արտատպութիւնն է Պետերբուրգում հրատարակուած «Նովոյէ Վրեմեա» քաղաքական-գրական թերթի հրապարակման:
Թերթի արխիւային կայքէջից 1913թ. Նոյեմբերի 4ի (նոր տոմարով՝ Նոյեմբերի 17ի) համարում առկայ հետեւեալ ծանուցումի. «Գերմանացի ծովակալը հանդէս է եկել որպէս հայերի պաշտպան Ադանայում, ի տես թուրքերի յուզումների հայ բնակչութեան դէմ, նրա՝ զէնքով ապահովման մասին խօսակցութիւնների հետեւանքով՝ (ՙГерманский адмирал выступил защитником Армян в Адане, в виду возбуждения Турок против армянского населения, вследствие слухов о снабжении его оружиемՙ, http://starosti.ru/archive.php?y=1913&m=11&d=17):
Հետաքրքրական է թերթի հետագայ մեկնաբանութիւնը.- «Գերմանիայի այդ առաջին քայլն ի պաշտպանութիւն քրիստոնեաների ունի մեծ նշանակութիւն եւ ցոյց է տալիս, թէ ինչպիսի՜ գործնական նպատակների է ծառայում Միջերկրական ծովի նոր ռազմի նաւատորմը, նաեւ թէ՝ Գերմանիան ո՜ր աստիճան ընդունում է Թիւրքիան իր ազդեցութեան ներքոյ: Այդ քայլը նոյնպէս ապացոյց է, որ Գերմանիան վերցնում է հայերին իր հովանաւորութեան տակ, աշխատելով համոզել նրանց՝ թէ Գերմանիան գործում է աւելի եռանդով, քան Ռուսաստանը… Չէ կարելի չողջունել հայերի չափաւորութիւնը, որոնք կարող եղան խուսափել խաբուսիկ արկածներից եւ պատրաստ են սպասելու Եւրոպայի խոստացած բարենորոգումներին:
Մեծ պետութիւնները պէտք է, սակայն, յիշեն, որ պէտք է փութացնել բարենորոգումները, որովհետեւ հայերի դժուարին կացութիւնը կարող է յուսահատեցնել նրանց եւ դրդել այնպիսի մի քայլի, որից միայն Գերմանիան կարող է շահել՝ («Հայկական հարցը. Գերմանիայի քաղաքականութիւնը Հայաստանում», էջ 2):
3) Միանգամայն արդարացի է դէպքի առթիւ Ս.Յովհաննիսեանի դիտարկումը. «Թէեւ յունական ռազմական նշանակալի աջակցութիւնը մերժելու փաստն ինքնին մէկ անգամ եւս հերքում է Ցեղասպանութեան թուրքական ժխտողականութեան ամենատարածուած թէզերից մէկը՝ իբր հայերի կողմից նախապատրաստուող ապստամբութեան մասին, այնուամենայնիւ, ընդգծենք, որ դեռ Աբդուլ Համիդի օրօք հայութեան դէմ սկսուած՝ շարունակական պետական ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով, հայութիւնը լիարժէք բարոյական եւ օրինական իրաւունք ունէր զէնքը ձեռքին պայքարելու թուրքական բռնատիրութեան եւ ոչնչացման քաղաքականութեան դէմ» (Յովհաննիսեան):
4) «Ըլլէօնն» (այլ տարբերակով՝ «Ըլլօն»), ամենայն հաւանականութեամբ, յունական «առիւծի» (λέων / λιοντάρι) բարբառային արտասանութիւնն է ըստ մուսալեռցիների:
Ֆրանց Վերֆէլի «Մուսա Լերան քառասուն օրը» ստեղծագործութեան մէջ միեւնոյն յունարէն իմաստով «Էլլեոն» (գերմաներէն բնագրում՝ «Elleon») պատուանունն է շնորհւում ինքնապաշտպանութեան փոխ-հրամանատար Չաուշ (սերժանտ) Նուրհանին (Վերֆէլ, էջ 355), ով հետագայ էջերում յիշատակւում է որպէս «Չաուշ Նուրհան Էլլեոն» (անդ, էջ 384, 486, 530, 617, 860) կամ «Նուրհան Էլլեոն» (անդ, էջ 514, 755): Ըստ ամենայնի՝ այս կերպ է մարմնաւորուել տուեալ մականունը կրած մուսալեռցի նահատակ մարտիկ Յակոբ Կարագեոզեանի կերպարը:
5) Վերֆէլի վէպում անգամ յիշատակւում են «յունական հրացանները», միայն թէ փոքր-ինչ աղաւաղուած «քարա» ձեւով (Վերֆէլ, էջ 177, 320, 486), ինչն առկայ է գերմաներէն բնագրում (griechische Karagewehre): Գրեթէ կրկնակի անգամ աւելի է ներկայացւում դրանց թիւը. «Յիսուն մաուզէր-հրացան, երկու հարիւր յիսուն յունական «քարա» հրացան: Ամէն մէկի համար երեսուն փամփշտակալ, այսինքն՝ հարիւր յիսուն կրակոց» (անդ, էջ 177):
6) Տե՜ս, օրինակ, մուսալեռցի Յովհաննէս Իփրեջեանի պատմածը (http://www.armeniapedia. org/wiki/The_Armenian_Genocide:_Testimonies_of_the_Eye-Witness_Survivors_-_Testimonies_150-199):
7) Մովսէս Տէր-Գալուստեան (1895-1984)` յայտնի «Ա. Լէյլանի» գրչանուամբ, ծնունդով Մուսա Լերան Եողուն-Օլուք գիւղից, տեղում Հ.Յ.Դ. կազմակերպութեան հիմնադիրներից: 1915թ. ինքնապաշտպանութեան զինուորական ղեկավարն էր, այնուհետեւ Հայկական Լեգէոնի հիմնադիրներից մէկը: Աչքի է ընկել 1918թ. Արարայի ճակատամարտում, արտահերթ արժանացել Ֆրանսիական բանակի սպայական կոչումների, միակ լեգէոնականը, ում շնորհուել է բրիգադի գեներալի կոչում: Ֆրանսիական տիրապետութեան ժամանակահատուածում եղել է Մուսա Լերան շրջանի կառավարիչը, ապա 1939թ. Թուրքիային Ալեքսանդրեթի գաւառի կցումից յետոյ՝ բնակչութեան հետ գաղթել եւ Լիբանանում հիմնել է Այնճար գիւղաքաղաքը: Բազմիցս ընտրուել է Սիրիայի եւ Լիբանանի խորհրդարանների պատգամաւոր:
8) Յակոբ Օշականն իր «Մնացորդաց» եռահատոր վէպում, հայկական ինքնապաշտպանական գործողութիւններն իր հայրենի Պրուսայի շրջանում նկարագրելով՝ բազմիցս նշում է «Գրա» հրացանները, դրանք միանշանակ եւս ներկայացնելով իբր յունական եւ երբեմն շփոթելով «Մարտին»ների հետ («յունական կրա մարթիններ», «յունական մարթիններ»): Օշականն առանձնայատուկ կերպով է նկարագրում «յունական կրաներուն դժոխային գոռոցը» եւ կրակային առաւելութիւնը «տարփող, յունական կրա մարթիններուն, կարճ իրենց հասակին մէջ աշխարհ մը որոտ պահ դրած ու խուճապընկէց: Անոնց փամփուշտը միսերը բզիկ-բզիկ կը բերէր ու կը նպաստէր արագ ընկրկելու թշնամին» (www.digilib.am/book/755/780/10023/?lang=en):
9) Կիլիկեան ուղղութիւնը յունական ռազմաքաղաքական շրջանակների համար հետաքրքրութիւն էր ներկայացնում առնուազն նաեւ 1920-21թթ., այդ թւում եւ հայ գործակիցների շնորհիւ: Օրինակ, Փոքր-ասիական արշաւանքի ընթացքում յունական ռազմական հետախուզութեան ծառայութեան հետ համագործակցած յայտնի Միհրան Սվազլեանի (Սվազլի) կողմից 1921թ. առաջարկուել է գաղտնի գործողութիւնների իրականացման նպատակով Կիլիկիայի հայերից եւ յոյներից կազմաւորել մարտական (դիվերսիոն-հետախուզական) խմբեր, որոնք պետք է գործէին Ադանայի եւ Ալեքսանդրեթի շրջաններում: Տուեալ խմբերի եւ, ընդհանրապէս, գաղտնի գործակալական ցանցի ղեկավարման կենտրոնը պէտք է գտնուէր Կիպրոսում:
Այսպէս թէ այնպէս, 1921թ. Մարտից Յունաստանի զինուորական նախարարութեան եւ բրիտանական հետախուզական ծառայութեան փոխադարձ համաձայնութեամբ, Կիլիկիայում կազմաւորուել է հայ-յունական գաղտնի մարտախումբ, որը յատուկ գործողութիւններ պէտք է իրականացնէր տարածաշրջանում ֆրանսիական զօրքերի նահանջի եւ քեմալական ուժերի առաջխաղացման դէպքում:
1921թ. Յունիսին Կիպրոսից սպառազինութեան խմբաքանակ է հասցուել Կիլիկիա, որը պահեստաւորուել է Դորթ-Եոլի շրջանի քրիստոնէական եկեղեցիներում, յայտնի են նաեւ յոյն գործակալների ներթափանցման դէպքեր: Սակայն 1921թ. Դեկտեմբերին հայ-յունական տուեալ գաղտնի կառոյցը բացայայտուել է թուրքերի հետ համագործակցութեան հակուած ֆրանսիական իշխանութիւնների կողմից, բազմաթիւ անդամներ ձերբակալուել են, իսկ սպառազինութիւնն` առգրաւուել (Ռամազեան, էջ 208):
10) Թեմայի վերաբերեալ առաւել ընդարձակ` Hassiotis I., Shared Illusions: Greek-Armenian Co-operation in Asia Minor and the Caucasus (1917-1922) / In: Greece and Great Britain during World War I, p. 139-191, ed. by the Institute for Balkan Studies. Thessaloniki, 1985; Յունական արխիւային փաստաթղթեր հայ-յունական յարաբերութիւնների մասին Առաջին Հանրապետութեան շրջանում (1918-1920), թարգմանութիւն յունարէնից Հ.Բարթիկեանի, Երեւան, 1998, ինչպէս նաեւ Ռամազեանի նշուած աշխատութեան էջ 168-70:
Օգտագործուած գրականութեան ցանկ
Անդրէասեան Տ., «Զէյթունի տարագրութիւնը եւ Սուէտիոյ ապստամբութիւնը», Հալէպ, 1935։
Գասարճեան Ա., «Անձնական յուշեր»։ (http://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/ adanavilayet/sandjakofsis/voices/ashodkasardjianmemoirs.html)
Գէորգեան Կ., «Յունահայ գաղութը», «Ամէնուն տարեգիրքը» (էջ 251-440), Է. տարի, Պէյրութ, 1960։
Եսայեան Զ., «Մուրատի ճամբորդութիւնը Սըվազէն Պաթում», Պէյրութ, 1969։
Թաշճեան Վ., «Կեանքը Խարբերդի շրջանին մէջ, 1908-1915»։ (http://www.houshamadyan.org/ arm/mapottomanempire/vilayetofmamuratulaziz-harput/harput-kaza/politicallife/ottomanconstitution.html)
Իսկէնտէրեան Յ., «Սուէտիոյ ապստամբութիւնը», Գահիրէ, 1915։
Խասիոտիս Ի.Կ., «Պատմական աւանդոյթ եւ քաղաքական իրապաշտութիւն. Յունական քաղաքականութիւնը Հայկական Հարցի վերաբերեալ (1876-1996)», Երեւան, 2012։
«Հայկական հարցը. Գերմանիայի քաղաքականութիւնը Հայաստանում», «Մշակ», թիւ 250, Շաբաթ, 9 Նոյեմբերի, էջ 2, Թիֆլիս, 1913։ (http://tert.nla.am/archive/HGG%20TERT/mshak%20tiflis/ 1913/1913 (250).pdf)
«Հերոսապատում Մեծ Եղեռնի», Պէյրութ, 1978։
Յովհաննիսեան Ս., «Ինչպէ՞ս ձախողուեց 1913 թ. Կիլիկիայի հայերին զէնքով օգնելու յոյների փորձը, 2015։
(http://armeniangenocide100.org/how-greeks-attempt-of-assis…/)
Մովսէս Տէր-Գալուստեան (Ա. Լեյլանի), Լիբանան, 2004։
Պուրսալեան Յ.Գ., «Մուսա-Լերան հերոսամարտը», Այնճար, 2004
Ռամազեան Ս., «Հայ-յունական ռազմական առնչութիւնների եւ համագործակցութեան պատմութիւն», Աթէնք, 2010։
Սարաֆեան Գ., «Պատմութիւն Այնթէպի հայոց», հ. Ա, Լոս Անճելըս, 1953։
Վերֆէլ Ֆ., «Մուսա Լերան քառասուն օրը, գերմաներէնից թարգմանեց՝ Պ.Միքայէլեան, Երեւան, 1964։
Օշական Յ., «Մնացորդաց». վէպ մեր ժամանակներէն, Գ. հատոր, «Արիւնի ճամբով», Գահիրէ, 1933։
Μουσείο Μπενάκη – Αρχείο Ελευθερίου Βενιζέλου, φάκ. 219-64 (www.venizelosarchives.gr/rec. asp?id=62099)
«Новое Время», 17 (04) ноября 1913 г. (http://starosti.ru/archive.php?y=1913&m=11&d=17)