Գալեա Առստամեանը կեանքի մէկ տարին անց է կացրել Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին: Զինադադարից յետոյ նա հաւաքել է Արցախից զոհուած բոլոր ազատամարտիկների նկարները, հասցրել Երեւան, տեղադրել շրջանակի մէջ, ապա կախել իր հիմնադրած Ստեփանակերտի Զոհուած ազատամարտիկների թանգարանի պատերին:


Մենք միասին քայլում ենք թանգարանում, իսկ տիկին Գալեան՝ ձեռքն ուղղելով դէպի հերթական նկարը, պատմում է. «Այս նկարում Մաճկալաշէնի գումարտակի հրամանատար Արմէն Մելքումեանն է: 1992 թուականին է զոհուել»:
«Բոլորին մէկ առ մէկ ճանաչո՞ւմ էք», հարցնում եմ:
«Բոլորին մէկ առ մէկ ճանաչում եմ: Անունը տուր՝ նկարը առաջս է, ասես վաղուց ճանաչում ենք», շարունակում է 72-ամեայ կինը:
Թանգարանի պատերին կախուած է 3355 նկար: Հէնց այդքան մարդ է սպաննուել հայրենիքի պաշտպանութեան համար մղուած պայքարում: Այս դէպքում՝ 3355-ը միայն թիւ չէ:
Թանգարանի գաղափարը տիկին Գալեայի մօտ ծագել է գերեզմանի ճանապարհին: Պատերազմում զոհուած տղաներից մէկը նրա որդին էր: Նա ասում է, որ երիտասարդ որդու մահից յետոյ որոշել է նման թանգարան ստեղծել իր եւ որդեկորոյս միւս մայրերի որդիների յիշատակի համար:
«Ինձ առաջարկեցին, որ տղաների նկարները դրուեն զինուորական հագուստով, բայց ես չհամաձայնուեցի, քանի որ նրանք զինուորներ չէին: Տղաները իրենց հագուստով էին գնում կռուի», ասում է նա:
 Գալեա Առստամեանը ունի նաեւ արցախեան ազատամարտում Հայաստանից զոհուած աւելի քան երեք հազար տղաների նկարների մեծ մասը, սակայն Ստեփանակերտի թանգարանի պատերը տեղ չեն տալիս, որպէսզի նրանց նկարները եւս տեղադրուեն: Երկու տարի առաջ նա տպագրութեան է պատրաստել 900 էջանոց մի գիրք, որտեղ անուն առ անուն՝ նկարներով, տեղ են գտել պատերազմի տարիներին եւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» ժամանակաշրջանի զոհուած բոլոր եօթ հազար նուիրեալների անունները:
Այս թանգարանում տիկին Գալեան հաւաքել է նաեւ զանազան իրեր, որոնք յիշեցնում են կա՛մ պատերազմի տարիները, կա՛մ այդ պատերազմում զոհուած տղաներին՝ խփուած ինքնաթիռի կտոր, զինուորի հագուստ, կիթառ: Այս թանգարանում ամէն մի իրը մի տխուր պատմութիւն է, որը նման չէ միւս տխուր պատմութիւններին:
Նա փայտից հաւաքել է տուել մի զինուորականի, այդ զինուորականին հագցրել պատերազմում սպաննուած մի քանի տղաների հագուստն ու իրերը: Հայ զինուորականը կարծես պատուոյ պահակ է կանգնել:
Տիկին Գալեան բացատրում է. «Մեր զինուորն է: Հաւաքածու է: Սա Գրիգորի Առստամեանի‘ իմ որդու հագուստն է: Սա Վլադիմիր Առստամեանի բաճկոնն է: Նա Խաչեն գիւղի հրամանատարն էր: Կրատի հարուածից է սպաննուել: Այս ռացիան (անլար հեռախօս, որն օգտագործուել է պատերազմի տարիներին) Շուշիից ազատամարտիկ Արսէնինն է: Այս շապիկը Եուրի Ղարայեանինն է: Տեսնո՞ւմ ես՝ շապիկը պատառոտուած է: Մարտի դաշտից են բերել: 1994-ին է զոհուել: Սա Նիկոլայ Ղազարեանի գլխարկն է: Սրանք Արամ Գրիգորեանի կօշիկներն են: Նա էլ է 1994-ին զոհուել: Այս ինքնաձիգը Ասկերանի Խնածախ գիւղի հրամանատար Արմէն Աւագեանինն է»:
Նա պատմում է, որ օրերս մի ազատամարտիկ էր եկել թանգարան. «Եկել էր առաջին անգամ: Եկաւ, տեսաւ այս զինուորին ու սկսեց լացել: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես լացում: Ասում է՝  քեռուս նմանեցրի, ասում է‘ երբ քեռիս զոհուել է, հէնց այսպիսի հագուստով է եղել: Ասացի‘ մի՛ լացի, այստեղ լացելու տեղ չի: Այստեղ հայրենեաց դասի տեղ է»:
 Թանգարանի ամենափոքր տղան 12-ամեայ Հրայրն է, ով հակառակորդի գնդակից սպաննուել է մեծերին փամփուշտներ տանելու ճանապարհին: Սպաննուել են նաեւ Հրայրի հայրն ու եղբայրը: 15-ամեայ հրասայլորդ Պորիսը եւս երեխայի հայեացք ունի, մինչեւ ընկնելը՝  ոչնչացրել է հակառակորդի զրահամեքենան:
«Իւրաքանչիւրի հրասայլի, հրացանի վրայ,  փոգոտի վրայ գրուած է եղել «Ուժն է ծնում իրաւունք»: Տե՛ս, անգամ մեր մայրերը գորգ են գործել եւ վրան գրել՝ «Ուժն է ծնում իրաւունք»: Սա էլ իմ որդու հրասայլի համարն է», ասում է տիկին Գալեան եւ գորգի վրայ ցոյց տալիս որդու հրասայլի համարը՝  301:
Սա իմ տեսած աշխարհում ամենատխուր թանգարանն է: Այս թանգարանից մարդը հեռանում է տխուր զգացմունքներով:
«Այս թանգարանում մայրերի հոգին է: Այստեղ նրանց որդիներն են՝ մեր կենդանի առասպելները», ասում է Գալեա Առստամեանը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ