Այս փոքր-ինչ խորհրդաւոր ու զարմանալի պատմութիւնը ծայր առաւ 1914 թուականի ձմրանը, երբ Սարիղամիշի մօտ իրար բախուեցին ռուսական ու թուրքական բանակները: Մեծ էր վտանգը, որ ռուսների անյաջողութեան դէպքում Էնվեր փաշայի հրոսակները արշաւէին մինչեւ Երեւան:
Եւ վերահաս աղէտից տագնապած՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գէորգ 5րդը կայացնում է ծայրայեղ մի վճիռ: Նա իր մօտ է հրաւիրում եկեղեցու բարձրագոյն հոգեւորականներին եւ առաջարկում է Էջմիածնում պահուող բոլոր ձեռագիր մատեաններն ու թանկարժէք իրերը շտապ կարգով տեղափոխել Մոսկուա:
Որոշումն անսպասելի էր, տեղի ընտրութիւնը՝ առաւել եւս: Սակայն Կաթողիկոսին յաջողւում է հիմնաւորել, որ այդ պահին դժուար է գտնել առաւել ապահով վայր: Ու սկսւում է Էջմիածնի գանձերի տեղափոխման գործողութիւնը: Գլխաւոր պայմաններից մէկն էր՝ ամէն բան անել խստագոյն գաղտնիութեան պայմաններում: Բոլոր իրերն ամփոփւում են 147 խոշոր արկղերի մէջ ու կնքւում Վեհափառի կնիքով: Այնուհետեւ դրանք տարւում են կայարան եւ երեք վստահելի մարդկանց հսկողութեամբ ճանապարհ են ընկնում դէպի Ռուսաստան:
Թանկարժէք բեռը Մոսկուա է հասնում 1915 թուականի Փետրուարին: Այնտեղ գործող Հայկական Կոմիտէի անդամներն արդէն տեղեկացուած էին եւ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների էին ձեռնարկել: Դրանցից հիմնականը քաղաքում յարմար ապաստարան ընտրելու հարցն էր: Երեք հնարաւոր տարբերակներ էին առաջարկուել, բայց երբ հեռագրով հարցում էին կատարել Գէորգ 5րդ Կաթողիկոսին, վերջինս կտրականապէս դէմ էր եղել արկղերը պահ տալ որեւէ մասնաւոր շինութեան մէջ եւ պատուիրել էր դրանք յանձնել Մոսկուայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն:
Բարեբախտաբար, գրաւոր աղբիւրներում պահպանուել են այն մարդկանց անունները, ովքեր անմիջական մասնակցութիւն ունեցան հայկական մշակութային արժէքների փրկութեան գործում: Այդ ցանկն ընդարձակ է: Նշենք միայն նրանցից երկուսի անունը՝ Մոսկուայի Հայկական Կոմիտէի անդամ Ալեքսանդր Թորոսեան-Տարասովը՝ աշխարհահռչակ գրող Անրի Թրուայայի պապը, եւ նկարիչ Մարտիրոս Սարեանը: Նրանք եւս կայարանում էին, երբ տեղ հասաւ գնացքը:
Մեծ թուով կառքեր էին վարձուել: Իւրաքանչիւր կառքում դրւում էր մի քանի արկղ, իսկ տեղի հայկական գաղութի երկուական անդամ պիտի բեռի հետ գնային մինչեւ եկեղեցի:
Սուրբ Խաչում եկեղեցական գանձերը պահպանելու համար առանձնացուել էին երկու խորանները: Նախապէս դրանց համար պատուիրուել էին պողպատէ ամուր դռներ, բոլոր պատուհաններն արդէն կրում էին մետաղէ փեղկեր: Ու երբ բոլոր արկղերն ի վերջոյ անվնաս տեղ հասան, դռները կնքուեցին, ու սկսուեց երկարատեւ պահպանութեան ժամանակը:
Այն մոսկուաբնակ հայերը, ովքեր գիտէին դրա մասին, գիշերները քահանաների հետ հերթապահում էին եկեղեցու մօտ: Երկու ամիսը մէկ անգամ խորանների դռները բացւում էին մի քանի ժամով՝ ձեռագրերը խոնաւութիւնից փրկելու նպատակով: Իսկ դրսի աշխարհում կատարւում էին աշխարհացունց իրադարձութիւններ:
Բոլշեւիկեան յեղաշրջումը յաղթանակ էր տարել, եկել էր նոր իշխանութիւնը, եւ այդ նորերի շարքում էր նաեւ Պօղոս Մակինցեանը, ով նշանակուել էր ՌՍՖՍՀ ազգութիւնների ժողկոմատում հայկական գործերի ժողկոմի տեղակալ: Էջմիածնից բերուած 147 արկղերի մասին նա չէր կարող չիմանալ:
Եւ ահա մի օր լուր տարածուեց, որ Մակինցեանը որոշել է հայ եկեղեցու հարստութիւնը դուրս բերել Սուրբ Խաչ եկեղեցուց ու տեղափոխել Մոսկուայի Ալեքսանդր Երրորդ կայսեր թանգարան (ներկայիս Պատմութեան Պետական Թանգարանը): Տեղեկութիւնը բուռն յուզումների ու զայրոյթի պատճառ դարձաւ հայերի շրջանում: Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին, որ դա բացայայտ ոտնձգութիւն է ազգային արժէքների դէմ, եւ որոշեցին դիմադրել:
Հրաւիրուեց յատուկ ժողով: Վճռեցին, որ բոլորը մէկ մարդու պէս ոտքի կը կանգնեն ու կը պաշտպանեն Էջմիածնի գանձերը: Բայց մինչ այդ նպատակայարմար գտան մի փոքրիկ պատուիրակութիւն ուղարկել նրա մօտ եւ առաջարկել հեռու մնալ վտանգաւոր արկածախնդրութիւնից: Եւ ընտրուած 5 պատուիրակներն ուղեւորուեցին Մակինցեանի բնակարան: Եւ հէնց այստեղ էլ երջանիկ պատահականութիւնն օգնութեան հասաւ անելանելի իրավիճակին:
Դէպքի ականատես Արսէն Աւագ Քահանայ Սիմոնեանցը պատմում է, որ Մակինցեանի տան մուտքի մօտ նրանք հանդիպում են բանաստեղծ Վահան Տէրեանին: Ինչպէս յայտնի է, Տէրեանը ոչ միայն Մակինցեանի մտերիմ ընկերն էր, այլեւ այդ օրերին Համառուսաստանեան Ազգութիւնների Ժողկոմխորհի՝ հայկական գործերի գծով խորհրդականն էր: Լսելով այցելութեան նպատակի մասին՝ բանաստեղծը միւսների հետ ներս է գնում:
Ընդունելով անսպասելի հիւրերին, Մակինցեանը կրկին հաստատում է իր որոշումը՝ ասելով, թէ իբր եկեղեցին խիստ անապահով վայր է, պահուող իրերը կարող են յափշտակութեան ենթարկուել, գրչագրերը կարող են խոնաւութիւնից փչանալ, մինչդեռ նա կամենում է հայ ազգի մշակոյթի այդ նշանաւոր յիշատակարանների հետ ծանօթացնել ռուս բանուորութեանը եւ գիտական աշխարհին, եւ այդ նպատակով մտադիր է տանել թանգարան ու նոյնիսկ հայագէտ Նիկողայոս Ադոնցին նշանակել ձեռագրերի բաժանմունքի վարիչ:
Հերթը Տէրեանինն էր: Վերջինս անցնում է հակագրոհի եւ սկսում է հակափաստարկների մի ընդարձակ շարք թուարկել՝ սկսած նրանից, որ հայ ժողովրդի սեփականութիւնը չի կարող դառնալ օտար երկրի ունեցուածք, եւ վերջացրած այն բանով, որ գերմանական զօրքերն անցել են հակագրոհի ու կարող են նաեւ Մոսկուան գրաւել:
Արսէն Քահանան այսպէս է վերյիշում բանաստեղծի խօսքերը. «Յիրաւի, Պօղոս, մեր ձեռագրերի համար ամէնից ապահով վայրը հայոց եկեղեցին պէտք է համարել, որովհետեւ տալտա տեղ է, ու ոչ ոք նրա վրայ ուշադրութիւն չի դարձնում, նոյնիսկ գերմանացիք, եթէ Մոսկուան գրաւելու լինեն:
«Ես էլ կարծում եմ, որ թողնենք առայժմ այնպէս, ինչպէս կայ, եւ ոչ մի տեղ չտեղափոխուենք»:
Պէտք է նկատել, որ Տէրեանը Մակինցեանի վրայ մեծ ազդեցութիւն ունէր: Եթէ Մակինցեանն աչքի էր ընկնում իր անզուսպ բնաւորութեամբ, ապա հաւասարակշռուած Տէրեանը գրեթէ միշտ կարողանում էր գտնել ճիշդ փաստարկները եւ տարհամոզել ընկերոջը: Նոյնն էլ կատարուեց այս դէպքում: Տեղի տալով ճնշումներին՝ Մակինցեանը համաձայնեց, որ արկղերը մնան եկեղեցում, թէեւ առաջարկեց, որ դրանք կնքուած լինեն նաեւ Համառուսական Գործադիր Կոմիտէի առաջին քարտուղարի կնիքով: Իսկ դա չարեաց փոքրագոյնն էր:
Դժբախտաբար, Վահան Տէրեանին վիճակուած չէր ապրել մինչեւ այն օրը, երբ իր օգնութեամբ փրկուած գանձերը կրկին պիտի ճանապարհ ընկնէին դէպի Հայաստան: Ըստ տեղեկութիւնների՝ 1922թ. Ապրիլին Մոսկուայից Հայաստան հասաւ 4060 ձեռագիր: Այս անգամ բոլոր իրերը զետեղուել էին յատուկ այդ նպատակով պատրաստուած թիթեղապատ 137 սնտուկների մէջ: Կան պնդումներ այն մասին, թէ նախկին 147 արկղերից 30ն այդպէս էլ անհետացել էին, եւ որ դրանց մէջ եղել էին ամենաթանկարժէք իրերը: Թէ յատկապէս ի՞նչ էր կորստեան մատնուել, յստակ տեղեկութիւն չկայ:
Փոխարէնը՝ 1923թ. Սեպտեմբերի 5ին «Խորհրդային Հայաստան» թերթում հրապարակուեց այսպիսի մի հաղորդագրութիւն. «1914 թուի տաճկական արշաւանքի ժամանակ Մոսկուա տեղափոխուած Էջմիածնի նախկին մատենադարան-թանգարանի ձեռագրերն ու հնութիւնները, որ վերջերս տեղափոխուած էին Երեւան եւ տեղադրուած թանգարանում, Լուսժողկոմի կարգադրութեամբ Օգոստոսի 30ին տեղափոխուած են Էջմիածնի գիտական ինստիտուտի մատենադարանը: Հնութիւններն եղել են 140 արկղ, որոնցից բացուել է 1ը, որը պարունակում էր իր մէջ Այվազովսկու նկարները, որոնք կախուել են թանգարանի պատկերասրահում»:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «Պլակ»էն