Մարտակերտի անձրեւը ձեյան (ձիւնի) փխրունութիւն ունէր, բայց ո՛չ ձիւնը, ո՛չ անձրեւը զգալի էին, երբ կողքիդ Ապրիլեան քառօրեայ պատերազմում հերոսացած քեզ տարեկից տղերքն են:
Մարտական Խաչ շքանշանի ասպետներ՝ հակառակորդի երկու տանկ (հրասայլ) խոցած, հարիւրաւոր մարդկային զոհեր պատճառած կապուտաչեայ նշանառու

Սամվէլ Սաղաթելի Սահակեանը, եւ պատերազմի ծխի սեւութիւնը դեռ չյաղթահարած մեխանիկ-վարորդ Գէորգ Մարտիկի Խաչատրեանը:
Զրոյցի սկզբում Սամվէլի հայացքն անորոշ ու փնտռող էր, պատասխանները՝ կցկտուր: Երբ Գէորգը միացաւ մեզ, Սամվէլը խաղաղուեց։ Յետոյ պիտի հասկանայինք, որ ընկերոջն էր սպասում: Մարտական ընկերները միասին են վերադարձրել կորցրած դիրքերը, խոցել հակառակորդի երկու տանկ, պատճառել մօտ 300 մարդկային զոհ՝ չորս օր ապրելով տանկում՝ առանց մայրամուտի, արեւածագի ու ծխախոտի:
Հակառակորդի կորուստներից Սամվէլն առաւել կարեւորում էր պատճառած մարդկային կորուստները։
-Երկուսն էլ իհարկէ կարեւոր են, բայց երկաթը՝ երկաթ, մարդը՝ մարդ, ու երբ գիտակցում ես, որ մարդն է քեզ ընտրում որպէս թիրախ, թշնամանքը մեծանում է: Ամէն կրակոցից յետոյ աչքներս փակում էինք՝ հասկանալու՝ կպա՞ւ, թէ՞ չէ:
Սամվէլի աչքերը րոպէի ընթացքում մի քանի գոյն էին ստանում. ասում է, թէ  կրակելիս աչքերի առաջ ունեցել է հօրեղբօր դիմագիծը։ Տարիներ առաջ նոյն հողում  իր կեանքը հայրենիքին է նուիրաբերել Սամվէլի հօրեղբայրը, ով  1994թ.ի Յունուարի 28ին ընտրել է յաւերժի ճամբան: Հօրեղբօր անունը պատուով կրող Սամվէլը շարունակողն է նրա անաւարտ գործի:
Իսկ Գէորգի աչքերի գոյնը պատերազմի օրերին փոխուել է՝ մի տեսակ աւելի մգացել: Սամվէլն ասում է, թէ ընկերոջ ամենալաւ լուսանկարն իր մօտ է. ժպտում են. լուսանկարում  ծխահարուած Գէորգին ճանաչելն անհնար է։
Գէորգ առաջարկեց՝ Թալիշ տանող ճանապարհին ուշադիր լինել. աջ կողմում իրենց շարքից հանած տանկն է, Սամվէլն էլ անկեղծացաւ.
- Այդ  օրերին այնքանով էինք հանգիստ, որ գիտէինք գոնէ ականջներս չէին կտրի, տանկ էր ... կը պայթէր ու վերջ...
Գէորգն ու Սամվէլն իրենց խոցած տանկերը նուիրում են այն տղերքին, որ յետ մահու արժանացան հերոսի կոչման: Իրենք էլ հերոսներ են այսուհետ՝ Մարտական Խաչ շքանշանի կրողներ։ Գէորգը շքանշանը տուել է դասակի հրամանատարին, որ մինչեւ ծառայութեան աւարտը ապահով ձեռքերում լինի, Սամվէլը թէպէտ կրում էր շքանշանը, բայց առաւել կարեւորում այդ օրերի յաջողութիւնները։ Նշանառուն գիտակցել է, որ իր դիպուկութիւնն իր մարտական ընկերների կեանքն արժէ, ամէն զարկից առաջ մտովի հասել է իր ամէն ընկերոջ ընտանիք ու հասկացել՝ ելքը դիպուկ կրակելն  է.
- Հօ՞ չէինք թողնելու թուրքերը մեր հողերին հասնէին. նոյնն է, թէ մէկը գայ ասի՝ եկել եմ, տնիցդ դուրս արի։
Տղերքը վարպետացել են իրենց մարտական գործում, բայց կատակում են, թէ դեռ վարպետանալու տեղ կայ աղջիկների հարցում։ Սպասող ընկերուհիներ չունեն, փոխարէնը՝ Գէորգին բոլորից շատ սպասում է եղբօր 4ամեայ դուստրը: Իրենց ընտրութիւնը տղաների մեքենաներով պայմանաւորող աղջիկների համար Սամվէլն ասելիք ունի։ Իր ընկերները գուցէ 80.000 տոլար արժեցող մեքենայ են վարում, բայց ինքը երկու տարի անձնական վարորդով 800.000 տոլար արժեցող տանկով է երթեւեկել:
Սամվէլը զօրացրուելուց յետոյ ամէնից շատ Շուշիի բարձունքի տանկն է կարօտելու, իսկ Արցախ դեռ վերադառնալու է՝ ընկերոջ ետեւից….16 օրից տղերքը քաղաքացիական կեանքով կþապրեն, բայց բանակային յիշողութիւնները աննուաճ կը մնան, ինչպէս աննուաճ մնաց 162րդ մարտական դիրքը, որտեղ մարտական ընկերները փայլուն մարտ են վարել՝ երախտապարտ մնալով իրենց հրամանատարին, որ իր մեքենայով առաջնորդել է՝ միշտ պատրաստ կրելու առաջին հարուածը:
Երբ Գէորգին հարցրինք, թէ ի՞նչ երազանք ունի, Սամվէլը ժպտաց ու խնդրեց ընկերոջ փոխարէն ինքը պատասխանի.
- Ընկերս երազում է տղայ ունենալ, որ իմ անունով կոչի։
Մարտակերտից բաժանուեցինք՝ մեզ հետ բերելով հերոսների ապրումները, յիշողութիւնները, երազանքներն ու Սամվէլի շքանշաններից մէկը:

ՄԵՐԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Երեւանի Պետական Համալսարանի 2րդ կարգի ուսանողուհի