Գոհար Մուրադեան բանասէր է, թարգմանիչ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Մատենադարանի աւագ գիտաշխատող, հին բնագիրներու ուսումնասիրման եւ թարգմանութեան բաժնի վարիչ, «Հայագիտական Ուսումնասիրութիւնների Միջազգային Ընկերութ
եան» (AIEA - Association Internationale des Etudes Armeniennes) անդամ, մենագրութիւնների, յօդուածների ու թարգմանութիւնների հեղինակ:
«Լաւատեսական է, որ հայաստանեան եւ արտասահմանեան հայագէտների միջեւ կապերը սերտացել են»
Զրոյցը վարեց՝ ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ
Տիկին Մուրադեան, դուք ծնուել էք մշակոյթի մարդկանց ընտանիքում. Ձեր հայրն է Հ.Հ. ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադեանը: Խնդրեմ, պատմեցէք ձեր ընտանիքի մասին:
Հայրս արուեստի նուիրեալ էր, նաեւ՝ մեծ հայրենասէր. նա գործունեայ մասնակցութիւն է ունեցել 1965 թ. Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար ծաւալուած պայքարին, 1988 թ. եւ հետագայ տարիներին` Արցախի եւ Հայաստանի անկախացմանն ուղղուած շարժմանը: Մայրս` Լիւդմիլա Քեչեկը, Հայաստանում գիտական վիրաբուժութեան հիմնադիր Համբարձում Քեչեկի թոռնուհին էր եւ Երևանի Օպերային Թատրոնի երգչուհի Լիւբով Լազարեւայի դուստրը: Մեր ընտանիքում արուեստն օդի ու ջրի պէս բնական բան էր: Անգամ պատրուստւում էի արուեստաբան դառնալու: Սակայն այնպէս դասաւորուեց, որ ստացայ մէկ այլ, եւս սիրելի՝ դասական բանասէրի մասնագիտութիւն: Այնուամենայնիւ արուեստն իմ կեանքի ամենամեծ ուրախութիւններից ու մխիթարութիւններից մէկն է: Երջանի՜կ են մարդիկ, որոնց հասու է այդ վայելքը:
Կարծում եմ, որ իւրաքանչիւր հայ մարդ տեսել է Սարգիս Մուրադեանի «Վերջին գիշերը»։ Իմ կարծիքով՝ սա Կոմիտասի լաւագոյն դիմանկարն է, եւ հայ կերպարուեստի ամենատպաւորիչ ստեղծագործութիւններից մէկը:
Ստեղծման առաջին օրից իսկ այդ նկարը մշտապէս ցուցադրւում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում: Ի դէպ, հայրս ունի Կոմիտասին պատկերող ուրիշ նկարներ եւս, սակայն «Վերջին գիշերը» այնքան յայտնի է, որ վերջերս այն տեսնում ենք տարբեր գրքերի էջերին ու կազմերին, համացանցում ուղեկցում է Կոմիտասի երգերի ձայնագրութիւններին, յաճախ առանց հեղինակի եւ վերնագրի յիշատակութեան: Դա, ի հարկէ, հեղինակային իրաւունքի խախտում է, սակայն վկայում է, որ նկարը այլեւս դարձել է համահայկական արժէք եւ ապրում է ինքնուրոյն կեանքով: 2015 թ. Հոկտեմբերին Կ.Պոլիսում` Յունաստանի հիւպատոսութեան մշակութային կենտրոնում, «Փարոս» ամսագրի հետ համագործակցութեամբ, Սարգիս Մուրադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէս տեղի ունեցաւ: Խորհրդանշական էր, որ ի թիւս այլ գործերի, ցուցադրուեց «Վերջին գիշերը» նկարի մի հեղինակային տարբերակ: Այսինքն, Կոմիտասի` Պոլիսում ձերբակալութիւնը պատկերող գործը ցուցադրուեց հէնց Պոլիսում…:
Ձեր ընտանիքում շարունակւո՞ւմ է արդեօք Սարգիս Մուրադեանի գեղանկարչական աւանդոյթը:
Այո՛, քոյրս` Զարուհի Մուրադեանը, նոյնպէս նկարչուհի է: 2014 թ. նա բացեց «Սարգիս Մուրադեան» պատկերասրահը (Երեւան, Իսահակեան 38 հասցէում, տե՛ս նաեւ Ս. Մուրադեանի կայքը՝ http://www.sargismuradyan.am), որտեղ արդէն մի քանի ցուցահանդես է եղել` ինչպէս հօրս, այնպէս էլ այլոց աշխատանքների:
Տիկին Մուրադեան, հին յունարէնը վաղուց արդէն մեռած լեզու է համարւում: Ի՞նչը եղաւ այն խթանը, որի շնորհիւ դուք հետաքրքրուեցիք այդ լեզուով եւ այն դարձրիք ձեր ուսումնասիրութիւնների առանցքը:
Ինչ-որ առումով դա տեղի ունեցաւ դէպքերի բերմամբ: Ես ընդունուել էի Լենինգրադի (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ մէկ կիսամեակ սովորեցի ռուսական բանասիրութեան բաժնում: Դասական բանասիրութեան բաժին տեղափոխուեցի պատմաբան Կոնստանտին Խուդավերդեանի խորհրդով: Ես երախտապարտ եմ այդ մարդուն իր իմաստուն խորհրդի համար, որը բացեց իմ առջեւ անտիկ մշակոյթի անչափ գրաւիչ աշխարհը:
Մեռած լեզու, յատկապէս հին յունարէն սովորելը շատ դժուար է, եւ դասական բանասիրութեան բաժնի ուսանողները համարւում էին բանասիրական ֆակուլտետի ամենաաշխատասէր եւ բազմաչարչար սովորողները. ամէն երեկոյ 5-6 ժամ էր պահանջւում` յաջորդ օրուայ դասը պատրաստելու համար: Եւ այդ դժուարին դպրոցը մեծ լիցք ու պաշար էր հետագայ գիտելիքների ձեռքբերման համար:
Տիկին Մուրադեան, ձեր ամուսնու` պրն. Արամ Թոփչեանի հետ դուք համահեղինակել էք հին յունական գրականութեան երկու յուշարձանի` Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»ի և Լոնգոսի «Դափնիս եւ Քլոէ»ի հայերէն թարգմանութիւնը: Ի՞նչն է դրդել այդ յուշարձանների թարգմանութեանը, եւ դրանց ի՞նչ պահանջարկ կայ այսօրուայ հայ ընթերցողների մօտ:
Նախ ասեմ, որ Լոնգոսի «Դափնիս եւ Քլոյէ»ն (լոյս է տեսել 2011թ.) առաջին հովուերգական սիրավէպն է համաշխարհային գրականութեան մէջ, անսահման գեղեցիկ մի գործ: Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»ն անտիկ առասպելների բացառիկ ժողովածուներից մէկն է` գրուած հաւանաբար Ք. ա. 2րդ դարում: Ցաւօք` մէկ տարուց աւելի է, ինչ թարգմանութիւնը` ընդարձակ ուսումնասիրութեամբ ու ծանօթագրութիւններով հանդերձ, պատրաստ է հրատարակութեան, սակայն նիւթական պատճառներով տպագրութիւնը յետաձգւում է:
Գալով բուն հարցին` հայ ընթերցողը նոր, որակեալ, սկզբնագրից արուած թարգմանութիւնների կարիք ունի` համաշխարհային գրականութեանը, յատկապէս դասական երկերին հաղորդակից լինելու համար: «Սկզբնագիր» բառը պատահաբար չկիրառեցի. նախկինում թարգմանութիւնները յաճախ կատարուել են ռուսերէնի միջնորդութեամբ, եւ որակը դրանից տուժել է: Արամ Թոփչեանը հին յունական մի շարք կարեւոր գործերի թարգմանութեան փորձաշատ հեղինակ է.նա թարգմանել է Հեսիոդոսի երկու պոեմները, հին յունական քնարերգութիւնը, Պինդարոսի եւ Էսքիլոսի բոլոր գործերը, Սոֆոկլէսի, Եւրիպիդէսի, Արիստոֆանէսի առանձին երկեր, այժմ աւարտել է Սոֆոկլէսի` «Թեբէական շարքի» երեք ողբերգութիւնների թարգմանութիւնը: Վերջերս անգլերէնից թարգմանել է նաեւ Շէյքսպիրի «Համլէտ»ն ու «Լիր արքա»ն: Մենք այժմ համատեղ թարգմանում ենք Վերգիլիուսի «Էնէական»ը:
Տիկին Մուրադեան, ձեր վերջին աշխատութիւններից է «Հին յունական առասպելների արձագանգները հայ միջնադարեան գրականութեան մէջ»: Շատ անսպասելի ու եզակի թեմայ է: Ինչպէ՞ս եղաւ, որ անդրադարձաք դրան:
Հայ միջնադարեան գրականութիւնը նաեւ հին յունական արմատներ ունեցող արեւելեան-քրիստոնէական մատենագրութեան ճիւղերից մէկն է` բաւական ինքնուրոյն եւ ինքնատիպ: 5րդ դ. մեծ թուով թարգմանութիւններ արուեցին յունարէնից` Աստուածաշունչ, եկեղեցական գրականութիւն, նաեւ` քերականական, ճարտասանական ու փիլիսոփայական գրուածքներ: Այդ թարգմանութիւններում կան հին յունական առասպելների յիշատակումներ, երբեմն` վերապատումներ, որոնք հետագայում կրկնել են մի շարք ինքնուրոյն հայ հեղինակներ: Սակայն ժամանակի ընթացքում այդ պատումները ենթարկուել են այլեւայլ աղաւաղումների: Սկզբում ես հրատարակութեան էի պատրաստում 11րդ դ. հայ առաջին աշխարհիկ հեղինակ, քաղաքական գործիչ ու բիւզանդական պաշտօնեայ Գրիգոր Մագիստրոսի նամակների ու բանաստեղծութիւնների նոր քննական բնագիրը: Մագիստրոսը տիրապետում էր յունարէնին: Նա բազմաթիւ վերապատումներ ու ակնարկներ ունի յունական գրական եւ առասպելական անձանց ու սիւժէների մասին (ամենաշատը հայ միջնադարեան հեղինակներից): Ահա այդպէս, Մագիստրոսի երկերում հանդիպելով բազմաթիւ, բայց նաեւ` աղաւաղուած հին յունական առասպելներին ու պատումներին, անհրաժեշտ համարեցի համակարգել առասպելական նիւթը, փնտռելով նման դրուագներ նաեւ այլ հեղինակների մօտ` սկսեալ Հայոց Պատմահայր եւ մեծ յունասէր Մովսէս Խորենացուց: Արդիւնքում ծնուեց ծաւալուն եւ հետաքրքրական մի ամբողջ ուսումնասիրութիւն:
Ձեր «Յունաբանութիւնները դասական հայերէնում» աշխատութիւնը (2010 թ.), որի անգլերէն տարբերակը 2012 թ. լոյս ընծայեց բելգիական յայտնի «Պետերս» (Peeters) հրատարակչութիւնը, վստահաբար կարելի է ասել, որ մշտամնայ ներդրում է հայագիտութեան մէջ: Շատ կարեւոր ու արժէքաւոր մի թեմայ է, որ անմիջական կապ ունի արդի հայերէնի համար եւս, սակայն քչերը գիտեն, թէ ի՞նչ է նշանակում «յունաբանութիւն»:
Շնորհակալ եմ գիրքս բարձր գնահատելու համար: Այն իմ երկար տարիների աշխատանքի ամփոփումն է. մօտաւորապէս նոյն թեմայով էր 2005 թ. պաշտպանած դոկտորական ատենախօսութիւնս: «Յունաբան դպրոց»` ահա այսպէ՛ս է կոչւում մօտաւորապէս 5րդ դարի երկրորդ կէսից մինչեւ 8րդ դարի առաջին քառորդը գործած այն գրական ուղղութիւնը, որի ջանքերով յունարէնից հայերէնի են թարգմանուել այն ժամանակի «գիտական»՝ ուսումնական, փիլիսոփայական, նաեւ` աստուածաբանական երկերը: Թարգմանուել են շատ տառացի, յունարէնի լեզուական մեծ ազդեցութեամբ. կերտուել են յունարէնից պատճէնուած բազմաթիւ նոր բառեր, եւ ոչ միայն գիտական եզրեր, այլեւ սովորական բառեր, որոնք փոխարինել են 5րդ դ. առաջին կէսի՝ «դասական» շրջանի տեքստերում հանդիպող հայերէն բառերի: Յունարէնի հետեւութեամբ ստեղծուել են արհեստական քերականական ձեւեր (օրինակ՝ իգական սեռի դերանուններ, մինչդեռ քերականական սեռ հայերէնում չկայ, այն չկար արդէն գրաբարում): Պատճէնուել են յունարէնի շարահիւսութիւնը, անգամ ինքնատիպ շարահիւսական դարձուածները: Այդպէս թարգմանելու նպատակը դժուար, հիմնականում գիտական բովանդակութեամբ տեքստերը հնարաւորինս ճշգրիտ վերարտադրելն էր: Ահա այս առանձնայատկութիւններն էլ, այսինքն` յունարէնի ազդեցութիւն կրող լեզուական յատկանիշները, կոչւում են «յունաբանութիւն» (անգլերէն` Grecism), իսկ դրանցով լեցուն լեզուն՝ յունաբան հայերէն:
Ո՞րն է յունաբան դպրոցի ներդրումը հայերէնի մէջ, եւ կա՞ն արդեօք դրա տարրերը մեր այսօրուայ աշխարհաբարի մէջ: Յունաբանութիւններ այսօր կիրառու՞մ ենք մեր խօսքում:
Այդ թարգմանութիւններում կերտուած բազմաթիւ բառեր դարձել են գրական հայերէնի բառապաշարի անկապտելի մասը. թուարկեմ մի քանիսը՝ ենթակայ, ստորոգեալ, մականուն, վերաբերել, շարադրել, ներկայ, արտադրութիւն, իհարկէ, ընդհանուր եւ այլն: Կարեւորը նաեւ այն է, որ այդ թարգմանութիւններում ոչ միայն շատ նոր՝ գիտական, փիլիսոփայական եզրեր, առհասարակ վերացական հասկացութիւններ արտայայտող բառեր կերտուեցին, այլեւ հիմքը դրուեց նմանօրինակ նոր բառերի կերտման սկզբունքների, օրինակ՝ ներբեռնել, ենթակայան, մակաբոյծ, արտադասարանային եւ այլն:
Խորհրդային տարիներին մենք ունէինք բաւականին լուրջ բիւզանդագիտական աւանդոյթ: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր, շարունակւո՞ւմ են արդեօք այդ աւանդոյթները:
Հայաստանում բիւզանդագիտութիւնը միշտ շաղկապուած է եղել հայագիտութեանը: Օրինակ` ամենայայտնի բիւզանդագէտ ակադեմիկոս Հրաչ Բարթիկեանը նաեւ հմուտ հայագէտ էր: Ցաւօք, Երեւանի համալսարանը չունի համապատասխան բաժին (հին յունարէնի սեղմ դասընթացներ տարբեր բաժիններում կան, բայց դրանք չեն հասցնում բաւարար գիտելիք ապահովել), եւ իմ նշած գիտելիքներին սովորաբար տիրապետում են դրսում սովորած մեր մասնագէտները:
Ինչպիսի՞ մարտահրաւէրներ ունի այսօր հայագիտութիւնը Հայաստանում եւ արտասահմանում:
Հայաստանում գլխաւոր մարտահրաւէրը վերջին տարիներին գիտութեան հանդէպ հասարակութեան վերաբերմունքի փոփոխութիւնն է՝ բացասական առումով: Գիտաշխատողները քիչ են վաստակում, դժուար են ապրում, նրանց հասարակական վարկը նախկինի պէս բարձր չէ եւ, հետևաբար, այդ բնագաւառը մտնելու ձգտումն զգալիօրէն նուազել է: Սովորաբար դա անում են շատ նուիրեալ, անգամ` «խելագար» մարդիկ:
Նիւթական խնդիրներից բացի, հայաստանեան հայագիտութիւնը բախւում է նաեւ մէկ այլ դժուարութեան, որն արդէն աւելի ներքին՝ թերեւս հոգեբանական արմատներ ունի. երբեմն գիտական աշխատութիւններ են թափանցում հասարակութեան մէջ շրջանառուող կեղծ-գիտական, կեղծ-հայրենասիրական գաղափարներ` յատկապէս հայ ժողովրդի ծագմանը եւ հնագոյն շրջանի պատմութեանը վերաբերող: Իրականում մեր պատմութիւնն ու մշակոյթը այնքան հին ու հարուստ են, որ արհեստականօրէն հնացնելն անիմաստ է…:
Ինչ վերաբերում է արտասահմանին, ապա՝ պարբերաբար տագնապալից լուրեր ենք լսում, որ հայագիտութեամբ հետաքրքրուող ուսանողներ քիչ կան, որ այս կամ այն հայագիտական ամբիոնը փակման սպառնալիքի տակ է: Միւս կողմից սակայն տարբեր երկրներում կան շատ շնորհալի եւ նուիրեալ հայագէտներ, յայտնւում են նոր, երիտասարդ մարդիկ: Այնպէս որ վիճակն այնքան էլ անյոյս չէ: Լաւատեսական է նաեւ այն, որ վերջին ժամանակներում հայաստանեան եւ արտասահմանեան հայագէտների միջեւ կապերը սերտացել են, եւ դրան իր զգալի նպաստն են բերում արդի միջոցները` համացանցը եւ թուային գրադարանները: