Այս պատմութիւնը կարող է աներեւակայելի ու անհաւանական թուիլ, աւելին՝ մինչ այժմ այդ մասին շատ քիչեր գիտեն: Թէեւ դա տեղի է ունեցել նախորդ դարի կէսերին, յօդուածի հրապարակումից յետոյ, հաւանական է, որ հերքուի մի քանի երկիրների յատուկ ծառայութիւնների կողմից: Ընդ որում, բացառուած չէ, որ իրաւասու մարմինները
ցոյց տան, թէ ոչինչ չեն էլ նկատել:
Ինչեւէ, փաստը մնում է փաստ, իսկ փաստն այն է, որ իր ժամանակ յայտնի թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Մահմուդ Շովքեթին (ստիպուած ենք փոխելու իրական անունը) փոխարինել են Սովետական բանակի Գլխաւոր Հետախուզական Ծառայութեան գործակալ Սմբատ Խոջայեանով, ով երկար տարիներ յաջողութեամբ հանդէս է եկել թուրք խորհրդարանականի կերպարում: Ակնյայտ է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ չեն յիշեցնի միջազգային հետախուզութեան պատմութեան մէջ նախատիպը չունեցող այդ գործարկումի մասին, որը մանրակրկիտ մշակուած եւ փայլուն իրականացուած յանդուգն օպերացիա (գործողութիւն) էր: Թուրքիան ամօթից է լռում, իսկ Մոսկուան՝ գաղտնիութեան նկատառումներից ելնելով: Գլխաւոր Հետախուզական Ծառայութեան աշխատակից, ծնունդով Իջեւանի շրջանի Աչաջուր գիւղից Սմբատ Խոջոյեանը հիանալի տիրապետում էր թրքերէնին եւ բազմիցս ուղարկուել էր Անգարա՝ զանազան պատասխանատու առաջադրանքներ կատարելու համար:
Օրերից մի օր նրան կրկին կանչում են ղեկավարութեան մօտ:
- Սմբա՛տ Համաբարձումովիչ, մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը,- խօսակցութիւնը սկսում է բանակային հետախուզութեան յայտնի գեներալներից (զօրավար) մէկը,- սակայն այն, ինչ ցանկանում ենք ձեզ յանձնարարել, դուրս է սովորական պատկերացումներից: Դուք կրկին ուղեւորւում էք թրքական մայրաքաղաք, այս անգամ՝ անորոշ ժամանակով: Բանն այն է, որ Թուրքիայում իշխող կուսակցութեան ականաւոր անդամներից մէկը, Մեջլիսի պատգամաւոր Շովքեթը նման է ձեզ, ինչպէս ջրի երկու կաթիլը: Ոչ միայն արտաքինով, այլ նաեւ ձայնի հնչերանգով: Դուք ստուերի պէս կը հետեւէք նրան՝ մանրակրկիտ ուսումնասիրելով նրա սովորութիւնները, աշխատանքային, ընկերական շրջապատը, բարեկամներն ու թշնամիներին: Մի խօսքով՝ ամէն ինչ... Շովքեթն առողջութեան հետ կապուած լուրջ խնդիրներ ունի, երկար չի ապրի: Շուտով կը մահանայ, բայց... այդ մասին ոչ ոք չի իմանայ: Դուք, Սմբա՛տ Համբարձումովիչ, նրան կը փոխարինէք խորհրդարանում, նրա ընկերների ու ընտանիքի համար Շովքեթ կը դառնաք: Թուրքիայում կը լինէք մէկ շաբաթից, մաղթում եմ յաջողութիւն:
... Անցաւ երեք տարի: Այդքան ժամանակ Խոջոյեանը հետեւում էր Շոքվեթին, սերտում նրա վարքագիծը, ժեստերը, դէմքի արտայայտութիւնը, ուտում էր նոյն սնունդը, ծխում նոյն ծխախոտը, խմում նոյն սուրճը: Կեղծ մօրուքի ու պեխերի միջոցով կերպարանափոխուելով՝ նա բազմիցս մտնում է թուրք խորհրդարանականի տուն՝ որպէս սանտեխնիկ, ապակի գցող, փականագործ եւ այլն: Հայ հետախոյզը ձայնագրում էր թուրք պատգամաւորի ելոյթներն ու գիշերները փորձում արտաբերել դրանք: Երբեմն Խոջոյեանին թւում էր, թէ հայելու մէջ իր կնկնօրինակին՝ քաղաքական գործիչ Մահմուդ Շավքեթին է տեսնում: Եւ միայն այն ժամանակ, երբ զգաց ու համոզուեց, որ լիովին պատրաստ է մտնել «պաշտօնակցի» դերի մէջ, Կենտրոն ուղարկեց գրութիւն՝ «Ես պատրաստ եմ»: Ոչ ոք, այդ թւում կոլեգա(պաշտօնակից)-խորհրդարանականները ոչինչ չէին կռահում: Շովքեթ-Խոջոյեանը յաջողութեամբ հանդէս էր գալիս Մեջլիսում, հանդիպումներ ունենում, կարեւոր օբյեկտներ գնում եւ Մոսկուա ուղարկում բացառիկ արժէքաւոր տեղեկատուութիւն: Յատուկ ծայառութիւնում բոլոր հիացած էին: Որոշ վկայութիւններով՝ Շովքեթ-Խոջոյեանը մասնացել է անգամ խորհրդարանական ընտրութիւններին ու յաղթանակ տարել: Ընտրողները բարձր են գնահատել նրա հիանալի ելոյթներն ու բարձր ակտիւութիւնը (աշխուժութիւն): Ի հարկէ, ամէն ինչ հարթ չէր կարող ընթանալ: Լրտեսն անմիջապէս բացայայտուեց... կնոջ կողմից: Եւ դա հասկանալի էր. ում-ում, բայց կնոջը չես խաբի: Ընդ որում, դա յատուկ օպերացիայի սցենարով (բեմագրութեամբ) արդէն կանխատեսուել էր: Գլխաւոր Հետախուզական Ծառայութիւնում գիտէին, որ Մահմուդ Շովքեթի կինը թրքացած հայուհի է, ում հայրը հրաշքով փրկուել էր 1915 թուականին: Սրա վրայ էլ հիմնուած էր յատուկ ծառայութիւնների հաշուարկը:
Կինը չբացայայտեց իր «հին-նոր» ամուսնուն, իսկ որոշ ժամանակ անց ինքն էլ հաւաքագրուեց սովետական յատուկ ծառայութիւնների կողմից: Շատ տարիներ անց միայն, թրքական հակահետախուզութեան յաջողուեց դուրս գալ Խոջոյեանի հետքի վրայ: Նա գտնւում էր հետախուզութեան մէջ, սական Խոջոյեանին շատ օգնեց այն, որ թրքական իշխանութիւնները, խուսափելով ամօթալի հրապարակայնութիւնից, չէին կարող լուսանկարը հրապարակելով հետախուզում սկսել նրա նկատմամբ: Ծառայութիւնը իր լրտեսին Եւրոպա տեղափոխելու երկու անյաջող փորձ կատարեց: Բայց դրանից խնդիրը միայն բարդանում էր: Սմբատ Խոջոյեանին մնում էր միայն «կանաչ ճանապարհ» բացել: Նա անցաւ սահմանային Արաքսը: Թուրք զինուորականները նկատեցին նրան ու կրակ բացեցին: Հայ հետախոյզը 15 ժամ ջուրի տակ է մնում՝ ողջ ընթացքում շնչելով եղէգնի ցողունի միջոցով, եւ միայն ուշ գիշերն է կարողանում անցնել սովետական հող:
…1984 թուականի աշնանային օրերից մէկին Երեւանեան Սիլաչի թաղամասի փողոցներում թաղման արարողութիւն էր: Առջեւից զինուորներն էին գնում՝ պահելով հանգուցեալի ռազմական տասնեակ պարգեւները, իսկ զինուորական նուագախումբը հանդիսաւոր նուագում էր: Ընկերներն ու հարեւանները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թէ որտեղից յայտնուեցին ու թաղման արարողութիւնից յետոյ անհետացան թաղման թափօրի յետեւից լուռ քայլող մի քանի ռուս գեներալներ:
Յ.Գ.) Տեղեկատուութիւնը տարածուել է համացանցում, իրական աղբիւրները յայտնի չեն, սակայն ինքնին պատմութիւնն այնքան գրաւիչ է, որ հնարաւոր չէ դրանից անմասն պահել նաեւ ընթերցողին:
Ankakh.com