Վերջերս ատրպէյճանցիները հերթական «սենսացիոն» («ցնցիչ») յայտարարութիւնն արեցին, թէ 400ից աւելի ժամանակակից հայկական ազգանուններ ատրպէյճանական ծագում ունեն:
Այս «բացայայտման» հեղինակները Ատրպէյճանի Գ.Ա.Ա. Ֆոլկլորի Ինստիտուտի աշխատակիցներն են: Նրանց «յայտնագործութիւնը», սակայն, սոսկ յայտարարութեամբ չաւարտուեց. ընթերցողի սեղանին յայտնուեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչուորը նոյնիսկ հեռուն գնացող հետեւութիւն է անում.- «Սա լոյս է սփռում հայերի գենետիկ (ծինային) ծագման վրայ, այդ էթնոսի (ազգածին) լեզուի, գիտակցութեան, մշակոյթի վրայ ատրպէյճանական-թուրքական մշակութային շրջապատի ազդեցութեան, լեզուային առնչութիւնների եւ այլ հարցերի վրայ»:
Սա Ատրպէյճանի իրականացրած հակահայ քարոզչական քայլերից է, որը պէտք չէ մեծահոգաբար անտեսել, ինչպէս յաճախ վարւում են հայ գիտնականները: Սակայն առ այսօր չի լսւում Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի համարժէք պատասխանը: Եւ միայն հայ մտաւորականների մի նեղ շրջանակ, գիտակցելով հայկական ազգանուններում թաքնուած օտարաշունչ արմատների վտանգը, ահազանգում է.- Հայկական ազգանունները պէտք է սրբել օտարաշունչ աղբից՝ թուրքական բառ-արմատներից:
Երբեւէ ուշադրութիւն դարձրե՞լ ենք, թէ մեր հայկական «եան» մասնիկը որքա՜ն ենք տկարացրել օտարահունչ ամիրա- բեկ- ռաշիդ- հասան- ջաւադ- իսմայիլներով, թէ մեր շրջապատում որքա՜ն շատ են Ալահվերդեանները, Աղաբաբեաններն ու Բաբուխանեանները, Գարաքէշիշեաններն ու Ամիրզադեանները, Փալանդուզեաններն ու Իսագուլեանները…
Տեղին է նկատել Գուսան Հայկազունը.- «Չունենք գէթ մէկ Հայաստանեան, բայց կայ հազար Իսրայէլեան, չկայ գէթ մէկ Երեւանեան, բայց կայ հազարաւոր Ստամբուլցեան: Մէկ՝ Իշխանեան, տասը՝ Խանոյեան, չունենք անգամ մէկ Աստուածեան, տեսէք ինչքան Ալահվերդեան…»:
Համոզուած կարող ենք ասել, որ հայերս չգիտենք էլ, թէ ի՞նչ բացատրութիւն ունեն մեր ազգանունների կազմութեան մէջ խցկուած թուրքական բառ-արմատները: Հետաքրքիր է, եթէ ամէն մի Էլօղլեան (օտարի տղայ), Ղասաբօղլեան (մսագործի որդի), Ղուլեան ու Ղուլանեան (ստրուկ, ծառայ), Եորդակեան (բադ), Գէոդակեան (կարճլիկ), էքմէքճեան (հացագործ), Թերլեմեզեան (չքրտնող), Չեքիջեան (կշռավար), Խզմալեան (անզուսպ), Նաւալեան (ապուշ), Գաւուկեան (խաբեբայ), Համալմազեան (իրաւազուրկ), Ղարաջեան (բամբասող) իմանայ իր ազգանուան հիմնական մաս կազմող թուրքական բառերի այս բացատրութիւնը, կը շարունակի՞ կառչած մնալ թուրքի կողմից իր տոհմին տրուած արհամարհական մականուանը:
Մինչեւ ե՞րբ պիտի կրենք քոչուորի կնքած վիրաւորական մակդիրները՝ չոփուռ (ծաղկատար), թոփալ (կաղ), չոլախ (կռնատ), բիշար (անխոհեմ), խզմալ (անզուսպ), չոփիկ (կեղտոտ), եալանդուզ (ստախօս), ղաթրջի (ջորեպան), ղամազ (բանսարկու)… Սա մե՛ր ամօթն է:
Ցանկացած հայ, երբ առաջին անգամ լսում է սեփական ազգանունը փոխելու մասին, արձագանգը լինում է բացասական հակազդեցութիւնը, քանզի այն ընկալւում է մեր պապերի հետ ունեցած հոգեւոր կապից հրաժարում: Եւ սա հասկանալի է. հայի համար դժուար է սերնդեսերունդ ժառանգուած սեփական ազգանունից հրաժարուելը:
Սակայն երբ գիտակցենք, թէ իրականում ի՞նչ է կատարուել մեր պապենական անաղարտ տոհմանունների հետ, որ դրանց թրքացումը եղել է Թուրքիայի հակահայ քաղաքականութեան մի մասը, այլեւս թուրքի կնքած անվայելուչ մականուններից ազատուելն ու սեփական ազգանունը հայաշունչ դարձնելը կը դառնայ հոգու պարտադիր պահանջ:
Պատմաբան Անահիտ Տէրեան, որ թրքաբառ ազգանուններից հրաժարուելու գաղափարի ջատագովներից է, տեղին է նկատել.- «Ամօթ ու տխրութիւն ես զգում, երբ լսում ես թուրքական, հրէական, պարսկական, արաբական ծագում ունեցող հայի անուն-ազգանուն: Ցաւ, քանի որ անմիջապէս յիշում ես հայոց պատմութեան ցաւոտ էջերը»:
Պատմաբանը ժամանակակիցներիս սթափեցնելու նպատակով յիշեցնում է այն հայ անուանի գործիչներին, որոնք, բարձր գնահատելով հայ մարդու համար հայեցի անուն-ազգանուն ունենալու կարեւորութիւնն ու խորհուրդը, սեփական օրինակով են դա հաստատել, ինչպէս Արամ Մանուկեանն է հրաժարուել իր նախկին Սերգէյ Յովհաննիսեան անուն-ազգանունից, Յովհաննէս Քաջազնունին՝ Իգիթխանեանից, հայ մեծահարուստ Գալուստ Կիւլբենկեանը յաճախ հանդէս է եկել Վարդ Պատրիկ անունով, եւ այլն:
Եւ ուրեմն, մինչեւ ե՞րբ պիտի հայերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում յամառօրէն շարունակեն կրել թուրքական անպատուութիւնն իրենց ազգանուններում: Ժամանակն է վճռական լինելու եւ աղբը վանելու մեր տոհմանուններից: Ժամանակն է մեր «եան» մասնիկն ազատելու «խան»երից, «բեկ»երից, «սուլթան»ներից, «փաշա»ներից, եւ, ինչո՞ւ ոչ, գուցէ նաեւ մտածելու Թագաւորեան, Նախարարեան ազգանուններ ունենալու մասին, ինչպէս՝ Իշխանեանը:
Այստեղ մեծ դեր ունեն հայրենի գործադիր եւ օրէնսդիր մարմինները, քանզի օտար՝ թուրքական, հրէական, պարսկական անուն-ազգանուններից հրաժարումը ոչ թէ պէտք է թողնուի անհատի կամքին, այլ դառնայ պետական ծրագիր: Բայց մինչեւ գործը պետական այրերին հասնելը՝ պատմաբան Տէրեանն առաջարկում է չսպասել դրան. թող իւրաքանչիւր հայրենասէր անհատ ինքը ձեռնամուխ լինի իր ոչ-հայեցի անուն-ազգանուան փոփոխման գործընթացին:
Պատմաբանն անգամ ճանապարհներ է առաջարկում. ա.) ազգանունը թարգմանել, եթէ հնարաւոր է. բ.) նախնիներից մէկի հայեցի անունը դարձնել ազգանուն. գ.) եթէ մարդը ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխել իր ազգանունը, ապա գոնէ թող փոխի երեխաների ազգանունը:
Ազգանունը ազգային-մշակութային արժէք է, ուրեմն՝ մաքրենք մեր տոհմանունները՝ հայանալով:
ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ