Անցնող տարուայ ընթացքում Հայաստանի բնակչութիւնը, ըստ պաշտօնական տուեալների, նուազել է շուրջ 12 հազարով: Արտագաղթի չափն աւելին էր: Բարեբախտաբար Հայաստանում աւելի շատ ծնւում են, քան` մահանում, եւ միայն դրա շնորհիւ է, որ նուազման թիւը կազմել է 12 հազար: Երբ մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից, դա նշանակում է, որ Հայաստա նում
տնտեսական եւ ընկերային խնդիրներ կան: Իսկ մարդիկ հեռանում են առաջին հերթին այն պատճառով, որ տնտեսական վիճակը բարւոք չէ: Ուշադրութիւն դարձրէ՛ք. Հայաստանից 1991ից ի վեր արտագաղթ չի եղել միայն 2004-2006 թուականներին, երբ Հայաստանը գրանցում էր երկնիշ տնտեսական աճ: Այդ երեք տարիներին Հայաստանի բնակչութիւնը աւելացել է մօտ 30 հազարով:
Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսութիւնը 2015ին:
Հայաստանի հիմնական գործընկեր երկրում` Ռուսաստանում, 2015ին տնտեսական անկումը շարունակուեց: Համաշխարհային շուկայում պղնձի գները անկում ապրեցին մօտ 30 տոկոսով, ինչը եւս լուրջ հարուած էր Հայաստանի արտահանման հիմնական ուղղութեան` մետաղական հանքարդիւնաբերութեան ոլորտին: 2015ի Յունուարին Հայաստանն անդամակցեց Եւրասիական Տնտեսական Միութեանը (Ե.Տ.Մ.): Սպասումները, որ մաքսային այս տարածքին եւ 180 միլիոնանոց շուկային անդամակցութիւնից Հայաստանը տնտեսական օգուտներ կ՛ունենայ, 2015ին չարդարացան: Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառութիւնը նուազեց 14 տոկոսով: Նուազեց թէ՛ արտահանումը` մօտ 30 տոկոսով, թէ՛ ներմուծումը` մօտ 10 տոկոսով:
Ե.Տ.Մ. անդամ Պելոռուսիայի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութիւնը աւելացել է միայն 2 տոկոսով եւ կազմել 40 միլիոն տոլար: Շատ աւելի փոքր է Ղազախստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառութեան ծաւալը, ընդամէնը` 5 միլիոն տոլար:
Ե.Տ.Մ. անդամակցութիւնից չաւելացաւ նաեւ այդ միութիւնից ներդրումների հոսքը դէպի Հայաստան: Ռուսաստանից ընդհանուր ներդրումները կրճատուեցին 2,7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները` 3,4 անգամ: Ղազախստանի հետ ներդրումային գործարքներ չեն եղել ընդհանրապէս, իսկ Պելոռուսիայից Հայաստանի տնտեսութեան իրական հատուածում կատարուած ընդհանուր ներդրումների զուտ հոսքը բացասական է, այսինքն տեղի է ունեցել դրամագլխի արտահոսք Հայաստանից դէպի Պելոռուսիա:
Չնայած պաշտօնական վիճակագրութեանը եւ ներկայացուող տնտեսական աճին` մի շարք տուեալներ ցոյց են տալիս, որ 2015ին կեանքը Հայաստանում ոչ թէ բարելաւուել է, այլ` վատթարացել: Այսպէս, մանրածախ առեւտրաշրջանառութեան ծաւալները նուազել են շուրջ 7 տոկոսով, իսկ մարդկանց դրամատնային խնայողութիւնները չեն աւելացել, այսինքն Հայաստանի բնակիչները 2015ին աւելի քիչ են վաստակել եւ աւելի քիչ են ծախսել:
Երկրորդ, ներմուծումը նուազել է աւելի քան 25 տոկոսով, ինչը եւս ցուցիչ է նրա, որ բնակչութեան գնողունակութիւնը անկում է ապրել: Հայաստանում այսօր աղքատ է մօտ 900 հազար մարդ:
Հայաստանի տնտեսական վիճակը շատ աւելի վատ կը լինէր, եթէ տարին այնքան բարեբեր չլինէր: Անկախութիւնից ի վեր 2015ը եղաւ երկրի ամէնից բերքառատ տարիներից: Այսպիսով, 2015ին Հայաստանի տնտեսութեան շարժիչը դարձաւ գիւղատնտեսութիւնը: Չնայած միջազգային շուկայում մետաղների գիների անկմանը, Հայաստանը աճ գրանցեց նաեւ հանքարդիւնաբերութեան ոլորտում, քանի որ շահագործման է յանձնուել Թեղուտի պղնձի հանքավայրը: Հայաստանը արտահանում է պղինձ, մոլիպտեն, ոսկի, սեւ երկաթ: Քաջարանում գտնուող Զանգեզուրի պղնձամոլիպտենային գործարանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսութեան եւ արտահանման հսկան:
Անակնկալ էր այն, որ 2015ին Հայաստանում աճ չարձանագրեց զբօսաշրջութիւնը: Շատերն ակնկալում էին, որ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը առիթ կը լինի, որ աւելի շատ զբօսաշրջիկներ գան Հայաստան: Այսպէս չեղաւ: Շինարարութիւնը, որ 2000ականներին Հայաստանի տնտեսութեան շարժիչն էր եւ երկնիշ տնտեսութիւն ապահովող ճիւղը, 2015ին անկում ապրեց մօտ 3 տոկոսով:
2015ին, ի տարբերութիւն Ե.Տ.Մ. անդամ միւս երկրների, ինչպէս նաեւ` հարեւան Վրաստանի ու Ատրպէյճանի, Հայաստանի արժոյթը` դրամը, մնաց կայուն` արձանագրելով միայն փոքր արժեզրկում:
Հայաստանի պետական պարտքը 4,7 միլիառ տոլար էր, որից արտաքին պարտքը 4 միլիառ տոլար: Արդէն պարզ է, որ Հայաստանի պետական պարտքը կ՛աւելանայ նաեւ 2016ին, քանի որ պետական պիւտճէի կատարման համար ներգրաւուելու են դրսի փողեր: Այս տարուայ վերջին, Հայաստանի պետական պարտքը կը հասնի 5,6 միլիառի:
2015ին կարեւորագոյն տնտեսական իրադարձութիւնը Հայաստանի Ելեկտրական Ցանցեր (Հ.Ե.Ց.) ընկերութեան վաճառքն էր: Այն ձեռք բերեց այսօրուայ դրութեամբ աշխարհում ամենահարուստ հային` ռուսաստանաբնակ միլիառատէր Սամուէլ Կարապետեանին պատկանող Տաշիր ընկերութիւնների խումբը: Տարուայ կարեւոր իրադարձութիւններից էր նաեւ այն, որ ֆրանսական «Օրանժ» ընկերութիւնը հեռացաւ Հայաստանից: «Օրանժ»ի հեռացումը, անկասկած, վատ ազդակ էր օտարերկրեայ ներդրողների համար: Միւս կողմից, վերջապէս Հայաստան մտաւ ֆրանսական «Քարֆուր»ը:
Հայաստանի տնտեսական ցուցանիշները, հաշուի առնելով համաշխարհային շուկայի իրավիճակը, չի կարելի համարել շատ վատ: Ցաւալին այն է, որ չի դադարում արտագաղթը: Ինչպէս նշեցինք, այս տարի Հայաստանի բնակչութիւնը պակասել է եւս 12 հազարով: 1991ի անկախութիւնից ի վեր առաջին անգամ Հայաստանում գրանցուած բնակչութեան թիւը 3 միլիոնից նուազ է: Իրականում, Հայաստանի առկայ բնակչութիւնը 2,8 միլիոն է` ըստ պաշտօնական տուեալների:
Ոչ-պաշտօնական տուեալներով Հայաստանի բնակչութեան իրական թիւը հաւանաբար աւելի նուազ է, գուցէ` 2,5 միլիոնի սահմաններում: Փաստօրէն, այսօր Հայաստանում ապրում է մօտ այնքան մարդ, որքան 1970ական թուականներին Խորհրդային Հայաստանում:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ