Յովիկ Չարխչեան, իր անձնական կայքին մէջ (Blog), տեղադրած է «ԹԷ ԻՆՉՊԷ՞Ս ԳՐՈՂԸ ՕԴԱՆԱՒԵՐ ԲԵՐԵՑ» վերնագիրով պատմութիւն մը, ուր կը ներկայացնէ Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրերուն սփիւռքի մէկ համայնքի հայրենասիրական ձեռնարկը, որուն հետ այսօր չեն կրնար մրցիլ ամէնէն բարգաւաճ, ամէնէն յանձնառու համայնքները՝ Արեւմտեան Ամերիկայէն սկսեալ մինչեւ Լիբանան, մինչեւ Մոսկուա:
Ահա՛ պատմութիւնը.
«1920 թուականի գարուն... Հայաստանը ծանր կացութեան մէջ է: Երկիրը պատերազմում է մի քանի ճակատներում, իսկ ուժերն անհաւասար են: Այդ ընթացքում աշխարհով մէկ սփռուած հայերը ջանում են օգնել հայրենիքին՝ ով ինչո՛վ կարող է: Եւ ահա հէնց նոյն օրերին, հեռաւոր Եթովպիայի հայկական գաղութը որոշում է հանգանակութիւն կազմակերպել եւ հաւաքուած գումարով Հայոց Բանակի համար գնել երեք սաւառնակ:
Այդ ժամանակ Եթովպիայի հարեւան Ջիբութի երկրում (որը ֆրանսիական գաղութ էր) բնակւում էր հայ նշանաւոր գրող Ռուբէն Որբերեանը, ով միաժամանակ առեւտրով էր զբաղւում: Համայնքը որոշում է հէնց յարգարժան մտաւորականին էլ վստահել ինքնաթիռները Հայաստան հասցնելու առաքելութիւնը: Եւ Որբերեանը ճանապարհ է ընկնում:
Այսօր դժուար է նոյնիսկ պատկերացնել, թէ նա ինչպէ՛ս պիտի Աֆրիկայի ամայի տարածութիւններով այդ օդանաւերը հասցնէր նախ Եգիպտոս, իսկ յետոյ՝ աւելի հեռու: Ամէն դէպքում, 1920թ. Մայիսին, նա արդէն Աղեքսանդրիա քաղաքում էր: Այստեղ կայանում է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում Որբերեանը գեղեցիկ ճառ է արտասանում՝ վերյիշելով Եթովպիայի հանգուցեալ կայսր Մենելիքի նշանաւոր խօսքերը.- «Բայց ինչո՞ւ Աստուած իմ երկիրը սահմանակից չարեց Հայաստանին, որ իմ ողջ բանակով գնայի պաշտպանելու աշխարհի հզօրների կողմից լքուած եւ բարբարոսների սրին մատնուած քրիստոնեայ ու ազնուագոյն հայ ազգին»:
Նոյն հանդիպման ժամանակ էլ, Որբերեանը տեղեկացնում է, որ ուղեւորւում է Երեւան՝ այնտեղ հասցնելու նուիրաբերուած սաւառնակները: Սակայն գրողին վիճակուած չէր անձամբ հասնել Հայաստան: Պէտք է ենթադրել, որ նա Միջերկրական ծովով նաւարկել է դէպի Ֆրանսիա եւ հասել Փարիզ: Իսկ ինքնաթիռներն այնտեղից առաքուել են Հայաստան: Կան վկայութիւններ այն մասին, որ 1920 թուականի ամրանը, Բաթում նաւահանգիստ են բերուել Ֆրանսիայից ուղարկուած ինքնաթիռներ՝ հայկական բանակի համար:
Ծառայեցի՞ն դրանք իրենց նպատակին… Նոյն տարուայ աշնանը դաժան մարտեր էին ընթանում հայ-թուրքական ռազմաճակատում: Եւ ահա այն օրերի թերթերում հանդիպում ենք մի այսպիսի կարճ հաղորդագրութեան. «Կարսի մօտակայքում հայկական օդանաւերը ջախջախել եւ փախուստի են մատնել յարձակուող հրոսակախմբերը…»:
«ԱՍՊԱՐԷԶ»