Ե.Խ. Խորհրդարանական Վեհաժողովն մի կողմից չընդունեց բրիտանացի պատգամաւոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնութիւնների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրաւեալ տարածքներում» վերտառութեամբ հակահայկական բանաձեւի նախագիծը, սակայն միւս կողմից ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի պատուիրակ Միլիցա Մարկովիչի ներկայացրած՝
«Ադրբեջանի սահմանային բնակչութիւնը միտումնաւոր զրկուած է ջրից» բանաձեւը:
Ե.Խ.Խ.Վ.ն երկակի ստանդարտներ (չափանիշներ) կիրառեց՝ հարուածելով թէ՛ հայկական եւ թէ՛ ադրբեջանական «նալին»՝ չբաւարարելով երկու կողմերի ամբողջական ակնկալիքները: Այս մօտեցումը, սակայն, աւելի շատ բխում էր Հայաստանի, քան Ադրբեջանի շահերից:
Նախ՝ բանաձեւերը «յաղթանակել էին» վեհաժողովի լիագումար նիստում քննարկմանը նախորդող բոլոր փուլերում: Մինչեւ վերջին պահը վստահութիւն չկար, որ Ադրբեջանը չի յաջողելու նաեւ եզրափակիչ, այսինքն՝ բանաձեւի նախագծի քուէարկութեան փուլում: Երկու բանաձեւերի քուէարկութեան ժամանակ բաշխուած կողմ եւ դէմ ձայների բաւականին մօտ յարաբերակցութիւնը մատնում էր կուլիսներում ծաւալուած դիւանագիտական պատերազմը: Եւ գոնէ այնքանով, որ բանաձեւերից մէկը չընդունուեց խոստումնալից ընթացքից յետոյ, կարելի է ասել, որ հայկական կողմը կարողացաւ տանել դրուագային յաղթանակ:
Երկրորդ՝ Ե.Խ.Խ.Վ.ն փաստացի չընդունեց այն բանաձեւը, որը քաղաքական աւելի մեծ ազդեցութիւն էր ունենալու Լ.Ղ. հիմնախնդրի կարգաւորման պրոցեսի (ընթացքի) վրայ, եւ որի հետ Բաքուն կապում էր հիմնական յոյսերը: «Բռնութիւնների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրաւեալ տարածքներում» բանաձեւը ոչ միայն Լ.Ղ.ն ճանաչում էր Ադրբեջանի մաս, այսինքն՝ կանխորոշում էր Լ.Ղ.ի կարգավիճակը, կամ պարտադրում Հայաստանին՝ դուրս բերելու զինուած ուժերը Լ.Ղ.Հ.ից, Հայաստանին փաստացի բնորոշելով որպէս ագրեսոր, այլեւ պարարտ հող էր նախապատրաստում Բաքուի համար՝ աւելի ինտենսիւացնելու (լարելու) ջանքերն ու նախաձեռութիւնները՝ կարգաւորման գործընթացը Ե.Ա.Հ.Կ. ՄԻնսքի Խմբակի ձեւաչափից դէպի Եւրոպական Խորհուրդի դաշտ տեղափոխելու ուղղութեամբ:
Ի հարկէ, հակահայկական ձեւակերպումներ կային նաեւ Ե.Խ.Խ.Վ.ի կողմից ընդունուած՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւում, որն իրականում ուոլթերեան վերոնշեալ բանաձեւի տրամաբանական շարունակութիւնն էր: Սակայն որքան էլ այն քաղաքականացուած էր, ունէր հումանիտար-սոցիալական նշանակութիւն եւ ուղղուածութիւն: Եւ թերեւս հէնց այդ հանգամանքը նկատի առան Ե.Խ.Խ.Վ. պատուիրակները ոչ թէ Ուոլթերի, այլ հէնց Մարկովիչի բանաձեւն ընդունելիս:
Չնայած այս իրողութեանը՝ հայկական կողմի յաջողութիւնը զուտ դրուագային է եւ ուրախանալու առանձնապէս մեծ առիթ չի տալիս: Ուոլթերի բանաձեւի նախագծի տապալումը բացարձակապէս չի երաշխաւորում, որ Ադրբեջանի պատուիրակութիւնը Ե.Խ.Խ.Վ.ում նմանատիպ նոր նախաձեռնութիւններով հանդէս չի գալու: Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւի ընդունումն ինքնին արդէն յուշում է, որ հումանիտար-քաղաքական ոլորտում Ադրբեջանը փորձելու է զարգացնել այդ յաջողութիւնը՝ ներկայացնելով այդ բանաձեւի տրամաբանութիւնից բխող նոր առաջարկներ:
Ինչ վերաբերում է Լ.Ղ. կարգաւորման բուն գործընթացին, ապա դեռեւս ուժի մէջ է մնում 2005ին նոյն Ե.Խ.Խ.Վ.ի կողմից ընդունուած՝ հիմնաքարային 1416 բանաձեւը, որի հակահայկական ձեւակերպումներին ու պահանջներին իր բանաձեւում յղում էր կատարել Ռոբերտ Ուոլթերը: Քանի դեռ Ե.Խ.ում հայկական պատուիրակութեան համար իսկական մղձաւանջի վերածուած հակահայկական 1416 բանաձեւը շարունակում է ուժի մէջ մնալ, Ադրբեջանը միշտ հնարաւորութիւն է ունենալու, դրա վրայ յենուելով, նորանոր նախաձեռնութիւններ իրականացնելու: Այդ բանաձեւը գործիք է նաեւ Ե.Խ.ի համար՝ Լ.Ղ. հարցին միջամտութեան փորձերով իր քաղաքական նշանակութիւնը բարձրացնելու տեսանկիւնից: Եթէ նկատի ունենանք, որ այս նստաշրջանում Ե.Խ.Խ.Վ. նախագահ է ընտրուել Իսպանիան ներկայացնող եւ իր պրօ-ադրբեջանական կեցուածքով յայտնի Պեդրօ Ագրամունդը, պարզ է դառնում, որ Ե.Խ.Խ.Վ.ում պատերազմները ոչ թէ աւարտւում են, այլ ընդամէնը թեւակոխում են նոր փուլ: Հիմա, իբրեւ յենակէտ, աւելանում է նաեւ Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւը:
Միւս կողմից՝ Ուոլթերի բանաձեւի տապալման հիմնական պատճառն անցած Ուրբաթ Ե.Ա.Հ.Կ. Մինսքի Խմբակի համանախագահների ընդունած համատեղ յայտարարութիւնն էր, որով բանաձեւերի հնարաւոր ընդունումն անուղղակիօրէն որակւում էր որպէս Եւրոպական Խորհուրդի կողմից Մինսքի Խմբակի (Մ.Խ.) եռանախագահութեան ձեւաչափի մանդատի (լիազօրութեան) նկատմամբ ոտնձգութիւն:
Ե.Խ.Խ.Վ.ն, այս իմաստով, ընտրեց չափազանց ճկուն տարբերակ: Մի կողմից ցոյց տուեց, որ Մ.Խ.ի մանդատի «տարածք» մտնելու յաւակնութիւն չունի, միւս կողմից վերահաստատեց պրոցեսի նկատմամբ վերահսկողութիւնը չկորցնելու՝ իր կամքը: Սա կարելի է նոյնացնել Մ.Խ.ին «դեղին քարտ» ցոյց տալու հետ. Ե.Խ.Խ.Վ.ն հասկացնում է, որ ոչ միայն անբաւարար է համարում Լ.Ղ. կարգաւորման հարցում Մ.Խ.ի արդիւնաւէտութիւնը, այլեւ պատրաստ է նրա ձախողման դէպքում ստանձնելու կարգաւորման պրոցեսի տնօրինման գործառոյթը: «Կարմիր քարտ» ստանալուց խուսափելը Մ.Խ.ի յաղթանակն էր: Հայաստանը պարզապէս օգտագործեց իր հեղինակութիւնը՝ փրկելու Մ.Խ.ի ցանկութիւնը, ինչը դիւանագիտական ճկունութեան տեսանկիւնից, ի հարկէ, քիչ բան չէր:
Պարզ է, սակայն, որ այս խաղաքարտից ամէն անգամ օգտուել հնարաւոր չի լինելու, եթէ պաշտօնական Երեւանը կտրուկ չփոխի իր քաղաքականութիւնը Ե.Խ.Խ.Վ.ի հանդէպ եւ պաշտպանողական մարտավարութիւնը չփոխարինի յարձակողական, նախաձեռնողական մարտավարութեամբ՝ օգտագործելով Բաքուի բոլոր խոցելի կողմերը: Այս իմաստով՝ Ուոլթերի բանաձեւի տապալումն ու դրան ուղղուած գերակտիւ (գերաշխոյժ) դիւանագիտական ջանքերը որոշակի նշաձող են սահմանում: Դրանից ցածր ցանկացած արդիւնք այլեւս հասկանալի չի կարող լինել: Դա ջարդում է ադրբեջանական «խաւիարային դիւանագիտութեան» ամենազօրութեան, անյաղթահարելիութեան միֆը (առասպելը)՝ Ե.Խ.Խ.Վ. հայկական պատուիրակութեանը պարզապէս զրկելով պաշտօնական Երեւանի հնարաւոր դիւանագիտական անգործութիւնն ու անփութութիւնը հետագայում այդ միֆով արդարացնելու հնարաւորութիւնից:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ