Որքան արագ վրայ հասաւ մեզ համար նշանակալից այս տարուան աւարտը: Միթէ՞ այսքան սպասուած տարին պիտի աւարտուէր սովորական տարուան պէս մեր կիսաւարտ ծրագրերով:
Վստահ եմ, շատերդ էք ինձ պէս ափսոսանքով հրաժեշտ տալիս այդքան սպասուած տարուն: Չէ՞ որ այս անցնող տարուայ մէջ իւրաքանչիւր հայ իր փշրուած իղձերի վերականգնման յոյսն էր ամփ
ոփել, 100 տարի իր խեղդուած պահանջների բարձրաձայնումն էր ուզում լսել, իր տեղքայլից դէպի մեծ ճանապարհի երթին էր ուզում ականատես լինել, իր չլուծուած հարցերի առնուազն օրինագիծն էր ուզում իրականացած տեսնել, լիարժէք ապրելու լոյսի շողն էր ուզում զգալ:
Անցաւ յիշարժան մի թուական, մի անխօս էջ էլ ծանրացաւ մեր արդէն ծանրաբեռ պատմութեան մէջ:
Անշուշտ իւրաքանչիւրս տարբեր սպասելիքներով ենք ընդունում մի նոր տարի եւ տարբեր գնահատումով ենք ճանապարհում արդէն ապրուածը, հինը: Բնականաբար այս անցնող տարին իմ գնահատանքով թղթին յանձնելով եմ ճանապարհում:
Տարեմուտի այս օրերին աշխարհում տիրող, գուցէ եւ մեր երկրին էլ սպառնացող անապահով վիճակը ինձ ստիպում է աւելի մեղմ վերլուծել մեր մէկ տարուայ անցած ճանապարհը, միաժամանակ պարտադրում նաեւ անկեղծ լինել պատմութեան առջեւ:
Այսօր, երբ աշխարհում խախտուել են գնահատանքի չափանիշները, երբ մեծ տէրութիւնների խառնակիչ քաղաքական դիրքաւորման արդարացումները բացայայտ կեղծիքով են շնչաւորուած, մեր փոքրիկ պետութեան կեցուածքը սրածայր ասեղների վրայ է դրւում: Սակայն դա չի նշանակում, որ արտաքին աշխարհի հետ մեր յարաբերութիւնը վտանգելու պատրուակով, աչք փակենք մեր ներքին բացթողումներին: Դա իրաւունք չի տալիս մեզ կրկնելու նախա-անկախացման՝ համայնավարութեան, տարիներին գործած սխալները, նոյն մտայնութեամբ ներկայացնելու իրավիճակները: Այսինքն իշխանութիւններին չզայրացնելու համար, միայն գովերգել երկիր ունենալու իրականութիւնը, կառավարութեանը գովաբանել, մեկուսացնել կառավարութեան գործունէութիւնը քննադատողներին, կամ երկրի թշնամի նկատել նրանց: Այդպէս վարուելով համայնավարութեան ողջ տարիներին մենք ջլատուեցինք, պառակտուեցինք, արդիւնքում թողնելով ազգային աղաւաղուած պատմութիւն:
Բայց չէ՞ որ երկիրը շնչող, վայրկեանով ապրող, ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ ու դարեր իր վրայ կուտակող ու ձգուող գոյութիւն է, իր ֆիզիկական եւ բարոյական զօրութեամբ ապրող ու յարատեւող, որն ամբողջովին հիմնուած է այդ հողի վրայ ապրող ժողովրդի գիտակցութեան ու կամքի վրայ: Ուրեմն եւ ժողովրդի խօսքը լսելի ու ընկալելի պիտի լինի երկիրը ղեկավարողներին, որքան էլ այդ խօսքը լինի սուր եւ ոչ իր հողի վրայ ապրող հայից:
Ոչ մէկիս համար գաղտնիք է, որ մեր երկրի անկախութիւնը չհիմնուեց ժողովրդային եւ սոցիալական պահանջների, ժողովրդին որպէս երկրի անհրաժեշտ գոյութիւն ընդունելու եւ նրա պահանջները յարգելու սկզբունքների վրայ: Գաղտնիք չէ, որ անկախացման առաջին իսկ պահից մեր ժողովուրդը կորցրեց իր իրաւունքները եւ մինչեւ այսօր չի կարողանում վերագտնել այն: Աւելի ճիշդ թոյլ չեն տալիս նրան իր իրաւունքները վերագտնելու, քանզի իրերայաջորդ իշխող կառավարութիւններին դա ձեռնտու չէ:
Որքան էլ գնահատում ու փայփայում ենք մեր երկրի անկախացած գոյութիւնը, նոյնքան եւ իրաւունք ենք վերապահում նրա բարոյական արժէքների մասին խօսելու, վերլուծելու, քննադատելու, մեր կարծիքն ու իրաւունքները պաշտպանելու:
Այս նոր տարուայ շեմին իւրաքանչիւր հայ իր անձնական իղձերում մի անկիւն էլ յատկացնում է հայրենի երկրի ֆիզիկական գոյութեան անձեռնմխելիութեան, նրա ապահովութեան, նրա խաղաղութեան եւ նրա բարգաւաճմանը, յատկապէս աշխարհի այսօրուան այս խառնակ վիճակում: Սա արդէն այնքան բնական է դարձել յատկապէս համասփիւռ հայութեան համար, որ նոյնիսկ Ամանորի միմեանց յղուող շնորհաւորանքում է տեղ գտնում այն: Այսպէս ենք ապրել ու շարունակելու ենք ապրել դողալով, գուրգուրելով մեր ունեցած այս փոքրիկ հողակտորի անկախութիւնն ու նրա գոյութիւնը:
Այո՛, մեզ անհրաժեշտ է մեր հայրենի երկրի ոչ միայն ֆիզիկական ներկայութիւնը, այլ նաեւ նրա ազդու եւ արագ բարգաւաճումը: Օրէօր վեր բարձրացող շէնքերի ու հաստատութիւնների կառոյցով, փողոցների բարելաւմամբ, կարգ ու կանոնով, օրէնքներով, այն ամէն արտաքին բարեմասնութիւններով, որով երկրներն ու քաղաքներն են աչքի ընկում, զարգանում: Այս ամէնի հետ անհրաժեշտ է այնտեղ ապրող մեր հայրենակիցների բարեկեցիկ ու ապահով վիճակը, սէրը, յարգանքն ու պատասխանատուութիւնը իր հողի, իր երկրի հանդէպ:
Այս անցնող տարում մեր երկիրը ֆիզիկական իր գոյութեամբ առաջընթաց արձանագրեց, աշխարհում ճանաչուելով, որպէս ինքնուրոյն երկիր: Տարբեր երկրների ազդեցիկ ղեկավարներ, դիւանագէտներ, անուանի եւ ոչ-անուանի հիւրեր ընդունելով, պատշաճ ընդունելութիւն կազմակերպելու իր կարողութեամբ: Ճանաչուեց, հիացումի արժանացաւ իր մայրաքաղաքով, իւրօրինակ բնութեան բարեմասնութիւններով, ժողովրդի սրտաբուխ հիւրնըկալութեամբ ու խաղաղասիրութեամբ:
Կազմակերպչական եւ մատուցման տեսանկիւնից մեծ գնահատանքի է արժանի անցնող 100-Ամեակի Ապրիլեան ձեռնարկների իրագործումը մեր երկրում եւ հայութեան միահամուռ կազմակերպուածութեան հաստատումը համայն սփիւռքում:
Անցնող տարուան յիշարժան նուաճումն է սա, որը մեր պատմութեան մաս է կազմելու:
Բայց չէ՞ որ այդ նոյն պատմութեան պահանջով ոտքի ելանք 100ամեայ մեր ոտնակոխուած իրաւունքները բարձրաձայնելու, մեր դատը վերանորոգելու, մեր կիսաւարտ պահանջները ներկայացնելու: 100ամեակի բարոյական այս խնդիրը մնաց նոյնքան անորոշ, որքան սկսուեց հարիւր տարի առաջ:
Անցնող տարուայ մեր մեծագոյն եւ աններելի բացթողումն է սա, որը չենք կարող աչքաթող անել եւ տարեվերջի մեր գնահատանքում իբրեւ նուաճում արձանագրել: Եթէ նուաճում է համարւում մի շարք երկրների կողմից մեր Ցեղասպանութեան փաստի 100 տարի յետոյ ընդունումը, ես միայն ցաւում եմ այդ երկրների դիւանագէտների անգիտութեան համար: 100 տարի անտարբեր կեցուածքից յետոյ, նրանց «յանկարծակի արթնացման» եւ թուրքերի գործած ոճիրը վերջապէս որպէս Ցեղասպանութիւն համարելու համար:
Մեր հարիւր տարիների տառապանքն ու կորուստը էլ աւելի լուրջ աջակցութեան էին արժանի: Կատարուած իրողութեան ընդունումից աւելի, 100 տարի յետոյ, արդէն դատապարտման վճռին էին արժանի: Չէ՞ որ նոյնիսկ ամենապարզ ոճիրը դատապարտման իր չափանիշներն ունի: Եւ մենք, որպէս անպարագրելի ոճրի ենթարկուած ազգի, 100 տարի յետոյ էլ փոխանակ ըդվզելու, երախտագիտութեամբ ենք ընդունում այլ պետութիւնների, մինչեւ իսկ այդ նոյն Ցեղասպանութեանը մասնակից եղած պետութեան կողմից սոսկ ընդունումը մեր ցեղասպանութեան:
Ճանաչումից մինչեւ հատուցում նշանաբանով սկսուած 100րդ տարելիցը ինչպէ՞ս կարելի էր միայն ճանաչումով սահմանափակել, ինչպէ՞ս կարելի էր մեր ապագայի ամենակարեւոր խնդիրը՝ հատուցումը, որը նշանաբանում էր տեղադրուել, այդքան կոպտօրէն, բացայայտօրէն անտեսել: Ինչպէ՞ս կարելի էր ազգային մեր ամբողջ ուժը կեդրոնացնել լիիմաստ նախադասութեան առաջին բառի՝ ճանաչման վրայ միայն եւ ամբողջովին անտեսել նախադասութեան միտքը ամփոփող վերջին բառը՝ հատուցումը: Չէ՞ որ այս տարին, իւրաքանչիւր հայի համար, հիմնուած էր այդ երկրորդ բառը կեանքի կոչելու՝ հատուցման երթը սկսելու առաջադրութեան վրայ:
Ինչպէ՞ս կարող էինք դէպի ետ երթալ եւ կանգ առնել միայն ճանաչման վրայ: Միթէ՞ մեր գերագոյն նպատակը ճանաչման արժանացնելն էր: Կարծում եմ, մենք այդ շրջանը շատ վաղուց էինք անցել: Մեր Ցեղասպանութիւնը նոր միայն ընդունող պետութիւնները հարկ էր իրենք մտածէին, թէ ինչու՞ էին ուշացել:
Ինչպէս անհատի, այդպէս էլ ժողովուրդների կեանքում առիթը, հնարաւորութիւնը յաճախակի չի տրւում եւ երբ տրւում է՝ չօգտուելու դէպքում այն ոչ միայն չքանում է, այլ ժողովրդի ապագային է վնասում:
Այս անցնող տարում մենք չօգտագործեցինք աշխարհի թէկուզ ուշացումով մեզ ուղղուած ուշադրութիւնը՝ մեր պահանջները 100րդ տարելիցի հիմնական խնդիրը դարձնելու: Եւ մեր անկարողութիւնը կոծկելու միակ միջոցը եղան գոհունակութիւնն ու երախտագիտութիւնը աշխարհի այն երկրներին, որոնք բարի գտնուեցին ընդունելու մեր Ցեղասպանութիւնը, թէկուզ մակերեսայնօրէն եւ մինչեւ օրս շարունակելով գովերգել կատարուած միջոցառումները:
Վստահ եմ, շատերի համար այս իրադարձութիւնը անցնող տարուան մեր մեծագոյն նուաճումն է համարուելու եւ դրանով մենք նորից խոր թմբիրի ենք մատնուելու, քանի որ իրական մեղաւորին՝ մեր կառավարութեան, այս բացթողման համար երբեք չդատապարտեցինք:
Մենք երբեք մեր կառավարութեան չենք մեղադրում մեր ազգային իրաւունքների ոտնակոխման, անտարբեր կեցուածքի համար, սակայն անվերջ քննադատում ենք ժողովրդի սոցիալական խեղճ վիճակի, երկրի անօրինութեան, կողոպուտի, երկրում տիրող անգործութեան եւ երբեմն էլ թեթեւակիօրէն արտագաղթի համար: Բայց չէ՞ որ այս ամէնը բխում են ազգայինից, ազգայինի իսպառ բացակայութիւնից:
Ես վերջերս լսում էի մեր նախագահի ելոյթները մեր ազգային տարբեր տօնակատարութուններին ու երեկոներին նուիրուած: Ոչ մէկ սրտաբուխ, իր հոգու խորքից դուրս ժայթքող, լսողի շունչը կտրող ու սիրտը ուռճացնող, ժողովրդին տեղաշարժող, անձնական շունչով ողողուած ոչ մէկ բառ, նախադասութիւն, ներքին հպարտանք, սէր, ժողովրդին ու հողին կապուածութեան ոչ մէկ սրտայոյզ շունչ իր խօսքը փոխանցելիս, իր արտայայտութեան մէջ: Կարծես օտար երկրի մի նախագահ է կարդում մեր ժողովրդի համար գրուած ճառը: Բայց դա ներքին, արեան ձայնից յորդող զգացում պիտի լինի, որ անկախ մարդկային տեսակից ու պաշտօնից ժայթքում է բառերի հետ: Դա չեն սովորում, դա մարդու ներքինում կուտակուած սէր է իր ազգային երեւոյթների հանդէպ, որ ինքնաբուխ յորդում է պէտք եղած պահին այնպէս, ինչպէս ուրախութեան ճիչն ու բարկութեան պոռթկումը, երկրի ղեկավարներից սկսած, մինչեւ շարքային քաղաքացին: Այսինքն ազգային ջիղ ունեցող իւրաքանչիւր անձ անկարող է չարտաբերել, իր վերաբերմունքը չփոխանցել իր ձայնով: Չէ՞ որ նախագահների պարտականութիւնն է պատշաճ իրադարձութիւններում տեղաշարժել ժողովրդի ներքին զսպանակները, նրան իր հողին, իր պատմութեանը կապելու, իր ճակատագրին եւ երկրին տէր կանգնեցնելու համար:
Եւ մենք դեռ այս կառավարութիւնից ենք սպասում ազգային կարեւորագոյն հարցերի լուծում, համասփիւռ հայութեան իր հովանու տակ վերցնելու պատրաստակամութիւն:
Ես վերջերս եղայ Պէյրութում եւ Հայաստանում: Ցաւով պիտի նշեմ, որ սփիւռքին պահող եւ նրան առաջ մղող, նրա ողնայարը հանդիսացող Պէյրութը օրէ օր կորցնում է իր ուժը, քաղաքական եւ տնտեսական մեծ ճգնաժամի պատճառով: Ամբողջ երկիրը առօրեայ դժուարութիւններից՝ ջրի, ելեկտրականութեան, աշխատանքի պակասի հետ միասին նաեւ ամէնժամեայ անապահովութեան մէջ է: Այս եւ Միջին Արեւելքի մեր միւս գաղութները, որոնք միշտ սովոր են միայնակ յաղթահարելու իրենց առջեւ ծառացած բոլոր դժուարութիւնները՝ պատերազմներից սկսած, մինչեւ դպրոց ու հաստատութիւններ պահելու, մշակոյթի հետեւորդներ կրթելու, հայախօս ու նուիրուած հայրենասէրներ դաստիարակելու, այսօր կանգնած են ամէն վայրկեան պայթելու սպասուող պատերազմի առջեւ:
Մեր ժողովուրդը փողոցներում կուտակուած աղբակոյտերի մէջ իսկ առանց բողոքի ու տրտունջի, մեծ դժուարութեամբ փորձում է կանգուն պահել իր դպրոցները, երեխաների, պատանիների եւ երիտասարդների բոլոր իրերայաջորդ, երբեք չյետաձգուող միջոցառումները: Փորձում են շարունակել, պահելու զարգացնել իրենց հայկական առօրեան: Ոչ մէկ տրտրունջ, ոչ մէկ պահանջ որեւէ մէկից՝ ոչ տեղի, ոչ էլ հայրենի կառավարութիւնից: Չէ՞ որ նրանք էլ դժուարութեան մէջ գտնուող մեր ժողովուրդն են, մեր կարեւորագոյն համայնքը, մեր երկրին ազգային արժէքներ ու ոգի մատակարարող ուժը:
Նրանց կողքին լուռ տնքում, դեռ զոհեր է տալիս հալէպահայութիւնը: Ժամառժամ փլատակի վերածուող, ռումբերի պայթումներով, ջրի, ելեկտարականութեան չգոյութեան, ուտելիք հայթայթելու դժուարութիւնների մէջ անգամ դեռ մնում են իրենց տներում, դեռ երեխաների համար դպրոց են ապահովում, մեր երիտասարդները գիշերը ցերեկ արած իրենց համայնքն են հսկում, պաշտպանում: Այս ամէնը առանց բողոքի, լուռ ու կազմակերպուած, իրենց գլխին հայրենի պետութիւն չունենալով, միայն համայնքային ուժերի համախմբմամբ:
Նրանց հակառակ, Հայաստան
ոտք դրած պահից, միայն բողոք ես լսում՝ կառավարութեան կողոպուտի մասին, իրենց դժուար ապրուստի մասին եւ միշտ բողոքի շարքը աւարտւում է միեւնոյն վերջաբանով՝ եւ «Բա սա երկի՞ր է: Բա կարելի՞ է էս երկրում ապրել»։ Այս նախադասութիւնը լսում ես իւրաքանչիւր անգամ տաքսի նստելիս, որեւէ հայրենաբնակի հետ խօսելիս:
Այդ օրերին մասնակցում էի Հայաստանի Ազգային Ակադեմիայի կազմակերպած «Հայոց Ցեղասպանութիւն-100. Ճանաչումից՝ Հատուցում» միջազգային գիտաժողովին:
Գաղտնիք չէ, որ գիտութեան մեր աշխատողները նոյնպէս չնչին վարձատրութիւն են ստանում, աշխատում ոչ-բարեկեցիկ միջավայրում: Դուք պիտի տեսնէք պատմագիտութեան բաժնի սենեակների, վերելակների, լուացման սենեակների ոչ միայն հին ու փտած, այլեւ անգործածելի վիճակը: Բայց ո՛չ մէկից բողոք չես լսում, այդ պայմաններում գլխիկոր աշխատում, դեռ հանրայայտ հիւրեր էլ են ընդունում: Հիացումի արժանի նրանց նուիրումը իրենց ծանր գործին, մասնագիտութեանը, յարգանք է պարտաւորեցնում: Բայց չէ՞ որ նրանք էլ ապրում են այդ նոյն՝ «Բա սա երկիր է» երկրում:
Այստեղ հակիրճ ուզում եմ յիշեցնել նաեւ այդ գիտաժողովի մասին, քանզի անցնող տարուան լաւագոյն նուաճումներից է դա մեր գիտութեան այդ արժէքաւոր հաստատութեան կենսագրութիւնում եւ յատկապէս՝ այդտեղ ներկայացուած հարցերը անհրաժեշտ են մեր հետագայ պահանջատիրութեան համար:
Գիտաժողովը բացառիկ էր այն առումով, որ Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների գիտութեան ներկայացուցիչները նոր յայտնաբերուած փաստերով հրատապ մակարդակի բարձրացրին մեր պահանջատիրութիւնը:
Ցաւօք, ժողովուրդը անհաղորդ մնաց այս ամէնին եւ հասկանալի է, որ նրա ցուցաբերած անտարբերութիւնը մեր պահանջատիրութեան հանդէպ, իր ոչ-լիիրաւ իմացութիւնից է գալիս:
Մեր գիտութեան աշխատողների, մտաւորականութեան դերը այս հարցում եւ ընդհանրապէս ժողովրդին իր երկրին կապելու, կրթելու, անկախութեան իմաստին ու դրանից բխող պահանջներին ծանօթացնելու գործում հրատապ է:
Նոյնքան հրատապ է այդ նոյն գիտաժողովի՝ պահանջատիրութեանը հետամուտ լինելու եզրակացութիւնը, մեր կառավարութեան յանձնելը:
Գիտաժողովի խորագիրը «Ճանաչումից՝ Հատուցում» իր պայթուցիկ ազդեցութիւնը չունեցաւ: Այստեղ էլ մէկ այլ բացթողում ունեցանք: Գիտաժողովի այս կարեւոր խնդրի եզրակացութիւնը եւ ամփոփումը չյղեցինք աշխարհի տարբեր գիտութեան Ակադեմիաներին եւ յատկապէս Թուրքիոյ, որը մինչեւ օրս դեռ ծղրտում է, որ պատմաբաններին պէտք է յանձնել Ցեղասպանութեան ճշդումը, անտեղեակ, որ պատմաբանների հաւաքագրած փաստերն այլեւս իրենց օգտին չեն: Դրանցից իւրաքանչիւրը պայթուցիկ ռումբեր են, եթէ անշուշտ մենք համարձակութիւն ունենանք դրանք օգտագործելու: Մեր Ակադեմիոյ դերը եւ նրա ուժը այս հարցում յոյժ անհրաժեշտ է: Պարտաւոր ենք ջանք չխնայելու, որ այն իրապէս դառնայ մեր ազգային հարցադրումներում իր խօսքը ունեցող հաստատութիւն:
Մեր նման կիսաւարտ խնդիրների լաբիրինթում թաւալուող ժողովրդի համար, բոլոր հատատութիւններով որպէս միասնական շղթայ գործելը անհրաժեշտութիւն է:
Տարեմուտի արժեւորման հիմնական խնդիրներից է ինչպէս նշեցի, մեր ժողովրդի այսօրուան սոցիալական եւ բարոյական կեցութեան վիճակը, նրա մասնակցութիւնը իր անկախ երկրի պահպանմանը, նրա հոգեկան ակտիւ ներդրումն ու կապը իր հողի ու նրա ապագայի հետ: Սա մի միասնութիւն է, որը իրենք իրենց հաստատած, զարգացած երկրներում, սովորաբար կառավարութիւնն է ղեկավարում: Նախկինում էլ բազմիցս նշել եմ, որ մեր երկրում իսպառ բացակայում է կառավարութիւն-ժողովուրդ կապը, սրանցից իւրաքանչիւրը իր համար է գործում, կարծես գոյութիւն չունեն իրար համար եւ գնալով մեծ խրամատ է առաջացել այս յարաբերութիւնում այնքան, որ ժողովրդի հոգն անգամ չէ՝ կառավարութիւն ունի՞ թէ՞ ոչ, իր աչքում բոլորը վարկաբեկուած աւազակներ են:
Իր համար կարեւոր չէ սահմանադրութիւնը կը փոխուի՞ թէ՞ ոչ, պահանջատիրութեան հարց ունի թէ ոչ, նոյնիսկ մոռացութեան է մատնել իրեն սովի ու սառնամանիքի մէջ պահած, իր մարդկային, քաղաքացիական արժանապատուութիւնը տրորած առաջին նախագահին եւ դեռ մասնակցում է նրա հաւաքոյթներին, դեռ թոյլ է տալիս, որ իր խառնակութիւնը շարունակի, իր ձեռքով քանդած երկրում: Այս բոլորը խօսում է այն մասին, որ տարուած իր առօրեայով, իր ամէնօրեայ հացի խնդրով, աչքաթող է արել նոյնիսկ ամենակարեւորը՝ իր արժանապատուութիւնը, երկրի տէր լինելու իր իրաւունքները, երկիր ունենալու, նրա վրայ ապրելու, իր մայրենի լեզուով խօսելու պատեհութիւն ունենալու առաւելութիւնը: Ահա թէ ինչո՛ւ միջոցներ է փնտռում երկրից փախչելու եւ փախչնելուց յետոյ էլ, իր արարքը արդարացնելու համար, սրտացաւ հայրենասէր է դառնում օտար երկրում, էլ աւելի մեծ լուտանք է թափում կառավարութեան եւ բոլոր հարուստների գլխին, ցաւակցում երկրում մնացողներին:
Մի քանի օր առաջ մեծ յաջողութեամբ աւարտուեց Հայաստան Հիմնադրամի հեռուստամարաթոնը: Աշխարհի հայութիւնը իր կարողութեան սահմաններում իր օգնութիւնը ներդրեց հայրենի Արցախի ժողովրդի կեանքի բարելաւմանը: Յատկապէս յուզիչ էր, սփիւռքի անխտիր բոլոր հայկական դպրոցների մանկապարտէզից սկսած աշակերտների աշխոյժ ներդրումը: Օտարութեան մէջ հասակ առնող մեր մատաղ սերունդին սփիւռքը ջանք չի խնայում դաստիարակելու հեռաւոր հայրենիքի, հայրենի ժողովրդին ու նրա կարիքներին կապելու, նրան նուիրուելուն: Սրան հակառակ, Հայաստանի դպրոցներից չմասնակցեցին իրենցից մի քանի հարիւր մղոն հեռու ապրող իրենց հասակակիցներին նոյնիսկ չնչին օգնութիւն հասցնելու գործին: Բայց չէ՞ որ հայրենասիրութիւնը եւ ժողովրդին նուիրուելու զգացումը մշակել, կրթելը մանուկ հասակից է սկսվում: Ինչո՞ւ այսքան տարբեր պիտի մեծանան մեր ժողովրդի երկու հատուածները, չէ՞ որ բոլորիս նպատակը մէկն է՝ մեր հայրենին եւ մեր կիսաւարտ ծրագրերը:
Այս օրերին, տարին աւարտում ենք նոր զոհերով: Մի կողմից Արցախի մեր հողը պաշտպանելու համար, միւս կողմից Սուրիոյ մէջ օտար երկրի զոհը դառնալով: Երկու դէպքում էլ զոհեր ենք տալիս, մեր ժողովուրդի արժանի զաւակներին ենք կորցնում: Մի կողմից աշխարհի հայութիւնը միահամուռ թիկունք է կանգնում Արցախի բարգաւաճմանը, միւս կողմից նոր երիտասարդ զինուորների կորստի լուրն ենք ստանում նոյն Արցախի պաշտպանութեան համար զոհուած:
Ցաւօք, մենք ուրիշ ազգերի պէս չենք, թեթեւ չենք կարող ընդունել մեր զոհերը: Մեր տուած իւրաքանչիւր զոհ, այն էլ թուրքի գնդակից, միշտ բազմապատկւում է միլիոն ու կէսով եւ կորուստը այլեւս դառնում է անընդունելի, վիշտը նորոգւում ու նոր ցասումով է լեցնում մեր հոգին:
Ուստի չենք կարող չյիշել եւ չխոնհարհուել յիշատակի առջեւ այն երիտասարդների, որոնք իրենց երիտասարդ, երազանքներով լի, իրենց կիսաւարտ կեանքը զոհեցին հայրենի երկրի պաշտպանութեան համար, որոնք լացող մայրեր ու հարազատներ թողեցին անդարմանելի կսկիծի մէջ:
Այս նոր տարուան շեմին մենք վշտակցում ենք մեր զոհերի ընտանիքներին, սրտի կսկիծով յիշում ու խոնարհւում ենք իրենց կեանքը հայրենի հողի պաշտպանութեանը նուիրաբերած այն երիտասարդների առջեւ, ովքեր հայրենի Արցախի հողը էլ աւելի կարեւոր դարձրին իրենց նոր թափած արիւնով:
Այս ամէնի հետ մէկտեղ տարեվերջի այս օրերին կրկին յայտնուել ենք ռուս-թուրքական սրուած յարաբերութիւնների, իրենց շահերի համար տարուող պայքարի կենտրոնում: Սովորաբար բնութեան մէջ՝ 25, 50, 100 տարի մէկ են յայտնւում տեղային աղէտները (cycle): Եւ քանի որ մենք հին ժողովուրդ ենք, հաւանաբար բնութիւնից այն փոխանցուել է մեր ճակատագրին: Այսօր՝ 100 տարի անց, կրկին երկու հզօրների, մեզ հետ կապ չունեցող ընդհարման հարուածի տակ ենք ընկած: Կը կարողանա՞նք արդեօք գոնէ այս անգամ չտարուել խաբկանքներով, չհաւատալով ոչ մէկի խոստումին, մեր բազմադարեան կորուստներից սովորելով, ճկուն քաղաքականութիւն վարել եւ զերծ մնալ վտանգից, ամենակարեւորը՝ օգտագործել այս վիճակը յօգուտ մեր շահերի:
Այսպիսի անհանգստութիւններով ենք ճանապարհում մի գեղեցիկ թուական՝ 2015, իր մէջ կուտակած բազում չիրագործուած նպատակների ու երազանքների ծրագրերով ծանրաբեռ, մեր բացթողումներից սովորելու մի նոր դասագիրք դառնալով մեզ համար, նոր ձգտումներով ու մեր նպատակներին հասնելու նոր շրջահայեցութեամբ զինելով մեզ: Մաղթենք, որ գալիք 2016թ. խաղաղ տարի լինի աշխարհի եւ մեզ համար եւ նախորդ չիրագործած ծրագրերը իրագործենք:
Դոկտ. Մարի-Ռոզ Աբուսէֆեան