Մարդկային անուանաբանութիւնը (անթրոպոնիմիկա) մի գիտաճիւղ է, որն ուսումնասիրում է այս կամ այն լեզուի անձնանունները` հարուստ նիւթ տրամադրելով տուեալ ժողովըրդի պատմութեան, լեզուի զարգացման եւ յարակից այլ խնդիրների մասին: Այս առումով յոյժ արժէքաւոր է նաեւ մեր ժողովրդի մէջ տարածուած անձնանունների զննումը, որը վեր է հանում մի շարք հե
տաքրքրական երեւոյթներ, քանզի հայոց անձնանունների մէջ լաւագոյնս արտացոլուած են մեր պատմութեան հիմնական հանգրուանները:
301 թ. Հայոց Դարձից յետոյ մեր մէջ լայն տարածում գտան քրիստոնէական անունները, որոնց մի մասն ունի աստուածաշնչեան, հետեւաբար` եբրայական ծագում, բայց Ս. Գրքի յունարէն թարգմանութեան միջոցով` արդէն հելլէնացուած: Քանի որ հայոց մէջ իր դիրքն ունէր նաև սեմական-ասորական աւանդոյթը, ապա ունենք միեւնոյն անուան զուգաձեւութիւնները` ըստ յունարէնի եւ ըստ ասորերէնի, ինչպէս օրինակ` Սամուէլ-Շմուէլ, Եղիսէ-Եղիշէ Մովսէս-Մուշէ, Սիմոն-Շմաւոն, Սուսան-Շուշան եւն.: Սիրելի են դառնում զուտ յունական անունները, ինչպէս Գրիգոր, Գէորգ, Անաստաս, Մարտիրոս, Պետրոս, Փիլիպպոս, Տիմոթէոս, Քրիստափոր... Ընդ որում՝ հետաքրքիր է, որ հայերը փորձել են յունական անունների թարգմանութեամբ ստեղծել հայկական անձնանուններ, ինչպէս օրինակ` Գրիգորիոս-Արթուն, Թէոդորոս-Աստուածատուր, Ստեփանոս-Պսակ, Ֆոտինէ-Լուսինէ: Դարերի ընթացքում ի յայտ են գալիս նաեւ քրիստոնէական կրօնի հետ առնչուող զուտ հայկական անձնանուններ, որոնք կարելի է դասել ըստ այսմ.-
ա.) Ի պատիւ Քրիստոսի.- Աստուածատուր, Քրիստոսատուր, Տիրատուր, Տիրայր:
բ.) Ի պատիւ Սբ. Խաչի.- Խաչատուր, Խաչիկ, Խաչեր:
գ.) Ի պատիւ Աստուածամօր.- Տիրամօր հանդէպ մեր ժողովրդի մեծ սէրն արտայայտուել է նրանով, որ մենք անձնանունների ենք վերածել Աստուածածնի մակդիրները. Սրբուհի, Մաքրուհի, Իսկուհի, Տիրուհի, Թագուհի, Դշխուհի, Խոնարհ, Համեստ, Անթառամ, Ծաղիկ, Վարդուհի, Աղաւնի...
դ.) Ի պատիւ Սբ. Յովհաննէս Մկրտչի, որը համարւում է Հայաստանի պահապան սուրբը, քանզի Սբ. Լուսաւորիչը, նրա մասունքները Կեսարիայից բերելով, դրանք զետեղել է երկրի բազմաթիւ եկեղեցիների հիմքերում: Հայերը Սբ. Յովհաննէսին տուել են եօթը անուն` Մկրտիչ, Կարապետ, Մարգարէ, Շնորհք, Ռահվիրայ, Երկնաքաղաքացի, Ամլորդի: Սրանցից առաջին չորսը յայտնի են որպէս արական անձնանուններ:
դ.) Յատուկ խումբ են կազմում եկեղեցական տօներին նուիրուած մի քանի անունները.- Մկրտում, Զատիկ, Յարութիւն, Համբարձում, Գալուստ (Հոգեգալուստ), Երեւում (Սբ. Խաչի):
Հայոց մկրտութիւնից յետոյ պահպանուեցին նաեւ հին պարսկական (պահլաւական) ծագում ունեցող անունները, քանի որ հայերը սերտ կապերի մէջ էին իրենց հարեւան պարսից հետ: Այդ անուններից են Վարդ, Վարդան, Տրդատ, Ներսէհ (հելլէնացուած` Ներսէս), Աշխէն, Խոսրով, Բաբկէն, Վազգէն, Գուրգէն եւն.: Վերջին երկուսը, որ համապատասխանաբար նշանակում են «գորտ» եւ «գայլ», արտացոլում էին պարսից կրօնի սրբազան կենդանիներին, որոնցից գլխաւորն էր Սասանեան հարստութեան խորհըրդանիշ վարազը: Ահա թէ ինչո՞ւ հայոց մէջ տարածուած էին այս բաղադրիչով անունները` Վարազդատ, Վարազ-Տիրոց, Վարազ-Տրդատ եւն.: Բացի այդ, շարունակում էին իրենց գոյութիւնը պահպանել մէկ այլ հին կրօնից` Միհրականութիւնից ծագած անձնանունները` Միհր, Մհեր, Միհրան, Միհրդատ, Մեհրուժան եւն.:
Արաբական շուրջ երեքդարեայ տիրապետութիւնը համեմատաբար փոքր հետք թողեց հայոց անձնանունների վրայ. այս շրջանից են ծագում քիչ տարածուած անուններ` Աբու-Սահլ, Աբուլ-ղարիբ, Աբուլ-հերիթ, Աբուղամր եւն.: Սրանք շարունակեցին իրենց գոյութիւնը նաեւ Բագրատունեաց թագաւորութեան դարաշրջանում: Քանի որ Բագրատունիները իրենց վերագրում էին եբրայական ծագում, ապա եւ տարածում են գտնում թէականօրէն հրէական ծագում ունեցող Աշոտ, Բագարատ, Սմբատ տոհմական անունները:
Կիլիկեան շրջանում մեր անունների մէջ կատարեալ բազմազանութիւն էր տիրում. պահպանւում են տարբեր ծագման, բայց արդէն հայացած անունները, թարմացւում են յունական ու արաբական անունները, դրանց յաւելւում են արեւմտեան-եւրոպական ու մոնղոլական անունները: Խօսուն նմոյշ է Լէոն Գ. (1236-1289 թթ.) թագաւորի ընտանիքի պարագան: Լէոնն ի հարկէ լատիներէն-յունարէն է, սակայն կիլիկեան շրջանից յայտնի է սրա հայկական տարբերակը` Առիւծ արական անունը: Լէոնի կինն էր Կեռան (մահ.1285 թ. ) թագուհին, որի անունը ծագում է յունարէն «Կիռիա-Աննա» կապակցութիւնից: Օրհնեալ այս զոյգի 16 զաւակներն ունէին յունական Կոստանդին, Էւֆիմիա (Ֆիմի), Թէոդորոս (Թորոս), Թէոֆանօ, եւրոպական Հեթում (Օթոն), Իզաբելլա (Զաբէլ), Մարգարիտա (Ռիտա), արաբական Օշին (Աւշին), թաթարական Ալինախ, ինչպէս նաև Սմբատ, Ռուբէն, Ներսէս անունները:
Սելջուկեան և ապա մոնղոլական-թուրքմենական նուաճումները հայկական հողեր են բերում նոր ազդեցութիւններ եւ նորաձեւութիւններ, որոնք արտայայտւում են նաեւ անձնանունների վրայ: Այս շրջանում հայոց մէջ տարածում են գտնում այնպիսի օտար անուններ, ինչպիսիք են Հասան, Ջալալ, Սուլթան, Սուլթանշահ, Խութլուբուղա, Խութլուշահ (Գրիգոր Տաթեւացու աւազանի անունը), Շահվերդի, Միրաք, Մարջան, Ջիհան, Գիւլնազ, Գիւլնար, Գեօզալ...
ԺԹ դ. սկսեալ, ազգային ինքնութեան զարթօնքի եւ հայ պատմավէպերի շնորհիւ թարմացւում ու տարածւում են հայոց պատմութեան պանծալի էջերի հետ կապուած անունները` Տիգրան, Եղիշէ, Ղեւոնդ, Մեսրոպ, Սամուէլ (Րաֆֆու «Սամուէլ»ից), Վարդան, Վահան:
Արեւելեան Հայաստանի մէջ խորհրդային կարգերի հաստատումն իր կնիքն է դնում հայոց անձնանունների վրայ. լայն տարածում են գտնում արական՝ Վլադիմիր (ի պատիւ Վլադիմիր Լենինի), Կառլեն (Կառլ Մարքս-Լենին), Լենդրօշ (Լենինեան դրօշ), իգական՝ Մայեա (Մայիսի 9ի պատուին), Նինել (Լենինի հակառակը), Մարլեն (Մարքս-Լենին) անունները եւն.: Նոյն ժամանակներում լայնօրէն կիրառւում են օտար ականջի համար տարօրինակ, բայց մեզ համար արդէն հարազատ դարձած, «հայացած» շէյքսպիրեան Համլետը, Օֆելիան, Դեզդեմոնան եւն.:
Այսօր մեր անձնանունների մէջ եւս բազմազանութիւն է տիրում. մի կողմից տարածուած են հայ ինքնութեան հետ կապ ունեցող անունները` Արմէն, Արմինէ, Հայկ, Հայկուհի, Նարեկ, միւս կողմից սիրելի են դարձել արեւմտեան անունները` Էրիկ, Միլենա, Ալեքս, Արթուր…
Գէորգ Ղազարեան