Արդէն երկու ամիս է՝ ջրասուզորդների հետազօտական խումբը, որի կազմում են Արտակ Էլմասակեան, Ռաֆայէլ Մկրտչեան, հանրային հեռուստառադիօ-ընկերութեան լրագրող Աննա Մարտիկեան ու կենսաբանական գիտութիւնների թեկնածու Իւան Գաբրիէլեան, ակնադիտական հետազօտութիւններ
են անցկացնում Սեւանայ լիճի յատակում:
Aravot.amի հետ զրոյցում Աննա Մարտիկեան ասաց, որ Սեւանը «էքստրեմալ տայվինկի»՝ ստորջրեայ սուզորդութեան առումով մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում: Այն աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է՝ Հարաւային Ամերիկայի Թիթիքաքայից յետոյ: Սեւան աչքի է ընկնում թթուածինի սակաւութեամբ: Ըստ մեր զրուցակցի, այն գրաւում է աշխարհի տարբեր երկիրների «էքստրեմալ տայվինկ»ի սիրահարներին, սակայն նրանցից շատերը մեծ դժուարութեամբ են դիմանում թթուածինի սակաւութեան, նոյնիսկ մահուան դէպքեր են գրանցուել: Վերջին տարիներին ուքրանացի մի փրոֆեսիոնալ «տայվըր»՝ ջրասուզորդ է մահացել:
Աննա Մարտիկեան մեր զրոյցում պատմեց, որ ջրասուզորդ Ռաֆայէլ Մկրտչեանի գլխաւորութեամբ իրենց կատարած ակնադիտական հետազօտութիւնների ընթացքում նախ փորձել են գտնել Սեւանում երբեւէ խորտակուած ամենախոշոր նաւը, սակայն Սեւանի տակ պարբերաբար ի յայտ եկող ջուրի ուժեղ հոսքերը թոյլ չեն տուել հասնել նաւին ու տարել են անյայտ ուղղութեամբ:
«Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագոյն բնակատեղի էր յիշեցնում. քարից կերտուած տարաներ կային, որոնցում հնարաւոր է հատիկաւոր բոյսեր են մանրել, ալիւր են աղացել կամ ձէթ են քամել հնագոյն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ յիշեցնող քարից կերտուածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ յիշեցնող կերտուածքները, սալէ պատեր յիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հաւանականութեամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջուել են: Տեսանք նաեւ երկարութեամբ ձգուող սալայատակներ ու կանոնաւոր կտրուածքով սեպաձեւ ժայռափորուածքներ: Չգիտենք այս ամէնը մարդու ձեռքի գո՞րծ է, թէ՞ մարդն ու բնութիւնը միասին են կերտել, այս ամէն ինչը ուսումնասիրման փուլում է եւ դեռ նեղ-մասնագիտական հետազօտութեան կարիք ունեն:
Հնագոյն բնակավայր յիշեցնող տարածքը գտնւում է Արդանիշի հրուանդանի մօտ, Շորժայի հատուածում՝ 4-10 մեթր խորութեան վրայ: Ի դէպ, նշենք, որ Սեւանի յատակին կողմնացոյցը ճիշդ չի աշխատում՝ միգուցէ մագնիսական անոմալիաների պատճառով: Մեր հիմնական ուղեցոյցը ջրասուզակների փորձառութիւնն էր: Գնացինք նաեւ աւանդազրոյցների հետեւից, համաձայն որոնց Սեւանայ լիճի մէկ այլ ափին՝ Բերդկունքի հատուածում, մօտ 3000-4000 տարի առաջ կառուցուած ամրոցի ներքեւում եղել է դէպի լիճի յատակը տանող քարանձաւ ¥քարայր¤: Այդ քարանձաւի մուտքը 2011 թուականին բացայայտել էր ջրասուզակ Ռաֆայէլ Մկրտչեան: Այս անգամ որոշեցինք հետազօտել, թէ դէպի ո՞ ւր է տանում ստորջրեայ քարանձաւը: Հսկայական ժայռաբեկորները փակել էին մուտքը, մեզ հետ վերցրած սառցահատի օգնութեամբ փորձեցինք բացել այն ու հետազօտել, բայց անհնար էր, աւելի հզօր տեխնիկա էր անհրաժեշտ: Քարանձաւ չկարողացանք թափանցել, սակայն այդ հատուածից դէպի լիճի յատակը ուղղահայեաց իջնող երկրաբանական շերտերի մէջ յայտնաբերեցինք նախապատմական կենդանու գլխի ոսկոր: Հետազօտութեան համար մի փոքր հատուած ենք դուրս բերել, հնարաւոր չէր գլուխն ամբողջութեամբ անվնաս ազատել դարերի հնութեամբ շերտերից ու դուրս բերել: Հայաստանում առաջին անգամ կատարեցինք նաեւ ստորջրեայ բուսաբանական հետազօտութիւն. հաւաքեցինք 10 տեսակի բարձրակարգ բոյսեր ու ջրիմուռներ: Մեր յայտնաբերած բուսատեսակներից առաջինը, որը տեղ գտաւ Հ.Հ. Գ.Ա.Ա. բուսաբանութեան ինստիտուտի (հիմնարկի) պահոցներում ու դարձաւ թուով 189.197րդը, փաստօրէն առաջինն էր, որը հանուել էր հէնց լիճի յատակից՝ 7 մեթր խորութիւնից: Մենք փորձում ենք ուսումնասիրել մեր երկիրը ե՛ւ երկրաբանական, ե՛ւ հնագիտական, պատմական, կենսաբանական, բուսաբանական ու այլ ուղղութիւններով»:
Մեր զրուցակիցը նշում է, որ ամենամեծ հիմնախնդիրը լիճի աղտոտուածութեան հետ մէկտեղ ձկնապաշարի կրիտիկական (վտանգաւոր) սակաւութիւնն է: «Տասնեակ ժամեր լողալով տարբեր խորութիւններ Սեւանայ լիճի տարբեր հատուածներում՝ երբեւէ չեմ հանդիպել մեծ ձկների, հազուադէպ ինձ հանդիպող ձկներից ամենամեծը հազիւ կը հասնէր 10 սմ.ի: Սեւանի էկոհամակարգի խաթարման հետեւանքով լիճի յատակին ահաւոր շատացել էին ֆիտօ¬պլանկտոնները եւ զոօ¬պլանկտոնները, որոնք պէտք է կեր դառնային ձկներին: Փաստօրէն ձկներ չլինելու պատճառով այդ մանր գոյացութիւններն էին պաշարել լիճի յատակը՝ որոշ հատուածներում անհնարին դարձնելով տեսանելիութիւնը: Որոշ հատուածներում տեսանելիութիւնն անհնար էր դարձել նաեւ մէկ այլ պատճառով. լիճի յատակին շատ էին նաեւ նեխած խեցգետինների ու ձկների մնացորդներով լքուած ցանցերը: Մի որոշ ժամանակ ընդհատելով մեր հետազօտութիւնները՝ ամբողջ խումբով լիճի յատակը մաքրեցինք մօտ 4 քիլոմեթր ցանցերից: Սեւանի յատակին քիչ չէր նաեւ թափուած կենցաղային աղբը, ընդհուպ անիւադող կար»,- մտահոգուած պատմում է Աննա Մարտիկեան: Նա ասաց, որ իրենց ուժերով ու ֆինանսական միջոցներով նախաձեռնած այս հետազօտութիւնները կը շարունակեն նաեւ միւս տարի:
ՆՈՒՆԷ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ - Առաւօտ