«Մոտիւս Վիվենտի» կեդրոնի ղեկավար, Գանատայի մօտ Հայաստանի նախկին դեսպան Արա Պապեան՝ խօսելով տարածաշրջանային զարգացումներուն մասին, հաստատած է, որ այս տարուան ամառը շատ կարեւոր էր իր բերած փոփոխութիւններով։ Ըստ անոր՝ առաւելապէս Հայաստանի համար նպաստաւոր պայմաններ
ստեղծուած են, բայց ինք կը կասկածի, որ այս անգամ ալ Հայաստան կարողութիւն կ՛ունենայ ստեղծուած կացութենէն օգտուելու։
«Մենք արտաքին քաղաքական առումով ունենք աշխարհաքաղաքական նպաստաւոր իրավիճակ: Մի իրավիճակ, որը տասնամեակներ շարունակ չի եղել Հայաստանի համար, բայց իմ մտահոգութիւնն այն է, մտավախութիւնը, գրեթէ համոզմունքը, որ մենք դրանից չենք կարող օգտուել՝ ելնելով ներ-քաղաքական խնդիրներից, ինչպէս նաեւ հերթական անգամ պատրաստ չլինելուց»,- ըսած է ան։
Քաղաքագէտը վերլուծած է Թուրքիոյ, Իրանի, Ատրպէյճանի, Սուրիոյ եւ Ռուսիոյ մէջ տեղի ունեցած իրադարձութիւններն ու ապագայի հաւանական զարգացումները։
«Այն, ինչ կատարւում է տարածաշրջանում առայժմ ձեռնտու է Հայաստանին: Բարենպաստ է, օրինակ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը, քրդական շարժումով հանդերձ եւ նոր պետութեան ստեղծման հեռանկարով, բարենպաստ է Իրանի նկատմամբ կիրառուող պատժամիջոցների վերացումն ու այդ երկրի մուտքը համաշխարհային շուկայ: Մի կողմ դնենք, թէ հետագայում ի՞նչ համատեղ ծրագրեր կարող են անել Հայաստանն ու Իրանը, այժմ արդէն բարենպաստ է այդ երկրի միջոցով նաւթի գնի իջեցումը. այն վերջնական կը ջախջախի Ադրբեջանը, ըստ կանխատեսումների՝ նաւթի մէկ բարելի (տակառ) գինը կարող է իջնել մինչեւ 20 դոլարի: Որքան քիչ փող, այնքան քիչ զէնք»,- հաստատած է Արա Պապեան՝ Հայաստանի դրացի երկրին համար կանխատեսելով տնտեսական եւ հետեւաբար քաղաքական լուրջ խնդիրներ: «Նոյն Ադրբեջանը 94 դոլարով էր 1 բարել նաւթը հաշուել բիւջէում, հիմա այդ փողերը չկան, փողերը մաշւում են եւ այլն: Սա զսպող դեր է կատարում Ադրբեջանի համար, միւս կողմից Ադրբեջանը հասկանում է, որ սա իր վերջին շանսն (պատեհութիւն) է, ըստ էութեան՝ այս տարեվերջը եւ միւս տարուայ սկիզբը, եթէ ինքը փորձի ռազմական եղանակով հարցեր լուծի, պիտի փորձի այդ ժամանակ, որովհետեւ յետոյ աւելի վատ կը լինի: Ակնյայտօրէն Ադրբեջանում դժգոհութիւնը շատանում է, նաեւ էթնիկ-կրօնական խմբերի դժգոհութիւնն է շատանում: Այսինքն՝ սունիներն ակտիւանում (աշխուժանում) են հիւսիսում, ազգային խմբերից լեզգիններն ու թալիշներն են ակտիւանում, թաթերն են սկսել իրենց մասին հնչեցնել եւ խօսել»,- յայտնած է Պապեան։
Անդրադառնալով Ատրպէյճանի կողմէ ռազմական միջամտութեան վերաբերող ակնարկութիւններուն՝ Արա Պապեան յստակացուցած է, որ պատերազմի վերսկսման հաւանականութիւնը քիչ է, քանի որ Ատրպէյճան գրեթէ 100 տոկոսով վստահ է, որ այդ գործողութեանց ընթացքին ակնկալուող յաջողութեան պիտի չհասնի, իսկ վնասները աւելի շատ կրնան ըլլալ:
Վերադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներուն եւ նաւթի գինի անկման՝ քաղաքագէտը նշած է, որ խորքին մէջ այդ բոլորը կը կատարուին Ռուսիան զսպելու նպատակով։ «Հէնց այստեղ էլ Հայաստանի համար կան որոշակի բացասական միտումներ: Եթէ հաշուի առնենք, որ Ռուսաստանի բիւջէում նաւթի 1 բարելի գինը 96 դոլար է հաշուարկուած, այժմ դրա իրական գինը 40 դոլարի սահմաններում է եւ դեռ կանխատեսւում է գնի նուազում, ապա ռուբլու անկումն անխուսափելի է»,- ըսած է Պապեան։
«Սրա մէջ մեզ համար, ի հարկէ, կայ բացասական դրսեւորում, որովհետեւ տրանսֆերտների (փոխանցումներ) մի զգալի մասը մասնաւոր գալիս էր Ռուսաստանից եւ ռուբլու անկումը յանգեցնում է նրան, որ դրանք կրճատւում են՝ մէկ, միւսն այն է, որ մեզ համար Ռուսաստանը հանդիսանում է կամ հանդիսանում էր հիմնական շուկայ՝ այսօր ոչ-գնողունակ շուկայ է:
Հետեւաբար նրանք, ովքեր յոյսները դրել էին Ե.Տ.Մ.ի վրայ ի չիք եղան, որովհետեւ Ռուսաստանը երկար-երկար ժամանակ չի լինի այդ շուկայում: Նաւթի գինը որ իջեցրեցին, դա երկար պահելու են բաւականին ցածր եւ բոլոր կանխատեսումներն այն են, որ նաւթի գինը չի էլ բարձրանայ»,- բացատրած է ան։
«Իսլամական Պետութիւն» կոչուած խմբաւորումին գործողութիւններէն անհանգստացողներուն ուղղելով իր խօսքը՝ Արա Պապեան վստահութիւն յայտնած է այն մասին, որ դժուար թէ անոնք հասնին եւ գործունէութիւն ծաւալեն Հայաստանի սահմաններուն մօտ։ «Մինչեւ այստեղ հասնելը կան շատ ու շատ շահագրգիռ պետութիւններ եւ ազգեր, որոնք սկզբունքօրէն պայքարում են այդ խմբաւորման դէմ»,- ընդգծած է Պապեան: