«Փողը մի ովկիանոս է, որի մէջ խեղդւում են վախը, սէրը եւ պատիւը» ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ
Երբ 1917 թուականի Դեկտեմբերի կէսերին Արամ Մանուկեանը եկաւ Երեւան, նրան՝ Վանի նահանգապետին, Արեւելեան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծութեամբ դիմաւորեցին: Երեւանի պատուարժան քաղաքացիներից մէկը՝ Ֆադէյ Քալանթարեանը, նրան նուիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբեանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թուականին կառուցուած երկյարկանի տունը: Այս փոքրիկ շինութիւնն այդ պահից դարձաւ հայոց պատմութեան մաս: Այդտեղ 1917 թուականի Դեկտեմբերի կէսերից մինչեւ 1919 թուականի Յունուարի 29ը՝ մինչեւ իր մահը, ապրել է Արամ Մանուկեանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնուել նրա դուստրը՝ Սեդան: Արամ Մանուկեանի մահից յետոյ այդ տանն է ապրել նրա այրին՝ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Եկատերինա Զալեան-Մանուկեանը, 1920 թուականից սկսեալ՝ նաեւ Հայաստանի Հանրապետութեան երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանեանը՝ ընտանիքի հետ: (Փակագծում ասենք, որ Ցարսկայա փողոցը 1919 թուականին՝ Արամի մահուանից յետոյ, Հայաստանի կառավարութեան որոշմամբ անուանափոխուել է՝ դառնալով Արամի փողոց: 1921-1991 թթ. այն կրել է Սպանդարեան անունը, իսկ 1991ին փողոցը վերստին վերստացել է Արամի անունը):
2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը: Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ…
Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց՝ ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ՝ այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել եւ մահացել Արամ Մանուկեանը: Իրականում վաճառուել է ոչ թէ Արամի 9 հասցէի սովորական հիմնահողը, այլ՝ Հայաստան պետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի տունը:
Քաղաքապետարանի թէ՛ այն ժամանակի, թէ՛ ներկայ պատասխանատուները կարող են հակադարձել, որ ի՜նչ վատ բան կայ. վաճառել են, որ վերականգնուող «Հին Երեւան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցէի աւերակի դիմապատը պահպանուի՝ վրան էլ ցուցանակ, թէ այդ պատի յետեւում ապրել է Հայաստանի նորօրեայ պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանը:
Այսպէս կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծութիւն:
Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական չափանիշ՝ չի՛ կարելի վաճառել ազգի մեծերի յիշատակը: Սա անհերքելի իրողութիւն է: Այս դէպքում փաստօրէն վաճառել են երկրի բարոյական յիշողութիւնը:
Մի քանի խօսք էլ՝ Արամ Մանուկեանի գերեզմանի եւ այժմեան գերեզմանին խաչքար կանգնեցնելու մասին: Հայ ժողովուրդը իր հերոսին յուղարկաւորել է ներկայիս Կոմիտասի անուան պանթէոնում, եւ այն ժամանակների Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղօթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնայ: Սակայն եկել են ծինական այլ արարածներ եւ նրա աճիւնը նախ շարժել ու վերաթաղել են Կոզեռնի գերեզմանոցում, ապա՝ այստեղից տեղափոխել ու հողին յանձնել Թոխմախի գերեզմանոցում՝ մէկ այլ ընտանիքի գերեզմանատարածքում: Մտածել են, թէ այն այդպէս էլ կը կորչի ու կը մոռացուի:
Բայց այդպէս չեղաւ: Արամի գերեզմանատեղը չմոռացուեց:
Հայրենասէր հայերի մի խումբ՝ Վարագ Առաքելեան, Գարեգին Մխիթարեան, Արցախ Բունիաթեան, Ժորա Բարսեղեան, Մկրտիչ Սահրադեան, ուրիշներ, 1979ին նախ ճշդել են թաղման տեղը, ապա որոշել Արամ Մանուկեանի գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խաչքարը նախկին քաղբանտարկեալ ու նուիրեալ Գուրգէն Արմաղանեանի տան բակում պատրաստել է քանդակագործ Գառնիկ Ամիրջանեանը: Բացարձակ գաղտնիութեան պայմաններում այն 1982 թ. Օգոստոսի 11ին Սերգէյ Մարդանեանի մեքենայով հասցուել է Թոխմախի գերեզմանոց եւ ճանապարհահատուածից գերեզմանոցի չորս բանուոր, ձեռքերի վրայ, առանց որեւէ սարք օգտագործելու, այն հասցրել են Արամ Մանուկեանի գերեզմանին: Այս ամէնն ասացի, որ պատկան մարմիններն Արամ Մանուկեանի աճիւնը տեղափոխելու պարագային չանհանգստանան խաչքարի տեղափոխութեան դժուարութիւնների հարցով:
Այն ինչպէս ձեռքով հասցուել է գերեզմանոց, այդպէս էլ ձեռքով կ՛իջեցուի մինչեւ ճանապարհահատուած: Իսկ եթէ մերօրեայ պատասխանատուները շարունակեն ազգային սրբութիւններին չնկատել, ուրեմն այդ շիրմաքարը թող յաւերժ մնայ նոյն տեղում՝ ապրող իշխանաւորներին յիշեցնելու համար, թէ ինչպիսի՞ դեգերումների են դատապարտել մեծ հային՝ իր յաւերժութեան ճանապարհին:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆՑ