Շիրակի մարզի ամենամեծ բուհի՝ Գիւմրիի Միքայէլ Նալբանդեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորեանից հետաքրքրուեցինք, թէ բուհ (համալսարան) ընդունուողների թիւը նախորդ տարուայ հետ համեմատած պակասե՞լ է, թէ աւելացել: «Եթէ խօսքը վերաբերում է ընդունելութեան քննութիւններին, կարող եմ ասել, որ այս տարի, համեմատած նախորդ տարուայ հետ, 75 ընդունուողներ աւելի ունենք: Այսինքն, եթէ նախորդ տարի ընդունուել էին 230 ուսանողներ, այս տարի ընդունուեցին 305: Ի հարկէ, վերջնական թիւը պարզ կը լինի, երբ Սեպտեմբերի մինչեւ 15ը կամ 20ը վճարովի համակարգի ուսանողները 1ին կիսամեակի վարձավճարները մուծեն ու իրաւունք ստանան հրամանագրուելու: Այդ դէպքում պարզ կը լինի, թէ ինչ քանակի ուսանողների մասին է խօսքը»,- ասաց ռեկտորը:
Հարցին, թէ ո՛ր բաժիններն են, որոնք քիչ դիմորդներ ունեն, մեր զրուցակիցն ասաց.- «Գիտէք, որպէս կանոն, հանրապետութիւնում ձեւաւորուել են այն մասնագիտութիւնները, որոնք աւելի նուազ քանակով դիմորդներ են արձանագրում, դրանք հիմնականում բնագիտական, ֆիզիկամաթեմատիկան մասնագիտութիւններ են: Շատ վատ է, օրինակ, որ քիմիա մասնագիտութեան գծով դիմորդները շատ քիչ են, նմանապէս ֆիզիկայի, մաթեմատիկայի։ Մենք հանրապետութիւնում ունենք շատ լաւ դպրոց, եւ չեմ էլ կասկածում, որ նման մասնագէտներին կորցնելը կամ նման մասնագէտների չպատրաստելը իր բացասական ազդեցութիւնը չի ունենալու մեր հանրապետութեան տնտեսութեան վրայ: Ցաւում եմ, ինչ որ տեղ բուհի ղեկավարութիւնը գնացել է այն քայլին, որ միւս մասնագիտութիւնների հետ համեմատած՝ աւելի շատ անվճար տեղեր յատկացուեն թուարկածս մասնագիտութիւնների համար, որպէսզի աւելի շատ դիմորդներ ունենանք, բայց դա էլ ինչ որ տեղ որպէս քաղաքականութիւն չի փրկել: Նոյն ֆիզիկայում նոյնիսկ պետպատուէրի տեղերը, որ նախատեսել էինք, չկարողացանք լիովին իրականացնել»:
Ըստ ռեկտորի, շատ վատ վիճակ է ստեղծուել գերմաներէն, ֆրանսերէն բաժիններում, գերմաներէնում ընդամէնը մէկ ուսանող է ընդունուել, ֆրանսերէնում՝ երկու ուսանող: Օտար լեզուների ֆակուլտետից վիճակը նորմալ է անգլերէնի բաժնում, պատմաբանասիրական ֆակուլտետը եւս դիմորդների պակաս չունի, թէեւ, ըստ ռեկտորի, լաւ հասկացութիւնը պէտք է դիտարկել համեմատութեան մէջ: «Մենք այսօր կառավարութեան կողմից յատկացրած տեղերի ընդամէնը 40 տոկոսն ենք կարողացել իրականացնել»,- ասաց Վարդեւան Գրիգորեանը: Ըստ նրա, դիմորդների քիչ քանակը ոչ միայն պայմանաւորուած է արտագաղթով, այլ Գիւմրու հետ ապագայի յոյս չկապելով: «Ճիշդ է՝ շրջանաւարտների թիւն այս տարի խիստ նուազ է, բայց ամէն դէպքում այսօր մօտաւորապէս 20ից աւելի գիւմրեցի, շիրակցի երեխաներ դիմում են երեւանեան բուհեր: Եթէ նախկինում սոցիալապէս անապահով ընտանիքի երեխան, որպէս կանոն, մնում էր Գիւմրիում, որովհետեւ ամէն դէպքում մայրաքաղաքում ուսանող պահելը շատ դժուար էր, բայց այսօր, չգիտես ինչու, շատ ծնողներ, նոյնիսկ սոցիալապէս վատ վիճակում գտնուելով, կրկնակի ու եռակի անգամ զրկանքներ կրելով ուզում են, որ երեխան մեծ քաղաքում սովորի, ի դէմս Երեւանի, որ աւարտելուց յետոյ կարողանայ աշխատանք գտնել: Մեծ քաղաքներում աւելի հեշտ է աշխատանքի անցնել, աւելի հեշտ է վաստակել, քան մեր քաղաքում: Պատահական չէ, որ մեր մարզը գործազրկութեան, աղքատութեան ամենաբարձր ցուցանիշն ունի»: Ըստ ռեկտորի, վերջին 3 տարուայ ընթացքում 60 տոկոսով կրճատուել է ուսանողների քանակը:
Ի դէպ, այս տարի Գիւմրու մանկավարժականում բացուել է հայերէն-թուրքերէն թարգմանչական գործի բաժինը, որը, ըստ ռեկտորի, անհրաժեշտ է. սահմանները յաւերժ փակ չեն մնալու, սակայն ոչ մի դիմորդ չեն ունեցել: Ըստ ռեկտորի, միգուցէ այստեղ կայ նաեւ բուհի բացթողումը, որ չեն կարողացել հասարակութեանը ներկայացնել մասնագիտութեան կարեւորութիւնը ու իրազեկել, որ նման բաժին կայ:
Վարդեւան Գրիգորեանի համար գաղտնիք է մնում նաեւ լրագրութեան բաժին ընդունուողների թուի կրճատումը, մի կողմից շուկան մեծ պահանջարկ ունի, սակայն վերջին տարիներին լրագրութեան բաժին չեն դիմում, յետոյ տեղեկանում են, որ մաթեմատիկայի, աշխարհագրութեան ու յատկապէս բանասիրութեան ֆակուլտետն աւարտածները լրագրող են աշխատում: Լրագրութեան բաժնի դիմորդների քանակի խիստ նուազումը միգուցէ պայմանաւորուած է նրանով, որ ընդունելութեան քննութիւնները չորսն էին, ծանր քննութիւններ էին: Այս տարի դիմելով կրթութեան նախարարութեան՝ իրենք խնդրել են կըրճատել քննութիւնների քանակը, ու թէեւ այս տարի արդէն կրճատուած քանակով է ընդունելութիւնը ընթացել, այդուհանդերձ չեն ունեցել ընդունուողների սպասուած քանակը:

ՆՈՒՆԷ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ
Aravot.am