Յայտնի է, որ Իրանն օրերս վերացրեց վիզայի ռեժիմը (դրութիւնը) եօթը երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի եւ Սիրիայի հետ: Հարաւ-կովկասեան երկրներից, փաստօրէն, միայն Հայաստանն է, որի նկատմամբ Թեհրան նոյն մօտեցումը չի ցուցաբերել, չնայած նրան, որ նշուած երկրներից, քաղաքական մակարդակով ամենալաւ յարաբերութիւնները, թերեւս միայն Սիրիայից յետոյ, Իրանն ունի Հայաստանի հետ:
Պէտք է ենթադրել, որ սա Իրանի կողմից այլ երկրների հետ վիզայի ռեժիմի վերացման պրակտիկայի (գործառոյթ) կիրառման միայն նախերգանքն է: Արդէն հիմա խօսւում է այն մասին, որ Իրան պատրաստւում է նոյնն անել եւս 60 պետութիւնների նկատմամբ: Խընդիրն այն է՝ կը լինի՞ Հայաստանը գոնէ դրանց թւում, թէեւ ինքնին արդէն փաստը, որ հարաւ-կովկասեան երկրներից միայն Հայաստանի նկատմամբ է բացառութիւն արուել, լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Պաշտօնական Թեհրանը յայտարարել է, որ վիզայի ռեժիմի վերացման քաղաքականութիւնը երկրում զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակ է հետապնդում: Սա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութիւնների եւ Իրանի նկատմամբ կիրառուող սանկցիաների (պատժամիջոցներու) աստիճանական վերացման ուղղակի հետեւանքն է. Իրանը բացւում է աշխարհի առջեւ, բացւում է նաեւ զբօսաշրջային ոլորտում, որտեղ, իր մշակութային-քաղաքակրթական հարուստ եւ հզօր ժառանգութիւնը նկատի ունենալով, իսկապէս ունի ցուցադրելու, աշխարհին հիացնելու բան:
Բայց վիզայի ռեժիմի վերացումն ունի շատ աւելի լայն տնտեսական ենթատեքստ՝ հաշուի առնելով, որ մուտքի եւ ելքի դիւրացումը ցանկացած պարագայում առեւտրատնտեսական յարաբերութիւնները խթանող գործօն է: Եւ տպաւորութիւնն այնպիսին է, որ, անտեսելով Հայաստանը, Իրանն ուղղակի ցուցադրում է Հայաստանի հետ յարաբերութիւններն այդ դաշտում զարգացնելու իր՝ ոչ-շահագրգիռ լինելը: Մինչդեռ չի բացառւում, աւելին՝ մեծ է հաւանականութիւնը, որ խնդիրը ոչ թէ Իրանի վերաբերմունքի մէջ է, այլ Հայաստանի:
Դեռեւս 2011թ. Երեւան կատարած այցի ժամանակ, Իրանի այն ժամանակուայ արտգործնախարար Սալեհին յայտարարել էր, որ Իրան-Հայաստան վիզային ռեժիմը վերացնելու անհրաժեշտութիւն կայ, եւ եթէ այդ խնդիրը լուծուի, ապա իւրաքանչիւր տարի Հայաստան կարող է այցելել ոչ թէ 100 հազար, այլ մէկ միլիոնի չափ իրանցի զբօսաշրջիկ: Յայտնի է, որ Իրանը Հայաստանի հետ վիզայի ռեժիմը հանելու կոնկրետ (որոշակի) առաջարկ հնչեցրել է թէ՛ 2014ին եւ թէ 2015ին, որոնք, սակայն, որեւէ արձագանգի չեն արժանացել: Եւ սա առնուազն տարօրինակ է, եթէ նկատի ունենանք, որ տրամաբանօրէն առաջինը հէնց Երեւանը պէտք է շահագրգռուած լինէր Իրանի հետ վիզայի ռեժիմը հանելու հարցում՝ դրա միջոցով աւելի շատ զբօսաշրջիկների համար Հայաստանը գրաւիչ դարձնելու նպատակով:
Միւս կողմից՝ այս տարուայ Փետրուարին Իրանի՝ արտերկրում բնակուող իրանցիների հիւպատոսային հարցերով փոխարտգործնախարար Հասան Ղաշղաւին յայտարարել էր, որ Իրանը պատրաստ է վիզայի ռեժիմը վերացնել այն երկրների հետ, որոնք փոխադարձ քայլ կը կատարեն: Սա, ըստ էութեան, յստակ ցոյց է տալիս, որ վիզայի ռեժիմի հետ կապուած յարաբերութիւններում Իրանն առաջնորդւում է փոխադարձութեան սկզբունքով, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ եթէ պաշտօնական Երեւանը տուած լինէր իր համաձայնութիւնը, ապա շատ հաւանական է, որ Հայաստանն ընդգրկուէր Իրանի հետ վիզայի ռեժիմը վերցրած երկրների շարքում:
Որեւէ տրամաբանական բացատրութիւն չունի՝ ինչով է բացատրւում Երեւանի նման մերժողականութիւնը, որը, թւում է՝ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Դժուար է հաւատալ, որ Հայաստանն այդ քայլին չի գնում Ռուսաստանից երկիւղելու պատճառով, որովհետեւ դժուար է հաւատալ, որ Մոսկուայի համար այդքան կարեւոր կարող է լինել՝ Հայաստանի քաղաքացիներն Իրան այցելում են վիզա ունենալո՞վ, թէ՞ ազատ ռեժիմով: Այս իմաստով առնուազն տարօրինակ է այս կապակցութեամբ որեւէ բացատրութիւն չտալու՝ Հ.Հ. Ա.Գ.Ն.ի կեցուածքը:
Այս հարցում ցուցաբերուող անտարբերութիւնն ու անպատասխանատուութիւնը յստակ ցոյց են տալիս, որ մեծ քաղաքականութիւն Իրանի վերադարձին՝ Երեւանը մօտենում է՝ չունենալով որեւէ հայեցակարգ, տնտեսական գործակցութեան համակողմանի խորացման որեւէ փաթեթ (ծրար): Իսկ այն նախագծերը, որոնք առկայ են Իրան-Հայաստան օրակարգում, աւելի շատ այդ յարաբերութիւններն ընդգծելու սիմվոլիկ (խորհրդանշական) նպատակ են հետապնդում, քան կոնկրետ գործողութիւններ ենթադրում: Եւ սա չի կարող Հայաստանի հետ հեռանկարային պլաններ (ծրագիրներ) կառուցող եւ այդ մասին աւելի քան յաճախ ակնարկներ անող Իրանին չնեարդայնացնել: Պատահական չէ, որ արդէն երրորդ տարին չի յաջողւում կազմակերպել Իրանի նախագահի այցը Հայաստան: Այցելելու համար իրական օրակարգ է պէտք: Հասան Ռոհանին այցելի, որ ի՞նչը քննարկի Հայաստանի հետ, այն, թէ ինչպէ՞ս է Երեւանը խուսանաւում կոնկրետ ստրատեգիական (ռազմավարական) ծրագրերի շուրջ բանակցութիւններ սկսելու հարցում: Օրերս այդ նեարդայնութիւնը «Արմէնպրես» գործակալութեան հետ հարցազրոյցում շատ պարզ արտայայտեց նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Ռեիսին.- «Նախատեսուած էր, որ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնը կը հասնի մէկ միլիարդ դոլարի, սակայն այն այժմ 300 միլիոն դոլարի մակարդակը չի անցել: Ոչ զգալի ապրանքաշրջանառութեան առկայութեան պատճառը օրէնսդրական խնդիրներն են: Կան երկրներ, որոնց հետ Իրանը ստորագրել է արտօնեալ սակագների մասին համաձայնագիր: Եւ վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ ստորագրելուց յետոյ ապրանքաշրջանառութիւնը աճել է: Իրանն արդէն 22 տարի զարգացնում է յարաբերութիւնները Հայաստանի հետ, սակայն արտօնեալ սակագների ռեժիմ դեռեւս չկայ»,- նշել էր նա:
Եթէ Երեւանը շարունակի այս տեմպերով կշռոյթով, ապա ինքն իր ձեռքով կը փակի այն դուռը, որը, իր կամքից անկախ, բացուել է իր առջեւ:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ