Եւ այսպէս լրացաւ մեր դարերով երազած Ազատ, Անկախ հայրենիքի 20 տարին: Որեւէ
 ժողովրդի, մանաւանդ հայ ժողովրդի համար, անկախութիւնից աւելի թանկ ոչինչ չկայ:
Աւա՜ղ, այսօր, շատերը եւ որ ցաւալի է, երիտասարդութեան մի մասը (յատկապէս յետպատերազմեան սերունդը), այն ընկալում է որպէս երկնքից իջած մանանա:

Եւ դրա մեղքի մեծ բաժինը մերն է, որ չկարողացանք անցած 20 տարիների ընթացքում բացատրել, թէ ինչ մաքառումների, հազարաւոր ինչպիսի՜ աննման երիտասարդների կեանքի ու արեան գնով է ձեռք բերուել այդ Յաղթանակն ու Անկախութիւնը: Մենք չկարողացանք նոր սերնդին ներարկել հայրենապաշտութեան ու պետականասիրութեան վեհ գաղափարներ, որպէսզի արհամարհելով ցանկացած դժուարութիւն, չլքեն իրենց հայրենիքը:
Աւելի մեծ չափերի է հասել արտագաղթը. կամաւորին զուգակցւում է ծրագրաւորուածը:
Լաւ կը լինէր, որ Սփիւռքի նախարարութիւնը «Արի տուն» ծրագրի հետ մէկտեղ, մշակէր «Տնից մի գնա» մի ծրագիր, որովհետեւ եկողները վերադառնում են, իսկ գնացողները՝ ոչ: Դատարկւում եւ ծերանում են գիւղերը, թշուառ վիճակում են գիտութիւնն ու գիտնականները, ծերացել է Գիտութիւնների Ազգային Ակադեմիան...
Գուցէեւ տարօրինակ թուի, բայց այս ամէնի պատճառը մեր ազգային նկարագրից ու ինքնութիւնից անընդհատ հեռանալն է:
Վերջերս, չգիտեմ ովքեր եւ ինչպէս, հաշուել են, որ Հայաստանում 300.000 աղանդաւորներ կան եւ գնալով, այդ թիւը մեծանում է: Այսինքն, հայ մարդը ոչ միայն լքում է իր հայրենիքը, այլ, որ աւելի վտանգաւոր է, իր պապերի հաւատքը, երես թեքում Հայ Առաքելական եկեղեցուց:
Ասում են 300.000: Ահռելի թիւ է: Իսկ ի՞նչ է մնացեալ 2.7 միլիոնը բարեպաշտ հայ քրիստոնեանե՞ր են: Հաշուե՞լ են արդեօք, թէ քանի՞ մոլեռանդ աղօթողներ, քանի՞ ստից մոմ վառողներ ու կնունք անողներ կան: Խօսակցութիւններն այն մասին, որ հայ առաքելական եկեղեցու դէմ արշաւանքներ են սկսուել եւ քաղաքական պատուէրներն են կատարւում, քիչ հաւանական են: Ի՞նչ է, այդ 300.000ն է՞լ են քաղաքական պատուէր կատարում: Կամ այդ ի՞նչ հզօր քաղաքական ուժ է, որ կարող է այդպիսի ահռելի բանակ ոտքի հանել մեր եկեղեցու դէմ: Նոյնիսկ աղանդաւորները, որպէս քննադատութեան թիրախ, միշտ էլ ընտրել են հոգեւորականութեանը:
Այսօր ո՞վ, եթէ ոչ հոգեւորականները պէտք է քարոզիչը լինեն բարութեան ու բարոյականութեան, առաքինութեան ու արդարութեան, սիրոյ եւ ճշմարտութեան, հայրենասիրութեան... Ինչ-որ շատ թոյլ են հնչում այդ ձայները, դրա համար էլ անպաշտպանները օրէցօր համալրում են աղանդաւորների շարքերը: Սրա մասին է, որ օրնիբուն պէտք է գոչեն, աղաղակեն զանգերը Սուրբ Էջմիածնի, թէ չէ քաղաքական պատուէրնե՜ր,, արշաւանքնե՜ր:
Ինչ էլ, որ ասելու լինենք, փաստը մնում է փաստ, որ մենք յայտնուել ենք աղքատ երկրների շարքում՝ Մոզամպիկի՞, թէ՞ ում կողքին, կարեւոր չէ: Աշխարհի շախմատային գերտէրութիւններին յաղթող ժողովուրդը աղքատ երկրների կողքի՞ն: Ինչո՞ւ: Եւ ովքե՞ր են աղքատ երկրի ծայրայեղ աղքատները, կամ ինչպէս ասում են՝ խոցելի խաւը: Մենք լաւ գիտենք, մտաւորականներն ու գիտնականները, զոհուած եւ ողջ ազատամարտիկների ընտանիքները, թոշակառուները, հաշմանդամները..., իսկ ովքե՞ր են անխոցելիները՝ մենք աւելի լաւ գիտենք:
Բայց ժողովրդի մի ստուար հատուածի համար միեւնոյն է: Նրանք ո՛չ հրաժարական են պահանջում, ո՛չ էլ իշխանափոխութիւն: Եւ յուսահատ ու լքուած այդ ժողովուրդ-զանգուածը՝ յոգնած զանազան քաղաքական կոալիցիաներից, հին ու նոր կուսակցութիւններից ու նրանց տուած խոստումներից, անհեթեթ երկխօսութիւններից ու մենախօսութիւններից, ընդամէնը ուզում է... արժանապատիւօրէն ապրել ու աշխատել իր հայրենիքում:

Խմբագրական «Լուսակն» ամսաթերթի


Սահակ Սահակեան 60 տարեկան

Հինգշաբթի 17 Նոյեմբերին, Հայաստանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնէն ներս, պիտի նշուի վաստակաւոր երգիչ եւ «Լուսակն» ամսաթերթի խմբագիր Սահակ Սահակեանի ծննդեան 60-ամեակի տօնը: