Յայտնի է, որ Զօրավարին բարձր էին գնահատում ե՛ւ բարեկամները, ե՛ւ թշնամիները։ Ու Զօրավարի մասին բազում ասքեր են հիւսել նրանք։ Այս մէկն էլ պահպանուած է ակադեմիկոս Ծատուր Աղայեանի յուշերում. նա 1958թ. Անգա րայում հանդիպել է մեր պատմութեան հերոսի հետ ու հետագայում գրի առել նրա պատմածը:
1934թ. Օգոստոսն էր։ Այդ օրերին Մուստաֆա Քեմալի հրաւէրով Թուրքիայում էին գտնւում մեծ թիւով այլազգի լեզուաբան-գիտնականներ։ Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ պուլկարահայ գիտնական Յակոբ Մարթայեան։ 1916ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր։ Այդ կապը մի քանի տարի ընդհատուել էր, իսկ 1932ին նորից շարունակուել։ Մարթայեան ծառայութիւն էր մատուցել թրքական սահմանադրութիւնն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում։ Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայեանին կոչել է Դիլաչար (լեզուի բանալի)։
Յայտնի է, որ Անդրանիկի մահուան լուրն անթաքոյց հրճուանքով էր ընդունուել Թուրքիայում։ Բայց շատերը գիտէին, որ Քեմալը բարձր է գնահատում Զօրավարին։ Դրա մասին են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարօն։ Գիտէր նաեւ Դիլաչարը։
Օգոստոսի 31… Աշխատանքից յետոյ խնճոյքի հրաւիրուած լեզուաբաններին կերուխումի թէժ պահին Քեմալն առաջարկում է.- «Թող հրաւիրուածներից իւրաքանչիւրը մի երգ կատարի… Հիւրերը կարող են իրենց մայրենի լեզուով երգել»։ Մեղմ ժպիտը դէմքին Քեմալը լսեց շատերին՝ յոյնին, հրէային, գերմանացուն… Յատկապէս գերմանացու երգն իր մարտական թափով դուր եկաւ նրան։ Ու յանկարծ Քեմալը շրջուեց դէպի իր քարտուղար Մարթայեանը.
-Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջւում են դէպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզուով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնուած, օտար համալսարաններում կրթութիւն ստացած, քսաներկու լեզուի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մօտ ծառայութեան մէջ գտնուող հայազգի Դիլաչարը…»։ Դէ, իհարկէ, թուրքերէն. այդ են վկայում ներկաներից շատերի՝ քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինոնուի ինքնագոհ դէմքը…
Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հիւրերին… փակում աչքերը… ու լսւում է ինքնաբուխ երգը.
Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի յիշուի դարէդար,
Հայոց լերինք քեզ ապաստան, ԱՆԴՐԱՆԻԿ։
Ներկաները սարսափով ու կատաղութեամբ են նայում Դիլաչարին։ Երգի հակաթրքական բնոյթը շատերին է յայտնի։ Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինոնուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինուորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար, չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում հնչեցնելը մահացու յանցանք էր)։ Ինոնուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով հանգստացնում Ինոնուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կէտ՝ յատակի վրայ։ Իսկ երգը շարունակւում էր.
Երակներիդ ազնիւ քաջի արիւնը
Չի ցամաքի մինչ յաւիտեան, ԱՆԴՐԱՆԻԿ…
Երգն աւարտուեց։ Տիրեց քար լռութիւն։ Ու այդ լռութեան մէջ լսուեց Քեմալի հատու ձայնը.
-Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր։ Նրա սրից հազարաւոր թուրքեր ընկան։ Այդպիսի հերոս հայերը անցեալում չեն ունեցել, ներկայում չկայ, ապագայում չի սպասւում։ Դուք, հայերդ, ճիշդ էք վարւում՝ յիշելով ու պատուելով ձեր հերոսներին… Բայց այս անգամ նրանք պարտուեցին, եւ մենք յաղթեցինք։ Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լաւ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը… Բայց սա վերջինը լինի…
-Դուք՝ հայերդ, տառապում էք հայրենաբաղձութեամբ,- 1938թ. Նոյեմբերին, արդէն մահուան անկողնում, Քեմալը, դիմելով հայկական կոչուող այդ «հիւանդութեամբ» տառապող իր խորթ աղջկան՝ հայազգի Սապիհա հանըմին, կ’ասի,- դու չպիտի ազատուես այդ հիւանդութիւնից…
Անդրանիկի մահուանից 30 տարի անց Անգարայի համալսարանի պատուաւոր փրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերէնով Զօրավարի լեգենդը կը պատմի հայրենիքից եկած հայ գիտնականին՝ աւելացնելով.
-Երգի պահին ամէնեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…
Երեւի հայրենաբաղձութիւն կոչուող հայկական այդ սքանչելի «հիւանդութիւնն» է պատճառը, որ օտարութեան մէջ գտնուող հայը վճռական պահին հայրենիքի համար անում է անհրաժեշտը՝ առանց հետեւանքների մասին մտածելու…
http://hayergiteqvor.blogspot.gr/