Արդէն վերջնականապէս յայտնի է, թէ ո՞ր հայ թեկնածուներն են մասնակցելու Յունիսի 7ին կայանալիք Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ընտրութիւններին: Խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարելու է 4 հայ թեկնածու՝ Թուրքիայում գործող երեք քաղաքական ուժերից.- 1) Իշխանաւոր՝ չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ Բարգաւաճում (Ա.Բ.Կ.), 2) Ընդդիմադիր՝ քեմալական Ժողովրդային-Հանրապետական (Ժ.Հ.Կ.) եւ 3) Քրտական Ժողովուրդների Ժողովրդավարական (Ժ.Ժ.Կ.) կուսակցութիւններից:
Թուրքական քաղաքական դաշտում նկատելի ազդեցութիւն ունեցող ուժերից միայն ընդգծուած ազգայնամոլական Ազգայնական Շարժումը հայ թեկնածու չի առաջադրել: Հասկանալի պատճառներով: Իսկ հաւանականութիւնը, որ տասնամեակներ անց Թուրքիայի նոր խորհրդարանում կը տեսնենք 2 եւ աւելի հայերի, բաւական մեծ է: Մանրամասնե՛նք:
Իշխանաւոր Արդարութիւն եւ Բարգաւաճում կուսակցութիւնը Պոլսի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12րդ տեղն է յատկացրել լրագրող, գրող, վերլուծաբան Մարգար Եսայեանին, ով յայտնի է իր իշխանամէտ կեցուածքով: Եսայեանն էլ իր մասնագիտական գործունէութեան արդիւնքում Թուրքիայի լայն շրջանակների համար ամենաճանաչուածն է հայ թեկնածուների շրջանում, ինչը նրա օգտին խօսող գործօններից է: Եսայեանը, ով նախկինում եղել է նաեւ «Թարաֆ» թերթի գլխաւոր խմբագիրը, այժմ «Ենի Շաֆաք» թերթի սիւնակագիրներից է, զբաղւում է լրագրութեամբ:
Եթէ հայեացք գցենք նախորդ` 2011ի ընտրութիւններին, ապա կարող ենք արձանագրել, որ Պոլսի երկրորդ ընտրատարածքից թուրքական խորհրդարան է անցել Ա.Բ.Կ.ի 15 թեկնածու: Այսպիսով, նախընտրական քարոզարշաւի հետագայ յաջող ընթացքի եւ լուրջ ցնցումների բացակայութեան դէպքում Ա.Բ.Կ.ն կարող է կրկնել իր նախկին յաջողութիւնը, ինչի արդիւնքում այս ուժը մեճլիսում հայ ներկայացուցիչ կ՛ունենայ:
Այս հարցում Ա.Բ.Կ.ից փորձում է յետ չմնալ գլխաւոր ընդդիմադիր ուժը: Ժողովրդային-Հանրապետական Կուսակցութեան ղեկավարները որոշել են Պոլսի երկրորդ ընտրատարածքում համամասնական ցուցակի առաջին տեղը վստահել մասնաւոր մի ընկերութիւնում որպէս իրաւաբան աշխատող, ազգութեամբ հայ Սելինա Օզուզուն Տողանին:
Հետաքրքրական է, որ մինչ թեկնածուների ցուցակը յայտարարելը Տողանի անունը որեւէ կերպ չէր շրջանառւում թուրքական լրատուադաշտում: Խօսւում էր երկու այլ հայ «թեկնածութեան թեկնածուների»՝ Թալին Կազերի եւ Արեւիկ Ճեպեճիի մասին, որոնք, սակայն, վերջում թեկնածուի կարգավիճակ չստացան, իսկ Տողանը, ում անունը չէր նշւում, առաջադրուեց քեմալական կուսակցութեան ցուցակի առաջին հորիզոնականում, այն էլ` կարեւորագոյն շրջանում: Այսպիսով, Տողանը, ում ամուսինը Տինքի ընտանիքի փաստաբանն է, լաւ հնարաւորութիւն է ստանում շուրջ 55ամեայ դադարից յետոյ դառնալու Թուրքիայի խորհրդարան մուտք գործած հայը/հայերից մէկը:
Համեմատութեան համար նշենք, որ նախորդ ընտրութիւններում Պոլսի երկրորդ ընտրատարածքում Ժ.Հ.Կ.ից խորհրդարան է անցել 9 հոգի, ընդ որում, ցուցակի առաջին հորիզոնականում եղել է կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըճտարօղլուն:
Իսկ ահա քրտական Ժողովուրդների Ժողովրդավարական Կուսակցութիւնը, որի կազմում հայերը մեծ թիւ են կազմում, առաջադրել է 2 հայ թեկնածու՝ կուսակցութեան կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարօ Փայլանին եւ Մուրատ Մըհչըին: Փայլան պայքարելու է Պոլսի երրորդ ընտրաշրջանում, Մըհչը՝ առաջին: Փայլան համամասնական ցուցակի երկրորդ տեղում է, Մըհչը՝ 12րդ: Փայլանի բարձր տեղը, սակայն, դեռ չի երաշխաւորում անցում խորհրդարան, քանի որ ոչ-մեծ ընտրազանգուած ունեցող Ժ.Ժ.Կ.ն խնդիր ունի, նախ, յաղթահարել Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմը: Եւ միայն այդ շեմը յաղթահարելու եւ աւել ձայներ հաւաքելու դէպքում աւելի յստակ կը լինի հայ թեկնածուի կարգավիճակը:
Նախորդ ընտրութիւններին այս ընտրաշրջանից մէկ քիւրտ անկախ պատգամաւոր է ընտրուել, որը հետագայում դարձել է Ժ.Ժ.Կ.ի անդամ` դառնալով այս քաղաքական ուժի` այս շրջանից միակ ներկայացուցիչը խորհրդարանում: Յաջող քարոզարշաւը կարող է հնարաւորութիւններ թողնել Թուրքիայի խորհրդարանում 3 տարբեր ուժերից 3 հայ պատգամաւոր տեսնելու համար:
Այս տեսանկիւնից Մըհչըի զբաղեցրած տեղը կուսակցութեան ցուցակում թոյլ կը տայ նրան խորհրդարան անցնել, կարելի է ասել, միայն հրաշքի դէպքում: Մըհչըի ընտրատարածքից քրտական կուսակցութիւնը խորհրդարանում միայն մէկ պատգամաւոր ունի: Այսպիսով, կարող ենք փաստել, որ բոլոր հայ թեկնածուներն էլ պայքարելու են Պոլսում` ընդ որում, Պոլսի բոլոր երեք ընտրաշրջաններում:
Երկրորդ ընտրատարածքում ներկայացուած են Ա.Բ.Կ.ի եւ Ժ.Հ.Կ.ի հայ թեկնածուները, ինչը նշանակում է, որ նրանք միմեանց հետ մրցելու են նաեւ հայ համայնքի ձայների համար, իսկ առաջին եւ երրորդ ընտրատարածքներում, որտեղ եւս հայեր են բնակւում, պայքարելու են Ժ.Ժ.Կ.ի թեկնածուները: Այնուամենայնիւ, պէտք է փաստել, որ 14 միլիոնից աւել բնակչութիւն ունեցող Պոլսում ապրող 50-60 հազար հայի ձայնը, կարեւոր լինելով հանդերձ, որոշիչ չի լինելու:
Այսպիսով, Թուրքիայի 25րդ խորհըրդարանում կարող ենք տեսնել մէկից աւելի հայ պատգամաւորների: Ի հարկէ, հայ պատգամաւորները թուրքական իրականութեան պայմաններում չեն կարող ընդգծուած հայամէտ/հայանպաստ քաղաքականութիւն վարել, սակայն, այնուամենայնիւ, պատգամաւորական լիազօրութիւնը կարելի է ներկայիս Թուրքիայում բնակուող հայերի որոշ խնդիրները լուծելուն ծառայեցնել:
Խորհրդարանում հայ պատգամաւոր/պատգամաւորներ ունենալը թուրքական պետութիւնը եւս կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ միջազգային հանրութեանն ու կառոյցներին ցոյց տալու, որ երկրում դրական փոփոխութիւնները շարունակւում են, ինչի արդիւնքում տասնամեակներ անց հայերը կրկին կարող են տեղ զբաղեցնել թուրքական խորհրդարանում:
Իսկ Հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցի պարունակում Թուրքիան էլ աւելի ընդգծուած շեշտադրումներ կարող է անել եւ իր քարոզչական ու դիւանագիտական քայլերը կառուցել նաեւ հայ հնարաւոր պատգամաւորների շուրջ:
Յ. Գ.- Միեւնոյն ժամանակ, թուրքական իշխանութիւնները, Եսայեանին Թուրքիայի խորհրդարանում պատգամաւորական աթոռ յատկացնելով, կարող են լրացնել իրենց՝ հայկական հարցում որդեգրած քաղաքականութեան այն բացը, ինչն առաջ եկաւ մինչ վերջերս Թուրքիայի վարչապետի գլխաւոր խորհրդականի պաշտօնը զբաղեցրած Էթիեն Մահչուփեանի գայթակղութեան պատճառած հեռացումից յետոյ:
ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
թրքագէտ
«Թուրքագիտական Պորտալ»