Նոր տարուայ շեմին, երբ հրաժեշտ ենք տալիս հին տարուն, սկսելու, կամ աւելի ճիշդ, շարունակելու մեզ նախատեսուած մէկ այլ օրերի ու ամիսների շարան, ամբողջացնելու մէկ այլ տարի, ներքին մի յուշ իւրաքանչիւրիս տանում է ետ, յատկապէս մանկութիւն, սպասումներով, թաքուն ձգտումներով լեցուած, արդէն վաղուց ապրուած երազային մի գեղեցիկ օր, որը Նոր Տարի, Կաղանդ, Ամանոր, անունն էր կրում:

Թէեւ իւրաքանչիւրս իւրովի՝ աղքատ, համեստ, կամ շքեղ ենք դիմաւորել այն, բայց այդ օրը անհամբեր սպասումներով, երազուող տօն է եղել բոլորիս համար: 

Այսօր, երբ այնքան հասուն ենք, որ չենք խաբւում այլեւս ոչ Կաղանդ Պապաներու գոյութեամբ, ոչ փոքր կամ մեծ նուէրներով, զարմանալիօրէն կրկին մեր մէջ արթնանում է մեր մանկութեան հին կայծը, դարձնելով այդ օրը հաճելի, հարազատ, անյայտ խորհուրդներով ու դեռ նոր ձգտումներով լեցուած:
Իմ յիշողութեան մէջ մինչեւ օրս յստակ մնում է մի պատկեր՝ հայրս Կաղանդի մեծ ծառ էր միշտ բերում, միշտ էլ ձիւնախառն փոթորիկին բռնուած, ահագին տարածութիւն քայլելով, քանի որ այդ փոթորիկին երթեւեկը կանգ էր առնում այդ տարիներին: Երբ ինքն էլ ձեան մէջ թաթախուած ներս էր մտնում, մենք երեխաներով ուրախ ճիչով յարձակւում էինք ձեան մէջ կորած տօնածառը տեսնելու, մոռանալով հօրս, անտեղեակ թէ ինչ դժուարութեամբ էր հայրս այն տուն հասցրել: Մենք հաւատում էինք, որ Կաղանդ պապան կամ Ձմեռ պապն է այն նուիրել եւ աշխարհը մեզ համար դառնում էր ինքնամոռաց տօն, անհոգ ուրախութիւն, երգ ու պար:
Հիմա չկայ հայրս, չկայ այլեւս այդ ինքնամոռաց ճիչն ու միամիտ, պարզ ուրախութիւնը մեր մէջ, չկայ Կաղանդ պապաների գոյութեան մանկական հաւատը: Կայ միայն հեռաւոր, այդ օրը ինձ համար իր լուսաշող խորհրդի մէջ պահող գեղեցիկ յուշը, որը փորձում եմ մաքուր պահել, չաղօտել առեւտրի յայտարարութիւններով գայթակղուած, նուէրների խելայեղ գնումներով լեցուած իրականութեան հետ, որը կապ չունի այլեւս իմ յիշողութեան մէջ դրոշմուած այդ սիրելի, պարզ ու միամիտ տօնի հետ:
Այսօր փոխուել է ամէն ինչ, փոխուել ենք մենք, մեր շրջապատով, մեր ընկալումներով, սովորոյթներով, մինչեւ իսկ Նոր Տարին փոխել է իր իմաստը: Շատերի պէս, ինձ համար էլ այն աւելի մտածումների, քան անհոգ ուրախութիւնների օր է դարձել այլեւս եւ յատկապէս այս Նոր գալիք Տարին:
Չգիտեմ ինչո՞ւ տարեմուտի շեմին անցնող տարուայ յայտարարի բերումով, աւելի տեսանելի, աւելի սուր է դրւում մեր ներդրումի, մեր գոյատեւման, մեր սերունդների, մեր բացթողումների հարցը: Վերլուծում-խորհրդածում ենք, քանզի իւրաքանչիւրս նոր սերունդ ունենք մեզ հետ հասակ նետող, զաւակներ, թոռներ, հայ պատանիներ ու երիտասարդներ մեր շրջապատում, մեր ժողովրդի իւրաքանչիւր հատուածում:
Ակամայ հարց ենք տալիս ինքներս մեզ, այս անցնող տարում ի՞նչ ենք յանձնում նրանց, ի՞նչ նոր վերելքներով հարստացրինք մեր պատմութիւնը, կապեցի՞նք նրանց մեր լեզուին, մեր պատմութեանը, ներգրաւեցի՞նք նրանց մեր ազգային շահերի պաշտպանութեան երթին: Չէ՞ որ ի վերջոյ բոլորիս ձգտումն է ազգային բարձր գիտակցութեամբ սերունդ զարգացնելը, երջանիկ Նոր Տարիների իրական համամարդկային տօնախմբութիւն թողնելը նրանց:
Ահա թէ ինչու, Ամանօրեայ սովորոյթների, աւանդոյթների, յուշ դարձած, անցեալին անդրադառնալու փոխարէն, որոշեցի կանգ առնել ու ձեզ հետ մի պահ, խորհրդածել այն ամենի մասին, որով մտահոգուած ենք, որով ապրում ենք, աւարտում հին տարին, որով թեւակոխելու ենք մի նոր թուական, որը նոյնպէս յանձնելու ենք մեր սերունդներին:
Իսկ տարեմուտի այս օրերին այնքան հարցեր են լեռնացել մեր դէմ, այնքան նոր խնդիրներ ունենք լուծելու մեր սերունդներին անհոգ Նոր տարիների մուտք ապահովելու համար, որ անկարող ենք միայն անցեալ յիշատակներով առաջանալ:
Յատկապէս այս օրերին, իրապէս երկաթեայ ներվեր պիտի ունենալ, անտարբեր ապրելու, մեր երկրում, մեր շուրջ՝ աշխարհում, կատարուող իրադրութիւնները անտեսելու, աչք փակելու, չտեսնել, չլսել ձեւացնելու համար: Բայց քանի որ հայ ենք, բնականաբար զրկուած ենք այդ կարողութիւնից:
Նախ՝ մեր ջղերը վաղուց արդէն տրորուած, մաշուած են մեզ հետապնդող անվերջանալի հարուածներից: Եւ ամենակարեւորը՝ մի անհերքելի իրողութիւն է կախուած մեր գլխին, որ աշխարհի որ ծայրում էլ անհանգստութիւն ծագի, կրկին հայն է ընդգրկուած լինում, հայ զանգուածին է հարուած հասնում, հայութիւնն է ծանր մտահոգութեան մատնւում:
Հազիւ հաւաքւում, ոտքի ենք կանգնում, երբ մի նոր հարուած մասնատում է մեզ, մեր ուշադրութիւնն ու կարողութիւնը շեղում մեր հիմնական խնդրից՝ մեր երկրի կառուցումից, մեր սերունդների պահանջատիրութիւնը գործընթաց դարձնելու, հրապարակելու անհրաժեշտութիւնից: Միշտ սկսում ենք կէս թողած տեղից եւ մինչեւ կրկին ոտքի ենք կանգնում մի նոր հարուած է մեզ թուլացնում ու յետաձգում մեր առաջընթացը:
Վստահ եմ, պիտի մտածէք, որ ես կրկին ծանր հարցեր եմ շօշափում այս ուրախ առիթով, որ պէտք է միայն մեր նուաճումների եւ վերելքների մասին խօսենք այսօր: Ես էլ բոլորիդ պէս եւ աւելիով ձգտում եմ այդ օրուան: Բայց երբ մեր նուաճումները այնքան չնչին են եւ բացթողումներն ու անելիքները այնքան շատ, որ ստիպուած ենք վազելու անելիքների ետեւից, չհանգստանալով չարածով: Եւ ամենակարեւորը՝ նոր տարին ամենից առաջ նոր ծրագրերի ընդունման տարի է ուրեմն եւ պէտք է խօսենք այդ անելիքների մասին:
Հաւանաբար, ինձ նման շատերտ էլ չէիք պատկերացնում, որ 2015թ, որը շրջադարձային պիտի լինէր մեր ազգի ճակատագրում, շատերս այդպէս էինք սպասում, այսքան արագ է գալու: Այնքան արագ, որ մենք շուարած ու ձեռնունայն ենք դիմաւորում այն: Որ մեր սերունդներին կրկին նոյն յոյսի ճանապարհով ենք առաջնորդում, որով մենք առաջնորդուեցինք: Որ անկախութիւն ձեռք բերած մեր հայրենիքում չունեցանք ողջ հայութեանը միաւորող, իր ժողովրդին ազնիւօրէն ծառայող իշխանութիւն: Որ մեր հայրենիքի այժմեան երկու հատուածները՝ Հայաստանն ու Արցախը ոչ միայն չեն միաւորուած, աւելին՝ դեռ տարածքների զիջման հարցն ու պատերազմի վտանգն է կախուած Արցախի գլխին:
Մեր անկախացած երկիրն է հայաթափւում, Միջին Արեւելքի մեր ժողովրդի կեանքն ու գոյութիւնն է վտանգուած, որ դեռ մեր սերունդների իրաւունքի՝ մեր բռնագրաւած տարածքների, գոյքերի պահանջատիրութեան, մարդկային կորուստների փոխ հատուցման հարցն է լռութեան մատնուած:
Այո, ծանր եւ որոշիչ տարի է մեր առջեւ ծառացած, որն անհոգ ուրախութեան իսկ պահին, պարտադրում է մեզ զգաստանալ ու այդ մասին մտածել: Արագ, իմաստուն, հեռատես քաղաքական գործելակերպ է պարտադրում այս գալիք տարին իւրաքանչիւր հային: Այն ստիպում է մեզ անցնող եւ անցած բոլոր տարիների մեր բացթողումները ծառայեցնել մեզ վերականգնելուն, աշխարհի որդեգրած քաղաքականութեանը հետ համընթաց քայլելով մեր երկիրը ամրապնդելուն:
Այսօր մեզ համար մեծ նուաճում է, որ մենք արդէն միայնակ ենք առերեսում Թուրքիոյ հետ, որպէս անկախ երկիր ու պետութիւն եւ մենք այլեւս իրաւունք չունենք աշխարհի ողորմածութեանը ապաւինելու, մեր երկրի եւ սերունդների ճակատագիրը նրանց զբաղմունքի, նրանց քաղաքական հաշիւների խայծ դարձնելու: Ամենամիամիտ մարդն էլ այս երկրագնդում, որը մի քիչ քաղաքական հոտառութիւն ունի, վստահ եմ գիտէ, որ աշխարհի ողորմածութեանը յոյսը դնել նշանակում է կործանուել:
Իսկ դրա համար ամենից առաջ ժամանակն է որ փոխենք մեր կեցուածքը՝ աշխարհին այլեւս ոչ թէ անվերջ, ամէն առիթով, որպէս միայն քրիստոնեայ ազգ ներկայանալու, այլ որպէս հայ ժողովուրդ: Ժողովուրդ, որը պահանջատէր է իր բռնագրաւուած երկրին, որը թէեւ թափառական, բայց կազմակերպուած է ապրում, հետեւողականօրէն պահում է իր ինքնութիւնն ու գոյութիւնը, իր մէջ ունի տարբեր դաւանանքի պատկանող հայութիւն եւ իր աշխատանքն է ներդնում իր ապրած իւրաքանչիւր երկրում:
Մենք՝ հայ ժողովուրդս, այսպէս ներկայանալով, այսպէս մտածելով ենք գործելու, քանի որ արդէն բացայայտ ոչ քրիստոնեայ տարր ունենք մեր մասը կազմող, տարբեր կրօնների պատկանող, որոնց 100 տարիներ աչքաթող ենք արել, որոնց թիւը գնալով շատանում է: Ինչպէ՞ս կարող ենք ինքներս մեզ միայն քրիստոնեայ ներկայացնել եւ արհամարել մեր ազգի միւս զաւակներին: Եւ չէ՞ որ միայն մենք չենք որպէս քրիստոնեայ ազգ կոտորուած ու կոտորուող: Նայեցէք այսօրուայ անմարդկայնօրէն ոչնչացուող աֆրիկացի քրիստոնեաներին, հէնց արաբ քրիստոնեաներին, քիւրտերին, եգիպտացիներին, յոյներին, թիւն ու երեւոյթը այնքան տարածուն է, որ այդ բոլորի մասին խօսելն ինքնին մի յօդուած է:
Բացի այդ աշխարհում հսկայ ու լուրջ քրիստոնեայ պետութիւններ կան, որոնք ամէն վայրկեան չեն մրճահարում իրենց քրիստոնեայ լինելը:
Որքան էլ թիւով քիչ ենք, բայց պետութիւն ենք եւ ճանաչուած, ընդունուած երկիր, ունենք հարուստ ու հին անցեալ, մեր պատմութեամբ, մեր լեզուով, մեր տարածքներով եւ մինչեւ անգամ մեր ներկայ աշխարհի հնագոյն մայրաքաղաքով :
Այսօր նոյնիսկ մեր թշնամին մեզ որպէս հակառակորդ երկիր ու պետութիւն է ընդունում, ամէն ինչ անում է ձերբազատուելու իր վզից կախուած մեր հարցից:
Ձեւացնում է, իբր սարսափում է Ցեղասպանութեան 100ամեակից, մեզ զբաղեցնում է մտահոգ ձեւանալով մեր առնելիք քայլերից, եւ միեւնոյն ժամանակ քաջ գիտենալով, որ մենք ինչպէս միշտ տարուելու ենք աւելի շատ իր կեցուածքով, քան մեր պահանջը ներկայացնելով:
95-ամեակին թուրք-հայկական ծրագրի մէջբերումով մեզ զբաղեցնելով, նա ետ մղեց մեր պահանջատիրութեան գործընթացը, իսկ հիմա ազգովին սպասում ենք թէ արդեօք մարդասպանը ընդունելո՞ւ է արդէն մէկ անգամ հայ-թուրք յարաբերութեան մէջ տանուլ տուած մեր նախագահի Հայաստանեան հրաւէրը, թէ՞ ոչ:
Աւելի մեծ ապտակ մեր 100-ամեայ տարելիցին, քան ցեղասպանութեան ենթարկուած մի ժողովրդի նախագահի հրաւէրն է իր ժողովրդին կոտորած ու իր յանցանքը բացայայտօրէն ժխտող երկրի նախագահին, չէր կարելի պատկերացնել:
Բնականաբար այլեւս չարժէ խօսել այդ տարելիցի գոյութիւն չունեցող պետական կեցուածքի մասին:
Հարցն այն է, թէ ո՞ւր ենք մենք՝ հայ ժողովուրդս. . . ինչո՞վ ենք զբաղուած:
Զարմանալի թող չթուայ, բայց դեռ ժողովրդավար նախագահ ունենալու ընտրանքով ենք զբաղուած այնքան, որ նոյնիսկ պատրաստ ենք մեր երկիրն ու իրաւունքները կործանած նախկին առաջին նախագահին կրկին ընտրելու:
Այնքան ենք տարուած կողոպուտով, որ չենք մտահոգուած մեր երկրի օրէ օր նոսրացող թիւով: Չենք մտահոգուած Միջին Արեւելքում իր կեանքի փրկութեան համար տառապող մեր հայրենակիցների, մեր երեխաների համար: Մի ամբողջ սերունդ է հասակ առնում վայրագ սպանութեան, աւերի եւ ռմբակոծումների մէջ, իսկ մենք շարունակում ենք մեր ճոխ, արդէն իր որակն ու չափը կորցրած խնճոյքների, հարսանիքների ու հրաւէրների տեղատարափը ե՛ւ արտերկրում, ե՛ւ հայրենիքում:
Օտար երկրներն են ապաստանում մեր ժողովրդի փրկութիւն աղերսող հատուածին: Օտար երկրների ժողովուրդներ են սիրով հիւրընկալում նրանց, իսկ մեր հայրենի ժողովրդի կողմից ոչ մի հոգատարութիւն, ոչ մի պաշտպանութիւն, իր կեանքի փրկութեան համար անտուն ու անդրամ հայրենիք ապաստանած Սուրիոյ, Քէսապի, Իրաքի հայրենակիցների համար, աւելին, միայն չկամութիւն ու թշնամութիւն:
Երեք ամիս առաջ սփիւռքի հարիւրաւոր ներկայացուցիչներ էին հաւաքուել հայրենի երկրում խորհրդակցութեան եւ թւում էր նրանց առաջնահերթ խնդիրը լինելու էր Սուրիոյ, Քէսապի, Իրաքի մեր հայութեան փրկութեան հարցը, հայրենիք ներգաղթելու նրանց իրաւունքը կառավարութեան առաջարկելը: Բայց ցաւոք, այդպէս չեղաւ եւ այսօր հազարաւոր հայեր են ճամբայ ընկել ոչ թէ հայրենիքից, այլ օտար պետութիւններից հրաւէրք ստացած, նրանց երկրները գնալու, նրանց հարստացնելու եւ նրանց ձուլուելու,կորսուելու: Բայց չէ՞ որ մեր երկիրը ոչ միայն կարիք ունի մարդկային թիւի, որն հրատապ անհրաժեշտութիւն է, այլ երկիրը պարտաւոր է տէր կանգնելու իր ցիր ու ցան եղող ազգին: Հիմա ինչո՞վ է արդարանում մեր կառավարութիւնը իր այս թերացման համար: Թէ՞ սպասում է, որ իր ժողովուրդը ցիր ու ցան դառնայ, դրսում վաստակի ու հայրենիք բերի, իրենց հարստացնի:
Ժամանակին կուսակցութիւնները, կազմակերպութիւնները, տարբեր ազգային հաստատութիւններ էին հսկում, ճիգ գործադրում, որ հայութիւնը կեդրոնանայ նոյնիսկ երազուած հայրենիքում, որ նոր օտար օճախներ չստեղծուեն աշխարհի այլ վայրերում: Այսօր ոչ միայն աշխարհի վայրագ կացութիւնը հայութեան ստիպում են հեռանալ իրենց ստեղծած բնակավայրերից, այլ կուսակցութիւններն ու հաստատութիւններն են կորցրել իրենց ուժն ու միասնութիւնը: Այլեւս ամէն ինչ ինքնահոսի է մատնուել, ոչ մէկը իր դերի, իր պատասխանատւութեան մէջ է, եւ անպաշտպան ժողովուրդն էլ քշուող ալիքի հետ փորձում է փրկութեան որեւէ ափ գտնել:
Մի՞թէ այս վիճակն ենք յանձնելու սերունդներին: Ինչո՞ւ 100 տարուայ մեր նուաճումներում չկարողացանք հայրենիքը միասնական դարձնել: Ինչո՞ւ արցախցին պատերազմի վտանգին դիմագրաւում է իր հողը պաշտպանելու հաստատ հաւատով եւ մեր հոգին հարստացնում իր գործած սխրանքներով, իսկ օտար երկրում պատերազմից իր կեանքը փրկող մեր ժողովուրդը չի ուզում հայրենի երկրում տեղաւորուել, նրա առօրեայ դժուարութիւնները կիսել: Գերադասում է իր զաւակներին օտարութեան մէջ, լաւագոյն դէպքում, կէս հայ մեծացնել, բայց չի ուզում նրանց իրապէս կապել իրենց հողին: Ինչո՞ւ: Սրանք հարցեր են, որոնց լրջօրէն չենք անդրադառնում:
Մեր ժողովուրդը սովորոյթներով ապրող է, նա սովոր է, որ իրեն առաջնորդեն, գոնէ վերջին հազարամեակում այդ դերը վերցրել էին կուսակցութիւնները: Դրա արդիւնքում ունեցանք կազմակերպուած համայնքներ ու միակամ՝ անկախ հայրենիք ձգտող ժողովուրդ: Իսկ հիմա նա յայտնուել է պարապուտում: Նրան առաջնորդող համապատասխան մարմինները չկան: Ամէն ինչ մանրացրել, դարձրել ենք աթոռ ու իշխանութիւն, մանր քաշքշուկների պայքար, եւ դեռ ուզում ենք աճող սերունդին պահել մեր կողքին, պահել մեր մէջ: Մի՞թէ չենք տեսնում, որ գնալով նօսրանում է այդ շարքը, գնալով պակասում է հայ լեզուի ու մշակոյթի կապուածութիւնը, լուծւում, փոշիանում է արեւմտահայ լեզուն ու ինքնութիւնը, դրա հետ մեկտեղ արեւմտահայի հոգեբանութիւնն ու ձգտումը, իր կորցրած երկրի, իր բռնագրաւուած ու ոտնահարուած իրաւունքների պահանջը:
Յաջորդ տարի մուտք ենք գործում մի այնպիսի թուական, որը մեր պատմութեան ամէնէն արիւնոտ էջի՝ 100 տարիների ամփոփումն է: Ուրեմն մեզնից է կախուած թէ ի՞նչպէս ենք իրագործելու մեր զոհերի մեզ կտակած պահանջը՝ արդար հատուցման, նրանցից իւրաքանչիւրից խլուած մարդկային ու ազգային իրաւունքի պահանջը: Մեզնից է կախուած լուծելու հիմնական մի հարց՝ մենք շարունակելո՞ւ ենք մեր սերունդների ուսերին նետել նոյն կտակը, թէ՞ տէր կանգնելով մեզ յանձնուածին, իրագործելու ենք ազգային մեզ վստահուած պահանջը:
Քանի դեռ չենք իրագործել այդ կտակը, իրաւունք չունենք անհոգ նոր տարիներ մուտք գործել: Իւրաքանչիւր Նոր Տարի, նոր մղումների, ազգային պահանջատիրութեան մի նոր քայլի դուռ է մեզ համար: Օգտագործենք այդ նախամուտքը եւ նոր տարին սկսենք, մենք՝ հայ պահանջատէր ժողովուրդս նշանաբանով:

Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան
Սան Ֆրանսիսքօ