Անցեալների քաղցրութեամբ,
Ու ներկայի բերկրութեամբ
Երազում եմ Նոր Տարւայ ձիւնոտ երեկոն,
Երբ լոյսերը ցոլում էին,
Քո աչքերը փայլում էին
Սիրոյ պատմութեամբ:
Իւրաքանչիւր մաղթանքիս հետ յիշում եմ
Անցեալների Նոր Տարւայ ձիւնոտ երեկոն,
Եւ հրճուալի զանգակների ղողանջը
Աղջամուղջոտ լուսաբացի ժամերում:
Ձիւնախռիւ երեկոյի ճամփեքում
Զրնգում են սայլակների զանգերը
Ուրախութեան քո ծիծաղի կարկաչով.
Իմ տեսիլքի
Ձիւնածածան տեսարանը տարածւում է
Մինչև ալքը երազներիս, տենչերիս,
Մինչև խորքը աչքերիդ:
Եւ զգում եմ սրտիդ բաբախը սիրոյ,
Կրծքիս վրայ.
Ու հասկանում,
Որ շատ թանկ ես իմ համար:
Խանդավառ ենք
Նոր Տարւայ այս լաւ գիշեր,
Թող երկարի պահը կեանքի տարածքով,
Երջանկութեան բովանդակով, ծաւալով,
Որպէս սիրոյ խոստովանք:
Ձիւնածածկ էր դաշտավայրը,
Ուր խաղացինք մեր մանկութիւնը անգին,
Ուր կուտակած մաքուր ձիւնով
Սարքեցինք մեր Ձմեռ Պապին.
Ճերմակութեամբ սիրուն էր ողջ տեսարանը,
Իջնող ձիւնի փաթիլների,
Վառ տեսիլքը անցեալի:
Թող դեռ ձիւնի, թող դեռ ձիւնի անդադար
Ու ցուրտը թող խրախճանի դաշտերում,
Իսկ այստեղ մեր տաք գրկերում
Նոր Տարին է արշալոյսւում
Անցեալների արժանիքով հարազատ:
Բոցկլտում է մեղմօրէն
Բուխարիկի կրակը,
Մեր սրտերի հրակը.
Տօնածառի աստղն է ցոլում,
Ցոլում են լոյս շողերը մեր աչքերում,
Ու մաղթանքիս օրհնութիւնը
Ջերմած Տիրոջ ողորմութեամբ պանծալի՝
Շնորհաւոր Նոր Տարի:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ