ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովից յետոյ եւ Հայաստանի Հանրապետութեան համապետական երկու կարեւոր ընտրութիւնների նախընտրական ժամանակահատուածում, առիթ կայ, ահա, անդրադառնալու իշխանական համաձայնական դաշինքի գլխաւոր ուժի՝ ՀՀԿ-ի պատկերացումներին՝ ՀՅԴ դերի ու անելիքի մասին, եւ թափանցելու այդ պատկերացումների ու
ակնկալիքների գաղափարախօսական խորքերը: Ի վերջոյ Հ.Յ. Դաշնակցութեան նկատմամբ ՀՀԿ-ի գաղափարախօսական դիրքորոշումներից եւ ՀՅԴ դերի եւ անելիքների մասին հանրապետական ղեկավարների պատկերացումներից են կախուած սոյն կուսակցութեան քաղաքական մօտեցումները, նրանց՝ ինչպէս հակադաշնակցական, այնպէս էլ դաշնակցականամէտ կեցուածքների դրդապատճառները: ՀՀԿ-ի գաղափարախօսական դիրքորոշումների մի կարեւոր մասը, վերջին տարիներին, դրսեւորուել է ՀՀԿ փոխ նախագահ Մ. Լալայեանի հեղինակած «Ազգային գաղափարախօսութեան խնդիրների շուրջ» աշխատութեան մէջ, որը հրատարակուել է 2003 թուականին, ապա վերահրատարակուել երկու անգամ՝ չնչին փոփոխութիւններով:
Հեղինակի կարծիքով՝ «Դաշնակցութիւնն ունի հմայք, առասպել եւ առաքելութիւն, բաներ, որոնք յատուկ են թերեւս միայն Հայ եկեղեցուն, եւ որոնց բացակայութեան դէպքում այն դառնում է շարքային կազմակերպութիւն»: Այս հրաշալի բնորոշումը անթերի կը լինէր, եթէ հմայք, առասպել եւ առաքելութիւն հասկացութիւնների ընդհանուր քողի տակ չթերարժեւորուէր ՀՅԴ գաղափարախօսութեան դերն ու նշանակութիւնը: «Որեւէ գաղափարական դաշնակցական կը հաստատի,- հաւատացնում են հանրապետականները,- որ Դաշնակցութեան ուժն ու հմայքը իր Ծրագրի, Կանոնագրի կամ կազմակերպական կառոյցի մէջ չէ, այլ՝ որոշակի աւանդոյթներից ձեւաւորուած բարոյականի, որը յայտնի է դաշնակցականութիւն անուամբ: Իսկ դաշնակցականութիւն ասել է՝ ա) նուիրումի եւ նահատակութեան ոգի, բ) յեղափոխականութիւն, գ) մարտական եւ կազմակերպական կարգապահութիւն, միաժամանա՛կ»: Դեռ թողնենք մէջբերուած մտքի հանելուկային հակասութիւնը, ո-րով մի կողմից ՀՅԴ Կանոնագիրը չի համարւում Դաշնակցութեան ուժի ու հմայքի աղբիւր, իսկ միւս կողմից՝ դաշնակցականութիւնը բացատրւում է մարտական եւ կազմակերպական կարգապահութեամբ: Բա էլ որտեղից է բխում տուեալ կարգապահութիւնը, եթէ ոչ հէնց ՀՅԴ Կանոնագրից ու կազմակերպական կառոյցից:
Անցնենք: Մեր կարծիքով՝ ՀՅԴ ծրագրային հասկացութիւնները եւ կանոնագրային սկզբունքները, ահաւասիկ, հէնց այն արժէքներն են, որոնց այսօր չի ախորժում Հայաստանի քաղաքական ընտրանին: Այս իրողութիւնը, կարմիր թելի պէս, ակնյայտօրէն երեւում է ՀՀԿ-ի գաղափարախօսական դիրքորոշումներում, իսկ վերոյիշեալ գրքոյկում՝ կրկնւում մի քանի անգամ:
ՀՀԿ-ական մտաւորականը կարծում է, թէ Դաշնակցութիւնը կարիք ունի «ինքնանորոգման» մի գործընթացի: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ՀՅԴ գաղափարաբանութեան ազգայնականացում, այսինքն՝ ազգային եւ ընկերվարական դրոյթների հաշուեկշռի փոփոխում՝ ի նպաստ առաջինի»: ՀՅԴ-ի ազգային եւ ընկերվարական արժէքները ժողովրդավարութեան եւ յեղափոխականութեան հետ համատեղ կազմում են աշխարհընկալման ամբողջական մի համակարգ: Համակարգ, որն ուղղուած է Հայաստանի եւ հայութեան լիակատար ազատագրմանը եւ լիարժէք զարգացմանը: Արժէքների այդ քառեակը համարկուած, համակարգուած է եւ ոչ թէ դասակարգուած: Եթէ ՀՀԿ-ին դուր է գալիս միայն ազգայինը, խնդրեմ, թող իրենց արժէքային համակարգից դուրս նետեն «ազատականութիւն», «պահպանողականութիւն» հասկացութիւնները, որոնք, ի դէպ, չափազանց ապաշնորհ կերպով են կուտակուել նրանց ծրագրային փաստա-թղթերում:
Դաշնակցութեան միմիայն «ազգային» առաքելութեան համաթեքսթում, ՀՀԿ-ականները երազում են Դաշնակցութեան համար տեսնել սահմանափակ եւ կանխորոշուած դեր. «Դաշնակցութեան հիմնական առաքելութիւնը,- ըստ նրանց,- մնում է սփիւռքի հայօրէն պահպանումը եւ նրա դարձը Արեւմտահայաստան: Այս առաքելութեան կայացումն անցնում է հայկական պետութեան ինքնիշխանացման, Ջաւախքի եւ Նախիջեւանի ազատագրման ճանապարհով»: Թէեւ այս բանաձեւումներում խօսք չկայ Արեւմտեան Հայաստանի ազատագրման մասին, այնուամենայնիւ, ենթադրում ենք, որ նշուած մտքերի հեղինակները լաւ են հասկանում, որ առանց Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան, էապէս, անիմաստ է դառնում սփիւռքի «դարձը Արեւմտահայաստան»: Սակայն այստեղ կայ հայութեանը որպէս քաղաքական առանձին-առանձին ձգտումներ ունեցող եւ օրկանապէս տարանջատ մի խառնակոյտ տեսնելու վտանգաւոր ընկալումը, որն ամուր ընկած է ինչպէս ՀՀՇ-ական, այնպէս էլ ՀՀԿ-ական գաղափարախօսութեան հիմքում: Այս առումով՝ հայը հայից, Հայաստանը՝ Հայաստանից տարբերակելու, քաղաքական ճղճիմ հաշիւներով Դաշնակցութեան համար «հիմնական առաքելութիւն» յօրինելու փորձերը արդէն 20-ամեայ վաղեմութիւն ունեն:
Իսկ այս «հիմնական առաքելութիւն»ից զատ, ուրիշ ի՛նչ «ոչ հիմնական» դեր են նախատեսում ՀՅԴ-ի համար. «Հայկական պետութեան ներսում Դաշնակցութիւնը պէտք է գործի առաւելապէս իբրեւ բարոյական ուժ. նա պէտք չէ հրապուրուի գործադիր իշխանութեան լծակներով‘ ա) այսօրուայ անխուսափելի մրոտումից զերծ մնալու, որով‘ իր հմայքն ու առասպելը պահելու, բ) դրսի ճնշումներից պետութեանն, ըստ հնարաւորի, ապահովագրելու, գ) պետութեան հետ համագործակցութիւնը քողարկելու համար»: Սա արդէն քաղաքական դերերի բնորոշման եւ բաշխման եւս մեծամտական փորձ է: Գործադիր իշխանութիւններից հեռու պահելով ՀՅԴ-ին, հանրապետականները նախ իբր «խաթր» են անում Դաշնակցութեանը չմրոտուելու պահով, ապա ապահովագրում են պետութեանը դրսի ճնշումներից: Ասել է‘ եթէ Հայաստանում հմայք ու առասպել ունեցող քաղաքական ուժը յայտնուի գործադիր իշխանութեան մէջ, ապա Հայաստանը ճնշումների կ՛ենթարկուի դրսից: Սա օրինաչափութի՞ւն է, թէ՞ իրադրային քաղաքականութեան այսօրեայ թելադրանք: Պարոնայք, իսկ սխալմամբ չէ՞ք մտածում նաեւ, թէ հմայք, առասպել եւ առաքելութիւն ունեցող 120-ամեայ կուսակցութիւնը չի գիտակցում միջազգային քաղաքականութեան իրադրութիւնները: Թէ՞ կարծում էք, որ ՀՅԴ-ն երբեւէ Հայաստանն ու հայութեանը կը վտանգի իր քաղաքական ձգտումների բերումով: Եթէ դուք լաւ գիտէք ՀՅԴ պատմութիւնը, ապա մնում է ենթադրել, որ այս օրինաչափութիւնը ընդամէնը ձեր մոգոնած խաղն է, որով ձգտել ու ձգտում էք ՀՅԴ-ին հեռու պահել գործադիր իշխանութիւնից, ինչը, պէտք է ենթադրել, ՀՀԿ-ի մենաշնորհն է այլեւս:
Եթէ առաջնորդուենք ՀՀԿ-ական նշուած օրինաչափութեամբ, էլ ինչո՞ւ են ցանկանում ՀՅԴ-ին տեսնել օրէնսդիր իշխանութեան մէջ, ինչո՞ւ են ասում, թէ ՀՅԴ-ն «պէտք է ունենայ տեղեր խորհրդարանում՝ ընտրուած համամասնական կարգով, որոնց միջոցով զգալ տայ իր ներկայութեան մասին Երկրում»: Եթէ յանկարծ ՀՅԴ-ի նախաձեռնութեամբ խորհրդարանում ընդունուի թոշակային, հարկային կամ ընտրական ոլորտներին առնչուող որեւէ բարեփոխում, բա յետոյ ի՞նչ էք անելու: Կամ‘ եթէ յանկարծ ՀՅԴ-ի նախաձեռնութեամբ խորհրդարանում անցնի Ուիլսընի իրաւարար վճռի հիման վրայ պահանջատիրական որեւէ նախագիծ, դրսի ուժերը չե՞ն ճնշի պետութեանը: Իսկ եթէ այսպէս է, յատկապէս ինչո՞ւ էք ցանկանում, որ «Ջաւախքի ու Նախիջեւանի ազատագրման հարցերում ՀՅԴ-ն լինի հիմնական մունետիկն ու գործադրողը»: Ջաւախքի ու Նախիջեւանի եւ դեռ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան գործով զբաղուող ՀՅԴ-ն, մօտ տասը տարի, մասնակցել է գործադիր իշխանութեանը եւ հէնց հիմա էլ իր ներկայութիւնը զգացնել է տալիս Ազգային ժողովում: Դրանից Հայաստանը արդեօք ճնշումների՞ է ենթարկուել: Եթէ մոռանում էք արտաքին ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրուող ճնշումների բնոյթն ու պատճառները, ապա յիշեցնենք ձեզ, պարոնայք, որ Հայաստանին ոչ միայն ճնշում են, այլեւ նրա անկախութիւնն են հարցականի տակ առնում այսօր ձեր վարած որոշ արտաքին, ներքին եւ ընկերային-տնտեսական սխալ քաղաքականութիւնների պատճառով:
Ուրիշ էլ ինչպիսի՞ն են ՀՀԿ-ականները երազում տեսնել ՀՅ Դաշնակցութեանը: Այսպէս՝ «կուսակցութեան պատմութեան էջերը թերթելով, մենք այս հարիւրամեակում կ՛ուզէինք տեսնել ո՛չ թէ երիտասարդ թուրքերից խաբուած կամ եւրոպական ընկերավարութիւն տենչող, այլ՝ իր ներսում ցեղակրօն, տարօնական շարժումներ ծնելու (նաեւ պահպանելու) ընդունակ Դաշնակցութիւն»: Որքա՜ն պատմա-գաղափարախօսական անճշդութիւններ կան ձեր պատկերացումներում… Նախ‘ երիտասարդ թուրքերից խաբուել-չխաբուելու, համագործակցել-չհամագործակցելու յանկերգը ՀՀԿ-ից լսելն այլեւս չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտում մի փոքր «թրեւ գալով» անգամ, դժուար չէ հասկանալ, որ պոլշեւիզմի տապալումով հանդերձ, տակաւին չի անհետացել պոլշեւիկութիւնը: Նոյն պատմաշինական առասպելներն ու թապուները գործում են նաեւ այսօր: Եթէ անցեալում հակադաշնակցական պայքարում տիրում էր պատմագիտական անծայրածիր խաւարը, ապա այսօր լոյսն ու մութը յաճախ են իրար հետ հանդէս գալիս՝ նողկանք ու ձանձրոյթ պատճառելով… Գոնէ պոլշեւիկները «երիտասարդ թուրքերից խաբուած» Դաշնակցութեանը չէին համարում հմայք, առասպել եւ չգիտես էլի ինչ առաքելութիւն ունեցող կուսակցութիւն եւ իրենց բարոյական իրաւունք չէին վերապահում Դաշնակցութեանը տեսնել այսպիսին եւ ոչ այնպիսին. «…Ո՛չ թէ Մովսէս Տէր-Գալուստեանների ու Ճորճ Մարտիկեանների, այլ՝ Նաթալիների ու Նժդեհների Դաշնակցութիւն»:
Իսկ այդ շարժումները, որոնց մասին ճառում էք, հիմնականում ձեւաւորուել են օրուայ քաղաքական մթնոլորտում եւ ուղղուած են եղել ՀՅԴ վարած քաղաքականութեան դէմ: «Մարտկոցական» շարժումն, ըստ էութեան, խորհրդայնամէտ շարժում էր, իսկ «Տարօնական»ը՝ նացիամէտ: Այդ շարժումները, բոլորն էլ, մարել են իրենց ծնունդ տուող գործիչների քաղաքական ասպարէզի աւարտով: «Մարտկոցական»ը, վերանուանուելով «ամրոցական», ի վերջոյ մարեց 1960-ականներին, իսկ «Տարօնական»ը անհետացաւ նացիականութեան փլուզումով: Այդ շարքին չի կարելի դասել ցեղակրօն ուխտերը, որոնք, ոչ թէ առանձին շարժման մաս են եղել, այլեւ եղել են ՀՅԴ երիտասարդական կառոյցի միաւորներ եւ վերանուանուելով «Հայ երիտասարդաց դաշնակցութիւն»՝ գոյատեւում են առ այսօր: «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումներում ընդգրկուած բազմաթիւ դաշնակցականներ հետագային զղջացել եւ ձգտել են վերականգնել իրենց կուսակցական անդամակցութիւնը: Այս իմաստով արժէ այստեղ յիշատակել անուանի գրող, հրապարակախօս Վազգէն Շուշանեանի («Մարտկոցական»ից) եւ Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոս Սեդրակ Ջելալեանի («Տարօնական»ից) անունները: Դուք շատ լաւ գիտէք «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումների գլխին կանգնած գործիչների՝ Շ. Նաթալիի եւ Գ. Նժդեհի միմեանց նկատմամբ խիստ անհանդուրժողական, իրարամերժ եւ գաղափարախօսական առումով թշնամական, ոխակալ վերաբերմունքը: Խնդրեմ ասացէք, ինչպէ՞ս էք պատկերացնում «Նաթալիների ու Նժդեհների Դաշնակցութիւն»ը:
Ձեր արշիններով մի՛ չափէք ՀՅԴ-ին: Դաշնակցութիւնը, ըստ էութեան, նման չէ ձեր կուսակցութեանը: Դաշնակցութիւնը չի եղել ու չի լինի ձեր նշած կամ չնշած ցանկալի կամ ոչ ցանկալի մարդկանցից եւ ոչ մէկի մասնաւոր սեփականութիւնը:
Մենք լաւ ենք ըմբռնում ՀՀԿ-ի պատկերացումների գաղափարախօսական խորքը: Նա չի ցանկանում տեսնել այն Դաշնակցութիւնը, որն ազգայինից բացի, ունի նաեւ քաղաքական եւ ընկերային հայեացքներ եւ այս երկրի համար տենչում է քաղաքական ազատութիւն եւ ընկերային արդարութիւն:
Չկայ դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան, ճիշդ այնպէս, ինչպէս Հայաստանը չի կարող լինել առանց հայի: Ժամն է արդէն, պարոնայք, որ Հայաստանում այլոց տեղն ու անելիքը սահմանելու փոխարէն, մի փոքր էլ խորհէք ձեր սեփական կուսակցութեան տեղի ու անելիքի մասին:
«ԴՐՕՇԱԿԻ» ԽՄԲԱԳՐԱԿԱՆ