Սեպտեմբերի վերջերին Պաքուի իշխանութիւնները որոշում ընդունեցին Հայաստանի հետ սահմանների երկայնքով զինել քաղաքացիական բնակչութեանը: Իլհամ Ալիեւի հրամանագրում ասւում էր, որ շփման գծին հարող գիւղերի բնակիչներից անհրաժեշտ է կամաւորական պարեկային ջոկատներ ստեղծել: Աւելի վաղ՝ Յուլիս-Օգոստոսին, հայ-ատրպէյճանական սահմանի Տաւուշի հատուածում լարուածութիւնը հասել էր ամենաբարձր աստիճանի  1994-ի հրադադարից ի վեր: Կողմերը փոքր եւ միջին, որոշ դէպքերում՝ խոշոր տրամաչափի զէնքերից, գնդակոծում էին սահմանի երկայնքով տեղաբաշխուած գիւղերը:
Հէնց այդ օրերին հայկական փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում խօսւում էր հայկական գիւղերի բնակիչներին զինելու անհրաժեշտութեան մասին: Հայաստանի ղեկավարութիւնը, առաջին հերթին՝ Սերժ Սարգսեանը, կտրականապէս դէմ եղաւ: Փոխարէնը՝ Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով ներկայացրեց օրէնսդրական երկու փաթեթ, որոնք գրեթէ միաձայն ընդունուեցին Նոյեմբերի կէսերին: Յունուարի 1-ից այդ օրէնքները երեք տարով մտնելու են ուժի մէջ: Ենթադրւում է, որ այդ օրէնքները հետագայում կ՛երկարաձգուեն, քանի որ առաջիկայ տարիներին դժուար է ակնկալել հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորում:
Ընդունուած օրէնքներից մէկով Ատրպէյճանին սահմանամերձ 31 համայնքների բոլոր բնակիչները կը ստանան ընկերային աջակցութիւն: Մասնաւորապէս՝ նրանք միայն մասամբ կը վճարեն ելեկտրական հոսանքի, կազի եւ ոռոգման ջրի դիմաց, ինչպէս նաեւ ամբողջապէս կ՛ազատուեն հողի յարկ եւ գոյքահարկ վճարելուց: Երկրորդ օրէնքով՝ սահմանամերձ այդ 31 գիւղերում իրականացուող տնտեսական գործունէութիւնը՝ արտադրութեան կազմակերպումը, գրեթէ ամբողջովին կ՛ազատուի հարկերից: Դա նշանակում է, որ իւրաքանչիւր հայ գործարար հնարաւորութիւն կ՛ունենայ իր պիզնեսը տեղափոխել սահմանամերձ հատուած կամ այնտեղ նոր պիզնես կազմակերպել:
Միայն ժամանակը ցոյց կը տայ, թէ այդ օրէնքների ընդունումը եւ կեանքի կոչումը ինչքանով է ամրապնդելու սահմանապահ հայկական գիւղը, հետեւաբար նաեւ՝ հայկական սահմանը: Սակայն արդէն իսկ ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները ճիշդ որոշում են կայացրել: Աւելի՛ն. նման որոշում պէտք էր կայացնել աւելի վաղ՝ 1994-ի մայիսեան հրադադարից անմիջապէս յետոյ:
Երբ Ազգային ժողովը ընդունեց երկու օրէնքները, Տաւուշի մարզի սահմանապահ եւ ամէնից խոցելի գիւղերից երկուսի՝ Չինարիի եւ Մովսէսի գիւղապետները շտապեցին Երեւան եւ համատեղ մամուլի ասուլիսում հայ գործարարներին՝ լինեն նրանք Հայաստանից կամ սփիւռքից, կոչ արեցին օգտուել օրէնքից, պիզնես դնել իրենց գիւղերում, եկամուտ ստանալ եւ տեղի բնակչութեան համար ապահովել աշխատատեղեր:
Հայաստան-Ատրպէյճան սահմանի վրայ, այդ թւում՝ Նախիջեւանի հատուածում, տեղաբաշխուած են 31 հայկական գիւղեր: Անշուշտ այդ գիւղերից բոլորը չէ, որ գտնւում են հակառակորդի ափի մէջ: Բայց այդ 31 գիւղերը ընդհանուր սահման ունեն Ատրպէյճանի հետ, հետեւաբար ընդունուած երկու օրէնքները տարածուելու են նրանցից իւրաքանչիւրի վրայ: Այդ 31 գիւղերը, ըստ սահմանից իրենց գտնուելու վայրի հեռաւորութեան, կարելի է բաժանել երեք խմբի՝ չափազանց վտանգաւոր, վտանգաւոր եւ անվտանգ:
Այսպէս՝ Կողբ, Սեւքար, Արծուաբերդ, Չորաթան եւ մի շարք այլ գիւղեր, որոնց վրայ տարածուելու է օրէնքը, անմիջական սահմանակից չեն Ատրպէյճանին, բայց նրանց մշակելի հողատարածքները սահմանակից են Ատրպէյճանին: Պատերազմի տարիներին այդ գիւղերը չեն գնդակոծուել, աւերածութիւններ չեն եղել: Հետեւաբար այդ գիւղերում բնակուողների համար հակառակորդի կրակից սպանուելու վտանգ չկայ:
Մի շարք գիւղեր, ինչպէս՝ Երասխը, Վահանը, Ճամբարակը, Կիրանցը, Պառաւաքարը, կարելի է դասել վտանգաւորների շարքում: Արցախեան պատերազմի տարիներին այս գիւղերը ենթարկուել են ռմբակոծութեան, մարդիկ են սպաննուել ու վիրաւորուել: Այսօր, սակայն, այդ գիւղերում հակառակորդի կրակից մարդկանց սպաննուելու հաւանականութիւնը շատ քիչ է, քանի որ հայկական զինուորական դիրքերը գերիշխում են, եւ ատրպէյճանական կողմը համեմատաբար զուսպ է:
Երրորդ՝ չափազանց վտանգաւոր խմբի մէջ պէտք է դնել այն գիւղերը, որտեղ «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» վիճակը աւելի մօտ է պատերազմին: Այդ գիւղերն են՝ Չինարի, Մովսէս, Ներքին Կարմիրաղբիւր, Այգեպար, Բերքաբեր, Կոթի, Բարեկամաւան, Դովեղ եւ Բերդաւան: Այդ գիւղերում արդէն 25 տարի մարդիկ խաղաղ կեանք չունեն: 1994-ի հրադադարից յետոյ այս գիւղերում սպաննուել, վիրաւորուել, գերուել եւ պատանդ են տարուել տասնեակ խաղաղ բնակիչներ: Այս գիւղերը Տաւուշի մարզում են՝ Հայաստանի հիւսիսարեւելեան հատուածում:
Հայաստանի այս հատուածը ունի չափազանց կարեւոր, անգնահատելի եւ անփոխարինելի  նշանակութիւն երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ Ռուսաստանից Հայաստան հասնող կազատարը անցնում է Տաւուշի մարզով: Երկրորդ՝ Հայաստանից դուրս եկող միակ երկաթուղին, որով իրականացւում է երկրի ապրանքաշրջանառութեան աւելի քան 70 տոկոսը, անցնում է Տաւուշի մարզով: Երրորդ՝  Հայաստանից դուրս եկող եւ Ռուսաստան հասնող ցամաքային միակ գործող ճանապարհը (Վրաստանի Քազպէկի-վերին Լարս անցակէտով) նոյնպէս անցնում է Տաւուշի մարզով: Պատահական չէ, որ պատերազմի տարիներին ատրպէյճանցիները վրաց-հայկական սահմանին մօտ հատուածներում պայթեցնում էին կազատարը (աւելի քան 40 անգամ), երկաթուղին (աւելի քան 20 անգամ), գերեվարում Հայաստանի քաղաքացիներին:
Ընդունուած երկու օրէնքները հնարաւորութիւններ են ստեղծում, որպէսզի հայկական պիզնեսը, գուցէ նաեւ հայրենասիրական մղումներով, մտնի սահմանամերձ եւ սահմանապահ գիւղեր: Կառավարութիւնն ու Ազգային ժողովը իրենց քայլն արել են: Մնում է, որ հայկական պիզնեսը արձագանգի եւ ներդրումներ կատարի Հայաստանի՝ Ատրպէյճանին հարող տարածքներում: Հողը, հայրենիքը պահում-պաշտպանում են ոչ միայն զէնքով, այլ՝ այդ հողի վրայ տուն ու գործարան կառուցելով, ապրելով, աշխատելով ու արարելով:


Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
«Ազդակ»

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ