Շուրջս աշուն է
Բուրում ամենուր,
Ստուերն արեւի բարձրանում է վեր,
Զատւում են ծառից
Ցոլանքով վերջին,
Գոյներով յորդոր՝ բազում տերեւներ...

Ոսկեփայլ աշնան
Զեփիւռի շուրթից,
Կարօտիս նախկին երգերն են լսւում,
Արեւի անզօր,
Մարմանդ շողերից,
Ինչ որ առկայծող՝ լոյս է ճաճաչւում...

Ու պար է բռնում
Համարձակ քամին
Աներկիւղ, անվախ, անյայտ դիւթանքով,
Եւ հանգչող օրուայ
Շողերի միջից,
Ծնւում է կանչը  իմ վառ յուշերով...

Թռչունի մնան
Ազատ, երկնատենչ,
Իմ երազները հեռու են ճախրում,
Յոյսն է ինձ շոյում
Փարւում է կրծքիս,
Հոգիս թեւում է երկնքի մովում...

Հաւատ  յորջորջող
Անրջանքներից,
Լոյսի պէս վճիտ՝ անմար կարօտից,
Քեզ եմ ես փնտռում՝
Աղերսահայեաց,
Պահած այն շողը՝ մեր յուշ գարունքից...

ԱՒԻԿ ՏԷՅՐՄԷՆՃԵԱՆ
Պոսթըն

ԱՇՆԱՆ ՍԻՐԵՐԳ...

Ինչպէս ոսկեշող
Աշունն անտառում,
Հոգնած արեւից
Ուժ է աղերսում,
Այնպէս էլ սիրտն իմ՝
Ցանկութեամբ անծիր,
Գարուն աւետող
Համբոյրդ է տենչում...

Աշնան երազն իմ
Արեւ է հրկեզ,
Միայն քո անմար
Կարօտով արթուն,
Հոգուս մշուշը
Դառնում է անտես,
Միայն քո սիրոյ
Բոցով երերուն...

ԱՒԻԿ ՏԷՅՐՄԷՆՃԵԱՆ
Պոսթըն