Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցութիւնը պէտք է դիտարկել նախ եւ առաջ հետեւեալ տեսանկիւնից՝ կարո՞ղ էր Սերժ Սարգսեանը «ոչ» ասել Ռուսաստանի, աւելի ճիշդ՝  Վլատիմիր Փութինի այս նախաձեռնութեանը: Եթէ «այո», ապա Հայաստանը ի՞նչ գին պիտի վճարէր այդ

«ոչ»-ի համար:
Սարգսեանը կամ Հայաստանի որեւէ նախագահ կարող էր «ոչ» ասել, եթէ պաշտօնական Երեւանը, մնալով հաւատարիմ հայ-ռուսական գործընկերային եւ ռազմավարական համագործակցութեան ոգուն եւ տառին, 1991-ից ի վեր յայտարարած լինէր արտաքին չէզոք քաղաքականութեան եւ ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշինքներին չանդամակցելու իր սկզբունքային դիրքորոշման մասին:
Անշուշտ, կարեւոր են եւ վճռորոշ մի շարք այլ իրողութիւններ եւս, որոնք սահմանափակում են Հայաստանի խուսանաւելու հնարաւորութիւնները: Դրանցից առաջինը Արցախեան չկարգաւորուած հակամարտութիւնն է, ինչը Հայաստանի իշխանութիւններին ստիպում է զգուշ լինել՝ չարժանանալու Ռուսաստանի եւ Վլատիմիր Փութինի յիշաչարութեանը: Պակաս կարեւոր չեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների այսօրուայ վիճակը, ինչպէս նաեւ՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ռուսաստանից Հայաստանի բացայայտ կախուածութիւնը: Յուլիս-Օգոստոս ամիսներին Հայաստան-Ատրպէյճան սահմանի եւ Արցախ-Ատրպէյճան շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դէպքերը ցոյց տուեցին, որ Մոսկուան ի վիճակի է լարուածութիւն հրահրել: Այլ հարց է, որ հայկական բանակը կարողացաւ ցաւալի հարուած հասցնել հակառակորդին՝ ստիպելով նրան հաշտուել ներկայ սթաթիւս-քուոյի հետ:
Եթէ Հայաստանը իրապէս ձգտում է ազատուել ռուսական ազդեցութիւնից կամ հնարաւորինս սահմանափակել այդ ազդեցութիւնը, ապա նախ եւ առաջ անհրաժեշտ է Ատրպէյճանի հետ խաղաղութեան հասնել Արցախեան հարցում եւ լեզու գտնել Թուրքիայի հետ: Հնարաւո՞ր է նման բան: Անշուշտ, հնարաւոր է: Ամբողջ խնդիրն այն է, թէ դրա դիմաց ի՞նչ գին ես պատրաստ վճարելու: Մի կողմից Ատրպէյճանի հետ խաղաղութիւն, միւս կողմից՝ Թուրքիայի հետ կնճռոտ խնդիրների լուծում նշանակում է առնուազն հրաժարուել Արցախի շուրջ նուաճած վեց շրջաններից, ինչպէս նաեւ՝  ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւից: Սա նուազագոյն գինն է, որի պայմաններում Ատրպէյճանն ու Թուրքիան վերջ կը տան Հայաստանի շրջափակումն ու թշնամական քաղաքականութիւնը: Անկասկած, Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ բնականոն յարաբերութիւններ հաստատելը դեռ չի երաշխաւորելու Ռուսաստանից Հայաստանի կախուածութեան վերացումը, բայց դա անհրաժեշտ պայման է:
Ճիշդ է, Հայաստանը չէր կարող «ոչ» ասել Փութինին, սակայն միւս կողմից, գործող իշխանութիւնը թոյլ տուեց կոպտագոյն սխալ, որոնց պատճառով մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին ոչ թէ որպէս հաւասար գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Պիելոռուսիայի հետ, այլ այդ միաւորման մէջ ենք մըտնում ձայնազուրկի կարգավիճակով: Աւելի՛ն. Ղազախստանն ու Պիելոռուսիան Հայաստանին դիտարկում են ոչ թէ որպէս մի-ասնական ազատ գօտու հաւասար գործընկեր, այլ Ռուսաստանի նուիրեալ երկիր, որը միութեան ներսում առկայ վէճերի եւ խնդիրների դէպքում միա- կողմանիօրէն պաշտպանելու է Մոսկուային: Երբ ամիսներ առաջ Նուրսուլթան Նազարպայեւը ընթերցում էր Իլհամ Ալիեւի նամակը, ապա դա անում էր ոչ թէ նրա համար, որ Ղազախստանի սիրտը ցաւում է Ատրպէյճանի համար, այլ որովհետեւ ղազախները չեն ցանկանում նոյն միութեան մէջ տեսնել մի պե- տութեան, այսինքն՝ Հայաստանին, որը սպասարկելու է ռուսական շահերը:
Երբ տարիներ առաջ Եւրոպական Միութիւնը յայտարարեց Արեւելեան գործընկերութիւն նախաձեռնութեան մասին, Ռուսաստանը չափազանց նեարդայնօրէն արձագանգեց: Արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը յայտարարեց, որ Արեւմուտքը տնտեսական քաղաքականութեան անուան տակ շարունակում է իր ընդարձակումը դէպի Ռուսաս- տանի սահմաններ եւ տարածքներ, որոնք ընկալւում են ռուսական կենսական շահերի գօտի: Այսօր Ուքրանիան վճարում է չափազանց թանկ գին: Անշուշտ, ուքրանական դէպքերի համար չափազանց թանկ գին վճարում է նաեւ Ռուսաստանը, եւ, ի վերջոյ, Ղրիմի միացումը եւ Տոնպասում պատերազմի շարունակումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ նաեւ Ռուսաստանի համար:
Որտե՞ղ էր Հայաստանի կոպտագոյն սխալը: Պաշտօնական Երեւանը պէտք է գիտակցէր, որ Ռուսաստան-Արեւմուտք լարուած յարաբերութիւնների պայմաններում հնարաւոր չէ իրականացնել «եւ-եւ»-ի քաղաքականութիւն, այսինքն՝ խորացնել յարաբերութիւնները Ռուսաստանի եւ վերջինիս վերահսկողութեան տակ գտնուող միութիւնների հետ, միաժամանակ Եւրոպական Միութեան հետ ստորագրել Ընկերակցութեան պայմանագիրը: «Եւ-եւ»-ի քաղաքականութիւն հնարաւոր է, երբ Ռուսաստան-Արեւմուտք յարաբերութիւններում ջերմացում կայ: Մինչդեռ ա-կընյայտ է, որ Փութինի երկրորդ նախագահութեան շրջանում  Ռուսաստանն ու Արեւմուտքը մտնում են նոր Պաղ պատերազմի ժամանակաշրջան: Երեքուկէս տարի Հայաստանը բանակցեց եւրոպացիների հետ, սակայն մէկ գիշերուայ ընթացքում մտքափոխ եղաւ եւ ցանկութիւն յայտնեց անդամակցել ԵՏՄ-ին: Ահա այստեղ էր սխալը: Երեքուկէս տարի Հայաստանը արժանանում էր Փութինի ոչ բարեացակամ վերաբերմունքին, իսկ երբ Սերժ Սարգսեանը կտրուկ շրջադարձ կատարեց դէպի Մոսկուա, Հայաստանը եւրոպացիների մօտ ընկալուեց որպէս ոչ վստահելի գործընկեր: Որքան էլ այսօր Հայաստանի իշխանութիւնները յայտարարեն, որ իրենց ցանկութեամբ  են ընթացել դէպի ԵՏՄ, ակնյայտ է, որ Ռուսաստանն է Հայաստանին տարել այնտեղ:
Ի՞նչ է սպասւում Հայաստանին ԵՏՄ-ում: Այստեղ հարցերն աւելի շատ են, քան պատասխանները: ԵՏՄ-ն որպէս միաւորում կայանալո՞ւ է: Ընդհանրապէս, տնտեսական միաւորումները կայանում եւ կեանք են ունենում, երբ դրանք ստեղծւում են պետութիւնների ազատ կամքի դրսեւորման պայմաններում: ԵՏՄ-ում չկան ընդհանուր արժէքներ ու չափանիշներ: ԵՏՄ-ն քաղաքական ծրագիր է, որի ետեւում Ռուսաստանն է, եթէ կ՛ուզէք՝ Վլատիմիր Փութինը:
Ի՞նչ է շահելու եւ ի՞նչ է կորցնելու Հայաստանը, եթէ ԵՏՄ-ն կայանայ: Այս հարցն էլ չունի միանշանակ պատասխան: Բայց այստեղ էլ հարցադրումը տեղին չէ: Պէտք է հարցնել՝ ի՞նչ էր շահելու Հայաստանը եւ ի՞նչ էր կորցնելու, եթէ հրաժարուէր ԵՏՄ-ին անդամակցելուց: Ենթադրենք, թէ Արցախի հարցում Ռուսաստանը չէր որդեգրի ատրպէյճանամէտ դիրքո- րոշում: Իսկ ինչպէ՞ս էինք դիմագրաւելու տնտեսական հարուածներին: Ի՞նչ գնով էր Ռուսաստանը Հայաստանին կազ վաճառելու, եթէ մենք հրաժար- ւէինք ԵՏՄ-ից: Հայաստանում հակառուս տրամադրութիւն ունեցողները առաջարկում են՝ կազ կը գնէինք Իրանից: Լաւ, եթէ այդքան հեշտ է Իրանից էժան կազ գնելը, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չէինք գնում: Հայաստանի համախառն ներքին արդիւնքի քսան առ հարիւրը ձեւաւորւում է Ռուսաստանում: Տարեկան Հայաստան է մտնում շուրջ երկու միլիառ տոլար գումար դրամական փոխանցումների ձեւով, որից 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ միւս 15 տոկոսը՝ միւս երկրներից: Այսպէս կարելի է շարունակել եւ թուերով ցոյց տալ, թէ ինչ ինչպիսի մեծ կախում ունի Հայաստանի տնտեսութիւնը Ռուսաստանից:
Մէկ բան ակնյայտ է կարճաժամկէտ տեսանկիւնից: Այսօր ողջ արեւմտեան աշխարհը դուրս է եկել Ռուսաստանի դէմ եւ կիրառում է պատժամիջոցներ: Նաւթի գները ընկնում են, ռուսական ռուբլին անշեղօրէն արժեզրկւում է: Այս պայմաններում՝ Հայաստանին ԵՏՄ-ում դժուար օրեր են սպասւում:

 

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ազդակ»