Անցեալ տարի Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնը թուրք գրականութեան լաւագոյն ներկայացուցիչներից մէկին՝ ազգութեամբ քիւրտ Եաշար Քեմալին պարգեւատրեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» յուշամետալով՝
«հայ ժողովրդի մշակութային ժառանգութեան նկատմամբ ունեցած խոր յարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարութեան, ազատութեան եւ մարդկային արժանապատուութեան արժէքների հանդէպ նուիրումի եւ գրական վաստակի համար»: Մասնաւորապէս, Եաշար Քեմալի աւանդը մեծ է հայկական ճարտարապետական գոհարներից մէկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի աւերումից փրկելու գործում:
Թուրքական հանրապետութեան հիմնադրումից յետոյ առանց տէրերի մնացած հայկական մշակութային ժառանգութիւնը արդէն նոր պետութիւնում չունեցաւ ապահով գոյութիւն: Հանրապետութեան առաջին տարիներից սկսած թուրքական իշխանութիւնները զանազան պատրուակներով («պետական կարիքների համար») ոչնչացնում էին հայկական վանքերն ու այլ հայկական կառոյցներ: Այս քաղաքականութեան արդիւնքում 1915թ. նախօրէին միայն Արեւմտեան Հայաստանի տարածքում գտնուող 170 հազար հայկական յուշարձաններից այսօր պահպանուել է միայն 2-3 տոկոսը: Հայկական եկեղեցիների աւերման գործընթացը յատկապէս մեծ թափ ստացաւ 1950-ականներին Արեւմտեան Հայաստանում: Աւերումից բացի կիրառւում էր նաեւ այլ մօտեցում. հայկական յուշարձանները կամ թողնւում էին անխնամ՝ ենթարկուելով գանձագողերի յարձակումներին: Կամ էլ դրանք իսլամացւում էին՝ դառնալով մզկիթներ:
Քանդման էր ենթակայ նաեւ Աղթամարի վանքը, սակայն վերջին պահին այն հրաշքով փրկւում է: Եւ եթէ չլինէր Եաշար Քեմալը, գուցէ եւ մենք զրկուած լինէինք այսօր կանգուն տեսնել Սուրբ Խաչը:
Մեր այսօրուայ սիւնակում առաջին անգամ թարգմանաբար հայերէն ենք ներկայացնում Եաշար Քեմալի ինքնակենսագրական «Եաշար Քեմալը պատմում է իր մասին» գրքից այն հատուածը, որտեղ հեղինակը պատմում է, թէ ինչպէս ինքը կարողացաւ մասնակիցը լինել Սուրբ Խաչի փրկութեան գործին: «Եաշար Քեմալը պատմում է իր մասին» («Yaşar Kemal kendini anlatıyor», YKY հրատարկչութիւն, 2004, 66-68 էջեր, թարգմանութիւնը՝ Վարուժան Գեղամեանի)
«…Այդ ժամանակ այդ տարածքներ տրակտոր էր եկել, ամէն հողատէր միանգամից մի քանի տրակտոր էր գնել, ու իր մօտ աշխատող հողագործներին հեռացրել էր: Դիարբեքիրի հովտում անհող մնացած ու քոչուոր դարձած ընտանիքները լցրել էի դաշտը եւ չգիտէին էլ ուր գնալ: Նրանց մասին էլ էի գրել: Ոտքով մի քանի գիւղ շրջելուց յետոյ Դիարբեքիրում գործս աւարտուեց, եւ այնտեղից անցայ Վան:
Թուղից շոգենաւ նստեցի: Գնում էի Վան: Չգիտէի՝ ուղարկածս նիւթերը թերթում հրապարակուել են, թէ ոչ: Շոգենաւի կառամատոյցին նստած էր մի սպայ: Ուսադիրներին օձ էր պատկերուած: Հասկացայ, որ բժիշկ է: Իսկ կողքին էլ մի կապ «Ջումհուրիյէթ»* էր դրուած: Երեւի քսան հատ: Թերթը բացած կարդում էր, երբ անունս տեսայ: Հիմա պատկերացրէք իմ ուրախութիւնը: Անմիջապէս վազեցի բժշկի մօտ ու ոգեւորուած հարցրի. «Կարո՞ղ եմ նայել Ձեր թերթը, կապիտա՜ն»: Կապիտանը, տեսնելով իմ ոգեւորութիւնը, զարմացաւ: Բացատրեցի՝ բանն ինչումն է:
-Դուք Եաշար Քեմալն էք, այնպէ՞ս չէ, - ասաց նա:
-Այո՜,- ասացի ես՝ նետուելով թերթերի վրայ: Ուղարկածս բոլոր նիւթերը հրապարակւել էին «Անատոլիական գրառումներ» վերնագրի տակ: Բոլորը կարդացի:
Կապիտանը կարդացած, ուսեալ մարդ էր: Նա զարմանքով էր նայում իմ ոգեւորութեանը: Ստիպուած էի նրան բացատրել ոգեւորութեանս պատճառը. եթէ գրառումներս չհրատարակուէին, գնալու էի Արճեշի բարեկամներիս մօտ, էնտեղ գրագրութեամբ էի զբաղուելու, «Ջումհուրիյէթ»-ին վճարելու էի պարտքս: Ու մէկ էլ ասացի, որ առաջին քայլս եմ արել լրագրութեան մէջ ու կարծում էի, որ այդ գործն էլ չէի թողնելու:
«Ա՛յ քեզ զուգադիպութիւն»,- ասաց կապիտանը,- «լաւ է, որ Ձեզ հետ հանդիպեցինք: Այստեղ՝ Աղթամար կղզում, հայերից մի եկեղեցի է մնացել: Մի ճարտարապետական գլուխ-գործոց: Այս օրերին այն քանդում են: Վաղը Ձեզ կը տանեմ այնտեղ: Թէկուզ թո՜ղ հայերը այն կառուցած լինեն, միեւնոյն է, այդ եկեղեցին այս հողերի ստեղծագործութիւն է: Մարդկութեան սեփականութիւնն է, ով ուզում է կառուցած լինի: Ինձ եւ մեր երկրին կարո՞ղ էք օգտակար լինել»:
-Ես լրիւ նոր լրագրող եմ, ձեռքիցս ինչ կարող է գալ, որ…: -Նաեւ խուսափում էի, քանի որ եթէ խառնուէի նման գործերին, ապա անցեալս ջրի երես դուրս կուգար, ու դեռ գործս չսկսած, կ՚աւարտէի:
Օրուայ երկրորդ կէսին Վանի նաւահանգստում իջանք շոգենաւից: Կապիտան, վիրաբոյժ տոքթոր Ջաւիթ Բէյը ինձ տարաւ Վանի միակ հիւրանոցը: Բաժանուեցինք յաջորդ օրը հանդիպելու պայմանով:
Առաւօտեան շուտ կապիտանը ինձ մօտ եկաւ: Գնալու էինք Աղթամար կղզի: Վանի այդ ժամանակուայ մեր թղթակիցը Իլեաս Քիթափչըն էր: Վաթսունին մօտ, հասուն եւ շատ խոհեմ մի անձնաւորութիւն էր նա: Սկզբից կապիտանի հետ գնացինք նրան տեսնելու: Նա աւելի վատ լուրեր յայտնեց եկեղեցու հարցի մասին. արել էր ձեռքից եկածն ու չեկածը, բայց ոչ մի կերպ չէր կարողացել կասեցնել եկեղեցու քանդումը: Նահանգապետն էլ շատ լաւ, բանաստեղծ մարդ է, սակայն հրաման էր ստացել ու ոչ մի բան չէր կարողացել անել:
Իլեաս բէյը ինձ մի միտք առաջարկեց.
-Զանգենք Նադիր Նադիին, նա մեզ կը հասկանայ: Եթէ ինչ-որ մէկը կարող է քանդման դէմն առնել, ապա դա Նադիր բէյն է: Արի զանգենք Նադիր բէյին ու բացատրենք խնդիրքը:
-Բարի,- ասացի ես:
Բժիշկի հետ միասին ճանապարհուեցինք դէպի Աղթամար կղզի: Վանայ լիճն էլ կախարդական ջրեր ունէր, ամէն ակնթարթ ջրի գոյնը փոխւում էր: Փոքրիկ մակոյկով դուրս եկանք կղզի: Եկեղեցուն հերթը դեռ չէր հասել, արդէն գրեթէ աւերել էին եկեղեցու կողքի փոքրիկ մատուռը:
-Մինչեւ իմ գալը այս եկեղեցուն քլունգի մի հարուած էլ չէք անելու: Ես գնում եմ նահանգապետի մօտ,- հրամայեց կապիտանը:
-Լսում եմ, հրամանատա՜ր,-ասաց բանուորների ղեկավարը: Եկանք Վան: Զանգահարեցինք «Ջումհուրիյէթ»: Այդ օրը մինչեւ երեկոյ սպասեցինք, հեռախօսին չէին պատասխանում: Յաջորդ օրը կանուխ նորից զանգեցինք թերթին: Մի քանի ժամ անց Նադիր բէյը հեռախօսագծի հակառակ ծայրին էր: Նրան պատմեցի դէպքի մասին՝ այնքան, որքանով տեղեկացել էի կապիտանից: Նադիր բէյն ասաց.
-Մի՜ տխրէք: Աւնի բէյը այս հարցը կը լուծի: Նրան լաւ եմ ճանաչում, քաղաքակիրթ անձնաւորութիւն է: - Այդ տարի Աւնի Բաշմանը ազգային կրթութեան նախարարն էր:
Երկու օր յետոյ Իլեաս Քիթափչըն կապիտան, վիրաբոյժ տոքթոր Ջաւիթ բէյի հետ եկան իմ հիւրանոց: Ուրախ էին: Աւնի Բաշմանը նահանգապետին հեռագրել էր դադարեցնել քանդումը:
Աղթամարայ վանքի փրկութեան օրը 1951թ. Յունիսի 25-ն էր»:
* «Ջումհուրիյէթ» (Cumhuriyet) թրքական ազդեցիկ շաբաթաթերթ
Համառօտ գրականութիւն.
«Արեւմտեան Հայաստանի պատմական յուշարձանների վիճակը 1915թ.-ից ի վեր», Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամ «Թուրքիայում հայկական յուշարձանների պահպանութեան շուրջ»,
Մելքոնեան Ռ.
Վարուժան Գեղամեան
ասպիրանտ,
Սանկտ Պետերբուրգպետական համալսարան