Արդէն 16 տարի է, ինչ Յունաստան են մեկնում Արցախի պատանիները (իւրաքանչիւր խմբում՝ 20-22 հոգի), այսինքն մօտ 300 հոգու բախտ է վիճակուել հանգստանալու Սիրոս կղզում, վայելել Յունաստանի արեւն ու ծովը, օդն ու ջուրը: Այս տարի եւս 22 աշակերտ՝ 12 տղայ եւ 10 աղջիկ մեկնեցին Յունաստան՝ իմ եւ Գայիանէ Բաղդասարեանի ղեկավարութեամբ:
Նրանք տարբեր շրջաններից ու գիւղերից էին՝ բազմանդամ ընտանիքի զաւակներ, հաշմանդամ եւ զոհուած ազատամարտիկների երեխաներ, ուսման առաջաւորներ, իսկ երկուսը՝ Էռնա Միրզոյեանն ու Անգել Պետրոսեանը՝ երգի մրցոյթի դափնեկիրներ. Վահէն՝ պարարուեստի դպրոցից էր, իսկ Վարդանը՝ սպորտի բնագաւառում յաղթանակներ ձեռք բերած ու ճանաչուած: Այսպէս ասած, խմբի երեխաները բաւականին աշխոյժ ու լաւ տրամադրութիւն ունէին, որ կրկնապատկուեց, երբ Աթէնքի օդանաւակայանում մեզ դիմաւորեցին Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախմբի պատասխանատու ընկերներ պրն. Խաչիկ Խաչատրեանը եւ տիկին Կիւլա Գարապաճաքեանը եւ հիւրընկալեցին Փիրէայի «Խածիքիրիաքիօ» գիշերօթիկ հաստատութիւնում: Վիկտորիա Խաչատրեանի եւ Մերի Ծերոնեանի ուղեկցութեամբ այցելեցինք Աքրոփոլիսի թանգարան, վայելեցինք Աթէնքի տեսարժան վայրերը: Անմոռաց էր տիկին Աղաւնիի կազմակերպած երեկոն Աթէնքի «Լունապարկ» կոչւած զբօսայգում: Տեսնել էր պէտք միայն երեխաների ուրախ հայեացքները: Երկու ղեկավարներս զարմացած իրար էինք նայում ու միմեանց հայեացքից անխօս կարդում՝ մի՞թէ մեր երեխաներն են: Այո՛, մե՛ր… Օգտուեցին այն կարուսելներից, ինչպիսին կեանքում չէին տեսել: Մեր ականջին հասնում էր նրանց շշնջիւնները. «Հրաշալի՜ է, երա՜զ է, ափսո՜ս, որ այն ժամանակաւոր է…»
Շատ մեծ տպաւորութիւն թողեց մեզ հիւր եկած Յունաստանի թեմակալ առաջնորդ Խորէն եպս. Տողրամաճեանը: Նա, զրուցելով մեր երեխաների հետ, պարտաւորուեց մեզ հետ հանդիպել Սիրոս կղզում: Եւ հանդիպեց… ու խոստացաւ հանդիպել նաեւ Արցախում: Հանդիպումը սրբազան հօր հետ շատ յուզիչ էր. զգացինք, որ երեխաները հեռւում գտնուող իրենց հայրերի կարօտն առան: Աննկարագրելի էր տիկին Էվա Քալիմնիու (գիշերօթիկ հաստատութեան պատասխանատու) հոգատարութիւնը: Նա պատմեց, որ անցեալ տարի այցելեց Արցախ եւ խոր յուզմունքով հանդիպեց նախորդ տարիներին Յունաստան մեկնած երեխաներին, ովքեր հիմա երիտասարդ են, մի քանիսը նոյնիսկ՝ ամուսնացած, երեխատէր: Անգամ մեծ ցանկութիւն յայտնեց Արցախում հանդիպել 16 տարիների ընթացքում Յունաստան մեկնած բոլոր աշակերտներին ու ղեկավարներին. «Եթէ օր ու ժամ նշանակուի այդ հանդիպման համար, մենք բոլորս կը մասնակցենք եւ կը վայելենք այդ հանդիպման քաղցր բերկրանքը»,- համարձակ ասաց տիկին Էվան այդ ծրագրի յունահայ կազմակերպիչների անունից: Չորրորդ օրը երեխաներին Սիրոս ճանապարհեց ճոխ նուէրներով, քաղցրաւենիքով ու խաղալիքներով:
Սիրոսի գեղեցկութիւնը նկարագրելու համար կարծես թէ բառերը չեն բաւարարում: Աթէնքից-Սիրոս մեկնեցինք նաւով: Բաւականին շքեղ էր ընդունելութիւնը… Հիւրընկալուեցինք Սիրոսի քաղաքապետարանի խորհրդի ժողովասրահում, որտեղ բոլորիս ողջունեցին քաղաքապետ Եանիս Տեքավալասը, փոխ քաղաքապետ Ֆոթիս Քսաղորարիսը ¨ քաղաքապետարանի խորհրդի այլ անդամներ: Երեխաները հետաքըրքիր նուէրների արժանացան քաղաքապետարանի կողմից: Իւրայատուկ էր տեղացիների վերաբերմունքը. ամէն ոք փորձում էր օգտակար լինել եւ նուէրներով ցոյց տալ իրենց անկեղծ զգացումները՝ սէրը, կարօտը, յարգանքը…
Տասը օր տիկին Կիւլան եւ պարոն Խաչիկը անպակաս էին խմբից: Իւրաքանչիւր րոպէ ու ժամ իրենց նպատակին ծառայեցրին: Միասին այցելեցինք Անօ Սիրոսի, Էրմուփոլիի, Ֆինիքիի, Ղարիսայի, Քինիի տեսարժան վայրերը… Ամէն ինչ մեր սրտով էր: Անգամ խոհարարը՝ տիկին Վարդուհին՝ հայուհի էր, ու ըմբոշխնում էինք համով հոտով աւանդական ճաշատեսակներ:
Ամենից հետաքրքիրը Սեպտեմբերի 2-ն էր. ԼՂՀ անկախութեան հռչակման 20-ամեակը տօնեցինք Սիրոսում՝ բացօթեայ «Աստղեր» ռեստորանում՝ ծովափնեայ այդ հրաշալի վայրում: Բաւականին յագեցած ծրագիր էր. ճոխ ճաշկերոյթ, յայտնի երգիչներ, պաշտօնական հիւրեր: Հպարտութեամբ կարող եմ ասել, որ մեր երեխաները չզիջեցին իրենց երգերով, պարերով: Էռնա Միրզոյեանի եւ Անգել Պետրոսեանի կատարումները հիացրին միջոցառման ներկաներին: Մթնոլորտը շիկացաւ, երբ Լեւոն Իսաբաբեանը ասմունքեց: Հիւրերի ծափահարութիւնների ներքոյ շարունակեց 2-3 արտասանութիւն տարբեր թեմաներով: Աննկարագրելի էր պահը: Ծածանւում էր եռագոյնը: 22 աշակերտներ երկու ղեկավարներիս հետ երգում էինք Արցախի հիմնը: Անընդհատ լսում էինք նրանց շշնջիւնները. «Հետաքրքիր խումբ է, մակարդակով երեխաներ են, տաղանդաւոր աշակերտներ են, ապագայ է սպասւում»: Քաղաքապետի խնդրանքով երեխաները յաջորդ օրը նորից հանդէս ե-կան, որպէսզի տեղի հեռուստատեսութեամբ ցուցադրեն: Երջանիկ պահեր ապրեցինք, երբ «Ազատ Օր» թերթի խմբագիրը յաջորդ օրը ներկայացաւ եւ մեզ բաժանեց օրուայ թերթը, որտեղ տպագրուած էր «Ղարաբաղը բոլորիս կանչն է» վերնագրով յօդուածը՝ միջոցառման գեղեցիկ նկարներով:
Շնորհակալական խօսք յայտնեց քաղաքապետը՝ մեծապէս գնահատելով Արցախի փոքրիկների հանդէպ յունահայ համայնքի սիրոյ ու հոգածութեան անկեղծ զգացումները: Իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն ասաց հայոց առաջնորդ Խորէն եպս. Տողրամաճեանը.
-Այո՛, Ղարաբաղը բոլորիս կանչն է, ուստի բոլորս մեր կարելին պէտք է անենք…: - Ամէն գիտակից ՀԱՅ պիտի հասկանայ, թէ ինչ է նշանակում գործնականօրէն ՍԻՐԵԼ ¨ ոչինչ չխնայել, ու տալ ամէն ինչ… Ղարաբաղը մեր բոլորի կանչը թող մնայ, ոչ միայն շրթներիս վրայ…
Յունաստան այցելելու, Սիրոսում հարուստ յիշատակներով լեցուն պահեր ապրելու համար խորին շնորհակալութիւն ենք յայտնում Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախմբին եւ յատկապէս պատասխանատու ընկեր-ընկերուհիներին, Սիրոսի քաղաքապետարանին, ԼՂՀ ԿԳ նախարարութեանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ ծրագրի նախաձեռնութեանն ու իրագործմանը:
Ստեփանակերտի
Ա. Ղուլեանի անուան հ. 2 հիմնական դպրոցի
լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի
ԱՆԱՀԻՏ ՄԵՍՐՈՊԵԱՆ